Հարավաֆրիկյան Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀԱՀից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Այս հոդվածը ժամանակակից պետության մասին է։ Աշխարհագրական երկրամասի համար տե՛ս Հարավային Աֆրիկա հոդվածը։ Տե՛ս նաև Հարավային Աֆրիկա (այլ կիրառումներ)
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Republiek van Suid-Afrika
Հարավաֆրիկյան Հանրապետություն դրոշ
Դրոշ
Նշանաբան՝
"Միասնություն բազմազանության մեջ"
Ազգային օրհներգ՝
Nkosi Sikelel' iAfrika
Աստված օրհնի Աֆրիկան  (transliteration)
Նկոսի Սիկելեի ի Աֆրիկա


Հարավաֆրիկյան Հանրապետություն դիրքը
Հարավաֆրիկյան Հանրապետության տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՊրետորիա (գործադիր)
Բլումֆոնթեյն (դատական)
Քեյփ Թաուն (օրենսդիր)
Ամենամեծ քաղաք Յոհաննեսբուրգ[1]
Պետական լեզուներ աֆրիկաանս, անգլերեն և ևս 9 լեզու[2]
Կառավարում ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն
 -  նախագահ Սիրիլ Ռամափոսա (փոխնախագահ)
 -  Փոխնախագահ Սիրիլ Ռամափոսա
 -  Ազգային ժողովի նախագահ Բալեկա Մբետե
 -  Արդարադատության ղեկավար Մոգոենգ Մոգոենգ
Հիմնադրում
 -  Անկախացումը Միացյալ Թագավորությունից մայիսի 31, 1910 
 -  Հանրապետության հռչակում մայիսի 31, 1961 
Տարածք
 -  Ընդհանուր 1,221,037 կմ²  (24-րդ)
 -  Ջրային (%) չնչին
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 54,956,900[3]  (25-րդ)
 -  2011 մարդահամարը 51,770,560 
 -  Խտություն 42.4 /կմ² (169-րդ)
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $742.461 միլիարդ[4] (30-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $13,591 
ՀՆԱ (անվանական)  գնահատում
 -  Ընդհանուր $326.541 միլիարդ (35-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,292 (88-րդ)
Ջինի (2009[5]) 63.1 (շատ բարձր
Արժույթ Հարավաֆրիկյան ռենդ (ZAR)
Ժամային գոտի +2
Ազգային դոմեն .za
Հեռախոսային կոդ +27

Հարավաֆրիկյան Հանրապետություն[6], հաճախակի հանդիպող հապավման տեսքով՝ ՀԱՀ[7], ինքնիշխան սահմանադրախորհրդարանական հանրապետություն Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է[7]։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև[8][9][10]։ Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը[12] ։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում[13] և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։ Բնակչության թիվը կազմում է 56 միլիոն մարդ։ Այս ցուցանիշով Հարավաֆրիկյան Հանրապետությունն աշխարհի 24-րդ ամենաբնակեցված պետությունն է։ Հարավաֆրիկացիների 80 տոկոսը Ենթասահարական Աֆրիկայի սևամոթ բնակիչներ են[14]։ Նրանք խոսում են տարբեր աֆրիկյան լեզուներով[10], իսկ այդ լեզուներից ինն ունեն պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Ազգաբնակչության մյուս մասը զբաղեցնում են եվրոպացիները (սպիտակամորթ), ասիացիները (դեղնամորթներ) և բազմաշերտ ծագմամբ (գունավոր) հարավաֆրիկացիները։ Այսպիսով՝ այստեղ է կենտրոնացված «Սև մայրցամաքում» եվրոպացիների ամենամեծ համայնքը[10]։

ՀԱՀ-ի բազմազգ հասարակությունը ենթադրում է մշակույթների, լեզուների և կրոնի բազմազանություն։ Այս փաստարկի վառ ապացույցն է այն հանգամանքը, որ իրավականորեն Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրությունը տասնմեկ տարբեր լեզուներ ճանաչում է որպես պետական լեզու։ Սա պաշտոնական լեզուների ամենաբարձր քանական ցուցանիշն է մեկ պետության սահմաններում[10]։ Տասնմեկ լեզուներից երկուսն ունեն եվրոպական ծագում․ աֆրիկաանսը զարգացել է հոլանդերենի ազդեցությամբ և ծառայում է որպես սպիտակամորթ և գունավոր հարավաֆրիկացիների մայրենի լեզու[10]։ Անգլերենը տարածվել է գաղութատիրության շրջանում, իսկ ներկայումս կիրառվում է առևտրաարդյունաբերական նկատառումներով։

