Եղեգնաձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնաձոր (այլ կիրառումներ)
Մարզկենտրոն | ||
---|---|---|
Եղեգնաձոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Վայոց ձոր | |
Համայնք | Վայոց Ձորի մարզ | |
Քաղաքապետ | Դավիթ Հարությունյան | |
Հիմնադրված է | 5-րդ դար թ. | |
Առաջին հիշատակում | V դար | |
Այլ անվանումներ | Փոնձաթաղ, Եղեգիք, Եղեգյաց Միկոյան, Խոտորալեզ, | |
Մակերես | 27 կմ² | |
ԲԾՄ | 1240 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 7 800[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի[փա՞ստ] | |
Տեղաբնականուն | եղեգնաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (281) | |
Փոստային ինդեքս | 3601 | |
Պաշտոնական կայք | yeghegnadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.) | |
| ||
Եղեգնաձոր, Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։
Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվել Միկոյան՝ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։
1935 թվականին Խոտորալեզը վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր։ 1996 թվականին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվեցին և դարձան մարզ՝ Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։
Ըստ տեղեկությունների 9-րդ դարի առաջին քառորդում, երբ Սյունյաց իշխան Վասակի որդի Փիլիպեն իր նստավայրը փոխադրում է Վայոց ձոր և հաստատվում Եղեգիս գյուղաքաղաքում, Եղեգնաձոր կամ Եղեգեաց Ձոր անունը տարածվում է ամբողջ գավառի վրա։ Իսկ Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է և այն դառնում է գրեթե անմարդաբնակ և երբ այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում, վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին։
Ծովի մակերևույթից քաղաքը գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա։ Համայնքի ֆիզիկա-աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերակշռում է չոր տափաստանային լանդշաֆտը, տարածքում առկա են որոշ ֆրագինային բույսեր (գժնիկի, նշենի, սարի չամչ, գիհի, դաշտավելուկ, փետրախոտ, ցորնուկ և այլն), կենդանիներ (բեզոարյան այծ, գայլ, աղվես, նապաստակ), սողուններ (գյուրզա, իժ,) և թռչուններ (կաքավ, ճնճղուկ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան միջին 400 մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6 °C է, նվազագույնը -22 °C, հուլիսին +35 °C։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայքի Խոյ և Սալմաստ գավառներից։
Համայնքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 7,944 մարդ [2]։
Եղեգնաձորի ազգաբնակչության փոփոխությունը ըստ ՀՀ մարդահամարների [3].
Տարի | 1831 | 1990 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 232 | 12000 | 8187 | 7944 | 7800 |
Բնակչության սեռային կազմում խիստ անհամամասնություն կա, որը պայմանավորված է արտագաղթով։ 2011 թվականին քաղաքում առկա բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 4051, տղամարդիկ՝ 3370։
Համեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզը։ Աշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, կրթության, առևտրի, արդյունաբերության, շինարարության և պետական կառավարման ոլորտներում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից գործում է «Գիտելիք» մանկավարժական համալսարանը՝ իր 12 ֆակուլտետներով։ Համալսարանը բուհական և հետբուհական կրթություն է ապահովում եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ 2008 թվականից քաղաքում գործում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը։ այստեղ ուսուցումն իրականացվում է «կառավարում, այդ թվում զբոսաշրջության կառավարում», «ֆինանսներ» և «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Քաղաքում գործում են պետական քոլեջ իր 13 բաժիններով, 4 հանրակրթական դպրոցներ, 3 նախադպրոցական հիմնարկ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, 1 երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մշակույթի տուն։ Գրադարանում գործում են 4 բաժիններ՝ 56119 գրքային ֆոնդով։ Գործում է մշակույթի տան մասնաշենքում մարզադպրոց։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապօգնություն։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի զբոսաշրջային ոլորտում իր նշանակալի ներդրումն ունի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որտեղ պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր։ Քաղաքն ունի 4 զբոսայգի։ Մոմիկի անվան այգին, որն ունի խաղահրապարակ, կարուսելներ, ամֆիթատրոն՝ իր հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համերգներ։ Միկոյանի անվան զբոսայգին, որտեղ էլ տեղադրված է Անաստաս Միկոյանի արձանը։ Քաղաքի բնակչությունը, որպես հանգստի գոտի, օգտագործում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության զարգացումը նկատելի է դարձել 1931 թվականից հետո, երբ այն դարձավ վարչական կենտրոն։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը այն հանդիսանում էր զարգացած տնտեսություն ունեցող բնակավայր։ Այստեղ գործում էին Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման և «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղը։ Այստեղ բուծում էին բալբաս ցեղատեսակի ոչխարներ, որի բուրդը լավագույն հումք էր հանդիսանում գորգագործության համար։ Մեծ ճանաչում է ունեցել ոչխարի կաթից արտադրվող «Բրինզա» պանիրը։
Ներկայումս քաղաքում զարգանում է վերամշակող արդյունաբերությունը, գործում են կահույքի, քարերի և շինանյութերի, գինե տակառների արտադրամասեր, տրիկոտաժի և կարի արտադրություն։ Այստեղ գործում է սարքերի գործարան, որտեղ արտադրվում են չափիչ սարքեր։ Արագ զարգանում է ագրոարդյունաբերությունը, որտեղ արտադրվում են գինիներ, կաթնամթերք, պահածոներ։ Քաղաքում գործում է ալրաղաց։
Համայնքում մշակվող հողահանդակները կազմում են 598 հա, որից 427 հա վարելահողերն են, ուր մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կերային բույսեր։ Մեծ տարածում ունեն խաղողի և պտղատու այգիները՝ 105 հա, դրանց բերքի հիմնական մասը վերամշակվում է տեղի պահածոների և գինու գործարաններում։ Զբաղվում են անասնապահությամբ։ Վերջին տարիներին ստեղծվել են այծաբուծական ֆերմաներ, ավելացվում է այծերի գլխաքանակը, քանի որ այստեղ արտադրավող այծի պանիրը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում և արտահանվում է մարզի սահմաններից դուրս։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնաձորի մոտ են գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար), 12-ից 16-րդ դարերի խաչքարեր, 4-րդ դարի ամրոց, 17-րդ դարի եկեղեցի (վերակառուցված 19-րդ դար)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցի
-
Եսայի Նշեցու հուշարձան
-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Եղեգնաձոր
-
Հուշարձան Արցախյան ազատամարտում զոհվածներին, Եղեգնաձոր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Եղեգնաձոր. համայնքի մասին». Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնաձոր» հոդվածին։ |
|
|
|