Ջրաշեն (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
գ․ Ջրաշեն
Այս հոդվածը Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջրաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ջրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3756 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1821
Ջրաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)##
Ջրաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)
Ջրաշեն (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Ջրաշեն (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Ջրաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Ընդհանուր նկարագրություն

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերին։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից 1828 թ.-ին։ Քանի որ առաջին մի քանի ընտանիքները շնչերի քանակով չէին լրացնում այն անհրաժեշտ թիվը, որպեսզի բնակավայրը գյուղի կարգավիճակ ստանար, ուստի միայն 1830 թ.-ին, երբ արդեն ռուս-թուրքական պատերազմի հետևանքով բնավեր եղած այլ ընտաքիներ ևս եկել և հիմնվել գյուղատեղում, այն գրանցվեց որպես գյուղ և կոչվեց Վարնդավ (բարբառվեց՝ Որդնավ), ի պատիվ նախկինում նույն վայրերում գոյություն ունեցած, սակայն ավերված ու լքված, նույնանուն գյուղի։

Գյուղի շրջակայքում, օրինակ, «Արպադարասի» կոչվող հանդնամասում քննախույզ աչքը կարող է նկատել նախկին գյուղատեղի հետքերը։

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ, ընդգրկված են Ջրաշենի հետևյալ հուշարձանները.

1. Մ.Թ.Ա. 4-3 հազարամյակների բնակատեղի, որը գտնվում է գյուղի մեջ, գետակի ձախ ափին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 2. 19-20-րդ դարերի գերեզմանոց, որը գտնվում է գյուղի հարավային եզրին, 3. Միջնադարյան գյուղատեղի, որը գտնվում է «Արփադարասի» կոչվող վայրում, 4. Մ.Թ.Ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, որը գտնվում է Ջրաշենի արևելյան եզրին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 5. 1884 թ. կառուցված եկեղեցի և 19-րդ դարի զանգակատուն՝ գյուղի մեջ, որը 1988 թ. երկրաշարժից ավերվել է։

Անվան ստուգաբանություն

Մեզ հասած ստուգաբանություններից մեկն այն է, որ Ավարայրի ճակատամարտից հետո ի պատիվ Վարդան զորավարի, այդ ժամանակի չափանիշներով մեծ ու նշանավոր շեներից շատերը վերանվանվեցին դյուցազնասիրտ սպարապետի անունով։ Ենթադրվում է, որ գյուղը նախ կոչվել է Վարդանավան, ապա խոսակցական լեզվում, հնչյունափոխվելով ու կրճատվելով, վերածվել Որդնավի։ Մեկ այլ ստուգաբանություն անունը կապում է վարդ բառի նախնական իմաստի՝ ջրի հետ, այսինքն՝ վարդ-ջուր (վարդավառ-ջուր ցողելու ծես)։ Ըստ երևույթին, հենց սա էլ հիմք ընդունելով՝ 1949 թվականին գյուղը վերանվանվեց Ջրաշեն (մի որոշ ժամանակ կոչվել է նաև Ջրաշատ)։

Կա նաև ավելի պարզ վարկած։ Գյուղը հիմնադրվել է Որդնավ գետի ափին։ Գուցե հենց նրանից էլ առել է իր անունը։

Պատմություն

Երկրաշարժից ավերված 720 տան փոխարեն կառուցվել է միայն կեսը։ Այժմ բնակարանաշինարարության ասպարեզում դրական տեղաշարժեր կան։ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվեց 15 տուն, նույն բանկի կողմից կառուցվել է գյուղի ջրագիծը, լուծվել է խմելու ջրի հիմնահարցը։ Երկրաշարժից առաջ գյուղում գործում էր 35 մահճակալով հիվանդանոցը, որն այժմ վերակառուցվել է։

Չնայած գյուղն ունի 173 տարվա կենսագրություն, սակայն միջնակարգ դպրոցի առաջին շենքը շահագործման է հանձնվել 1956 թ.-ին, նույն թվականին էլ կրթօջախն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Բնակչություն

Ջրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 185 1705 2056 2179 1706 2470 2479 1284 3352 3529

Վարդնավի բնակչությունը 1831-1931թթ[2]

Տարի 1831 1873 1886 1908 1914 1914 1916 1919 1922 1931
Բնակիչ 185 1044 1450 1873 2060 2181 2412 2374 2054 2151


Կրթություն

Վերաբնակեցված տարոնցիները կառուցեցին եկեղեցի, որի շինարարությունն ավարտվեց 1884 թ., և կոչեցին Սբ. Նշան։ Այն հավատքի տան և կրթօջախի իր դերը կատարեց մինչ բռնի փակումը՝ 1930-ական թվականները։ Իսկ խորհրդային շրջանում առաջին դպրոցները բացվել են համեմատաբար մեծ սենյակներ ունեցող տներում և կոչվել տանտերերի անուններով։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 1990թ., ուր սովորում է 425 աշակերտ: http://lori.mtad.am/about-communities/557/

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  2. Կորկոտյան, Զավեն (1932). «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»: 132–133. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)