Հարավային Աֆրիկայում հաստատված առաջին գաղութարարները՝ հոլանդացիները, արտաքսելով ու ոչնչացնելով տեղաբնիկերին ստեղծում են սեփական գաղութային տերությունը[7]։ Հոլանդացիներից հետո այստեղ իշխում են բուրերը, իսկ ավելի ուշ ի հայտ են գալիս անգլիացի նվաճողները։ Պատերազմում հաղթելով բուրերին՝ անգլիացիները ստեղծում են Հարավային Աֆրիկայի դոմինիոնը։ Երկրում պետական մակարդակով ուժեղանում է ռասիստական, այսպես կոչված ապարտհեյդի քաղաքականությունը[15] , իսկ ամբողջ քաղաքական իշխանությունը և տնտեսական կառավարումը կենտրոնանում էր բնակչության չնչին փոքրամասնություն կազմող եվրոպացի սպիտակամորթների ձեռքում[11]։ Ուժեղանում էր ռասայական ու ազգային խտրականությունը, տեղացի սևամորթներին բռնի ուժով վերաբնակնում էին երկրի խորքային շրջաններում՝ այսպես կոչված «բանտուստանները»։ Երկարատև անկախության պայքարի արդյունքում 1961 թվականին երկիրը դուրս է գալիս Բրիտանական համագործակցության կազմից՝ ձեռք բերելով լիակատար անկախություն։ Նոր իշխանական համակարգի կերտման ճանապարհին երկրում վերջ է դրվում ապարտհեյդը և երկիրը բռնում է ժողովրդավարական զարգացման ուղի[11]։

