Միջին քարի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին քարի դար կամ մեզոլիթ (հին հուն․՝ μέσος - միջին և λίθος - քար), ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թա. 10000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝

  1. Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
  2. Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
  3. Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը

Մեզոլիթը Եվրոպայում ունի 10-7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6-5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12-9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 - 8000/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի մոտ գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ ևս կարող են համարվել մեզոլիթյան մարդկանց ստեղծած արվեստի նմուշներ։