Jump to content

Մանվել Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1956(1956-07-14)
ԾննդավայրԱրշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 19, 2020(2020-11-19) (64 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան (1993) և Երևանի պետական համալսարան (1998)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինՆազիկ Ամիրյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության հերոս
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ

Մանվել Սեկտորի Գրիգորյան (հայտնի նաև Գեներալ Մանվել անունով, հուլիսի 14, 1956(1956-07-14), Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2020(2020-11-19)[1]), հայ ռազմական[2], քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից-հրամանատար[2][3][4], գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր[3][5][6], Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[3], «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ, Արցախի հերոս[2][3]։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Գրիգորյանը նախնական կրթությունը ստացել է Արամուս գյուղի դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին[3]։ 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան[3]։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական դասընթացները[2][3]։ 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2][3]։

Ամուսնացած էր Նազիկ Ամիրյանի հետ, ուներ 8 զավակ։ Որդիներից Կարեն Գրիգորյանը Վաղարշապատ քաղաքի նախկին քաղաքապետն է[7][8]։

Զինվորական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Գրիգորյանը 1975-1977 թվականներին ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում[2][3]։

Արցախյան ազատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին[2][4]։ 1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար[2]։ Այդ ջոկատը 1990 թվականին միավորվել է Էջմիածնի շրջանի գյուղերում ձևավորված կամավորական ջոկատներին և կոչվել Էջմիածնի կամավորական ջոկատ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվել Մանվել Գրիգորյանը[2]։

1989 թվականի ամռանից հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի Մելիքաշեն, Հախուլլու, Էդիլլու, Բլութան, Խրմանջուղ, Դուդուկչի, Աղբուլաղ գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարը[2]։ Նույն թվականին Խորհրդային Միության ներքին զորքերի կողմից 13 այլ կամավորական հայերի հետ ձերբակալվել է, բայց դեկտեմբերին կարողացել փախչել բանտարկությունից[2]։ 1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին[2]։

Մանվել Գրիգորյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը, որը տեղի է ունեցել 1993 թվականի օգոստոսի 3-ից 31-ը։ Ռազմագործողությունը սկսվել է ըստ նախօրոք մշակված պլանի։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները հրետանու աջակցությամբ երկու ուղղությամբ ճեղքում են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլու ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը, ճնշելով ադրբեջանական կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղի և Արաքսի ափ տանող խճուղու վրա։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքս գետից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլու բրիգադի զորամասերը, որոնց ընդհանուր թվաքանակը տարբեր տվյալներով 4000-7000 էր, շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլու շրջանը (մոտ 1380կմ2 տարածք) և Ջաբրայիլի շրջանը (մոտ 1050կմ2 տարածք)[2][4][9]։

Հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում[2][3] և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ[2][3]։ 2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանն ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[10]։

Մանվել Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք պետական և գերատեսչական մեդալներով[2][3]։ 1994 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[2][3]։ Նույն թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[2][3]։ 2000 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան և ստացել «Արցախի հերոս» կոչում[2][3]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմին գրեթե զուգահեռ՝ 1992-1996 թվականներ, Մանվել Գրիգորյանը եղել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր[2][3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով ընտրվել է 5-րդ գումարման պատգամավոր[3][5]։ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրվել է 6-րդ գումարման պատգամավոր[6]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին[2][3]։ Այդ պաշտոնում նա վերընտրվել է չորս անգամ[11]։ 2018 թվականին իր ձերբակալությունից հետո՝ հունիսի 24-ին, «Երկրապահ կամավորական միությունը» կասեցրել է նրա նախագահությունը[11]։

Բիզնես գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ hetq.am լրատվականի հրապարակման՝ Մանվել Գրիգորյանը խոշոր բիզնեսմեն էր և տիրապետում էր հսկայական ֆինանսական և նյութական միջոցների[12]։ Միայն Արմավիրի մարզում, ըստ hetq.am լրատվականի 2014 թվականի հրապարակման, նրան էին պատկանում «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն (գազալցակայանների շահագործում, խոշոր շինարարության կազմակերպում, այլ ոլորտներում գործունեություն), «Կուարլինի» ՍՊԸ-ն (ասֆալտ արտադրող ընկերություն), «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն, Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը, նախկին ամբուլատորիայի շենքը, նախկին մանկապարտեզի շենքը (շենքը քանդել և օգտագործում են հողատարածքը), Ակնա լիճը (Աղրլ լիճը) և հարակից տարածքները, Արմավիրի մարզի Ակնալճից Զարթոնք համայնք տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող հողատարածքները («Ակնալիճի կուղբաբուծական տնտեսություն»), Վաղարշապատի շուկան, հագուստի վաճառքի տոնավաճառը, խանութներ, տարածքներ[12]։ Վաղարշապատում (Էջմիածին) և այլ վայրերում սեփականության իրավունքով տնօրինում է առանձնատներ ու այլ տեսակի շենք, շինություններ։ Նրան էին պատկանում նաև բազմաթիվ ավտոմեքենաներ, այդ թվում՝ հնաոճ (FORD ECONOLINE E-150, GAZ 21R, GAZ 14 CHAYKA, GAZ 13 CHAYKA, PEUGEOT 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12)[12]: hetq.am կայքի նշյալ հրապարակմանն անդրադարձել են նշյալ ընկերությունների ղեկավարները և հերքել իրենց կազմակերպությունների կապը Մանվել Գրիգորյանի հետ[13]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումներ ավտոմեքենաների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի շարք լրատվամիջոցների Մանվել Գրիգորյանի թիկնազորի անդամները հաճախակի հարձակվել են Վաղարշապատ քաղաքի որոշ հատվածներումկայանած ավտոմեքենաների վրա, ծակում անվադողերը[12][14][15][16]։