ՀԱՀ-ը ունիտար կառուցվածքով խորհրդարանական հանրապետություն է[11]։ Գործադիր իշխանության գլուխ կանգնած է նախագահը, իսկ օրենսդիր իշխանությունը ղեկավարվում է վարչապետի և ազգային ժողովի կողմից։ Այս առանձնահատկություններից է նաև այն, որ վերջինս ունի երեք մայրաքաղաք՝ Պրետորիա, Բլումֆոնթեյն և Քեյփթաուն։ Խոշորագույն քաղաքը Յոհաննեսբուրգն է՝ 3 միլիոն 800 հազար բնակչությամբ։ ՀԱՀ-ն Աֆրիկայի ամենազարգացած արդյունաբերաագրարային պետությունն է։ Նրան բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքում արտադրվող ՀՆԱ-ի 29 և արդյունաբերական արտադրանքի 40%-ը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել միջուկային զենք (որոշ ժամանակ անց ինքնակամ հրաժարվել է դրանից): Աֆրիկայի միակ պետությունն է, որ անդամակցում է մեծ քսանյակին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՀ-ի հնագույն բնակիչներն են համարվում հոտենտոտները, բուշմենները, բանտու ժողովուրդները: 18-րդ դարի 50-ական թթ. հոլանդական Արևելահնդկական ընկերությունը հիմնել է Կապ գաղութը: Հոլանդական գաղութաբնակները՝ բուրերը, աստիճանաբար ընդլայնել են գաղութի սահմանները՝ ոչնչացնելով կամ անապատային շրջաններ մղելով բնիկներին: 18-19-րդ դդ. սահմանագծին Կապը (անգլ. Քեյփ) զավթեցին անգլիացիները: 19-րդ դարի 1-ին կեսին բուրերը հիմնեցին մի շարք հանրապետություններ, որոնք, բացի Մեծ Բրիտանիայի զավթած Նատալից, միավորվեցին Հարավաֆրիկյան Հանրապետության (տես` Տրանսվաալ) և Օրանժի Հանրապետության մեջ: 19-րդ դարի կեսին անգլիացիները և բուրերը զավթեցին ՀԱՀ-ի ժամանակակից տարածքի զգալի մասը: Գաղութարարների դեմ պայքարն արագացրեց հարավաֆրիկյան ժողովուրդների համախմբումը: 19-րդ դարի 70-ական թթ. արագորեն զարգացան կապիտալիստական հարաբերությունները: Արդյունաբերության զարգացմանը խթանեց ալմաստի և ոսկու հանքավայրերի հայտնաբերումը: Ձևավորվեցին պրոլետարիատն ու մտավորականությունը՝ ինչպես «սպիտակների», այնպես և աֆրիկացիների ու այստեղ աշխատելու եկած հնդիկների շրջանում: Անգլո-բուրական պատերազմի հետևանքով (տես` Անգլո-բուրական պատերազմ 1899-1902 թթ.) Մեծ Բրիտանիան նվաճեց Տրանսվաալը և Օրանժը: Անգլիական իշխանությունների և բուրական խոշոր հողատերերի միջև երկարատև բանակցություններից հետո 1910 թվականին կազմվեց Անգլիայի դոմինիոն Հարավաֆրիկյան Միությունը (ՀԱՄ): Պետության վարած տնտեսական կեղեքման և ազգային խտրականության քաղաքականության դեմ պայքարի ընթացքում 1912 թվականին ստեղծվեց աֆրիկացիների Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ) քաղաքական կազմակերպությունը: Կառավարող կուսակցությունը 1910 թվականին ստեղծված Հարավաֆրիկյան կուսակցությունն էր, որը կապված էր անգլիական շրջանակների հետ: Առավել ազգայնական բուր գործիչները դուրս եկան կառավարող կուսակցությունից և 1913 թվականին հիմնեցին ազգայնական կուսակցությունը: 1909-1910 թվականներին ձևավորվեց Հարավաֆրիկյան լեյբորիստական կուսակցությունը, որը հանդես էր գալիս սպիտակամորթ բանվորների անունից: Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թթ.) ՀԱՄ մասնակցել է Անգլիայի կողմում և պատերազմից հետո ստացել նախկին գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայի մանդատը: 1914 թվականին տեղի ունեցավ բուրերի վերջին զինված ապստամբությունն անգլիական տիրապետության դեմ: 1918 թվականին ստեղծվեց բուրերի ծայրահեղ ազգայնական «Բրուդերբոնդ» («Եղբայրների միություն») կազմակերպությունը: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ազդեցության տակ ՀԱՄ-ում ուժեղացավ բանվորական և ազգային-ազատագրական շարժումը: 1921 թվականին ստեղծվեց Հարավային Աֆրիկայի կոմունիստական կուսակցությունը: 1928 թվականին ստեղծվեց աֆրիկացի բանվորների Արհմիությունների հարավաֆրիկյան ֆեդերացիան: 1934 թվականին հարավաֆրիկյան և ազգային կուսակցությունները միավորվեցին Միացյալ կուսակցության (ՄԿ) մեջ: 1936 թվականին հրապարակվեց ռասիստական օրենք, որով աֆրիկացիները զրկվում էին եվրոպական ծագում ունեցող ընտրողների հետ ընտրելու իրավունքից: 1930-ական թթ. ՀԱՄ-ում տարածվեց ֆաշիստական շարժումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) սկզբին պառլամենտը քվեարկեց Անգլիային աջակցելու օգտին: 1942 թվականին հյուպատոսական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ-ի և ՀԱՄ-ի միջև: Պատերազմի տարիներին զարգացավ արդյունաբերությունը, փոքրացավ տնտեսական կախումն Անգլիայից, ուժեղացան հակաանգլիական տրամադրությունները: 1948 թվականին իշխանության գլուխ անցավ 1935 թվականին վերստեղծված ազգայնական կուսակցությունը (ԱԿ): Նրա ստեղծած բոլոր կառավարությունները (1966 թվականից՝ Բ. Ֆորստերի) ուժեղացրին տեռորի և ռասայական խտրականության քաղաքականությունը՝ այն տարածելով նաև Նամիբիայի վրա: Սևամորթ բնակչության նկատմամբ ապարտհեյդի քաղաքականության կիրառման հետևանքով երկրում զուգակցվում են ժամանակակից իմպերիալիստական պետությանն ու գաղութին բնորոշ գծերը: 1950 թվականին կոմկուսն արգելվեց, սակայն շուտով անլեգալ պայմաններում վերստեղծվեց հարավ-աֆրիկյան կոմունիստական կուսակցություն (ՀԱԿԿ) անվամբ: 1955 թվականին ստեղծվեց Արհմիությունների հարավաֆրիկյան կոնգրեսը` երկրի միակ արհմիութենական կազմակերպությունը, որը մերժում է ռասայական խտրականությունը: Առաջադիմական կազմակերպությունները 1955 թվականին ստեղծեցին երկրի պատմության մեջ ամենաներկայացուցչական ժողովը՝ Հարավային Աֆրիկայի ժողովրդական կոնգրեսը, որը հանդես է զալիս ազգային խտրականության լիակատար վերացման, դեմոկրատական, սոցիալ-տնտեսական լայն վերափոխումների օգտին: 1956 թվականին ՀԱՄ դադարեցրեց հյուպատոսական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ: 1961 թվականի մայիսի 31-ին երկիրը կոչվեց ՀԱՀ: 1960-1970-ական թթ. սահմանագծին ՀԱՀ ձգտել է Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում ստեղծել ռազմական դաշինք, աջակցել Աֆրիկայի երկրների հետադիմական ուժերին: ՀԱՀ-ի կառավարության նմանօրինակ քաղաքականության հետևանքով երկիրը մեկուսացել է միջազգային ասպարեզում: 1960-ական թթ. ՀԱՀ-ում սկզբնավորվել է պարտիզանական շարժում: 1975 թվականի վերջին-1976 թվականի սկզբին ՀԱՀ-ի զինված ներխուժումը Անգոլա անհաջողության մատնվեց: 1978 թվականին վարչապետ դարձավ Փիթեր Բոտան, 1979 թվականին՝ նախագահ՝ Մարաիս Վիլջոինը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարավային Աֆրիկա» անվանումը կապված է պետության աշխարհագրական տեղագրության հետ (գտնվում է Աֆրիկայի հարավային հատվածում): Միացյալ Թագավորությունից անկախանալուց հետո երկիրն ի սկզբանե կոչվել է Հարավաֆրիկյան Միություն, իսկ 1961 թվականի մայիսի 31-ի Հանրապետության հռչակումից հետո՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն: Միջազգային պրակտիկայում այն առավել հայտնի է Հարավային Աֆրիկա անվանմամբ: Այս անվանումն արտացոլում է պատմական այն իրողությունը, որ այս դաշնային հանրապետությունն ստեղծվել է նախկին չորս բրիտանական գաղութների միավորման արդյունքում: Պետության բնօրինակ աֆրիկաանս անվանումը (աֆրիկաանս՝ Republiek van Suid-Afrika) փոխառություն է հոլանդերենից: 1994 թվականին ընդունված սահմանադրությունը սահմանել է պետության պաշտոնական անվանումը 11 պետական լեզուներով:

Պաշտոնական լեզուներից կոսայով Հարավաֆրիկյան Հանրապետության անվանումը հնչյում է «Mzansi»: Խոսակցական լեզվում ևս առավել հաճախ կիրառվում է այս տարբերակը[16][17]: Համաաֆրիկյան որոշ կուսակցություններ նախընտրում են երկիրն անվանել «Azania»:

Պետական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային օրենսդրությունը, ինչպես նաև պետական խորհրդանիշները սահմանող օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, որպես պաշտոնական խորհրդանիշներ ճանաչում են դրոշը, զինանշանը և օրհներգը։ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս դրոշն ընդունվել է 1994 թվականի ապրիլի 27-ին՝ փոխարինելով 1928 թվականից ի վեր օգտագործվող դրոշին։ Նախորդ դրոշը լիովին չէր արտահայտում Հարավային Աֆրիկայի ինքիշխանությունը, քանի որ պարունակում էր Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ազդեցությունը խորհրդանշող հերալդիկ տարրեր։ Նոր դրոշի ընտրությունը պայմանականորենն կապված է Աֆրիկայի պատմության դարակազմիկ մի իրադարձության՝ ապարտհեյդի վերացման և ժողովրդավարության վերելքի հետ։ Դրոշի նախագծի հեղինակն էր Հարավաֆրիկյան Միության ազգային հերոս Ֆրեդերիկ Բրաունելը։ Դրոշի հիմքը «Y»-աձև կանաչ գոտին է, որը բաժանում է հորիզոնական կապույտ և կարմիր հատվածները։ Դիմային հատվածում նշմարվում է եռանկյունաձև սև նշան, որը տրամագծի երկայնքով պատված է դեղին գծով։ Դրոշում առկա գույները խորհրդանշում են համաաֆրիկյան միասնությունը։ Հարավաֆրիկյան Հանրապետության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, ընդունվել է 2000 թվականի ապրիլի 27-ին՝ ազատության օրվա առթիվ։ Զինանշանի գլխամասում վեր է խոյանում թևերը լայնությամբ սփռած աֆրիկյան արծիվ՝ ռոյալիստական թագը գլխավերևում։ Միջնամասը հատկապես աչքի է ընկնում աֆրիկյան ազգային խորհրդանիշերի առատությամբ։ Վահանի վրա պատկերված են երկու բուշմեն տղամարդիկ։ Ստորին հատվածում նկատվում է ցխամ լեզվով գրություն․ «բազմազան մարդկանց միավորում»։ Նախորդ զինանշանի վրա առկա է լատինալեզու գրություն․ «միասնությունից՝ ուժ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուշմենները փորձում են բնական եղանակով կրակ ստանալ։ Բուշմենները զբաղվում են որսորդությամբ և վայրի պտուղների հավաքչությամբ։ Նրանց հիմնական զենքերն են նետն ու աղեղը և գավազանը:
Հարավային Աֆրիկայի տեղաբնիկները

Հարավային Աֆրիկայի տեղաբնիկները համարվում են բուշմեններն ու հոտենտոտները։ Նրանք ապրել և ապրում են Կալահարի և Նամիբ անապատներում ու հարակից շրջաններում, խոսում են բուշմենական և բանտու լեզուներով։ Այս ցեղերի տղամարդիկ զբաղվել են որսորդությամբ, իսկ կանայք՝ վայրի պտուղների հավաքչությամբ։ Նրանց հիմնական զենքերն են նետն ու աղեղը: Նետերի ծայրերը թունավորված են։ Թույնը, որն ազդում է զոհի նյարդային համակարգի վրա, ստանում են չորացված ու աղացած հատուկ բզեզների թրթուրներից: Բուշմեններն ու հոտենտոտներն ապրում են թփուտներում՝ ճյուղերից շինված ժամանակավոր ծածկերի տակ։

Անտիկ գրությունների վերծանման և հնագիտական հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Հարավային Աֆրիկա երկրամասը եղել է մարդկային էվոլյուցիայի կարևորագույն կենտրոններից մեկը[18][19][20]։ Վաղ շրջանում՝ դեռևս մեզանից այն 2,5 միլիոն տարի առաջ, այն բնակեցված է եղել է Australopithecine կոչվող հումանոիդի կողմից։ Առաջին ժամանակակից մարդիկ Հարավային Աֆրիկան բնակեցրել են շուրջ 125.000 տարի առաջ՝ միջին քարե դարի կամ մեզոլիթի ժամանակաշրջանում։ Այս փաստարկի գլխավոր ապացույցը Կլասիս գետի շրջակայքում հայտնաբերված քարանձավի հետազոտություններն են։ Հարավային Աֆրիկայի առաջին մարդկային բնակավայրերի հիմնադրումը կապված է երկրամասի հյուսիսարևմտյան հատվածում բնակվող և մինչ օրս գոյություն ունեցող խոյիսանի ցեղերի անվան հետ[21][22][23]։ Այս ցեղերն առաջացել են Կալահարի և Նամիբ անապատներում ապրող ապրող հոտենտոտների և բուշմենների միավորումից։ Նորագույն տվյալներով բուշմենները հնագույն էթնոտիպի և Y քրոմոսոմային A հապլոիդ հավաքակազմի կրողներն են[24][25]։ Մարդաբանական կառուցվածքով նրանք տարբերվում են նեգրոիդներից, քանի որ ունեն ավելի բաց գույնի մաշկ և բարակ շրթունքներ։ Հնագիտական օբյեկտների բազմազանության տեսանկյունից աչքի են ընկնում հատկապես Գաութենգի նահանգի քարանձավներից հայտնաբերված գտածոները:

