Jump to content

Խրիմյան Հայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայրիկ Խրիմյանից)
Խրիմյան Հայրիկ
Խրիմյան Հայրիկ
Կառավարում
Տիտղոս Կոստանդնուպոլսի Պատրիարք (72-րդ)
Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (125-րդ)
Ժամանակամիջոց Նոյեմբերի 4, 1869 թ-1873 թ-ի օգոստոս որպես Կոստանդնուպոլսի Պատրիարք
1893 թ-ի Սեպտեմբերի 26-Հոկտեմբերի 29, 1907 թ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ
Գործունեություն Հասարակական-քաղաքական գործիչ
Հոգևոր-մշակութային գործիչ
Մտավորական
Գրող
Ծնվել է Ապրիլի 4, 1820 թ.
Մահացել է Հոկտեմբերի 29, 1907
Մահվան վայր Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Թաղված է Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Ձեռնադրում 1854
Մակար Ա        Մատթևոս Բ

Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ, ապրիլի 4, 1820(1820-04-04)[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1907(1907-10-29)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։

1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։

1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը[2]։ 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։

1862 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը Խրիմյանին է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863-1865) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։

Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։

1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառի հայության հարստահարությունների, հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը ավելացնելու համար։

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով Խրիմյանը 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։

«Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնի մոտ» Հ. Այվազովսկի 1885 թ

1879 թվականին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս։

Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն։

Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը։ 1890 թվականի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։

1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուսական արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։

Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։

Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։ Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։

Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին։

Խրիմյան Հայրիկին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
«Խրիմյան Հայրիկ» հուշարձանի դետալ, բրոնզ, գրանիտ, Էջմիածին

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիմյան Հայրիկը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները՝

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1850, 96 էջ։
  • Հրաւիրակ երկրին աւետեաց, Կ. Պոլիս, 1851, 144 էջ։
  • Արծուի Վասպուրական, Վարագ, 1858, 332 էջ։
  • Մարգարիտ արքայութեանց երկնից, Կ. Պոլիս, 1866, 128 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1876, 248 էջ։
  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1876, 136 էջ։
  • Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1876, 144 էջ։
  • Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1876, 140 էջ։
  • Սիրաք և Սամուէլ, Կ. Պոլիս, 1878, 224 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1887, 216 էջ։
  • Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1887, 124 էջ։
  • Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1887, 141 էջ։
  • Սիրաք և Սամուել, Կ. Պոլիս, 1887, 181 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1892, 252 էջ։
  • Հրաւիրակ երկրին աւետեաց, Երուսաղէմ, 1892, 160 էջ։
  • Սիրաք և Սամուէլ, Թիֆլիս, 1892, 216 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1893, 247 էջ։
  • Սիրաք և Սամուէլ, Թիֆլիս, 1893, 209 էջ։
  • Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Էջմիածին, 1894, 154 էջ։
  • Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Վաղարշապատ, 1894, 185 էջ։
  • Պապիկ և թոռնիկ, Էջմիածին, 1894, 214 էջ։
  • Ժամանակ և խորհուրդ իւր, Թիֆլիս, 1895, 46 էջ։
  • Վերջալոյսի ձայներ, Գահիրէ, 1901, 80 էջ։
  • Օրացոյց 1901 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1901, 256 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1902, 247 էջ։
  • Սիրաք և Սամուէլ, Վաղարշապատ, 1902, 240 էջ։
  • Օրացոյց 1902 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1902, 256 էջ։
  • Օրացոյց 1903 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1903, 256 էջ։
  • Օրացոյց 1906 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1905, 256 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1911, 176 էջ։
  • Ամբողջական երկեր, Նիւ Եորք, 1929, 872 էջ։
  • Պապիկ և թոռնիկ, Պէյրութ, 1957, 184 էջ։
  • Յիսուսի վերջին շաբաթ և Խաչի ճառ, Անթիլիաս, 1983, 120 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1989, 356 էջ։
  • Երկեր, Երևան, 1992, 448 էջ։
  • Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, ա. տ., 2000, 69 էջ։
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թեհրան, 2004, 156 էջ։
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2009, 248 էջ։
  • Պապիկ և թոռնիկ, Էջմիածին, 2009, 336 էջ։
  • Սիրաք և Սամուէլ, Էջմիածին, 2009, 224 էջ։
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2011, 248 էջ։
  • Պապիկ և թոռնիկ, Պէյրութ, 2011, 223 էջ։
  • Պապիկ և թոռնիկ, Նոր Ջուղա, 2014, 146 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Համբարձում Առաքելեան, Խրիմեան Հայրիկի կաթողիկոսական ընտրութիւնը, Թիֆլիս, Մ.Դ. Ռօտինեանց, 1893, 80 էջ։
  2. Մուշեղ Իշխան, Արդի Հայ Գրականութիւն, Զարթօնքի շրջան, 1850 - 1885, Պէյրութ, 1980
  3. Աշճեան Մեսրոպ Արք., Էջեր Հայ եկեղեցւոյ Պատմութենէն, Նիւ Եորք, 1994
  4. Lynch H.F.G., Armenia Travels and Studies, Vol. II, London, 1901.
  5. Օրմանեան Մաղաքիա Արք., Ազգապատում, հտ. Գ, Պէյրութ, 1961
  6. Hovannisian Richard G., Armenian Van/Vaspurakan, Costa Mesa, CA., 2000.
  7. Tootikian Vahan H. Rev. Dr., Highlights of Armenian Christendom, Southfield, MI., 2002
  8. Կոստանդյան Է. Ա., Մկրտիչ Խրիմյան (մահվան 90-ամյա տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1997, № 3, էջ 33-44։
  9. Կոստանդյան Է. Ա., Տարոնի հոգևոր առաջնորդը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1999, № 1, էջ 66-76։
  10. Կոստանդյան էմմա, Մկրտիչ Խրիմյան, ՀՀ ԳԱ հրատ, Երևան, 2000, 440 էջ։
  11. Հովհաննես Հովհաննիսյան, Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ., Երևան, 2012։
  12. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 7, Երևան, 1981, էջ 641-642։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 641—642.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան– ԱՐԾՈՒԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։
Նախորդող՝
Մակար Ա Թեղուտցի
Կաթողիկոս
1893-1907
Հաջորդող՝
Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)