Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Նոյեմբեր 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Նոյեմբեր ամսվա հոդվածները
Նոյեմբերի 1
Կախեթի թագավորության դրոշը
Կախեթի թագավորության դրոշը

Կախեթի թագավորություն (վրաց.՝ კახეთის სამეფო՝ կախեթիս սամեփո 1465-1762), միջնադարյան ավատատիրական պետություն Պատմական Վրաստանի արևելքում։ Որպես ինքնուրուն միավոր՝ ընդմիջումներով գոյատևել է ավելի քան մեկ հազարամյակ (637-1762)։

Հիմնադրումը կապված էր Վիրքի թագավորության փլուզման հետ։ Արքայական գահի ներկայացուցիչները՝ Խոսրովիանիները, 6-րդ դարի վերջերում առանձնանում են Արևելյան Վրաստանի լեռներում, և 7-րդ դարի առաջին կեսին, օգտվելով արաբական արշավանքներից, իրենց անկախ հայտարարում։

8-րդ դարի ընթացքում այն դառնում է Տփղիսի ամիրայության մասը, սակայն կարճ ժամանակ անց կրկին ինքնուրույնություն է ձեռք բերում։ Կախեթի գահին բազմում են վրացական Դոնաուր և Արևմանել տոհմերի ներկայացուցիչները, իսկ 11-րդ դարում՝ հայ Բագրատունիների Տաշիր-Ձորագետի ճյուղը՝ Կյուրիկյանները։ Ավելին

Նոյեմբերի 2
Ժամանակի դանդաղում
Ժամանակի դանդաղում

Ժամանակի դանդաղում, հարաբերականության տեսությունում իրադարձությունների ժամանակների տարբերությունը, որը չափում են միմյանց հանդեպ շարժման մեջ գտնվող դիտորդները:

Մի դիտորդի նկատմամբ դադարի վիճակում գտնվող ճշգրիտ ժամացույցը երկրորդ դիտորդի նույնչափ ճշգրիտ ժամացույցի հետ համեմատած կարող է ընթանալ այլ արագությամբ: Այս էֆեկտը չի առաջանում ժամացույցներով պայմանավորված տեխնիկական պատճառներից կամ այն փաստից, որ ազդանշանի տարածվելու համար ժամանակ է պահանջվում, այլ հենց տարածաժամանակի բնույթով:

Սփեյս Շաթլի ժամացույցները ավելի դանդաղ են շարժվում, քան Երկրի վրա գտնվող ժամացույցները, մինչդեռ գլոբալ տեղորոշման համակարգի և Գալիլեյ արբանյակային տեղորոշման համակարգի արբանյակները մի քիչ ավելի արագ են ընթանում: Ավելին

Նոյեմբերի 3
Գրիգոր Վանցյան
Գրիգոր Վանցյան

Գրիգոր Խաչատուրի Վանցյան (1870 - 1908), հայ լեզվաբան, գրաքննադատ։

Գրիգոր Վանցյանը ծնվել է 1870 թվականին, Ախալքալաքի գավառի Բեժանո գյուղում:

Մանուկ հասակում մի կարճ շրջան սովորել է Սուրբ Մինաս եկեղեցուն կից գործող ծխական դպրոցում։ Նրա ծնողները, ապրելով նյութական չափազանց սուղ պայմաններում, ուսումնառության հարցում գրեթե ոչնչով չեն կարողացել օգնել իրենց որդուն, և վերջինիս մանուկ հասակից իր հովանու տակ է վերցրել քեռին՝ Գևորգ Խուդավերդյանը (մահ․ 1892 թ․): Քեռու ջանքերով էլ Վանցյանը 1885 թվականի աշնանն ընդունվել է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան (այնտեղ սովորել է 1885–1890 թվականներին)։

Ս. Ղլտճյանի վկայությամբ՝ Գրիգոր Վանցյանը, իրենց զանգեզուրցի ընկեր Արամ Առաքելյանն ու ևս մեկ ընկեր Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ապրել են Թիֆլիսի Սերեբրեննայա փողոցում գտնվող մի բնակարանում` շուրջ 3 տարի գտնվելով նյութական ծանր պայմաններում, մինչև որ դպրոցի հոգաբարձությունը Ա. Առաքելյանին նշանակել է թոշակ, իսկ իրեն ու Գ. Վանցյանին ընդունել դպրոցի գիշերօթիկ աշակերտների շարքը: Ավելին