Այս տարածքը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության հնագույն օրրան: Այդ ցանկում գրանցված օբյեկտներից Ստերկֆոնթեյնն օրինակ աշխարհի ամենահարուստ հանքավայրերից մեկն է: Նշանավոր են նաև Սվարթկրանսի, Գոնդոլինի, Կուպերի և Մալապայի քարանձավները: Աֆրիկա մայրցամաքում հայտնաբերված առաջին հումանոիդի մնացորդները հայտնաբերվել են 1924 թվականին՝ ավստրալացի անթրոպոլոգ Ռայմոնդ Դարթի կողմից: Թաունգյան հումանոիդի հացահայտմանը հետևած հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աֆրիկաբնակ մարդու այդ յուրօրինակ տեսակը բնակվել է Աֆրիկայի հարավում շուրջ 170 հազար տարի առաջ[26]: 2002 թվականին Բլոմբոս քարանձավի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ցանցաձև և խաչաձև փոխարգրություններ ունեցող նախշերով քարեր, որոնք ունեցել են ավելի քան 70 հազար տարվա հնություն։ Սա հնագույն արվեստի ամենանշանավոր նմուշներից է, որը վկայում է այն մասին, որ Հարավային Աֆրիկայի հնագույնը բնակիչները հայտնի են եղել իբրև ժայռապատկերների հմուտ վարպետներ։ Վաալի գետի շրջակայքում հայտնաբերվել են հնագույն մարդկանց աշխատանքային գործիքներ[27]։

Եվրոպացիների գաղութացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հարավային Աֆրիկայի գաղութացումը՝ 1075-1220 թվականներին այս տարածքներում գոյություն է ուենցել Մապուգուբվեի թագավորոությունը։ Լիմպոպո գետի ափին վեր խոյացող այս բարձրունքը, որ ներկայումս գրանցված է ՀԱՀ-ում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում եղել է հոտենտոտների արքայի թագավորանիստը։

1487 թվականին պորտուգալացի հետազոտող Բարդուղիմեոս Դիաշի ղեկավարած արշավախումբը ծովային ճանապարհորդություն է սկսում դեպի հարավային Աֆրիկա[28]։ Նա դառնում է առաջին եվրոպացիներից մեկը, ով երբևիցե ոտք է դրել Հարավային Աֆրիկայի տարածք։ Դեկտեմբերի 4-ին Դիաշը վայրէջք է կատարում Ուոլֆիշբեյում (ներկայումս գտնվում է Նամիբիայի տարածքում): Սա 1485 թվականին Դիոգու Կանի հաստատված կետից շատ ավելի հյուսիս էր։ Շուտով, Բարդուղիմեոսի գլխավորած հետախուզական խումբը շարունակելով ճանապարհորդությունը հաստատվում է Աֆրիկայի արևմտյան ափին։ 1488 թվականի հունվարի 8-ին պորտուգալական արշավախումբը շրջանցում է Աֆրիկայի ափերի երկայնքով անցնող փոթորիկները և հաստատվում մոտակա ցամաքում։ Այսպիսով՝ նա դառնում է առաջին եվրոպացին, ով շրջանցել է Աֆրիկան հարավից։ Գնալով Աֆրիկայի հարավային ափերի երկարությամբ մինչև Ալգոա ծովախորշ՝ Բարդուղիմեոս Դիաշն անձնակազմի պահանջով հարկադրված վերադառնում է Պորտուգալիա։ Հետադարձ ճանապարհին 1488 թվականին նա հայտնագործում է Բարեհուսո հրվանդանը, սակայն Լիսաբոն հետվերադարձի ժամանակ անսպասելիորեն մահանում է[29]։ 16-րդ դարում պորտուգալական, ֆրանսիական, դանիական, հոլանդական ևնգլիական նավերն արևելքան ուղևորվելու ճանապարհին պարբերաբար խարիսխ էին գցում Թեյբլ ծովածոցում։ Նրանք հոտենտոտների հետ փոխանակում էին ծխախոտը, պղինձը և երկաթը, փոխարենը ստանալով թարմ միս։

17-րդ դարասկզբին Պորտուգալիայի ծովային ազդեցությունը թուլանում է, իսկ վերջինիս դերի խարխլմանը նպաստած անգլիական և հոլանդական առևտրականները կարողանում են հասնել նրան, որ պաշտոնական Լիսաբոնը զրկվում է համեմունքների արդյունաբերության շահութաբեր մենաշնորհից[30]։ 1601 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը փորձում է գրավել Հարավային Աֆրիկան՝ դեպի Հնդկաստան տանող այլընտրանքային ծովային ուղի ստեղծելու նկատառումներով։ Այնուամենայնիվ, բրիտանացիներին չի հաջողվում գրավել այս երկրամասը, սակայն նույն տարում վերջիններս իրենց ազդեցությունն են տարածում Ատլանտյան օվկիանոսի Համբարձման և Սուրբ Հեղինեի կղզիների վրա[31]։ Հարավային Աֆրիկայի վերաբերյալ հոլանդացիների հավակնությունները սկզբնավորվել են 1647 թվականից հետո։ Բանն այն է, որ այդ տարում Հոլանդական արևելահնդկական ընկերության հետախույզներից մի քանիսը Հարավային Աֆրիկայի ափերի մոտ ենթարկվում են նավաբեկության։ Տեղաբնիկների օգնությամբ նրանք կարողանում են ողջ մնալ և այնտեղ բնակվելու ժամանակահատվածում զբաղվել հողագործությամբ և հավաքչությամբ։ Նիդերլանդներ վերադառնալուն պես նրանք տեղական իշխանություններին իրազեկում են, որ Հարավային Աֆրիկան կարող է Հնդկաստան մեկնող ծովագնացների համար լինել դադարի կայան։ Քեյփի առևտրային ճանապարհի հայտնագործումից գրեթե կես դար անց հոլանդացի ծովագնաց և գաղութարար Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնադրում է առաջին խոշոր բնակավայրը՝ Քեյփթաունը[32][33], այն դարձնելով Հոլանդական արևելահնդկական ընկերության ծովային հենակետ։ Բնակավայրը դանադաղ տեմպերով էր աճում, քանի որ դժվար էր գտնել աշխատուժ։ Այդ պակասորդը լրացնելու համար հոլանդացիները Քեյփթաունը բնակեցնում են Ինդոնեզիայի, Մադագասկարի և արևելյան Աֆրիկայի նորաստեղծ գաղութներից հավաքագրված ստրուկներով[34]։ Հարավային Աֆրիկայի բնակչության վերաբնակեցման արդյունքում ազգաբնակչության շրջանում լայն տարածում է գտնում հոլանդերեն լեզուն և քրիստոնեական հավատը[34]։ Քեյփից արևելք հոլանդացիների տարածքային ընդլայնումը հանգեցնում է բազմաթիվ ռազմական բախումների։ Դրանց վառ օրինակն է Մեծ ձկան գետի ավազանի վերահսկողության համար մղվող պատերազմն ընդդեմ կոսա ցեղի[34]։

