Jump to content

Արշակ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արշակ երկրորդ (օպերա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակ Բ (այլ կիրառումներ)
Արշակ Բ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի արքա
350 - 368
Նախորդող Տիրան Բ
Հաջորդող Պապ Արշակունի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր մոտ 368[1]
Դինաստիա Արշակունիներ[1]
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Տիրան Բ[1]
Ամուսին Օլիմպիա և Փառանձեմ Սյունի[1]
Զավակներ Պապ Արշակունի, Անոբ և Տրդատ Արշակունի

Արշակ Բ Արշակունի (անհայտ[1] - մոտ 368[1]), Մեծ Հայքի արքա (350-368), Տիրան Բ-ի որդին[2], Արտաշեսի և Տրդատի եղբայրը, Անոբի և Պապի[2] հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Տիրան Բ-ին (339-350), ամուսնացել Փառանձեմ Սյունու հետ։

Գահակալման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ (ապրել է 4-րդ դարում, մահացել է 369 կամ 370 թվականին), որը երբեմն գրվում է նաև Արսակես Բ, Արշակունի արքայազն էր և Հայաստանի թագավորն էր մոտավորապես 350 թվականից (որոշ գիտնականների կարծիքով՝ 338/339 թվականները[3]) մինչև մոտ 364/367 թվականները[4][3]։ Թեև Արշակ Բ-ի գահակալությունը սկզբում սկսվեց խաղաղության և կայունության ժամանակաշրջանով, այն շուտով բարդացավ հայկական եկեղեցու և ազնվականների հետ ունեցած հակամարտություններով, ինչպես նաև Հռոմի և Պարսկաստանի միջև պատերազմներով, որոնց ընթացքում հայկական թագավորը հաճախ հայտնվում էր այդ երկու ուժերի միջև[5]։ Արշակը մասնակցել է Հռոմեական կայսր Հուլիանոսի Պարսկաստանի դեմ անհաջող ռազմական արշավին։ Դրա հետևանքով կնքված 363 թվականի պարսկա-հռոմեական պայմանագրից հետո Հայաստանը ստիպված էր միայնակ դիմակայել պարսից թագավոր Շապուհ Բ-ի նոր հարձակմանը[6]։Հայ ազնվականների շրջանում տեղի ունեցող դավաճանությունների և ապստամբությունների պայմաններում Արշակը հրավիրվեց Պարսկաստան՝ Շապուհի հետ խաղաղության բանակցությունների համար։ Սակայն այնտեղ նրան բանտարկեցին Խուզիստանում գտնվող «Անհուշ բերդում», որտեղ, ըստ պատմական աղբյուրների, նա ինքնասպան է եղել գերության մեջ[4][6]։Արշակ Բ-ի գահակալությունից հետո Հայաստանը ենթարկվեց պարսկական նվաճման և ավերածությունների։ Սակայն նրա որդին և ժառանգը՝ Պապ թագավորը, կարողացավ փախչել և հետագայում Հռոմի օգնությամբ վերականգնեց հայկական գահը[6]։