Հարցազրույցներից մեկում Գրիգորյանը հերքել էր անվադողերը ծակելու լուրերը՝ հայտարարելով. - «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»[15][16]։

Հրաչ Աբգարյանի վրա հարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 29-ին Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի 1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց դաժան ծեծի ենթարկվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը[14][17][18]։ Աբգարյանը գնումներ կատարելու նպատակով մեքենան կայանել էր հանրախանութի դիմացի կայանատեղիում և մտել խանութ։ Խանութից դուրս գալիս, նկատելով, որ մի խումբ անձինք ծակում են իր ավտոմեքենայի անվադողերը, փորձել է կանխել։ Սակայն նշված խումբը, որը Մանվել Գրիգորյանի թիկնազորի մաս էր կազմում, հարձակվել և ծեծի է ենթարկել Աբգարյանին[14][17][18]։ Ծեծին միացել է նաև Մանվել Գրիգորյանը, ով մինչ այդ իր ավտոմեքենայում նստած հետևել է իր թիկնազորի կողմից Աբգարյանին ծեծի ենթարկելու գործընթացին։ Ավտոմեքենայից դուրս գալուց հետո նա միացել է իր թիկնազորին և ոտքերով հարվածներ հասցրել գետնին ընկած Աբգարյանին[14][17][18]։

2016 թվականի հունվարի 9-ին shamshyan.com լրատվամիջոցում հոդված հրապարակվեց, որտեղ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց Մ.Գրիգորյանի կողմից Հ.Աբգարյանին ծեծի ենթարկելու լուրերը։ Նա մասնավորապես հայտարարեց, որ «Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հո թուրք չի՞, որ գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծեծել տա կամ ծեծի։ Գեներալը բարձրացրել և պատրաստ է ձեռք բարձրացնել միայն ու միայն թուրքերի վրա»[19]։ 2016 թվականին հունվարի 13-ին Աբգարյանը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի ծեծել[20]։

Ձերբակալություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 16-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար։ Առաջադրված մեղադրանքով նա ձերբակալվել էր[21]։

Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ նրա փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին[21]։

Առողջական վիճակի երկարատև վատթարացումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Մանվել Գրիգորյանը մահացել է[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LLC, Helix Consulting. «Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2004 թվական։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Մանվել Գրիգորյանի մասին կենսագրական տեղեկություններ «Հայազգ» հիմնադրամի էլեկտրոնային հանրագիտարանում, (արխիվացված 07․05․2022թ․)
  4. 4,0 4,1 4,2 «Աղդամ. 1993-ի հուլիսի 23» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․):
  5. 5,0 5,1 Մանվել Գրիգորյանի կենսագրական տվյալները Հայաստանի Ազգային ժողովի կայքում որպես 5-րդ գումարման պատգամավոր, (արխիվացված 07․05․2022թ․)
  6. 6,0 6,1 Մանվել Գրիգորյանի կենսագրական տվյալները Հայաստանի Ազգային ժողովի կայքում որպես 6-րդ գումարման պատգամավոր, (արխիվացված 07․05․2022թ․)
  7. «Քաղաքապետ » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք». ejmiatsin.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  8. Մանվել Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել. «Ժողովուրդ»
  9. Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր» գիրք։
  10. «Մանվել Գրիգորյանը ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  11. 11,0 11,1 «ԵԿՄ-ն որոշեց կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  13. «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» հոդված lurer.com կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Գեներալ Մանվելը կնոջ եւ երեխայի աչքի առաջ դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետին. ՉԻ» հոդված lragir.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  15. 15,0 15,1 «Եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը». Մանվել Գրիգորյան» հոդված 168.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  16. 16,0 16,1 ««Հրապարակ». Էջմիածնում սխալ կայանած մեքենաների անիվները ծակում են. «Չենք ծակում, նստացնում ենք ակը»» հոդված news.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  17. 17,0 17,1 17,2 «Գեներալի հերթական «զոհը» նախկին քաղաքապետն է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  18. 18,0 18,1 18,2 ««ՉԻ». Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետին» հոդված news.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)։
  19. Արդյո՞ք գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծել է տվել Էջմիածնի նախկին քաղաքապետին և ո՞ւմ վրա է նա պատրաստ ձեռք բարձրացնել:
  20. «Ինձ ոչ ոք ծեծի չի ենթարկել. Էջմիածնի նախկին քաղաքապետը գնացել է ոստիկանություն». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 25․11․2021թ․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։