Բրիտանական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1795-1803 թվականներին Մեծ Բրիտանիան բռնազավթում է Քեյփը՝ փորձելով այն զերծ պահել «ցածրահողեր» ներխուժած ֆրանսիական բանակի վերահաս տիրապետությունից։ Բատավյան հանրապետության գլուխ կանգնած հոլանդական իշխանությունները շուտով վերադարձնում են իրենց կենսատարածքը, սակայն 1806 թվականին բրիտանացիները վերստին զավթում են Քեյփի գաղութը։ Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո անգամ այն պաշտոնապես հայտարարվեց որպես Բրիտանական կայսրության անբաժանելի մաս։ 1818 թվականին սկսվում է բրիտանացիների ներգաղթը Հարավային Աֆրիկա, որն ավարտվում է 1820 թվականին։ Բրիտանացիների ներգաղթի պատճառներն էին ստրուկների աշխատուժի ինտենսիվացումն ու սահմանային շրջանների ամրապնդումը՝ տեղաբնակ ցեղերի ասպատակություններից։ 19-րդ դարի առաջին տասնամյակը նշանավորվում է ներկայիս Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքի հարավարևելյան հատվածում բնակված զուլու ցեղախմբի զորեղացմամբ։ Նրանց մի դրոշը տակ միավորողը ցեղապետ Չակա Կասենզանգակոնան էր։ Չակայի պատերազմն անուղղակիորեն հանգեցնում է Մֆեկանեին, որի ընթացքում Հարավային Աֆրիկայում սպանվում է 1-2 միլիոն մարդ։ Զուլուի մի հատվածում մատաբելե ժողովուրդը ստեղծում է ընդարձակ կայսրություն։ Կայսրության ստեղծողը Մզիլիկազին էր, ով Հարավային Աֆրիկայի պատմության ամենանշանավոր դեմքերից է։ 1800-ական թվականների սկզբին հոլանդացիները վերջնականապես հեռանում են Քեյփի գաղութից՝ իրենց դիրքերը զիջելով բրիտանացիներին։ 1867 թվականին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվում են ադամանդի, իսկ 1884 թվականին՝ ոսկու պաշարներ։ Այս գործոնների ազդեցությամբ 1884 թվականին սկսվում է հանքային հեղափոխությունը։ Հեղափոխության գլխավոր հետևանքներն են տնտեսական աճն ու ներգաղթի ցուցանիշի վերելքը։ Տնտեսական կախվածությունն ավելի է մեծացնում բրիտանացիների ազդեցությունը տեղաբնակ ժողովուրդների նկատմամբ։ Հանքային ռեսուրսների անխնա շահագործումը դառնում է բրիտանացիների և տեղաբնակ ցեղերի հարաբերությունների վատթարացման պատճառ։

1879 թվականին Բրիտանական կայսրության և Զուլուի կայսրության միջև սկսվում է երկարատև պատերազմ։ Լորդ Կարնարվանը Կանադայի դաշնության հաջող հպատակեցումից հետո նպատակ ուներ նման քաղաքական ջանքերով ծնկի բերել աֆրիկյան թագավորությունների և ցեղային միությունների ղեկավարներին։ Նման ծրագրով բրիտանական բանակի ռազմահրամանատար Հենրի Բարթլ Ֆրերն ուղարկվում է Հարավային Աֆրիկա։ Իզանդլվանեի ճակատամարտում բրիտանացիներն անսպասելիորեն պարտություն են կրում, սակայն անգամ այս հանգամանքը զուլու ցեղի ներկայացուցիչներին չի փրկում անկախության կորստից։

Հարավաֆրիկյան Միության անկախացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարտհեիդի հաղթահարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղագրություն և սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագրական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ջրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտահոս գետերի մեծ մասը պատկանում է Հնդկական օվկիանոսի ավազանին, որոնցից խոշորներն են Լիմպոպոն, Տուգելան, Գրեյթֆիշը: Ատլանատյան ավազանին պատկանող խոշոր գետը Օրանժն է:

Կլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման առավելապես արևադարձային է, հարավային լայնության 30°-ից հվ.՝ մերձարևադարձային: Մերձափնյա դաշտավայրերում և Մեծ Սանդղափուլի հողմակողմ լանջերին տարեկան տեղումները 1000-2000 մմ են, ներքին շրջաններում և հարավ-արևմուտքում՝ մինչև 150 մմ: Սարահարթերում ամառային ամիսների միջին ջերմաստիճանը 18–27°C է, ձմեռային ամիսներինը՝ 7–10°C, մերձարևադարձային շրջաններում, համապատասխանաբար, մոտ 21°C և 13°C-ից պակաս, տարեկան տեղումները՝ 700 մմ: Հարավ-արևմուտքում և Վելդ սարավանդում լինում են ցրտահարություններ տարվա 6 ամիսների ընթացքում, բնորոշ են երաշտները: Ատլանտյան օվկիանոսի ափի կլիման անապատային է, ձմռանը՝ 11 - 15°C, ամռանը՝ 18-24°C միջին ջերմաստիճաններով և տարեկան մինչև 100 մմ տեղումներով:

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՀ-ի արևելյան առափնյա մասի (մինչև հարավային լայնության 30°-ը) կարմիր և կարմրագորշ հողերի վրա տարածված են տիպիկ սավաննաները, գետերի երկայնքով՝ սրահային անտառները: Հարավային լայնության 30°-ից հարավային առափնյա մասերում աճում են մերձարևադարձային անտառներ և մշտականաչ կոշտատերև թփուտներ, լեռնալանջերին պահպանվել են մերձարևադարձային մուսսոնային անտառներ: Անտառների ընդհանուր տարածությունը 4,1 միլիոն հեկտար է: Վելդ սարավանդների արևելյան մասում կարմրագորշ հողերի սավաննաները փոխարինվում են սևահողային թփուտային սավաննաներով և լեռնային գորշ դարչնագույն հողերի տափաստաններով: Կալահարիի հարթավայրերում գերիշխում են անապատացած սավաննաները, Օրանժ գետից հարավային մացառուտային կիսաանապատներն ու Կառուի անապատներն են:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՀ-ի տարածքը մտնում է Եթովպական կենդանա-աշխարհագրական մարզի Կապի ենթամարզի մեջ: Բնորոշ են և մասնակիորեն էնդեմիկ տեսակները (ոսկե խլուրդը, երկարակրունկը, երկարատամը, թռչող այծքաղը, գորշ բորենին և այլն): Հարուստ է թռչնաշխարհը: Տարածված են միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): Կենդանական աշխարհի պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր ու արգելավայրեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխարհի գլխավոր ագլոմերացիաները»։ Citypopulation.de։ Վերցված է հոկտեմբերի 30, 2011 
  2. «Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրություն»։ Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարան։ Վերցված է սեպտեմբերի 3, 2009 
  3. «Տարվա բնակչության միջին հաշվարկ, 2015» (PDF)։ Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն։ Վերցված է օգոստոսի 11, 2015 
  4. «Հարավային Աֆրիկա՝ տնտեսական զեկույց»։ Արժույթի միջազգային հիմնադրամ։ Վերցված է ապրիլի 26, 2015 
  5. «Ջինի ինդեքս»։ Համաշխարհային բանկ։ Վերցված է մարտի 2, 2011 
  6. «Աշխարհագրական անունների բառարան, Հ – Ֆ, Երևան, 1989 // Հ. Գրգեարյան, Ն. Հարությունյան»։ libmindiaspora.am (en-US)։ Վերցված է 2018-02-16 
  7. 7,0 7,1 7,2 Ա. Ավագյան, Մ. Թորոսյան, Ա. Հովսեփյան, Մ. Մանասյան, Յու. Մուրադյան, Խ. Սարգսյան, Լ. Վալեսյան, «Աշխարհագրության 8-րդ դասարանի դասագիրք», 2008 թ․
  8. «Հարավային Աֆրիկայի ծովային անվտանգության նախարարություն»։ ՀԱՀ ԾԱՆ։ Վերցված է հունիսի 16, 2008 
  9. «Ջրափնյա գիծ»։ Համաշխարհային փաստագիրք։ CIA։ Վերցված է հունիսի 16, 2008 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Փաստեր Հարավաֆրիկյան Հանրապետության մասին»։ SouthAfrica.info։ ապրիլ, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 16, 2008-ին։ Վերցված է հունիսի 14, 2008 
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Հարավաֆրիկյան Հանրապետություն // Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am (en-US)։ Վերցված է 2018-02-16 
  12. Գայ Առնոլդ։ «1996 թվականը Լեսոթոյում – Բրիտանիկա՝ առցանց հանրագիտարան»։ Encyclopædia Britannica (Բրիտանիկա հանրագիտարան)։ Վերցված է հոկտեմբերի 30, 2011 
