Կարենիսի վանք
Կարենիսի վանք | |
---|---|
Կարենիսի վանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Կազմված է | Եկեղեցի, Գավիթ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 6-7-րդ դարեր |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
Կարենիսի վանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Կարենիս գյուղում, Գյումուշ ՀԷԿից հյուսիս, Հրազդանի ձորում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություններում տարբեր պատմիչներ վանքը անվանում են տարբեր անուններով՝ Կարենիսի, Առաքելոց, Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, Մաթևոս ավետարանիչի և Անդրեյ առաքյալին նվիրված վանք և այլն։ Ըստ Շահխաթունյացի, այն Կարենիս է կոչվում մոտակա Գյումուշ գյուղի անունը նախկինում Կարենիս լինելու պատճառով[2]։
Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը նշում է, որ վանքը.
![]() |
«... շինուած է յանուն Մատթեոս աւետարանիչին, սուրբ Անդրեի առաքելոյն» - Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ նոր Բայազիտ գաւառ, Էջմիածին, 1895 թվական, էջ 307
|
![]() |
Միաժամանակ երկու անուններով՝ Կարենիսի և Աթաքելոց, անվանում է «Ջամբոում»[3]։ Միայն Առաքելոց է կոչում Առաքել Դավրիժեցին և միաժամանակ նշում, որ այնտեղ պահվել է Մաթևոս ավետարանիչի և Անդրեյ առաքյալի մասունքները[4]։ Կարենիսի վանք հիշատակվում է նաև Ղևոնդ Ալիշանի[5] և Էփրիկյանի[6] աշխատություններում։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրից պահպանվել է եկեղեցին և արևմուտքից կցված գավիթը։
Եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, չափերը մեծ չեն (արտաքին չափերն են 4,90 մ x 7,70 մ), կառուցված է տեղական կարմիր տուֆի սրբատաշ քարերից և բավական լավ է պահպանվել։ Աղոթասրահը (ներսի չափերը 3,30 մ x 6,45 մ) արևելքից ավարտվում է թեթևակի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով և դրսից ներառված է արտաքին պատերի ուղղանկյան մեջ։ Պատերը հաստ չեն (0,7 մ-0,8 մ), որի հետևանքով հիմնական կրող զանգվածը ոչ միայն միջի կրաբետոնն է, այլև երեսպատման որմնաքարերը։ Մաքուր տաշած քարերից են իրականացված ինտերյերում ինչպես պատերը, այնպես էլ աբսիդը և ծածկի թաղը։ Հուշարձանը ներսից պահպանվել է սվաղված պատի հետքեր են։ Եկեղեցու մուտքերից պահպանվել է միայն հարավայինը (1,20 մ լայնությամբ), իսկ արևմտյանը, որը բացվել է դեպի գավիթը, ամբողջովին քանդված է։ Լուսամուտները երկուսն են՝ հարավային և արևմտյան պատերում և բավական լայն են։ Աբսիդը կառուցված է առանց լուսամուտի։
Կարենիսի վանքի եկեղեցին չունի զարդաքանդակներ։ Նրա արտաքին ճակատները զուսպ են և լուծված առանց հարդարանքի։ Նույնիսկ հարավային մուտքը ոչնչով չի շեշտվում։ Միակ ճարտարապետական մանրամասը հարավային լուսամուտի երեսակալն է, որն ունի կիսագլանիկով պարզ տրամատ։
Կարենիսի վանքի ճարտարապետական ընդհանուր հորինվածքի ուշագրավ առանձնահատկություններից է եկեղեցու ներսում ստորգետնյա դամբարանի առկայությունը։ Այն փոքր, թաղածածկ մի տարածություն է, որն արևելքից վերջանում է գմբեթով ծածկված աբսիդով։ Դամբարանի հիմնական մուտքը եղել է արևմտյան կողմից՝ եկեղեցու աղռթասրահից, Այդ մասին է վկայում դեպի դամբարան տանող ոչ մեծ թաղածածկ անցումը, որտեղ և տեղադրված են դեպի ներքև տանող աստիճանները։ Դամբարանը կառուցված է փոքր չափի, աղյուսի նման մշակված բազալտե քարերից և տեղադրված է եկեղեցու ընդերկայնական առանցքով, աղոթասրահի հատակի տակ։ Ունի երկու խորշ՝ մեկը աբսիդում, մյուսը՝ ավելի մեծը, հարավային պատում, որտեղ և հավանաբար պահվել են մասունքները։
Առաքել Դավրիժեցի պատմիչը հիշատակում է, որ 17-րդ դարի սկզբին, Մելիքսեթ կաթողիկոսի գահակալության տարիներին, կաթոլիկ հավատացյալնեը այցելել են Կարենիս և վանքից հափշտակել Անդրեաս առաքյալի մասունքները, որոնք պահված են եղել. «... ի ներքոթ բեմին...»[7]:
7-րդ դարի եզակի միանավ թաղածածկ դահլիճներից է, որն անաղարտ պահպանել է իր նախնական ծավալային-տարածական ամբողջ հորինվածքը։
Կարենիսի վանքի գավիթը ուշ միջնադարի կառույց է։ Այն ուղղանկյուն, համարյա քառակուսի շինություն է (արտաքին չափերն են 8.8 մ x 9.70 մ)։ Գավիթը կառուցված է բազալտի անմշակ և կիսամշակ քարերից, կրաշաղախով և հիմնականում լավ է պահպանվել՝ վնասված են միայն տանիքը և արևմտյան ու հարավային պատերի վերին մասերը։ Գավիթի ներսում՝ հյուսիսային և հարավային պատերից դուրս են գալիս երկու զույգ հաստահեղույս որմնամույթեր, որոնց միջև ձգված կամարների վրա բարձրանում է գմբեթը։ Մույթերի միջև, ինչպես նաև մույթերի և արևելյան ու արևմտյան պատերի միջև ստացվող խորշերը ծածկված են թաղերով։ Անցումը՝ գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթն իրականացված է առագաստների միջոցով։ Գավթի պատերը, կամարները և թաղը բազալտից են, գմբեթի առագաստները շարված են մաքուր տաշված տուֆով։ Գավթի պատերում օգտագործվել են 15-16-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր (որմնամույթերից մեկում ագուցված խաչքարը 1567 թվականի է)[8]։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքն ուշ միջնադարում ոչ միայն հայտնի է եղել, այլ նաև հարուստ՝ ունեցել է 3 ջրաղաց Կարենիս գյուղում, այգի և ձիթհանք Օշականում[3], ինչպես նաև.
![]() |
«... վիճակս յերկրոջս Երևանու զԿարենիս և զՂարաօրան գիւղս» - Սիմեոն կաթղիկոս, Ջամբո, Էջմիածին, 1873 թվական, էջ 141
|
![]() |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վանական համալիրների ցանկ
- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունեաց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հատոր Բ, Էջմիածին, 1842 թվական, էջ 206-207
- ↑ 3,0 3,1 Սիմեոն կաթղիկոս, Ջամբո, Էջմիածին, 1873 թվական, էջ 141
- ↑ Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Էջմիածին, 1896 թվական, էջ 179
- ↑ Ղևոնդ Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890 թվական, էջ 288
- ↑ Հ. Ս. Էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, 1889 թվական, հատոր Բ, էջ 297-298
- ↑ Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Էջմիածին, 1896 թվական, էջ 179
- ↑ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ նոր Բայազիտ գաւառ, Էջմիածին, 1895 թվական, էջ 307
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ.Մ. Հասրաթյան «Լուսակերտի ճարտարապետական երկու հուշարձաններ»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարենիսի վանք կատեգորիայում։ |