Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երեմիա Չելեպի-ից)

Երեմիա Չելեպի (Քյոմյուրճյան) (1637 - 1695) - հայ մատենագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հմտանալով մի շարք լեզուների մեջ (գրաբար, թուրքերեն, լատիներեն, հունարեն, ինչպես նաև եվրոպական մի քանի նոր լեզուներ)։ Եղել է բազմակողմանիորեն զարգացած գործիչ։ Վարել է պատասխանատու պաշտոններ թուրքական պետական հաստատություններում, եվրոպական դեսպանատներում։ Շրջագայել է մի շարք վայրեր (Հալեպ, Երուսաղեմ, Ղրիմ), Պոնտոսի վրայով եկել է նաև Արևելյան Հայաստան, եղել է Էջմիածնում, Երևանում։ Վերադառնալով ծննդավայր, ձեռնամուխ է եղել տպագրական, հրատարակչական գործին։ 1677-ին հիմնել է տպարան, տպագրել Ներսես Շնորհալու «Հիսուս որդին» և իր ստեղծագործություններից «Գովաբանութիւնք տնօրինական տեղեաց յԵրուսաղէմ» չափածո նկարագրական աշխատությունը։ Գրել է գեղարվեստական, պատմական, տեղագրական աշխատություններ, որոնցից մի քանիսը լույս են տեսել։ Տպագրված աշխատություններից են «Ստամպոլայ պատմութիւն» չափածո տեղագրական աշխատությունը, որ հրատարակել է Վ. Թորգոմյանը հմտալից ծանոթագրություններով (հատոր Ա, Վիեննա, 1913, հատոր Բ, 1932, հատոր Գ, 1938)։ «Ստամպոլայ պատմութիւն»-ը լույս է տեսել նաև թուրքերեն Հ. Անդրեասյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Մյուս աշխատություններից հիշատակության են արժանի «Եկեղեցեաց պատմութիւն»-ը, «Տարեգրական պատմութիւն»-ը, մանավանդ «Օրագրությունը», որը լույս է տեսել Երուսաղեմում 1939-ին։ Պոլսի եվրոպական դեսպաններից մեկի խնդրանքով գրել է Պարսկաստանի, Հնդկաստանի, Անատոլուի (Թուրքիա) և Հայաստանի մանրամասն աշխարհագրությունը։

Կատարել է թարգմանություններ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» գրաբարից թարգմանել է թուրքերենի, վերջում ավելացնելով Բագրատունիների և Ռուսինյանց թագավորության համառոտ պատմությունը։ Թուրքերենի է թարգմանել նաև Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, «Փարիզ և Վիեննա» սիրավեպը (տպ. Կ. Պոլիս, 1871), Նոր կտակարանը և հատվածներ Աստվածաշնչից։ Հունարենից և լատիներենից հայերենի է թարգմանել մանր ու մեծ մի շարք երկեր։

Գրել է բազմաթիվ բանաստեղծություններ (գրաբար կամ թուրքերեն), տաղեր, նամակներ և այլն, որոնց մի մասը տպագրվել է «Օրագրությա»ն հետ միասին նույն հատորում։ 1960-ին ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը հրատարակել է նրա անտիպ մի շարք տաղերը Հ. Սահակյանի առաջաբանով և ծանոթագրություններով։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող», էջ 307-308. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