Դեր Զոր կամ Դեյր-էլ-Զոր (արաբ․՝ دير الزور), քաղաք Սիրիայի արևելքում, Եփրատ գետի աջ ափին, ալ-Ռակկա-Բաղդադ գետային ճանապարհին և Պալմիրա-Ֆաջամի ավտոմայրուղու վրա։ Համանուն Դեյր-էլ-Զորի մարզի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Դերզորից մինչև Դամասկոս կազմում է 432 կմ, Հալեպ՝ 320 կմ։ Ըստ 2004 թվականի մարդահամարի քաղաքի բնակչություն կազմում է 211,587 մարդ։ Դերզորը գյուղատնտեսական շրջանի կենտրոն է, որտեղ զարգացած է անասնապահությունը, հացահատիկային բուսաբուծություն և բամբակի աճեցում։ Սիրիացիները կոչվում են քաղաքը «Անապատի մարգարիտ»։ Սիրիական անապատում թեթև նավթի բացումից հետո քաղաքը դարձավ Սիրիայի նավթահանության արդյունաբերության կենտրոն։ Քաղաքում լավ զարգացած է տուրիստական ինֆրաստրուկտուրան՝ ռեստորաններ գետի ափին, մինչև 5-աստղանի հյուրանոցներ (Ֆուրատ ալ-Շամ և Բադիյաթ ալ-Շամ), տրանսպորտային հանգույց անապատով ճամփորդության համար և օդանավակայան (IATA կոդը՝ DEZ) Ալ Ջաֆրա արվանձանում։ Քաղաքի մոտ աղի մշակման գործեր են ընթանում։ 1920-ական թվականներին ֆրանսիացիները կախովի կամուրջ են սարքել Եփրատի վրայով։
Անվանումը կազմված է արաբերենդեյր «վանք» և զոր «անտառ» բառերից, քանի որ քաղաքի դիմաց գետի մեջ գտնվող կղզին հնում անտառապատ է եղել, իսկ քաղաքը՝ մինչմահմեդական շրջանում եղել է նեստորական եկեղեցու թեմ[1]։
Դերզորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր։ 1915 թվականի հունիսին Հալեպում ստեղծվեց կառավարական մարմին՝ «Հայերի տեղահանման գործերի կոմիտե», որի խնդիրն էր իրագործել անապատներում հայերի ոչնչացման ծրագիրը։ Ամռանը և աշնանը Հալեպում Բաբում, Մեսքենեում, Ռաս ուլ Այնում, ալ-Ռակկայում, Հալեպի նահանգի մյուս բնակավայրերում և դրանց շրջակայքում կուտակվեցին հայ գաղթականների հոծ զանգվածներ՝ քշված Կոստանդնուպոլիսից և շրջաններից, Հռոդոսից, Նիկոմեդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Անկարայից, Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից և այլ վայրերից։ 1915 թվականի սեպտեմբերի 9-ին Հալեպի նահանգապետին հրաման տրվեց Դերզորից անապատները քշել բոլոր հայերին՝ տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երեխաներին։ Հետագա 5-6 ամիսներին նման հրամանները կրկնվեցին՝ ամեն անգամ դառնալով հազարավոր հայերի մահվան պատճառ։ Կարգադրված էր անապատ տարվող գաղթականներից բռնագրավել սննդամթերքը՝ ստեղծելով արհեստական սով, որի պատճառով մարդիկ ստիպված կերել են այն, ինչ պատահել է։ Թուրք պաշտոնյաները փորձել են հայերի դեմ տրամադրել արաբներին։ Սակայն Հալեպից մինչև Դերզոր արաբներն օգնել են, պատսպարել հայերին, հատկապես փրկել են երեխաներին անխուսափելի մահից։
Դերզորում և շրջակա անապատներում 1915 թվականի ընթացքում զոհվեց շուրջ 200.000 հայ գաղթական։ Փոքրաթիվ փրկվածները հետագայում ի լուր աշխարհի ծանուցեցին թուրք, վայրագությունների իրական չափերի ու կիրառման, ապրած ու տեսած սարսափների մասին[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 348)։