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ-ը թագավոր Տիրանի երկրորդ որդին էր (որոշ աղբյուրներում սխալմամբ նրան կոչում են Տիգրան Ը)[4]։ Նրա մոր անունը հայտնի չէ[7]։Նրա հայրը՝ Տիրանը, Հայաստանի Արշակունի թագավորն էր և կառավարում էր որպես Հռոմի դաշնակից թագավոր մոտավորապես 338/339 թվականներից մինչև 350 թվականը (թեև որոշ գիտնականներ կարծում են, որ Արշակ Բ-ի գահակալությունը սկսվել է արդեն 338/339 թվականից, իսկ Տիրանի գահակալությունը եղել է դրանից առաջ).[4][8]։ Արշակ Բ-ի ծննդյան թվականը հայտնի չէ, և նրա մանկության ու երիտասարդության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Տիրանի գահակալության ժամանակ Սասանյան Պարսկաստանի թագավոր Շապուհ Բ-ը մի քանի ռազմական արշավներ սկսեց Հռոմեական կայսրության դեմ, որոնց ընթացքում Հայաստանը ծանր ավերվեց պարսկական բանակների կողմից[9]։ Թե՛ հայ պատմիչ Մովսես Խորենացին, թե՛ Փավստոս Բուզանդը, հայտնում են, որ Տիրանը գերի է ընկել պարսիկներին և կուրացվել, որից հետո նրան փոխարինել է նրա որդին՝ Արշակ Բ-ը[10]։ Պատմաբան Սուրեն Երեմյանի կարծիքով Տիրանի գերեվարումն ու կուրացումը տեղի են ունեցել 344 թվականին, հռոմեա-սասանյան պատերազմների ընթացքում։ Սինգարայի ճակատամարտից և պարսից արքայազն Ներսեհի մահից հետո Տիրանին թույլ է տրվել 345 թվականին վերադառնալ Հայաստան, որտեղ նրան հաջորդել է Արշակ Բ-ը[11][Ն 1]։Պատմաբան Նինա Գարսոյանը Տիրանի գերեվարման և Արշակի գահ բարձրանալու թվականը համարում է 350 թվականը[10][Ն 2]։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Արշակ Բ-ը կարող էր գահ բարձրանալ արդեն 338/339 թվականներին (հնարավոր է՝ Հռոմեական կայսր Կոնստանցիոս II-ի խնդրանքով), այն բանից հետո, երբ Շապուհ Բ-ի Նիսիբիս (Մծբին) քաղաքը գրավելու առաջին փորձը ձախողվեց[4]։

Արշակ (հին հայերեն՝ Արշակ, Aršak, պարթևերեն՝ 𐭀𐭓𐭔𐭊, Aršak) եղել է Պարթևական կայսրության իշխող արքայատոհմի հիմնադրի անունը։ Հայկական Արշակունիները այդ արքայատոհմի ճյուղերից մեկն էին։ Հետագայում այս անունը օգտագործվում էր նաև որպես տիտղոս՝ Պարթևական բոլոր հաջորդ թագավորների կողմից։ Այս անվան հունարեն ձևը Arsákēs է, որից առաջացել է լատիներեն Arsaces ձևը[13]։ Այս անունները ծագում են հին իրանական Aršan անունից, որը նշանակում է «հերոս»[14]։ Այլ վարկածով՝ անունը կազմված է հին պարսկերեն arša բառից, որը նշանակում է «արջ», և փոքրացուցիչ վերջավորությունից[13]։ Բանասեր Կարապետ Մելիք-Օհանջանյանը կարծիք է հայտնել (սակայն, ըստ պատմաբան Նինա Գարսոյանի, դա չի ապացուցվել), որ Արշակի իրական անունը եղել է Խոսրով, ինչպես իր պապինը։ Այս ենթադրությունը հիմնված է այն մտքի վրա, որ Արշակունիների արքայական ընտանիքում անունները հաճախ սերունդների միջև հերթափոխվում էին[15]։

Ներքին դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարական դաս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց օրոք՝ 66-385 թվականների սահմաններով
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։ Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար[16]։

...և եղավ խաղաղութիւն մեծ ի ժամանակին յայնմիկ. ժողովեցան ամենայն թագուցեալքն, փախուցեալք և կորուցեալք երկիրն հայոց...

Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն էին եղել. Վասակ Մամիկոնյանին նշանակում է զորքի սպարապետ, իսկ նրա ավագ եղբորը՝ Վարդանին, նահապետ։ Գնունյաց նախարարական տանն է հանձնում հազարապետությունը։ Արքունիքի մյուս կարևոր պաշտոններում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարների։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում)։Պատմաբան Նինա Գարսոյանի կարծիքով՝ Արշակ Բ-ը, ինչպես իր հայրը, վարում էր արիանությանը աջակցող քաղաքականություն, ինչը հանգեցրեց նրա հակամարտությանը կաթողիկոս Ներսեսի հետ[17][18]։ Վերջիվերջո Ներսեսը մոտ ինը տարի աքսորվեց մյուս հակաարիան եպիսկոպոսների հետ միասին, իսկ այդ ընթացքում նրան փոխարինեց թագավորի նշանակած հոգևորականը՝ Չունակ անունով։ Արշակի հարաբերությունները վատացան նաև հայ նախարարների հետ։ Նա հրամայեց սպանել մի շարք ազդեցիկ նախարարների, ոչնչացրեց որոշ ազնվական տներ (օրինակ՝ Կամսարականների տոհմը) և բռնագրավեց նրանց հողերը[18]։