  13. Շենոնի Լուիս։ «Հարավաֆրիկյան միաբևեռություն – Ժամանակակից աֆրիկյան հետազոտությունների ամսագիր»։ JCAS։ Վերցված է սեպտեմբերի 30,2017 
  14. Հարավաֆրիկյան Հանրապետության մարդահամար, 2011։ Պրետորիա, Հարավային Աֆրիկա: ՀԱՀ ԱՎԸ։ 2012։ ISBN 978-0-621-41388-5։ Վերցված է հունվարի 12, 2013 
  15. «արմատախիլ եղած ապարտհեիդն Աֆրիկայում՝ երազա՞նք, թե՞ իրականություն»։ BBC News։ հուլիսի 18, 2008։ Վերցված է օգոստոսի 10, 2013 
  16. Լիվերմոն Խավիեր (2008)։ «Ձայներ քաղաքում»։ in Նութալ Sarah, Mbembé Achille։ Johannesburg: The Elusive Metropolis (Յոհաննեսբուրգ՝ էլուզիվ մետրոպոլիսը)։ Դուրհամ: Դյուքի համալսարանի հրատարակչություն։ էջ 283։ ISBN 978-0-8223-8121-1։ ««Mzansi»-ն այլընտրանքային խոսակցական եզր է, որն առավել մեծ կիրառություն ունի երիտասարդության շրջանում» 
  17. «Mzansi DiToloki»։ Հարավաֆրիկյան Հանրապետության խուլերի ֆեդերացիա։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 16, 2014-ին։ Վերցված է հունվարի 15, 2014։ «uMzantsi-ն կոսա լեզվում նշանակում է հարավ և կապված է այս պետության ծայրաֆրիկյան հարավային տեղագրության հետ» 
  18. Վիմեր Ջոն, Ռ․ Սինգեր (1982)։ Միջին քարե դարի ժամանակաշրջանը Հարավային Աֆրիկայում։ Չիկագո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Չիկագոյի համալսարանի հրատարակչություն։ ISBN 0-226-76103-7 
  19. «Կլասես գետի քարանձավը»։ Սթելլենբոսի համալսարանի հրատարակչություն։ 2001։ էջ 11։ Վերցված է սեպտեմբերի 5, 2009 
  20. «Հարավաֆրիկյան Հանրապետության անտիկ հնավայրերը» 
  21. Տարածքային հետազոտություն // Հարավային Աֆրիկա, ԱՄՆ Կոնգրեսի գրադարան Ամենատարեց հարավաֆրիկացիները
  22. Բերնարդ Ալան (2007)։ Հնագիտությունը Հարավային Աֆրիկայում՝ բուշմաններ և հոտենտոտներ։ Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, Միացյալ Նահանգներ: Բերգ։ էջեր 4–7։ ISBN 9781847883308 
  23. «Ովքե՞ր են բուշմանները»։ WIMSA։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 13, 2014-ին։ Վերցված է հունվարի 13, 2014 
  24. Գոնդեր, Հենն, Մորթենսեն, Քնայթ Ա․, Ջինոուքս Ս․, Ֆերնանդոպուլե Ն․, Լեմա Գ․, Նյամբո (2007)։ «Աֆրիկայի բնակչության գենենտիկական պատմությունը»։ մոլեկուլային կենսաբանություն և էվոլյուցիա 24 (10): 2180–95։ PMID 17656633։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 20, 2011-ին 
  25. «Աֆրիկայում հայտնաբերված միտոքենդրիալ հապլոիդ հավաքակազմի գենետիկական տարրերի վերլուծությունը»։ Electrophoresis 30 (21): 3657–64։ 2009։ PMID 19810027 
  26. Սթեֆեն Բրոքեր։ «Հումանոիդի էվոլյուցիան»։ Ելի և Նոր Հավենի ուսուցիչների ինստիտուտ։ Վերցված է 19 June 2008 
  27. Լանգեր Ուիլյամ, ed. (1972)։ Համաշխարհային պատմության հանրագիտարան (5-րդ ed.)։ Բոսթոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Houghton Mifflin Company։ էջ 9։ ISBN 0-395-13592-3 
  28. Domville-Fife Ս․Ու․ (1900)։ Բրիտանական հանրագիտարան։ Լոնդոն, Միացյալ Թագավորություն: Ռենկին։ էջ 25 
  29. Սթիդ Ալֆրեդ (1899)։ Հարավային Աֆրիկա՝ պատմություն, հերոսներ և պատերազմներ։ Չիկագո, ԱՄՆ: Համատեղ օպերատիվ հրատարակչական ընկերություն 
  30. Ժամանակակից աշխարհի ազգերը՝ Ցեյլոն (1964 ed.)։ Գրինվուդի հրատարակչություն։ էջեր 18–19 
  31. Ալեքսանդր Ուիլմոթ։ Քեյփի գաղութի պատմություն՝ բացահայտումից մինչև 1819 թվական (2010 ed.)։ Կլերմոն։ էջեր 1–548։ ISBN 978-1-144-83015-9 
  32. «Աֆրիկայի պատմության ժամանակագրություն»։ Արևմտյան Չեսթերի համալսարանի հրատարակչություն 
  33. Հունթ Ջոհն (2005)։ Հոլանդական Հարավային Աֆրիկա՝ վաղ գտածոները Քեյփում, 1652-1708։ Ֆիլադելֆիա, ԱՄՆ: Փենսիլվանիայի համալսարանի հրատարակչություն։ էջեր 13–35։ ISBN 978-1-904744-95-5 
  34. 34,0 34,1 34,2 Նելսոն Հարոլդ։ Զիմբաբվեն՝ Հարավային Աֆրիկայի մարգարիտը։ էջեր 237–317 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 285 CC-BY-SA-icon-80x15.png