Սիգրիդ Ունսեթ
Սիգրիդ Ունսեթ նորվ.՝ Sigrid Undset | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Kalundborg, Զելանդիա տարածաշրջան, Դանիա |
Վախճանվել է | հունիսի 10, 1949[4][1][2][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[4] |
Մասնագիտություն | վիպասան, թարգմանիչ, գրող, սցենարիստ, արձակագիր և բանաստեղծուհի |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q11970414?[5] |
Ժանրեր | պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Kristin Lavransdatter? և Jenny? |
Անդամակցություն | Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Ամերիկյան աշխարհագրական խորհուրդ |
Պարգևներ | Գրականության Նոբելյան մրցանակ[6][7] Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Իսլանդական բազեի պարգև |
Ամուսին | Անդերս Կաստուս Սվարդստադ[8] |
Sigrid Undset Վիքիպահեստում |
Սիգրիդ Ունսեթ (նորվ.՝ Sigrid Undset, մայիսի 20, 1882[1][2][3][…], Kalundborg, Զելանդիա տարածաշրջան, Դանիա - հունիսի 10, 1949[4][1][2][…], Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նրա պատվին Վեներայի խառնարաններից մեկն անվանակոչվել է Ունսեթ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն և գրական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգրիդ Ունսեթը ծնվել է Դանիայի Զելանդիա կղզում` Կալունդբորգե քաղաքում: Նրա հայրը` նշանավոր հնէաբան, երկաթե դարի գիտակ և հաջողակ գրող Ինգվալ Ունսեթը, եղել է նորվեգացի, իսկ մայրը` Շարլոտա Գյուտ-Ունսեթը` դանիացի: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Նորվեգիա: Այնտեղ` Քրիստիանայում (ներկայումս` Օսլո), անցել է գրողի մանկությունն ու պատանեկությունը: Սիգրիդն ինքը իրեն համարում էր նորվեգացի: Վաղ մանկությունից նրա դաստիարակման գործում մեծ դեր է ունեցել հայրը` սեր սերմանելով նորվեգական հեքիաթների, պատմվածքների հանդեպ: Սիգրիդը եղել է հոր մոտ` Պատմության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին: Մանկության երջանիկ տարիները հետագայում գրողը պատկերել է «Տասնմեկ տարի» (1934) ինքնակենսագրական վեպում: 1893 թվականին ծանր հիվանդությունից մահացել է Ինգվալ Ունսեթը: Այդ իրադարձությունը կտրուկ փոխել է ընտանիքի կյանքը. այրին ստիպված է եղել աղքատիկ թոշակով հոգալ երեք երեխաների հոգսը:
Սիգրիդը երազել է արվեստով ու գրականությամբ զբաղվելու մասին, ցանկացել է դառնալ նկարիչ և հաճախ, մատիտը ձեռքին, թափառել է Քրիստիանայի հին փողոցներով: Պահպանվել են այդ տարիների նկարներից: Սակայն աղջիկն ընդունվում է առևտրի ուսումնարան, որտեղ պատրաստում էին քարտուղարներ: 10 տարուց ավել (1898-1908) նա աշխատել է «Էլեկտրականության համընդհանուր ընկերության» գրասենյակում` զբաղվելով իր ներաշխարհին խորթ աշխատանքով: Սիգրիդը չի սիրել իր աշխատանքը. ազատ ժամանակ նա գրել է բանաստեղծություններ, մտածել նորվեգական միջնադարը ներկայացնող վեպ գրելու մասին: Մայրը սատարել է դստերը` խորհուրդ տալով գրի առնել այն ամենը, ինչի մասին մտածում է:
Ունսեթի առաջին գրքերն աչքի են ընկել կանանց կյանքի մանրամասն նկարագրություններով: Մասնավորապես դա նկատելի է «Ֆրու Մարթա Օուլի» վեպում (1907), որը հեղինակին առաջին ճանաչումն է բերել, և «Երջանիք տարիք» նովելների ժողովածուում:
Առաջին գրքերի հաջողությունից հետո Ունսեթը ստացել է պետական թոշակ, ինչը նրան հնարավորություն է տվել 1909 թվականին թողնել չսիրած աշխատանքը: Նույն թվականին ստեղծվում է պատմական առաջին վեպը` «Սագա Վիգդիսի և Վիգա-Լյոտեի մասին» (1908), որում հեղինակը պատմականորեն հավաստի ձևով ներկայացնում է 1000-ական թվականների նորվեգական կյանքն ու կենցաղը: Գիրքը հեղինակի երևակայության արդյունքն է. նա զարգացնում է սագայի թեման հատկապես սիրո և ատելության հարցերում:
1910 թվականին Ունսեթն ուղևորվում է Հռոմ: Վերադառնալով հրատարակում է «Երիտասարդություն» (1910) բանաստեղծական ժողովածուն և «Յեննի» (1911) վեպը, ինչը մեծ հաջողություն է ունենում: Սեռական հարաբերությունների համարձակ պատկերումը բանավեճերի տեղիք է տալիս: Վեպում պատկերված է մի նկարչուհու կյանքը, ով ձգտում է իրական մեծ սիրո:
1912 թվականին Ունսեթն ամուսնանում է նկարիչ Անդերս Սվարստադի հետ: Նրա ընտանիքը արագ աճում է: 1913 թվականին ծնվում է Ունսեթի որդին` Անդերս Կաստուսը, ապա երկրորդ որդին` Հանս Բենեդիկտը և դուստրը` Մարեն Շարլոտան: Սակայն դա չի խանգարում գրողի բեղմնավոր աշխատանքին: 1913 թվականին հրատարակվում է «Թշվառները» պատմվածքների ժողովածուն, իսկ 1914 թվականին` «Գարուն» վեպը, որ պատկերում է կնոջ հոգեկան դժվար ապրումների, ռոմանտիկ երազանքների և դաժան իրականության բախման մասին: Այդ նույն թեմայով են գրված «Տրոլլի հայելու բեկորները» (1917), «Իմաստուն օրիորդներ» (1918) նովելների ժողովածուները և «Գարնանային ամպեր» (1921) բանաստեղծական ժողովածոււն:
Ունսեթի` վաղ շրջանի գործերի հերոսները փոքր, աննկատ, համեստ կերպարներ են` գրասենյակային աշխատողներ, քաղաքային աշխատողներ, միջին մտավորականության ներկայացուցիչներ:
Ստեղծագործական հաջողության գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին Սիգրիդ Ունսեթը ընտանիքով տեղափոխվում է Լիլիհամեր, որը գտնվում է Օսլոյից 130 կմ հյուսիս: Բյորկեբեկի առանձնատանը սկսվում է հեղինակի գործունեության նոր, ամենաբեղմնավոր շրջանը: Նա ի կատար է ածում իր վաղեմի երազանքը` նորվեգական միջնադարյան կյանքի մասին վեպ գրելը` իրատեսորեն պատկերելով կնոջ` ազատության, անձնական երջանկության ձգտումները: Այդպիսի հերոսուհու հեղինակը գտնում է ոչ թե ժամանակակից, այլ միջնադարյան Նորվեգիայում: Այդպես ծնվում է պատմական եռագրությունը` «Քրիստին` Լավրանսի դուստր», որ բաղկացած է երեք վեպերից` «Պսակ» (1920), «Տիրուհին» (1921) և «Խաչ» (1922):
Վեպը ժամանակակիցներին զարմացրել է իր կատարելությամբ: 1310-1349 թվականների նորվեգական կյանքը պատկերելով հանդերձ` գրողին հաջողվել է ստեղծել հոգեբանական, փիլիսոփայական դրամա, որի կենտրոնում գլխավոր հերոսուհի Քրիստինի կյանքն է: Նա անհատականություն է, որ հակադրվում է հասարակական ընդունված տեսակետներին: Հասնելով իր երազանքների իրականացմանը` Քրիստինը բախվում է ազատության հակառակ կողմին` սեփական որոշումների պատասխանատվությանը: Եռագրության վերջում հերոսուհին իր երջանկությունը, հանգստությունը գտնում է ինքնանվիրման մեջ:
Այս եռագրությանը թե' ժամանակագրական, թե' թեմատիկ առումով շարունակում են «Ուլավ` Հեստվիկենցի Աուդինի որդի» (1925) և «Ուլավ` Աուդունի որդի, և երեխաներ» (1927) վեպերը: Վեպերի գլխավոր հերոս Ուլավը, ինչպես և Քրիստինը, ինքնաբավ անհատականություն է, որ ստիպված է գոյատևել միջնադարյան իրականության մեջ` հաճախ հրաժարվելով ընդունված սովորույթներին հետևելուց (օրինակ` ներում է իրեն դավաճանած հարսնացուից):
Ունսեթի պատմական վեպերը, որոնք բարձրացնում են հոգեբանական ու փիլիսոփայական խնդիրներ, հրաշալի ներկայացնում են պատմական միջավայրը, բայց և մոտ են 20-րդ դարի ընթերցողին:
1928 թվականին Ունսեթը արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «նորվեգական միջնադարի կատարյալ նկարագրության համար»: Ֆինանսական միջոցները, որ նա ստացել է որպես մրցանակակիր, գրողն ամբողջությամբ ծախսել է բարեգործական նպատակներով. շնորհալի երեխաներին տրված կրթաթոշակ` 80.000 կրոն, Նորվեգիայի կաթոլիկ աղքատ ընտանիքների երեխաների կրթություն` 60.000 կրոն, նորվեգացի երիտասարդ գրողներին աջակցություն` 60.000 կրոն[9]:
Կյանքի ու ստեղծագործության ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականից հետո Ունսեթը վերադառնում է ժամանակակից թեմային` գրելով ամուսնական թեմայով գործեր` «Իդա Էլիզաբեթ» (1932), «Հավատարիմ կին» (1936), սակայն դրանք հաջողություն չեն բերում, ինչպես որ հաջողության չի արժանանում 18-րդ դարի Նորվեգիայի կյանքը պատկերող «Տիկին Դորտեա» վեպը (1939):
1930-ական թվականներին Ունսեթը զբաղվում է հասարակական, հրապարակախոսական գործունեությամբ, կրոնական հարցերով: Նա ընդունում է կաթոլիկություն` դառնալով նրա հետևորդը: Նա հետաքրքրվում էր մանկական տիկնիկային թատրոնով, հին նորվեգական սագաներով` զբաղվելով դրանց թարգմանությամբ: 1935 թվականին Ունսեթը գլխավորել է Նորվեգական գրողների միությունը: Ակտիվորեն հանդես է եկել ազգայնամոլական ռեժիմի, ֆաշիստների դեմ: 1935 թվականին գլխավորել է այն շարժումը, որն ուղղված էր հիտլերյան համակենտրոնացման ճամբարի կալանավոր, հրապարակախոս Կառլ ֆոն Օսեցկուն Նոբելյան մրցանակ շնորհելուն:
1934 թվականին Ունսեթը հրատարակության է ներկայացնում նոր վեպ` «Տասնմեկ տարի» վերնագրով, որ հեղինակի գեղարվեստական հուշագրությունն է: Քննադատությունը բարձր է գնահատել Ունսեթի դերը նորվեգական գրական լեզվի զարգացման գործում:
Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940) Ունսեթը վաճառել է Նոբելյան մրցանակի իր շքանշանը 25.000 կրոնով` գումարը փոխանցելով ֆինն երեխաների օգնությանը: Նա իր տանը պահել է ազգությամբ ֆինն երեք փախստական երեխաների[10]:
1940 թվականի ապրիլին նացիստները օկուպացնում են Նորվեգիան: Փրկվելով նրանցից` Ունսեթը դահուկներով մեկնում է չեզոք Շվեդիա, որտեղ իմանում է, որ ավագ որդին զոհվել է գերմանացիների դեմ կռվում: Երկրորդ որդու` Հանս Բենեդիկտի հետ գրողը ԽՍՀՄ-ի տարածքից տարագրվում է ԱՄՆ (դուստրը մահացել էր ծանր հիվանդությունից, իսկ ամուսնուց ամուսնալուծվել էր): Այստեղ նա գրում է «Վերադարձ դեպի ապագա» (1942) և «Երջանիկ օրեր» (1942) հուշագրություն-վեպերը, որոնցում կոչ է անում պայքարել ֆաշիզմի դեմ:
1945 թվականին Սիգրիդ Ունսեթը վերադառնում է հայրենիք: Վերջին տարիներն անցկացրել է Լիլեհամերում, որտեղ էլ թաղվել է:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆրու Մարթա Օուլի» (Fru Marta Oulie, 1907)
- «Սագա Վիգդիսի և Վիգա-Լյոտեի մասին» (Fortællingen om Viga-Ljot og Vigdis, 1909)
- «Լուսաբացին» (I grålysningen, 1911, հրատարակվել է 1968)
- «Յեննի» (Jenny, 1911)
- «Գարուն» (Vaaren, 1914)
- «Քրիստին` Լավրանսի դուստր» (Kristin Lavransdatter, 1920-22): Պսակ (Kransen, 1920), Տիրուհին (Husfrue, 1921), Խաչ (Korset, 1922)
- «Ուլավ` Հեստվիկենցի Աուդունի որդի» (Olav Audunssøn i Hestviken, 1925)
- «Ուլավ` Աուդունի որդի, և նրա երեխաները» (Olav Audunssøn og hans barn, 1927)
- «Գիմնադեմիա» (Gymnadenia, 1929)
- «Անկեզ մորենի» (Den brændende busk, 1930)
- «Իդա Էլիզաբեթ» (Ida Elisabeth, 1932)
- «Տասնմեկ տարի» (Elleve aar, 1934)
- «Հավատարիմ կինը» (Den trofaste hustru, 1936)
- «Տիկին Դորտեա» (Madame Dorthea, 1939)
- «Վերադարձ դեպի ապագա» (Tilbake til fremtiden, 1942, հրատարակվել է 1945)
- «Երջանիկ օրեր» (Lykkelige dager, 1942, հրատարակվել է 1947)
- «Սիգուրդը և իր խիզախ ընկերները» (Sigurd og hans tapre venner, 1943, հրատարակվել է 1955).