359 թվականին Արշակը հրամայեց սպանել իր եղբորորդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Թեև Փավստոս Բուզանդի աշխատությունում սա ներկայացվում է որպես սիրո և խանդի պատմություն՝ կապված Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ (ում հետ Արշակը հետագայում ամուսնացավ), ավելի հավանական է, որ նա հրամայել է նրանց սպանությունը, որովհետև նրանք, որպես Արշակունի արքայազներ և գահի հավակնորդներ, կարող էին ապստամբության կենտրոն դառնալ[18][Ն 3]։ Արշակը փորձեց ամրապնդել իր իշխանությունը՝ հիմնադրելով Արշակավան քաղաքը Կոգովիտ գավառում։ Ըստ Փավստոս Բուզանդի [22][23] և Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների, նա այդ քաղաքում բնակեցրեց մարդկանց՝ ներում շնորհելով այնտեղ բնակվելու եկած հանցագործներին, պարտապաններին, ստրուկներին և այլ մարդկանց[24]։ Պատմաբան Սուրեն Երեմյանի և այլ հետազոտողների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Արշակավանը հիմնականում բնակեցվել էր իրենց տերերից փախած կախյալ գյուղացիներով, որոնց տրվել էին որոշ արտոնություններ[25]։

Հոգևորականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

353 թվականին կաթողիկոս ձեռնադրված Ներսեսը Հարավային Հայաստանի՝ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը [16]։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ։ Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ։ Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել[26]։

350–ական թվականներին Հռոմը և Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կենտրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին[22][27]։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Դա Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա՝ հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ։ Իհարկե Արշակի համար դժվար էր, միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար[6]։

Արշակավան քաղաքի մոտ գտնվող Բայազետ քաղաքը (Թուրքիա)

Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են անազատ գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից[24]։ Գյուղական բնակչության զանգվածային այս փախուստը չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը։ Սակայն Արշակը կտրականապես մերժում է նրան։ Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրանք հարձակվում և սրի են մատնում Արշակավանի անզեն բնակչությանը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին։ Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Արշակավանի կոտորված բնակչության թիվը եղել է մոտ 30-40 հազար։ Արշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարաբաբազար, մինչ այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները[24][18]։ Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել։ Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց[25]։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիները խաղաղ էին։ Ըստ Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատության՝ Արշակը զբաղվեց պետության կարգավորման գործով և կարողացավ հայ նախարարներին ենթարկել իր իշխանությանը[16]։ Միաժամանակ կաթողիկոս Ներսես Ա-ը, որը Արշակի զարմիկն էր և 353 թվականին դարձավ կաթողիկոս, սկսեց իրականացնել մի շարք բարեփոխումներ։ Արշակը նախընտրում էր կառավարել ոչ թե մայրաքաղաք Դվինից, այլ իր թագավորական ճամբարից.[16]։ Աղբյուրները տարբեր կերպ են ներկայացնում Արշակ Բ-ի արտաքին քաղաքականությունը։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելլինոսը նրան նկարագրում է որպես Հռոմեական կայսրության հաստատուն և հավատարիմ բարեկամ։ Իսկ Բուզանդի «Հայոց պատմությունում» Արշակը ներկայացվում է որպես թագավոր, որը տատանվում էր Հռոմի և Պարսկաստանի միջև[26]։ Ընդհանուր առմամբ, Արշակը կարծես փորձել է հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև[28]։ Գահակալության սկզբում նա, հավանաբար, պահպանել է չեզոք դիրք, հետո փորձել է հաշտվել Պարսկաստանի հետ, իսկ 358 թվականին կտրուկ մոտեցել է Հռոմին, քանի որ կայսր Կոնստանդիանոս Բ-ը որոշ զիջումներ էր արել նրան[15]։ 358 թվականին, Կոնստանցիոս Բ-ի առաջարկով, Արշակ Բ-ը ամուսնացավ հույն ազնվականուհի Օլիմպիայի հետ, որը նախկին հյուպատոս Աբլաբիոսի դուստրն էր։ Կայսրը նաև ազատեց Արշակին հարկերից[26]։ Բացի այդ, Հռոմեական կայսրը թույլ տվեց, որ Հայաստան վերադառնան հայկական պատանդները, որոնց թվում էին թագավորի եղբորորդիները՝ Գնելը և Տիրիթը[29]։

