Բուշմեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուշմեններ (ինքնանվանումը՝ սան, հոլ.՝ bosjesman - անտառային մարդ), Հարավային և Արևելյան Աֆրիկայի հնագույն և հիմնական բնակիչները։ Ապրում են Կալահարի և Նամիբ անապատներում ու հարակից շրջաններում։ Խոսում են բուշմենական և բանտու լեզուներով։

Բուշմենները զբաղվում են որսորդությամբ (տղամարդիկ) և վայրի պտուղների հավաքչությամբ (կանայք)։ Նրանց հիմնական զենքերն են նետն ու աղեղը և գավազանը: Նետերի ծայրերը թունավորված են։ Թույնը, որն ազդում է զոհի նյարդային համակարգի վրա, ստանում են չորացված ու աղացած հատուկ բզեզների թրթուրներից: Հագուստը կաշվե գոգնոց է։ Ապրում են թփուտներում՝ ճյուղերից շինված ժամանակավոր ծածկերի տակ։ Բուշմենները հայտնի են իբրև ժայռապատկերների հմուտ վարպետներ։ ՀԱՀ-ում, Լեսոթոյում, Ռոդեզիայում և Նամիբիայում պահպանված հնագույն ժայռապատկերները վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակին։

Նորագույն տվյալներով բուշմենները ամենահնագույն էթնոտիպի և Y քրոմոսոմային A հապլոիդ հավաքակազմի կրողներն են։ Մարդաբանական կառուցվածքով տարբերվում են նեգրոիդներից, քանի որ ունեն ավելի բաց գույնի մաշկ, բարակ շրթունքներ։ Ունեն ցածր հասակ՝ մինչև 150 սմ։ Մաշկն ունի կարմրավուն երանգ և վաղաժամ կնճռոտվելու հատկություն։ Դիմագծերով նման են մոնղոլոիդի:

Ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի ընտանիքներից: Փաստացի առաջնորդ, որպես այդպիսին՝ չունեն։ Ամուսնությունները հիմնականում մոնոգամ են, սակայն կան նաև պոլիգամ ամուսնություններ։

Ազգային խոհանոցի յուրահատկություններից է «բուշմենական բրինձը»` այսինքն մրջյունների թրթուրները կերակրի մեջ օգտագործելը: Համադամ կերակուր է համարվում մորեխների տապական: Հետաքրքիր է բուշմենների կողմից երաշտի ժամանակ ջրի պաշար կուտակելու պրոցեսը: Չորացած աղբյուրի խորքում փորում են մի փոքր փոս, որի վրա տեղադրում են փոքրիկ խողովակ` ծայրին հատուկ ֆիլտր, այնուհետև բերանով ներս են քաշում ջուրը: Բերանի մեջ հավաքելուց հետո, ջուրը լցնում են ջայլամի ձվի դատարկ կճեպի մեջ։

Հիմնականում կրոնը շամանությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png