Ալիս Մանրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Մանրո
անգլ.՝ Alice Munro
Ծննդյան անունԱլիս Էն Լայդլո
Ծնվել էհուլիսի 10, 1931 (85 տարեկան)
ԾննդավայրՈւինգեմ, Օնտարիո, Կանադա
Մասնագիտությունգրող, կարճ պատմվածքների հեղինակ
Լեզուանգլերեն
ԱզգությունԿանադա
Քաղաքացիություն Կանադա[1][2][3]
ԿրթությունՎեսթերն Օնտարիո համալսարան
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներToo Much Happiness?, Dear Life? և Something I've Been Meaning to Tell You?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Գրականության Նոբելյան մրցանակ[4]

Trillium Book Award?

[5]
Օնտարիոյի շքանշան

Բուքերյան միջազգային մրցանակ

[6]

Ազգային գրաքննադատների շրջանակի մրցանակ

Marian Engel Award?

[7]

WH Smith գրական մրցանակ

ՓԷՆ/Մալամուդ մրցանակ

Rea Award for the Short Story?

[8]

Օ․ Հենրիի մրցանակ

Commonwealth Writers' Prize?

Մոլսոնի պարգև

[9]

Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար

Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար

Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար

Օ․ Հենրիի մրցանակ

Թագավորական գրական միության անդամ

Գիլլեր մրցանակ

Գիլլեր մրցանակ

Atwood Gibson Writers' Trust Fiction Prize?

և

Lorne Pierce Medal?

Ամուսինանհայտ և Gerald Fremlin?
Ալիս Մանրո Վիքիքաղվածքում
 Alice Munro Վիքիպահեստում

Ալիս Էն Մանրո (անգլ.՝ Alice Munro, հուլիսի 10, 1931(1931-07-10)[10][11][3][…], Ուիգհեմ, North Huron, Հուրոն շրջան, Օնտարիո, Կանադա[12][13])` կանադացի ժամանակակից գրող։ Հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:

Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում։ Մանրոն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով։ Նրա բազմաթիվ պատմվածքները հեղինակին ապահովել են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավը, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»[14]։ Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար»[15], 2009 թ.` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար։ Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին[16], 1996 թ. պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004 թ.` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Էն Լայդլոն ծնվել է Օնտարիոյի Ուինգեմ շրջանում։ Նրա հայրը` Ռոբերտ Էրիկ Լայդլոն, զբաղվում էր աղվեսների և ջրաքիսների, իսկ հետագայում նաև հնդկահավերի բուծմամբ[17]։ Նրա մայրը` Էն Քլարք Լայդլոն (օրիորդական ազգանունը` Չեմնի), աշխատում էր դպրոցում` որպես ուսուցչուհի։

Մանրոն սկսել է գրել դեռահասության տարիներին, իսկ արդեն 1949 թ. ընդունվել է Վեսթերն Օնտարիո hամալսարանի անգլերենի և լրագրության բաժինը։ Առաջին անգամ` 1950 թ., տպագրվել է նրա «Ստվերի չափումները» պատմվածքը[18]։ 1951 թ. Մանրոն ընդհատել է ուսումը համակուրսեցու` Ջեյմս Մանրոյի հետ ամուսնանալու համար[19]։

Այդ տարիներին Ալիս Մանրոն աշխատում էր որպես մատուցող, գրադարանավար, պլանտացիայում ծխախոտ հավաքող։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մանրոն 1951 թ. ամուսնացել է Ջեյմս Մանրոյի հետ։ Նրանց դուստրերը` Շիլան, Քեթրինը և Ջեննին, ծնվել են համապատասխանաբար 1953 թ., 1955 թ. և 1957 թ.: Քեթրինը մահացել է ծննդից 15 ժամ անց։

Մանրոները 1960 թ. տեղափոխվել են Վիկտորիա, որտեղ բացել են ցայսօր գործող և ճանաչված «Մանրոս Բուքս» (Munro’s Books)[20] գրախանութը։ Նրանց դուստր Անդրեան ծնվել է 1966 թ.: Ալիս և Ջեյմս Մանրոները բաժանվել են 1972 թ.:

Մանրոն վերադարձել է Օնտարիո` Վեսթերն Օնտարիո համալսարանի շնորհած կրթաթոշակով համալսարանում բնակվելու և ստեղծագործելու։ Այստեղ էլ 1976 թ. ստացել է իրավագիտության դոկտորի պատվավոր կոչումը։