Հռոմեա-պարսկական պատերազմ (359-363)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ թագավորը զբաղված էր երկրի տնտեսության աշխուժացմամբ և բանակի համալրումով։ Պատերազմը բռնկվեց 359 թվականին, երբ Շապուհի 100 հազարանոց բանակը մտավ Միջագետք և պաշարեց Ամիդ (Դիարբեքիր) քաղաքը։ Այս քաղաքի գրավման ժամանակ զոհվեց շուրջ 30 հազար պարսիկ զինվոր։ Կոստանդիանոս կայսրը տեղեկանալով Շապուհի ներխուժման մասին եկավ Կեսարիա և կանգնեցրեց վերջինիս առաջխաղացումը։ 360 թվականին ինչպես վկայում Ամիանոսը Հռոմեական կայսր Կոնստանցիոս Բ-ը Արշակին կանչեց Կեսարիա և զգուշացրեց[30], որ նա պետք է հավատարիմ մնա Հռոմին։ Ըստ պատմիչի դրանից հետո հայ թագավորը «այլևս երբեք չհամարձակվեց խախտել իր խոստումները»[31]։ Ըստ Բուզանդի «Հայոց պատմության»՝ Արշակը որոշ ժամանակ լավ հարաբերություններ ուներ Շապուհ Բ-ի հետ և նույնիսկ մի անգամ զորախումբ էր ուղարկել նրան օգնելու Հռոմի դեմ[4][Ն 4]։ Սակայն հետագայում Հայաստանի և Պարսկաստանի միջև թշնամություն սկսվեց՝ Արշակի աներոջ՝ Սյունյաց Անդովկի ինտրիգների, ինչպես նաև պարսիկների աջակցությամբ տեղի ունեցած Մերուժան Արծրունու ապստամբության պատճառով[6][Ն 5]։ 363 թվականին Հռոմեական և Սասանյան կայսրությունները կրկին բախվեցին։ Արշակը ներխուժեց պարսկական տարածքներ՝ աջակցելով Հռոմեական կայսր Հուլիանոսի արշավին։ Սակայն այդ արշավը ավարտվեց Հուլիանոսի մահվամբ, և նոր կայսր Հովիանոսը ստիպված եղավ Շապուհ Բ-ի հետ կնքել անբարենպաստ խաղաղություն։ Այդ պայմանագրով, այլ զիջումների հետ միասին, Հռոմը հրաժարվեց Հայաստանի հետ դաշինքից, թողնելով երկիրը մենակ դիմակայելու Պարսկաստանին[4]։ Հայոց գլխավոր զորավար Վասակ Մամիկոնյանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել Այրարատ նահանգը և մի շարք հաղթանակներ տարավ պարսկական զորքերի դեմ։ Այդ զորքերին միացել էին նաև հայկական ուժեր՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի (Վասակի եղբոր) գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, ավելի ու ավելի շատ հայ նախարարներ անցնում էին պարսկական կողմը[4][34]։ 361 թվականի գարնանը կայսրը հրամայում է Հուլիանոս զորավարին իր լեգեոններով տեղափոխվել արևելք, սակայն վերջինս ապստամբություն է բարձրացնում, սակայն ռազմական որևէ ընդհարում նրա և Կոստանդիանոսի միջև տեղի չի ունենում։ Կոստանդիանոսը մահանում է 361 թվականի նոյեմբերի 3-ին Կիլիկիայում։ Հուլիանոսը շարունակում է պատերազմը։ Հայաստան է ուղարկված Պրոկոպիոս զորավարն և Սեբաստիանոս կոմսը հայկական զորքերի հետ պետք է հարձակվեին Մարաստանի վրա և դժվար վիճակի մեջ դնեն Շապուհին։ Միևնույն ժամանակ կայսրը հարձակվում է Միջագետքում Տիզբոնի ուղղությամբ, սակայն մարտերից մեկի ժամանակ զոհվում է[4][35]։Կայսր է հռչակվում Հովիանոսը, ով պայմանագիր է կնքում 363 թվականին, որը պատմությանը հայտնի է «Ամոթալի հաշտություն» անվամբ։ Նա հրաժարվում է Հայաստանին օգնելուց և Շապուհին զիջում մի շարք տարածքներ Միջագետքում և Արևմտյան Հայաստանում։ Այս հաշտությունից հետո հայկական ուժերը միայնակ են մնում իրենց թվով մի քանի անգամ գերազանցող պարսիկների դեմ։ Վասակ Մամիկոնյանը 60 հազարանոց զորքով գնում է Ատրպատական, սակայն հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում Աղձնիքից։ Պարսկական զորքերը Մերուժան Արծրունու գլխավորությամբ պաշարում են Տիգրանակերտը, սակայն բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս։ Տիգրանակերտի գրավումից հետո նրանք գրավում են Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանում են հայոց արքաների դամաբարանները, վերցնում վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։ Նրանք մոտենում են Այրարատյան աշխարհին։ Վասակ Մամիկոնյանը, իմանալով այս մասին, իր բանակով գալիս է Այրարատ այստեղ ճակատամարտում պարտության է մատնում պարսկական զորքերին[6]։

