Հարթագյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարթագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1820 թ.
Այլ անվանումներՂալթախչի
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1500[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքbager.am
Հարթագյուղ (Հայաստան)##
Հարթագյուղ (Հայաստան)

Հարթագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում «Սուրբ Նարեկ» եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։

Պատմություն

Ամառը՝ Հարթագյուղում

Հարթագյուղը ըստ Հայկական սովետական հանրագիտարանի հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում գյուղը համալրվել է վանեցիներով և կարսեցիներով։ Գաղթականներով համալրման վերջին փուլը 1918-1922թթ էր։ Հարթագյուղում բնակություն հաստատեցին մեծամասամբ կարսեցիներ։ Պետք է նշել, որ Հարթագյուղի հիմնադրման հարցը վիճելի է։ Որոշ արխիվային փաստաթղթերում Ալեքսանդրապոլի գավառի Շորագյալի շրջանի Ղալթախչի գյուղը հիշատակվում է որպես գործող բնակավայր դեռևս 1820 թվականից։ Կաթողիկոսական դիվաններից մեկում հիշատակվում է նույնանուն գյուղը որտեղ բնակություն են հաստատել հարյուրավոր կարսեցի ընտանիքներ։ Առաջին արևմտահայերը եկել են այստեղ 1801-թվին։ Մյուսները եկել են Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո (1829թ)։ Գյուղը հայաբնակ էր մինչև Շահ Աբասի կողմից տեղահանվելը (մինչև 1603-1604թթ )։ Հարթագյուղի և Մեծ Պարնիի միջև կային 7-8 ջրաղացների հետքեր, իսկ գյուղի կենտրոնական մասում հինավուրց ձիթհանն էր։ Այն վիթխարի կառույց էր` հազարաշեն ծածկով, որը քանդեցին խորհրդային տարիներին, դպրոցի բակը բարեկարգելու նպատակով։ Գյուղի տարածքում կան նաև մի շարք հինավուրց մատուռներ։ Ամենայն հավանականությամբ, 1800 ականներին հիմնադրված գյուղը հիմնադրվել է նախկին բնակավայրի հիմքերի վրա, որը հիմնովին ավերվել էր նաև Հասան խանի արշավանքների ժամանակ։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ։

Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին և հնագույն դամբարանադաշտը` մ․թ․ ա. 4-1 հազարամյակի։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։ Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթյան համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Բնակլիմայական պայմաններ

Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումների քանակը ցածր է։ Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս։ Լինում է կարկտահարություն, սելավներ։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր։ Աղետալի են եղել 1926 թ. և 1988 թ. երկրաշարժերը։

Բնակչություն

Հարթագյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 195 1 514 969 1 507 1 620 1 722 1 344 1 226 1 500

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 117» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.