Նույն թվականին Ալիս Մանրոն ամուսնացել է աշխարհագրագետ և քարտեզագետ Ջերալդ Ֆրեմլինի հետ։ Զույգը տեղափոխվել է Օնտարիոյի Քլինթոնի արվարձաններում գտնվող ագարակ, ապա որոշ ժամանակ անց` Քլինթոնում գտնվող իրենց տուն, որտեղ Ֆրեմլինը 2013 թ. ապրիլի 17-ին 88 տարեկան հասակում մահացել է[21]։ Մանրոն և Ֆրեմլինը Քոմոքսում` Բրիթիշ Քոլումբիայում, ունեին ևս մի տուն։

2002 թ. նրա դուստր Շիլա Մանրոն հրատարակել է իր մանկության հուշագրությունը` «Մայրերի ու դուստրերի կյանքը. Ալիս Մանրոյի հետ մեծանալիս»[22]։

2009 թ. հոկտեմբերին Թորոնթոյում Մանրոն հայտնել է, որ բուժում է ստացել քաղցկեղի դեմ և սրտանոթային համապատասխան վիրահատության է ենթարկվել[18]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրոյի բարձր գնահատականի արժանացած առաջին պատմվածքների ժողովածուն` «Ուրախ ստվերների պարը» (1968 թ.)[16], արժանացել է այդ ժամանակ Կանադայում ամենաբարձր համարվող` Գլխավոր կառավարչի մրցանակին։ Դրան հաջորդել են պատմվածքների ևս երկու ժողովածուներ. 1971 թ.` «Աղջիկների և կանանց կյանքը»[16], 1978 թ.` «Ո՞վ ես դու»[16]։ Վերջինս տպագրվել է նաև «Մուրացիկ սպասուհին. պատմություններ Ֆլոյի և Ռոուզի մասին Միացյալ Նահանգներում» վերնագրով և Մանրոյին բերել երկրորդ Գլխավոր կառավարչի մրցանակը։ 1979-1982 թթ. Մանրոն շրջագայել է Ավստրալիայում, Չինաստանում և Սկանդինավիայում, մասնակցել է բաց հանդիպումների ու ընթերցումների։ 1980 թ. Մանրոն Բրիթիշ Քոլումբիա և Քուինսլենդ համալսարանների կողմից կրթաթոշակներ է ստացել, որոնց շնորհիվ կարողացել է բնակվել և ստեղծագործել այս երկու համալսարանների տարածքում։ 2006 թ. Մանրոյի «Սարից գալիս է արջը» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Նրանից հեռու» ֆիլմը, որի ռեժիսորն է Սարա Փոլլին, իսկ գլխավոր դերերում են Ջուլի Քրիսթին և Գորդոն Փինսենթը[18]։

Սկսած 1980 թ.` Մանրոն յուրաքանչյուր չորս տարին մեկ տպագրում է կարճ պատմվածքների ժողովածու. վերջինները լույս են տեսել 2001, 2004, 2006, 2009 և 2012 թթ.: Ալիս Մանրոյի պատմվածքները հայտնվել են նաև այնպիսի թերթերում և հանդեսներում, ինչպիսիք են` “The New Yorker”, “The Atlantic Monthly”, “Grand Street”, “Harper's Magazine”, “Mademoiselle” և “The Paris Review”: Նրա աշխատանքները թարգմանվել են տասներեք լեզվով, այդ թվում` հայերեն։

2013 թ. հոկտեմբերի 10–ին Ալիս Մանրոն ստացավ Նոբելյան գրական մրցանակ` արժանանալով «ժամանակակից կարճ պատմվածքների վարպետ» բնութագրմանը[15][23]։ Նա առաջին կանադացին է և 13–րդ կինը, որ արժանանում է այս պատվին։ Ցավոք սրտի, առողջական խնդիրների պատճառով Մանրոն չկարողացավ ներկա լինել Ստոկհոլմում անցկացվող մրցանակների շնորհման արարողությանը և անձամբ ստանալ իր մրցանակը։