Նոյեմբերի 4
Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է մոտ մեկ դար։ Այն Ռուսական կայսրությանն է միացել երկու փուլով՝ 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների ընթացքում։ Առաջին աշխարհամարտից ընթացքում՝ 1918 թվականին, Արևելյան Հայաստանում վերականգնվել է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Մինչ այդ՝ Հայաստանի երրորդ (1555) և չորրորդ (1639) բաժանումների ընթացքում ամրագրվել էր Հայաստանում թուրք-պարսկական տիրապետության հաստատումը։ Արևմտյան Հայաստանը անցել էր Օսմանյան կայսրությանը, որտեղ ձևավորվել էին փաշայություններ, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին։ Ավելին

Նոյեմբերի 5
Տեմպիո Պաուզանիայի զինանշանը
Տեմպիո Պաուզանիայի զինանշանը

Տեմպիո Պաուզանիա (իտալ.՝ Tempio Pausania), կոմունա Իտալիայում, գտնվում է Սարդինիայի տարածաշրջանում, ենթարկվում է Օլբիա-Տեմպիո վարչական կենտրոնին։ «Պաուզանիա» բառը քաղաքի անվանումին ավելացվել է 19-րդ դարի կեսին և 20-րդ դարի սկզբին, որպեսզի հավերժացնեն այն բնակավայրի անունը, որն այստեղ է եղել 4-րդից 6-րդ դարերում: Բնակավայրի հովանավոր սուրբն է համարվում Պողոս Եգիպտացին: Ամեն տարի նրա տոնը նշվում է օգոստոսի 30-ին:

Տեմպիո Պաուզանիան տարածված է գրանիտե բլրապատ սարահարթում, որը պատված է խցանակաղնիներով: Հարավ-արևելքում տարածքը բարձրանում է՝ հասնելով Լիմբարա լեռնային շրջանին (1359 մ): Տեմպիոյի կլիման մերձարևադարձային միջերկրածովային է. մեղմ անձրային ձմեռներով և չոր, տաք ամառներով: Ավելին

Նոյեմբերի 6
Դաւիթը եւ իր տաւիղը, նկարչութիւն,Փարիզի սաղմոսաց գիրք, 960 թ, Կոստանդնուպոլիս
Դաւիթը եւ իր տաւիղը, նկարչութիւն,Փարիզի սաղմոսաց գիրք, 960 թ, Կոստանդնուպոլիս

Երաժշտութիւն (յունարէն՝ μουσική [նկատի կ'առնուի τέχνη կամ ἐπιστήμη], ենթակայ յունարէն՝ μούσα - մուզա բառէն), արուեստի տեսակ, որու գեղարուեստական նիւթը համակարգուած ձայնն է: Երաժշտութիւնն առաջացած է Պալեոլիթի մէջ: Կ'ենթադրուի, որ ժամանակակից մարդը ի յայտ եկած է Ափրիկէի մէջ` մօտ 160 000 տարի առաջ: Մօտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակութիւն հաստատեցին կեանքի յամար բոլոր մայրցամաքներուն մէջ: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, ատոնցմէ նաեւ՝ առաւել մեկուսացած ցեղախումբերը, ունին երաժշտութեան որոշ տեսակներ, պատմաբանները եկած են այն եզրակացութեան, որ երաժշտութիւնը պետք է ըլլար Ափրիկէի առաջին մարդոց մօտ, մինչեւ իրենց տարածումը Երկրով: Կ'ենթադրուի, որ Ափրիկէի մէջ ծագումէն յետոյ` երաժշտութիւնը արդէն իսկ կայ ամենէն քիչը 50 000 տարիէ ի վեր, կը գոյատեւէ այդ ժամանակներէն սկսեալ եւ աստիճանաբար դարձած է ամբողջ մոլորակին մէջ մարդոց կեանքի անբաժանելի մասը: Ավելին

Նոյեմբերի 7
Թու Չեյնս
Թու Չեյնս

Թաուհիդ Էփս (անգլ.՝ Tauheed Epps, ծնվ.` սեպտեմբերի 12, 1977 թ., Քոլեջ Փարկ, Ջորջիա), ավելի հայտնի է որպես Թու Չեյնս (անգլ.՝ 2 Chainz, նախկինում նաև Թիթի Բոյ (անգլ.՝ Tity Boi) անվամբ), ամերիկացի ռեփեր: Երաժշտական կարիերան սկսել է 1997 թվականին՝ որպես Playaz Circle հիփ հոփ դուետի անդամ, որի մյուս անդամը նրա մանկության ընկեր Ըրլ Քոներսն է: Դուետի կազմում նա հանդես էր գալիս Թիթի Բոյ անունով: Ամերիկացի ռեփեր Լուդաքրիսի Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, նրանք 2007 թվականին թողարկեցին իրենց առաջին ալբոմը, որը կրում է «Supply & Demand» անվանումը: Այդ ալբոմի երգացանկը ներառում էր «Duffle Bag Boy» հիթային սինգլը: 2009 թվականին դուետը թողարկեց «Flight 360: The Takeoff» կոչվող երկրորդ ալբոմը, իսկ 2010 թվականից դադարեց գործել: Ավելին