Հայ-պարսկական պատերազմ (364-368)․ Արշակ Բ-ի գերեվարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր իրավիճակում Արշակ Բ-ը համաձայնեց 367 թվականին գնալ Պարսկաստան,Տիզբոն՝ հաշտություն կնքելու Շապուհ Բ-ի հետ․ ստանալով անվտանգության երաշխիքներ[4][35]։ Սակայն այնտեղ հասնելուն պես նրան ձերբակալեցին և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ նրա զորավար Վասակ Մամիկոնյանին մաշկազերծեցին կենդանի[6]։

Հայաստանի ավերում և Պապ թագավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ-ի մահից հետո Շապուհ Բ-ը ավերեց Հայաստանը, ոչնչացրեց մեծ քաղաքները և բնակչությանը տեղափոխեց Պարսկաստան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, որոնք հրաժարվել էին քրիստոնեությունից, նշանակվեցին կառավարիչներ։ Շատ եկեղեցիներ քանդվեցին և փոխարինվեցին զրադաշտական կրակի տաճարներով[6]։ Արշակի կինը՝ Փառանձեմ թագուհին, և որդին՝ Պապը, որոշ ժամանակ դիմադրեցին Արտագերս ամրոցում մինչև մոտ 370 թվականը։ Երբ ամրոցը ընկավ, Փառանձեմը տարվեց Պարսկաստան և մահապատժի ենթարկվեց։ Սակայն Պապը ավելի վաղ կարողացել էր փախչել Հռոմեական տարածք և 370/371 թվականին[4] Հռոմեական կայսր Վալենսի օգնությամբ վերադարձավ ու դարձավ Հայաստանի թագավոր[6]։

Արշակունիների հարստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակունիների դրոշ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից[36]։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը[37], քրիստոնեության ընդունումը[38], Հայոց այբուբենի գյուտը[39]։