Մանրոն երկար տարիներ համագործակցում է իր խմբագիր և հրատարակիչ Դագլըս Գիբսոնի հետ։ Երբ Գիբսոնը հեռացավ «Macmillan of Canada»-ից իր սեփական «Gibson Books» հրատարակչությունը հիմնադրելու նպատակով, Մանրոն Մըքմիլանին վերադարձրեց «Կյանքի առաջընթաց»-ի համար ստացած կանխավճարը և հետևեց Գիբսոնին։ Այսպիսով` Մանրոն և Գիբսոնը պահպանեցին իրենց մասնագիտական համագործակցությունը։ Մանրոն գրել է 2011 թ. հրատարակված` Գիբսոնի հուշագրության նախաբանը։ Երբ Մանրոն առողջական պատճառներով չի կարողանում ներկա լինել հասարակական հանդիպումներին, նրա փոխարեն ներկայանում է Գիբսոնը[24]։

Մանրոյի գործերից գրեթե 20-ը համացանցում անվճար հասանելի են, սակայն դրանք պատմվածքների առաջին տարբերակներն են[25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38]։ Մանրոն 2003 թ–ից իր ժողովածուներում ընդգրկել և վերահրատարակել է 16 պատմվածք։ Այսպիսով` Մանրոյի որոշ գործեր հրատարակվել են 2 և ավելի տարբերակով, իսկ նրա «Հեռու քշված» և «Ատելություն, ընկերություն, սիրահետում, սեր, ամուսնություն» պատմածքներից յուրաքանչյուրը վերահրատարակվել է 4 անգամ։

Մանրոյի պատմվածքներից շատերը տեղի են ունենում Օնտարիոյի Հուրոն շրջանում։ Հեղինակի յուրահատկություններից են պատմվածքների տարածքային կենտրոնացումը և ամենագետ պատմողի առկայությունը, ով փորձում է գլուխ հանել աշխարհից։ Շատերը Մանրոյի` որպես գործողության վայր փոքրիկ քաղաքների ընտրությունը համեմատում են ԱՄՆ-ի գյուղական հարավի հետ։ Ինչպես Ուիլյամ Ֆոլքների և Ֆլանըրի Օքոնորի աշխատանքներում, Մանրոյի հերոսները բախվում են արմատավորված սովորույթներին ու ավանդույթներին, բայց ի տարբերություն հարավի գրողների կերպարների` Ալիս Մանրոյի հերոսները նվազ լարվածությամբ են արձագանքում դրանց։ Մանրոյի տղամարդ կերպարները մեծ մասամբ ներկայացնում են հասարակ մարդուն, իսկ կին կերպարները ավելի բարդ են։ Նրա գործերից շատերը պատկանում են Հարավային Օնտարիոյի Գոթիկա ժանրին։

Մանրոյի գործերը հաճախ համեմատում են պատմվածքի ժանրի մեծ վարպետների հետ։ Ինչպես Չեխովի պատմվածքներում, Մանրոյի գործերում նույնպես սյուժեն երկրորդական պլան է մղվում և «գրեթե ոչինչ տեղի չի ունենում»։ Գարան Հալքոմբը նկատել է, որ «Ամեն ինչ հիմնված է էպիֆանիկ պահի վրա` հանկարծակի լուսավորման համառոտ, աննկատ և բացահայտող դետալների վրա»։ Մանրոյի պատմվածքները պատմում են սիրո, աշխատանքի և ձախողումների մասին։ Նա Չեխովի պես զգում է ժամանակի անցողիկության ահագնությունը և մեր անկարողությունը` հետաձգելու կամ կանխելու դրա անողոք շարժումը։

Հատկապես ստեղծագործական վաղ տարիներին Մանրոն հաճախ անդրադառնում էր սեփական ընտանիքի ու հարազատ փոքրիկ քաղաքի հետ հաշտվել փորձող դեռահաս աղջկա առջև կանգնած բարդ ընտրություններին։ Իր վերջին ստեղծագորցություններում, ինչպիսիք են «Ատելություն, ընկերություն, սիրահետում, սեր, ամուսնություն» և «Հեռու քշված» պատմվածքները, Մանրոն փոխում է իր թիրախը և գրում միջին տարիքի դժվարությունների, միայնակ կանանց ու ծերերի մասին։ Իր ոճի հատկանիշներից է հերոսի կատարած բացահայտումը, որ լույս է սփռում իրադարձության վրա ու իմաստավորում դրանք։

