Հավաքչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավաքչություն, մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից՝ սննդի ու դեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, մեղր, երբեմն՝ միջատներ, զեռուններ ևն) հավաքելը։ Նախնադարյան հասարակարգում (հատկապես՝ քարի դարում) որսորդության ու ձկնորսության հետ եղել է բնության պատրաստի արդյունքների յուրացման տնտեսաձև և, նախորդելով անասնապահական, երկրագործական տնտեսությանը, հիմք է ծառայել մարդու արտադրական գործունեության առաջացմանը։ Հավաքչությամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։ Օգտագործել են սկզբում քարե, փայտե, ապա՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչներ, դանակներ, շեղբեր ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմնական արտադրամիջոցները։ Հայաստանում վայրի բանջարեղենի (շուշան, սիբեխ, ավելուկ, ժախ, սունկ ևն) և պտուղների հավաքումն այժմ էլ կիրառվում է իբրև տնտեսության օժանդակ ճյուղ։ Նախամարդիկ ապրել են խմբերով, որոնք գիտնականների կողմից ստացել են «Մարդկային հոտ» անվանումը։ Հոտի յուրաքանչյուր անդամ՝ մեծից փոքր, զբաղվում էր հավաքչությամբ։