Արշակ Բ-ն ուներ երկու հայտնի կին՝ հույն ազնվականուհի Օլիմպիան և հայ ազնվականուհի Փառանձեմը։ Նրա ամուսնությունների ժամանակագրությունը հստակ չէ և հնարավոր է, որ նա միաժամանակ ունեցել է մեկից ավելի կին՝ չնայած իր քրիստոնեական հավատքին[18] և իրանական ավանդույթին համապատասխան[40]։ Նա ամուսնացած էր Օլիմպիայի հետ մինչև նրա մահը 361 թվականին, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել թունավորման հետևանքով՝ Փառանձեմի դրդմամբ[18]։ Արշակի մյուս հայտնի կինը՝ Փառանձեմը, Սյունիների տոհմից էր և Արշակի եղբորորդու՝ Գնելի այրին։ Փառանձեմը Արշակից ծնեց Պապ անունով որդի, որը ժառանգեց Հայաստանի գահը իր հորից [6] ։ Հայ պատմաբան Հակոբ Մանանդյանը հնարավոր է համարել, որ Պապը իրականում Փառանձեմի որդին էր իր առաջին ամուսնուց՝ Գնելից[18] ։ Պատմաբան Ալբերտ Ստեփանյանը, սակայն, պնդում է, որ Պապը իրականում Արշակի որդին էր, բայց սկզբում իրավաբանորեն համարվում էր Գնելի որդի, քանի որ Արշակը Փառանձեմի հետ ամուսնացել էր իրանական լևիրատային ամուսնության ձևով, որը կոչվում էր «ստրույ բութակ» կամ «ճակարիխ», համաձայն որի՝ անզավակ այրին ամուսնանում էր իր հանգուցյալ ամուսնու ագնատական ազգականներից մեկի հետ՝ նրան ժառանգ ապահովելու նպատակով։ Այս հանգամանքների պատճառով Արշակը բախվեց լուրջ խոչընդոտների Պապին որպես իր օրինական որդի և ժառանգ ճանաչելու հարցում[41]։ Ստեփանյանի խոսքով՝ միայն Օլիմպիայի մահից հետո Փառանձեմը դարձավ լիիրավ թագուհի, իսկ նրա որդի Պապը ճանաչվեց Հայաստանի գահաժառանգ[42] ։ Մյուս կողմից, Նինա Գարսոյանը գրում է, որ Պապը պետք է լիներ Արշակի օրինական որդին և ժառանգը, քանի որ նույնիսկ Պապի նկատմամբ խիստ թշնամական աղբյուրները երբեք կասկածի տակ չեն դրել նրա օրինականությունը[43]։ Նա առաջադրում է մեկ այլ վարկած, ըստ որի՝ Արշակից և Փառանձեմից Պապը ծնվել է մոտ 350 թվականին, որից հետո Փառանձեմը ժամանակավորապես ամուսնացվել է Գնելի հետ, ապա վերադարձվել Արշակին, ինչը կարող է բացատրել, թե ինչպես էր Պապը ծնվել մինչև Գնելի մահը՝ 359 թվականին[44]։ Արշակը, ըստ երևույթին, ուներ ևս մեկ որդի, որի անունը չի հիշատակվում Բուզանդի «Հայոց պատմությունում» և Մովսես Խորենացու աշխատությունում, և որը, հնարավոր է, եղել է Վարազդատի՝ Պապին գահին հաջորդած թագավորի, հայրը[45]։ Մեկ այլ հայկական աղբյուրում՝ անանուն «Սուրբ Ներսեսի կյանք»-ում, այդ որդին կոչվում է Տրդատ[45]։