Մանրոյի արձակը բացահայտում է կյանքի երկիմաստությունները` «երգիծական ու միևնույն ժամանակ լուրջ», «բարեպաշտության, պատվի ու մոլեռանդ այլատյացության կարգախոսներ», «յուրահատուկ, անօգուտ գիտելիք», «անվերջ ձգվող ճիչ և երջանիկ ցասում», «անճաշակություն, անսրտություն ու դրանից եկող երջանկություն»։ Մանրոյի ոճը այնպես է համադրում ֆանտաստիկը հասարակի հետ և փոխլրացնում միմյանց, այնպես, որ հարթ ու սահուն կերպով արթնացնում է կյանքի վերհուշը։

Շատ գրաքննադատներ պնդում են, որ Մանրոյի պատվածքներն ունեն վեպերին հատուկ էմոցիոնալ ու գրական խորություն։ Ոմանք անգամ հարցնում են. «Արդյոք նա կարճ պատմվածքնե՞ր է գրում, թե՞ վեպեր»։

Սրան ի պատասխան` Ալեքս Քիգանը գրել է. «Ի՞նչ տարբերություն։ Մանրոյի պատմվածքներից շատերը համարժեք են վեպերի»[39]։

Մանրոյի ստեղծագործությունների առաջին գիտական ուսումնասիրությունները սկսվել են 1970–ականների սկզբներին, իսկ առաջին թեկնածուական ատենախոսությունը հրատարակվել է 1972–ին[40]։  «Ալիս Մանրոյի արվեստը. ասել անասելին» հատորը հրատարակվել է 1984 թ. և ներառում է Վաթեռլոոյի համալսարանում անցկացված կոնֆերանսի շրջանակում ներկայացված` Մանրոյի ստեղծագործությունների վերաբերյալ բոլոր գիտական զեկույցները։ 2003–2004 թթ. «Բաց նամակ. կանադական գրականության և աղբյուրների եռամսյակային ամփոփում» Մանրոյի գործերի վերաբերյալ հրատարակվել է 14 հոդված, իսկ 2010 թ. աշնանը Անգլերեն կարճ պատմվածքների ամսագրի (JSSE)/Les cahiers de la nouvelle) մի հատուկ թողարկում նվիրվել է Մանրոյին[41][42]։ 2012 թ. մայիսին “Narrative” ամսագրի համարներից մեկը ամբողջությամբ անդրադարձել է Մանրոյի «Կիրք» պատմվածքին` ներառելով պատմվածքի ներածությունը, համառոտ ամփոփումը և վերլուծական հինգ էսսեներ։

Հեղինակն ու նրա գրական ոճի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մանրոն հաճախ վերահրատարակում է իր պատմվածքների նոր, այլընտրանքային տարբերակները, և երբեմն երկրորդ տարբերակը լույս է ընծայվում հենց նույն տարվա ընթացքում։ Նրա պատմվածքները` «Փրկել հնձվորին» (1998 թ.) և «Կիրք»-ը (2004 թ.), երկուական առանձին տարբերակներով հրատարակվել են նույն տարվա ընթացքում։ Մյուս կողմից` «Տուն» պատմվածքը, որ առաջին անգամ հրատարակվել է 1974 թ., վերահրատարակվել է 2006 թ., իսկ «Անտառ» պատմվածքը` համապատասխանաբար 1980 թ. և 2009 թ.:

Էն Քլոզը և Լայզա Դիքլեր Ավանոն 2006 թ. հայտնել են, որ Մանրոն հրաժարվել է վերընթերցելուց «Հեռու քշված»-ի տեքստի սկզբնական տարբերակը` պատճառաբանելով, որ այն նորից է գրելու։ Ալիս Մանրոյի մեծարման երեկոյի ժամանակ հայտարարվեց, որ նա գրել է «Ուժեր» պատմվածքի ութ տարբերակ[43]։

