Էմմա Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Կոստանդյան
Ծնվել էհուլիսի 23, 1934
Կիրովական, Հայաստան
Մահացել էօգոստոսի 24, 2014
Երևան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՊատմաբան
Հաստատություն(ներ)ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Էմմա Կոստանդյան, (հուլիսի 23, 1934, Կիրովական, ՀԽՍՀ - օգոստոսի 24, 2014, Երևան, ՀՀ[1]), պատմական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Կոստանդյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 23-ին, Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1941 թվականին ընդունվել և 1951 թվականին ոսկե մեդալով ավարտելով քաղաքի թիվ 1 միջնակարգ-իգական դպրոցը՝ նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1956 թվականին։

1958 թվականի սեպտեմբերի 1-ից Էմմա Կոստանդյանն աշխատանքի է անցնում ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնում որպես լաբորանտ, իսկ 1964 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվում է արտադրությունից կտրված ասպիրանտուրա՝ «Հայ ժողովրդի նոր պատմություն» մասնագիտությամբ։

Էմմա Կոստանդյանը 2003 թվականից 2012 թվականը գլխավորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժինը։ Միաժամանակ դասախոսել է Երևանի տարբեր բուհերում։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր գործող Հասարակական խորհուրդը կազմակերպում է հանրապետության բուհերի և գիտական հաստատությունների աշխատակիցների այցելությունները զորամասեր, որտեղ նրանք պետք է զինծառայողների առջև հանդես գային դասախոսություններով։ Այս խմբում ընդգրկվում է նաև Էմմա Կոստանդյանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի հոկտեմբերի 29-ին բաժնի կողմից Էմմա Կոստանդյանի համար թեկնածուական ատենախոսության թեզ է հաստատվում «Գարեգին Սրվանձտյանցի հասարակական-քաղաքական գործունեությունը»։ 1971 թվականին հաջողությամբ պաշտպանեց ատենախոսությունը։ 1979 թվականին հրատարակեց մենագրությունը՝ օժտված հարուստ արխիվային վավերագրերի տվյալներով։ Ինստիտուտի գիտական խորհրդի և կուսակցական ժողովների նիստերում նա հաճախ հանդես է գալիս ելույթներով ու զեկուցումներով՝ պաշտպանելով արցախահայության արդարացի պահանջները։

Էմմա Կոստանդյանը 1999 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Մկրտիչ Խրիմյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» թեմայով, որը որպես մենագրություն լույս տեսավ 2000 թվականին և վերահրատակվեց 2008 թվականին։ Մեզանում առաջին անգամ էր համակողմանի ուսումնասիրվում Մկրտիչ Խրիմյան հասարակական գործչի, եկեղեցականի ու գրողի գործունեությունը։ Պատմաբանը լուսաբանում է ժողովրդական շահերի արի պաշտպանի վարած հսկայածավալ աշխատանքը։

2003 թվականին լույս է տեսել Էմմա Կոստանդյանի հերթական աշխատությունը՝ «Կոստանդնուպոլսի «Արևելք» օրաթերթը»։ Էմմա Կոստանդյանը հեղինակ է մոտ երկու հարյուր գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Հայտնի են նաև նրա հեռուստառադիո ելույթները, որոնք հասարակությանը ներկայացնում էին հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագները։ 2013 թվականին հրատարակվել է Էմմա Կոստանդյանի «Հայագիտական ուսումնասիրությունները»։ 2015 թվականին հրատարակվել է «Դրվագներ Մաղաքիա արք. Օրմանյանի կյանքից և գործունեությունից» ուսումնասիրությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցին բարձր է գնահատել Էմմա Կոստանդյանի կատարած գիտական աշխատանքը և նրան պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Սահակյան «Բազմավաստակ գիտնականը (Էմմա Կոստանդյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)», պատմաբանասիրական հանդես №2, էջ 237-239, ISSN 0135-0536