Բանտարկություն և մահապատիժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակը ուղարկվեց Խուզեստանի «Անհուշ բերդում» (հայերեն՝ բերդ Ան(յ)ուշ, Անհուշ): Բուզանդի «Հայոց պատմությունում» նկարագրում է նրա մահը գերության մեջ[6]: Մոտավորապես 369 կամ 370 թվականներին Դրաստամատ անունով մի հայ նախարարի, որը Արշակի և նրա հոր օրոք բարձրաստիճան արքունիքի պաշտոնյա էր, այցելեց բանտարկված թագավորին: Թագավորը հիշեց իր փառահեղ օրերը և ընկճված զգալով, վերցրեց իր հյուրի դանակը և ինքնասպան եղավ: Դրաստամատը, տեսածից ցնցված, հանեց դանակը Արշակ Բ-ի կրծքից և դանակահարեց նաև իրեն[46]: Արշակի մահվան մասին գրեթե նույնական պատմություն է տալիս բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոսը «Պարսից պատերազմում», որը հղում է կատարում որոշակի հայկական պատմության և, հնարավոր է, ծանոթ էր (սակայն, Գարսոյանի կարծիքով, պարտադիր չէ, որ ծանոթ լիներ) Բուզանդի «Հայոց պատմությանը»[47]: Հռոմեացի պատմաբան Ամիանոս Մակելլինոսը տալիս է այլընտրանքային պատմություն, ըստ որի՝ Արշակը գերի է վերցվել, կուրացվել և մահապատժի ենթարկվել պարսիկների կողմից[48]:

Մշակութային պատկերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1630 թվականին Կլերմոնի քոլեջում բեմադրվել է Արշակ Բ-ի մասին ողբերգություն, որը գրել էր Կլոդ Դելիդելը[49]։ Արշակ Բ-ն գլխավոր հերոսն է առաջին հայկական դասական օպերայի՝ «Արշակ Բ»-ի, որը գրել է Տիգրան Չուխաջյանը՝ Թովմաս Թերզյանի երկլեզու (իտալա-հայկական) լիբրետոյի հիման վրա 1868 թվականին[50]։Պետրոս Մինասյանը և Մկրտիչ Բեշիկթաշլյանը գրել են պիեսներ, որոնցում Արշակը գլխավոր հերոսն է[51]։ Նա նաև կերպար է Սարգիս Վանանդեցու «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերար» (Ներսես Մեծ կամ Հայաստանի բարերար) պիեսում[52]։ Գրող և դրամատուրգ ՊերՃ Զեյթունցյանը 1975 և 1977 թվականներին գրել է համապատասխանաբար «Ավերակված քաղաքի լեգենդը» պիեսը և «Արշակ Երկրորդ» վեպը՝ նվիրված հայոց թագավորին։ Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» վեպը ևս նվիրված է Արշակ Բ-ին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բ-ն արվեստի և գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Երկրորդ օպերայի պարտիտուրայից մեկ էջ։ Օպերան հեղինակել է Տիգրան Չուխաճեանը, 1868

Պատմական ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900։
  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984, էջ 102-106։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947։