Ավանոն գրում է, որ «Անտառ»–ը լավ օրինակ է այն բանի, որ Մանրոն «անդադար ինքնախմբագիր» է, ով կարող է վերադառնալ գործին ու նորից այն գրել ընդհուպ 30 տարի անց[44]։ Այս պատմության երկրորդ տարբերակում Մանրոն վերանայել է հերոսների խառնվածքները, թեմաներն ու պատկերները, ինչպես նաև վանկերի ռիթմիկան, շաղկապներն ու կետադրական նշանները։ Հերոսները նույնպես փոխվում են. 1980 թ. նրանք միջին տարիքի են, իսկ 2009 թ. ավելի մեծահասակ են։ Ավանոն կարևորում է նաև հեղինակի վերանայումների պոետիկ ճշտգրտությունը։ Եթե առաջին տարբերակը բաղկացած է 3 բաժնից, ապա 2009 թ. դրանք ութն են, և պատմվածքը նոր ավարտ ունի։ Ավանոյի կարծիքով Մանրոն նորից է ավարտում իր պատմվածքները դրանց հատուկ երկիմաստ վերջաբանով ու կրկին պատկերացնում իր պատմությունների բազում տարբերակները։

Մեծ թվով գործեր վերահրատարակվել են զգալի փոփոխություններով։ Դրանցից են` «Տուն», «Սիրո առաջընթացը», «Ինչու՞ ես ցանկանում իմանալ», «Երեխաները մնում են», «Փրկել հնձվորին», «Սարից եկավ արջը», «Կիրք», «Տեսարանը Ռոք ամրոցից», «Խոր անցքեր», «Ուենլոքի ծայրին»։

Մանրոն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն»[45] պատմվածքների ժողովածուն 2016 թ. հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից, թարգմանիչ՝ Աննա Դավթյան։ Նշված ժողովածուն ներառում է «Հասնել Ճապոնիա», «Ամունդսեն», «Թողնելով Մեյվրլին», «Խիճ»[46], «Հանգրվան», «Հպարտություն», «Քորրի», «Գնացք», «Լճի տեսարանում», «Դոլի», «Աչքը», «Գիշեր», «Ձայներ» և «Կյանքի սիրույն» պատմվածքները։

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի պատասխանատու, գրականագետ Արթուր Մեսրոպյանի կարծիքով Մանրոյի ոճին հատուկ է փոքր տարածության մեջ սակավ գործողությունների միջոցով բազմաշերտ նարատիվ` պատում ստեղծելը, որտեղ մի փոքր դրվագ, մի նուրբ ու հպանցիկ դետալ լույս են բացում անորոշության վրա։ Նրա ստեղծագործությունները հարուստ են էպիֆանիայի հնարքով, որի շնորհիվ Մանրոյին հաճախ համեմատում են Ջոյսի հետ, իսկ կերպարների առօրեականությունն ու սովորական լինելը ասոցացվում են չեխովյան ոճին[47]։

Ըստ գրականագետի` «Կյանքի սիրույն» պատմվածքը, որի անունով էլ վերնագրված է Մանրոյի՝ 2013 թ. լույս տեսած ժողովածուն, ներկայացնում է Մանրոյի մոտ հաճախ հանդիպող թեմատիկ մի գիծ. կնոջ՝ անիմանալիից եկող վախերն ու անիմանալիի առջև անպաշտպան մնալը. «Պատմվածքի գործողությունները տարածվում են մշուշային ֆոնի վրա, կա պատճառահետևանքային կապի խզվածություն, սակայն դրանից իրավիճակն է՛լ ավելի անդառնալի է, հնարավոր չէ այն որևէ կերպ կանխել, սակայն ոչինչ չանելն էլ անհնար է, և ելքը հաճախ փախուստն է… կյանքի սիրույն»[47]։ 

