Դավիթ Բեկ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դավիթ Բեկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՇրջանԿապանի շրջան
ԳյուղապետԲենիամին Պողոսյան
Մակերես23.08 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն746 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդավիթբեկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Դավիթ Բեկ (գյուղ) (Հայաստան)##
Դավիթ Բեկ (գյուղ) (Հայաստան)
Դավիթ Բեկ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Դավիթ Բեկ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Դավիթ Բեկ, նախկինում Զեյվա, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի շրջանում, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևելք, Բարգուշատի լեռների հյուսիսային ստորոտում, Քաշունի գետի հովտում։

Տարածք

Գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում, Կապան քաղաքից 25 կմ հյուսիս արևելք, ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա: Գյուղը պայմանականորեն բաժանված է մի քանի շրջանների՝ վերին, ներկին, Ենգիջյա: Դավիթ Բեկի մոտակայքում՝ անտառի եզրին, 1700 մ բարձրության վրա գտնվում է Կարմրաքար (Ղզլդաշ) հանգստյան տունը և ամառանոցը (գործում էր ՀՍՍՀ տարիներին): Հանգստյան տնից 3-4 կմ հյուսիս-արևմուտք կա ավերված եկեղեցի Բերդիկ ունունով և Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բերդիկ (Բիրդիք) գյուղի ավերակները: Կանգուն են պարիսպների խոշոր և անտառ քարերով շարված հիմնապատերը: Ենթադրվում է, որ դա Բաղքի Անդոկաբերդն է, որն ըստ Օրբելյանի պաշտպանական դեր է կատարել 7-12-րդ դդ[1]։

Պատմություն

Գյուղը Դավիթ Բեկ է վերանվանվել 1949 թվականին: Ըստ որոշ հեղինակների գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Դավիթ Բեկի ցուցումով՝ Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից: Սակայն տեղացիները նշում են, որ մինչև այդ էլ արդեն եղել է Զեյվա անունով բակավայրը: Ասյտեղ եղել է նաև մուսուլմանական կառույց (գյուղացիները կոչում են շըխ), որի տեղում մինչ այդ եղել է կարմիր եկեղեցի: Հետագայում՝ 19-րդ դ գյուղին են միացել շրջակա Տախ, Սիսավան (Ենգիջա), Ակն, Խաթուն, Փակահան, Բաղ գյուղերի բնակիչները: 1915 թվականին գյուղում բնակություն են հաստատել նաև Վասպուրականից ներգաղթած ընտանիքներ: Ինչպես գյուղացիներն են պատմում, Ղարաբաղից եկել են 7 տոհմեր՝ Դերանց, Պուղուսաց, Եղիազարաց, Մելքումաց, Ակուց, Մսկամաց և Տերեցվաց, որոնք իրենց հերթին ունեն ճյուղավորումներ:

1919-1921թթ գյուղը հիմնականում շրջապատված էր թուրքերով, որոնց հետ ընդհարումներ են եղել: 1919 թվականի աշնան վերջին Գարեգին Նժդեհը իջևանել է գյուղում և գյուղի վաշտապետ նշանակել Մոսուց Բուղդանին, որը մինչև Նժդեհի գալը տեղում գլխավորում էր պայքարը: Առաջին ընդհարումը եղել է Աին բնակավայրում: Այնուհետև Նժդեհը գյուղացիների հետ թուրքերին քշել են գյուղի շրջակայքից մինչև Խոջանան:

1879 թվականին Դավիթ Բեկում է ծնվել ազգային-ազատագրական և քաղաքական գործիչ, առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Արամը 1750-ական թվականներին Մարտակերտի շրջանի Հիլից գյուղից այստեղ տեղափոխված ընտանիքի սերունդներից է: Սակայն նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվում է Շուշի, երբ Արամը դեռ փոքր էր: Ինչպես գյուղացիներն են ասում պատճառն այն էր, որ հոր մահից հետո մայրն երկրորդ անգամ է ամուսնացել: Այդպես Հովհաննիսյանը ազգանունը փոխարինվել է Մանուկյանով: Արամ Մանուկյանի անունն է կրում գյուղի միջնակարգ դպրեցը, իսկ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը գյուղում կանգնեցվեց նրա կիսանդրին:

Գյուղը մասնակցել է նաև հայ-ադրբեջանական պատերազմին՝ ռմբակոծվելով դեռևս 1992 թվականի հունվարից, որից վնասվեցին գյուղի որոշ տներ: Իսկ ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվեց 9 գյուղացի:

Բնակչություն

Դավիթ Բեկի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2018
Բնակիչ 714 761 859 815 931 800 809 771 746

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ, սովետական տարիներին նաև ծխախոտի մշակմամբ: 1981 թվականին գյուղում բացվել է կոշիկի «Մասիս» արտադրական միավորման Ղափանի մասնաճյուղ (գործել է ՀՍՍՀ տարիներին): Ոռոգման նպատակով կառուցվել է ջրամբար:

Պատմամշակութային կառույցներ

Հայրենական պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանը Դավիթբեկ գյուղի կենտրոնում
Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Դավիթ Բեկի արևելյան կողմում կա 10-րդ դարի կիսավեր մահարձան, նույն կողմում, 3 կմ հեռավորության վրա, «Տախ» եկեղեցին է համանուն ավերակ գյուղում, որի բնակիչները Դավիթ Բեկ են տեղափոխվել 19-րդ դարում։

Գյուղի մոտակայքով անցնող Քաշունի գետի վրա 1902 թվականին գյուղի բարերար Գևորգ Եղիազարյանը կառուցեց կամուրջ:

Սուրբ Գայանե եկեղեցին
Արցախյան ազատամարտում զոհված դավիթբեկցիներին նվիրված հուշաքարը

Գյուղում կա սրբատեղի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այն կառուցվել է 1866 թվականից, որի տարածքում նախկինում եղել է փայտե եկեղեցի: Սուրբ Ստեփանոսը սովետական տարիներին փակ էր և օգտագործվում էր որպես պահեստ: Հետագայում այն վերականգնվել և բարեկարգվել է գյուղացիների ջանքերով:

Գյուղն ունի ևս մեկ սրբատեղի՝ սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցել է գյուղացի բարերար, մոսկվայաբնակ Միրիկ Մնացականյանը: Բարերարը եկեղեցու հարևանությամբ կառուցել է նաև հանդիսությունների սրահ:

Եկեղեցիների հարևանությամբ կանգնած է հայրենական պատերազմին մասնակցած հերոսներին նվիրված հուշաքարը: Պատերազմին մասնակցած գյուղացիներից 106 զոհվեցին ճակատում, մնացած 140-ին տարավ ժամանակը:

2011 թվականին Գագիգ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց հուշաքար նվիրված Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվեց 9 գյուղացիների հիշատակին:

2018 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը գյուղում՝ ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի նախաձեռնությամբ և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կիսանդրին: Մտադրություն կա Արամի հայրական բնակարանը վերանորոգել ու վերածել տուն-թանգարանի։ Ըստ Կապանի Դաշնակցության «Արամ Մանուկյան» կոմիտեի պատանեկան կազմակերպության պատասխանատու Վահագն Մովսիսյանի, Գլենդելի հայ համայնքը հանգանակություն է խոստացել՝ կառուցելու տուն-թանգարանը ու մնում է միայն լուծել հողհատկացման հարցը[3]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան. Երեւանի Համալսարանի Հրատարակչություն. 1988. էջ 669. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
  3. Արամ Մանուկյանի հայրենի գյուղում կկառուցվի տուն-թանգարան