Գրականություն Արշակ Բ-ի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1968։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յերեմյանը հետևելով Նիկողայոս Ադոնցին, իր աշխատությունը սկսում է 345 թվականից, Արշակ Բ-ի կառավարումից։[12]
  2. Այս ամսաթիվը Արշակ II-ի գահակալման համար նշվում է նաև պատմաբանների կողմից Լեո,Ասդուրյանի և ուրիշների կողմից, մինչդեռ ամսաթիվը համարել է անորոշ։[12]
  3. Ըստ Բուզանդի (Գիրք IV, գլուխ15), Տիրիթը, ով ներկայացվում է որպես Գնելի կնոջից Փառանձեմից, ներկայացվում է, որ ցանկանում էր սպանել Արշակին և զբաղեցնել գահը։ Սակայն Արշակ Բ-ն է սպանում Գնելին, ինչպես նաև Տիրիթին։ Այնուհետև Արշակը կնության է առնում Փառանձեմին։[19] Ըստ Գարսոյանի, այս պատմությունը, որոշ չափով պատմական չէ։ "[20] Մովսես Խորենացի (Գիրք III, գլուխներ 21–25) ներկայացնում է որոշ ավանդական դետալներ, որոնք չես գտնի Բուզանդի մոտ, Գնելը հայրն է (Արշակը եղբայրը) ըստ Բուզանդարանի, Արշակի հայրը Տիրանն է, իսկ Տիրիթը ներկայացվում է որպես Մամիկոնյան դյուցազն։[21]
  4. Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց։ Արշակը միանում է պարսկական կողմին, որպես օգնություն, Մծբինի պաշարման համար։Որոշ դիտարկումների համաձայն, Արշակ Բ-ն միանում է պարսկական ճամբարին 359 թվականին։ Սակայն ըստ Գարսոյանի դիտարկման, նա միացել է պարսկական կողմին 350 թվականին։Տեղեկություններ հաղորդելով Արշակի կառավարման մասին։ [32]
  5. Մերուժանը հայ դասական պատմաբանների կողմից ներկայացվում է որպես Հայաստանի թագավորի վասալ։ Հնարավոր է, որ նա անկախության համար այլ ելք է փնտրում, Մծբինից հետո 298թվական։[33]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 6-7.
  3. 1 2 Garsoïan, 1997, էջ 94
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Chaumont, 1986
  5. Garsoïan, 1997, էջեր 88-90
  6. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Garsoïan, 1997, էջ 90
  7. Moses Khorenatsʻi, 2006, էջ 263 (Book III, Chapter 13)
  8. Garsoïan, 1997, էջ 85
  9. Garsoïan, 1997, էջ 86
  10. 1 2 Garsoïan, 1989, էջ 414
  11. Yeremian, 1984, էջեր 86–87
  12. 1 2 Yeremian, 1984, էջ 87, note 34
  13. 1 2 Achaṛyan, 1942, էջ 291
  14. Olbrycht, 2021, էջ 253
  15. 1 2 Garsoïan, 1989, էջ 352
  16. 1 2 3 4 Garsoïan, 1997, էջ 88
  17. Terian, 2005, էջ 18
  18. 1 2 3 4 5 6 7 Garsoïan, 1997, էջ 89
  19. Garsoïan, 1989, էջեր 140–145
  20. Garsoïan, 1989, էջ 286
  21. Moses Khorenatsʻi, 2006, էջեր 271–277
  22. 1 2 Garsoïan, 1989, էջեր 134–138
  23. Faustus of Byzantium, History of the Armenians, IV.12.
  24. 1 2 3 Moses Khorenatsʻi, 2006, pp. 278–279 (Book III, Chapter 27)
  25. 1 2 Yeremian, 1984, էջ 89
  26. 1 2 3 Garsoïan, 1997, էջեր 89-90
  27. Faustus of Byzantium, History of the Armenians, IV.12.
  28. Garsoïan, 1989, էջ 353: "The reasonably certain features of Aršak II's reigns [sic] are: (1) the king's attempt to maintain an equilibrium between Rome and Persia, ending in his overthrow and captivity after Jovian's peace of 363"
  29. Garsoïan, 1989, էջեր 373, 415
  30. Garsoïan, 1969, էջ 156, note 32
  31. Ammianus Marcellinus 20.11.1–3.
  32. Garsoïan, 1989, էջ 290
  33. Garsoïan, 1997, էջեր 75, 87
  34. Lenski, 2003, էջ 169
  35. 1 2 Lenski, 2003, էջ 170
  36. Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  37. «Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  38. «USF Library Special & Digital Collections Exhibits | USF Armenian Studies : Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում». exhibits.lib.usf.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  39. «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  40. Garsoïan, 2013, էջեր 65–66
  41. Stepanyan, 2021, էջեր 175–177
  42. Manandian, 1957, էջ 202
  43. Garsoïan, 2013, էջ 61
  44. Garsoïan, 2013, էջեր 67–68
  45. 1 2 Garsoïan, 1989, էջեր 423-424
  46. Faustus of Byzantium, History of the Armenians, V.7.
  47. Garsoïan, 1989, էջեր 10, 313
  48. Garsoïan, 1989, էջեր 352-353
  49. Pélisson-Karro, 1996, էջ 84
  50. Tahmizian, 1976
  51. Hacikyan, Basmajian, էջեր 73, 287
  52. Hacikyan, Basmajian, էջեր 297–298
Արշակ Բ
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 415/418
Նախորդող՝
Տիրան Բ 339-350
Արշակ Բ
350-368
Հաջորդող:
Պապ 370-374