Անդովկ Բ Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդովկ Սյունիից)
Անդովկ Բ Սյունի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 3-րդ դար կամ անհայտ[1]
Ծննդավայր Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք
Վախճանի օր 385 կամ անհայտ[1]
Դինաստիա Սյունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Ամուսին անանուն Մամիկոնյան
Զավակներ Փառանձեմ Սյունի[1], Վաղինակ Սյունի, Բաբիկ Սյունի, Սամ Սյունի և անանուն Սյունի

Անդովկ (Անդոկ) Սյունի (3-րդ դար կամ անհայտ[1], Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք - 385 կամ անհայտ[1]), հայ նախարար նախարար Մեծ Հայքում, հայոց սպարապետ (338-)Սյունյաց աշխարհի տանուտերը (338-385), Վաղինակի, Բաբիկի, Սամի, Հայոց թագուհի և Փառանձեմի հայրը, Սյունիների նախարարական տոհմից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և գործել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատում։ Անդովկը IV դարի խոշոր պետական-քաղաքական գործիչ էր, ռազմավար և դիվանագետ։ 338 թ. վարել է Հայոց սպարապետության գործերը, կազմավորել Սյունյաց այրուձին, որը ըստ հանրահայտ «Զորանամակի», Հայաստանի բոլոր նահանգների մեջ ամենաստվարն էր։ Անդովկը Սիսական Գնդից առանձնացրեց 1700 ընտիր հեծելազորային և մտավ Պարսկաստան։ Հասնելով Տիզբոնի մատույցներին, գունդը թողնում է ծածուկ մի տեղ, փոքրիկ ջոկատով մոտենում պարիսպներին։ Իմանալով, որ Սիսական Անդովկն է, որը գնում է Շապուհին օգնության, պահակազորն ուրախությամբ ներս է թողնում Սյունյաց ջոկատին։ Գիշերը սպանվում են գլխավոր դարբասները հսկող պահակները, բացվում են քաղաքի դռները, և հռչակավոր Սիսական գունդը մտնում է արքայանիստ քաղաք։ Տիզբոնը հայերի ձեռքում էր։ Անդովկի հրամանով ավերվում են Շապուհի պալատն ու ազնվական թաղամասը, իշխանների տներն ու միջնաբերդը։ Պալատից դուրս են հանում արքայական գանձարանը։ Այն ամենը, ինչ հիշեցրել է Սասանյանների փառքն ու հզորությունը՝ բարձում են քաղաքից հավաքված գրաստների վրա։ Հսկայական քարավանը, Սիսական գնդի ուղեկցությամբ, շարժվում է դեպի Հայք։ Տիզբոնն ավերված էր ու անարգված։ Շապուհը նման անպատվություն դեռ չէր ստացել։ Այն, ինչ չկարողացան անել հռոմեական լեգեոնները, արեց Անդովկը՝ մի բուռ քաջերով։ Պարսից բանակի անհաջող գրոհներից հետո Անդովկն անցնում է Բյուզանդիա։ Նա գիտեր, որ քանի ողջ է Շապուհը, իր տոհմն այլևս չի կարող հանգիստ ապրել Հայքում, որ քանի Հայքում է Շապուհը միշտ էլ փնտրելու է իր գանձերն ու ամեն հարմար առիթով ասպատակելու է Սյունիքը։ Անդովկը պետք է մեկներ։ Նրա և Պապ արքայորդու Հայքից դուրս գալու դրդապատճառների ու ժամանակի մեջ մեծ կապ կա։ Ժամանակագրորեն դրանք համընկնում են։ Թողնելով պարսից արքունիքից բերված ողջ հարստությունը Շաղատի վանքի գաղտնարաններում՝ Անդովկը վերցնելով որդուն անցնում է դստեր՝ Փառանձեմ թագուհու մոտ։ Իշխանը չէր կարող հենց այնպես հեռանալ, երբ հայոց թագուհին իր օգնության կարիքն էր զգում։ Ողջ կյանքը հայոց պետականությանը նվիրաբերած հպարտ իշխանը չէր կարող հիմա լքել ծանր դրության մեջ գտնվող դստերը։ Բայց թագուհու կամքն այլ էր. Պապ արքայորդին պետք է անվտանգ մեկներ Բյուզանդիա՝ Շապուհի ձեռքը չընկնելու համար։ Հայոց թագուհին Անդովկից բացի ուրիշ ոչ ոքի չէր կարող վստահել որդու ճակատագիրը։ Եվ Անդովկը մեկնեց։ Հետն առնելով Պապին ու Բաբիկին՝ որդուն, Սյունյաց վեհաշուք նահապետն ընդմիշտ հեռացավ Հայոց աշխարհից։

Անդովկ Սյունու գործունեությանը, համարյա առանց բացառության, անդրադարձել են V և հետագա դարերի հայ պատմիչները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968
  • Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 391