- «Տասներկու տարի» (Tolv år, ավարտված չէ, 1998).
Նովելների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երջանիկ տարիք» (Den lykkelige alder, 1908)
- «Թշվառները» (Fattige skjebner, 1912)
- «Իմաստուն օրիորդներ» (De kloge jomfruer, 1918)
- «Տրոլլի հայելու բեկորները» (Splinten av troldspeilet, 1917)
- «Խաղաղություն աշխարհին» (Fred på jorden, 1992)
Էսսեներ, պատմամշակութային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատմվածքներ Արթուր թագավորի և կլոր սեղանի ասպետների մասին» (Fortællinger om kong Artur og ridderne av det runde bord, 1915)
- «Երեք քույրեր» (Tre søstre, 1917)
- «Տասներկու կետ» (Et kvindesynspunkt, 1919)
- «Սուրբ Հալվարդի կյանքը, մահը և հրաշագործությունները» (Sankt Halvards liv, død og jærtegn, 1925)
- «Կաթոլիկ քարոզչություն» (Katholsk propaganda, 1927)
- «Փուլեր» (Etapper, 1929)
- «Սուրբ Օլաֆ` Նորվեգիայի թագավոր» (Hellig Olav, Norges konge, 1930)
- «Եվրոպական երկու սրբերը» (To europeiske helgener, 1933)
- «Նորվեգական սրբեր» (Norske helgener, 1937)
- «Ինքնադիմանկարներ և բնապատկերներ» (Selvportretter og landskapsbileder, 1938)
- «Կրոնավորներ: Երկրպագություն: Ծխական եկեղեցի» (Klosterliv. På pilegrimsferd. Sognekirken, 1939)
- «Եկատերինա Սիենացի» (Caterina av Siena, 1951)
- Պատերազմի տարիների հոդվածներ և ճառեր (Artikler og taler fra krigstiden, 1952)
- «Ստեն Ստենսեն Բլիխեր» (Sten Steensen Blicher (kulturhistorie), 1957)
- Նամակներ (Kjære Dea, 1979)
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երիտասարդություն» (Ungdom, 1910)
- «Գարնանային ամպեր» (Vårsyer, 1921)
Ստեղծագործություններ մանուկների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արևից արևելք և Լուսնից արևմուտք» (բեմականացում մանկական թատրոնի համար) (Østenfor sol og vestenfor måne, 1927, հրատարակվել է 1959)
- «Կապույտ լեռան արքայադուստրը» (Prinsessene i Berget det blå, 1928, հրատարակվել է 1973)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արտասահմանյան գրականության լրաբեր», Մ. — Լ., 1928, № 9, стр. 157 и № 12, էջ 139
- Յ. Մետալով, Մարդկային հոգու ընդվզում, «Գեղարվեստական գրականություն», Մ., 1935, № 12
- Օ, Նեմերովսկայա, Սիգրիդ Ունսեթ, «Քրիստին` Լավրանսի դուստր», «Աստղ», Լ., 1935, № 12
- Ս, Սլապգարն. Սիգրիդ Ունսեթ` խոսքերի թագուհի — Մ., 2009
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 - «Քրիստին` Լավրանսի դուստր», ռեժիսոր` Լիվ Ուլման (Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Унсет Сигрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://nbl.snl.no/Sigrid_Undset
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1928/undset-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ Паламарчук А. Сигрид, дочь Ингвальда
- ↑ Панкратова Э. «Сердца человеческие неизменны во все времена...». О Сигрид Унсет. — М.: Панорама, 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 20 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1949 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նորվեգացի գրողներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Նորվեգացի արձակագիրներ
- Նորվեգացի թարգմանիչներ
- Նորվեգացի բանաստեղծներ