ԵՊՀ դոցենտ, գրականագետ Հայկ Համբարձումյանը նշում է. ««Կյանքի սիրույն» պատմվածաշարում փոքրիկ գյուղաքաղաքներում ապրող մարդկանց աննշան կյանքերի դիպաշարերում հեղինակը գտնում ու ներկայացնում է մեծ ողբերգություններ, հոգեբանական խոշոր տեղաշարժեր, որոնք ցնցում են ընթերցողին, թվում է, թե դրանք պետք է փոխեն նաև հերոսների կյանքը, սակայն, ի վերջո, ամեն ինչ կրկին իր տեղն է ընկնում, ցնցումները մարում են, իսկ հերոսները վերադառնում են սովորական, մանր, կրկնվող իրադարձություններով, անբախում իրականություն։ Նրանց կյանքի փոքրիկ «պայծառացումները»` նոր և ուրիշ կյանքի խոստումներով, տևական չեն լինում և, ի վերջո, ընկալվում են որպես պատահականություն, ճակատագրի փոքրիկ խաղ գորշ ու ձանձրալի իրականության մեջ, որը մեծ ցավ է պատճառում և խոր սպիներ թողնում։ Այս տեսանկյունից Մանրոյի պատմվածքները հիշեցնում են Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» պատմվածաշարի համապատասխան մոտիվները»[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2009/05/28/books/28arts-MUNROWINSINT_BRF.html?ref=books
  2. Record #68944521 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  5. https://www.cbc.ca/news/entertainment/alice-munro-wins-ontario-s-trillium-book-award-1.1399920
  6. https://thebookerprizes.com/the-booker-library/authors/alice-munro
  7. http://www.writerstrust.com/Awards/Writers--Trust-Notable-Author-Award/Prize-History.aspx
  8. https://reaaward.org/alice-munro/
  9. https://canadacouncil.ca/-/media/Files/CCA/Funding/Prizes/Laureates/molson/MolsonPrizesCumulativeList.pdf
  10. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  11. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  12. 12,0 12,1 http://www.theage.com.au/news/Books/The-making-of-Alice-Munro/2004/11/25/1101219665269.html?from=storyrhs
  13. 13,0 13,1 Internet Movie Database — 1990.
  14. Merkin, Daphne (2004 թ․ հոկտեմբերի 24). «Northern Exposures». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  15. 15,0 15,1 «The Nobel Prize in Literature 2013 – Press Release» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Governor General's literary awards winners» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. Simpson, Interviewed by Jeanne McCulloch, Mona. «Alice Munro, The Art of Fiction No. 137». The Paris Review (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 18,2 «Alice Munro wins Nobel Prize for Literature». BBC News (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  19. CNN, By Joe Sterling and Ben Brumfield. «Canada's Alice Munro, 'master' of short stories, wins Nobel - CNN.com». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  20. «Munro's Books». www.munrobooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  21. «Gerald Fremlin - Obituaries - Clinton, ON - Your Life Moments». www.yourlifemoments.ca (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  22. Harrison, Kathryn (2002 թ․ հունիսի 16). «Go Ask Alice». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  23. Bosman, Julie (2013 թ․ հոկտեմբերի 10). «Alice Munro Wins Nobel Prize in Literature». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  24. Ahearn, Victoria. «Alice Munro unlikely to come out of retirement following Nobel win». CTVNews (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  25. «"Amundsen"». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  26. «The New Yorker Digital Edition : Oct 11, 2010». archives.newyorker.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  27. «Dear Life». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  28. «Deep-Holes». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  29. «Dimension». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  30. «Face». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  31. «Free Radicals». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  32. «Gravel». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  33. «Passion». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  34. Munro, Alice (1998 թ․ հուլիսի 30). «Queenie». London Review of Books. էջեր 11–16. ISSN 0260-9592. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  35. «Runaway». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  36. «The Bear Came Over the Mountain». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  37. Munro, Alice (2012 թ․ ապրիլի 1). «Train». Harper's Magazine. ISSN 0017-789X. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  38. «Wenlock Edge». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  39. «Alice Munro: The Short Answer - Alex Keegan - Eclectica Magazine v2n5». www.eclectica.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  40. Struthers, J. R. (Tim) (1981 թ․ հունվարի 1). «Some Highly Subversive Activities: A Brief Polemic and a Checklist of Works on Alice Munro». Studies in Canadian Literature / Études en littérature canadienne. 6 (1). ISSN 1718-7850.
  41. Ventura, Héliane (2010 թ․ դեկտեմբերի 1). «Introduction». Journal of the Short Story in English. Les Cahiers de la nouvelle (անգլերեն) (55). ISSN 0294-0444. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն)
  42. «"Journal of the Short Story in English (JSSE)/Les cahiers de la nouvelle" հատուկ թողարկում».
  43. «An Appreciation of Alice Munro | VQR Online». www.vqronline.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  44. «Kindling The Creative Fire: Alice Munro's Two Versions of "Wood"». New Haven Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  45. «Կյանքի սիրույն». Զանգակ. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  46. «Ալիս Մանրո | Խիճ | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  47. 47,0 47,1 47,2 «Ալիս Մանրո. «Իմ նպատակն իմ ընթերցողին օգնելն է…»». erit.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.