Նոյեմբերի 8
Դեյվ Գրոլ
Դեյվ Գրոլ

Դեյվիդ (Դեյվ) Էրիկ Գրոլ (Անգլ. David Eric Grohl, ծնվել է 1969 թվականի հունվարի 14-ին), Ամերիկացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ: Առավել հայտնի է որպես Նիրվանա ռոք խմբի թմբկահար` 1990 թվականից մինչև նրա փլուզումը` 1994 թվական, և իր սեփական խմբում ` Foo Fighters-ում, որպես կիթառահար երգիչ, որը 2014 թվականից թողարկել է 8 կոմերցիոն, հաջող ալբոմներ:

Գրոլի երաժշտական գործունեությունը սկսվել է 1980-ականներին, երբ նա նվագել է մի քանի վաշինգտոնյան խմբերում:

1995 թվականին նա հիմնադրել է Foo Fighters ռոք-խումբը: Ի զարմանս շատերի, 2002 թվականին նա ընդունեց Queens Of The Stone Age-ի ալբոմի ձայնագրման և համերգային շրջագայության ժամանակ աջակցության մասին հրավերը, չնայելով նրան , որ Foo Fighters-ը արդեն պատրաստ էր նոր ալբոմ հեռարձակելուն: 2005 թվականից համագործակցել է Garbage խմբի հետ:

Ըստ բրիտանական Classic Rock ամսագրի, Դեյվը ռոք պատմության մեջ համարվում է № 2 հարվածորդը, Led ZeppelinՋոն Բոնեմայից հետո: Ավելին

Նոյեմբերի 9
10 Արեգակի զանգված ունեցող սև խոռոչի պատկերը Ծիր Կաթինում
10 Արեգակի զանգված ունեցող սև խոռոչի պատկերը Ծիր Կաթինում

Հարաբերականության ընդհանուր տեսությունը 1915 թվականին Ալբերտ Այնշտայնի հրատարակած գրավիտացիայի երկրաչափական տեսությունն է և գրավիտացիայի այժմյան նկարագրությունը ժամանակակից ֆիզիկայում։

Հարաբերականության ընդհանուր տեսությունը ընդհանրացնում է հարաբերականության հատուկ տեսությունը և Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքը՝ ապահովելով գրավիտացիայի միասնական նկարագրությունը որպես տարածության և ժամանակի կամ տարածաժամանակի երկրաչափական հատկություն։

Մասնավորապես, տարածաժամանակի կորությունը ուղղակիորեն կապված է էներգիայի և իմպուլսի հետ՝ անկախ նյութի և ճառագայթման ներկայությունից։ Այս առնչությունը հատկորոշվում է Այնշտայնի դաշտի հավասարումներով, որոնք մասնակի դիֆերենցիալ հավասարումների համակարգ են։ Ավելին

Նոյեմբերի 10
Միջմշակութային կոմպետենտությունն ընդունակություն է՝ հաղորդակցվելու այլ մշակույթի ներկայացուցիչների հետ՝ անկախ ռասայական, քաղաքական, էթնիկ, սեռական պատկանելիության:
Միջմշակութային կոմպետենտությունն ընդունակություն է՝ հաղորդակցվելու այլ մշակույթի ներկայացուցիչների հետ՝ անկախ ռասայական, քաղաքական, էթնիկ, սեռական պատկանելիության:

Միջմշակութային կոմպետենտություն, ընդունակություն արդյունավետ հաղորդակցվելու այլ մշակույթների ներկայացուցիչների հետ: Միջմշակութային կոմպետենտության կառուցվածքի մեջ մտնում են.

  • Մշակութաբանական ընդհանուր և հատուկ գիտելիքիներ,
  • Շփման, հաղորդակցման կարողություն,
  • Միջմշակութային հոգեբանական ընկալունակություն:

Միջմշակութային հաղորդակցության կոմպետենտությունը միջոց է միջմշակութային համատեքստում արդյունավետ հաղորդակցության համար: Վերջին տարիներին հետազոտողները առանձնացնում են առավել կարևոր փաստերը, որոնք կապված են միջմշակութային հաղորդակցության կոմպետենտության հետ: Բրայան Սպիցբերգի կողմից կազմվեց այն մոդելը, որը ներառում էր միջմշակութային հաղորդակցության կոմպետենտության 3 հիմնական բաղադրիչները... Ավելին

Նոյեմբերի 11
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից: Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալի պատմական և ժամանակակից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի և 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք մետաղներից (պղնձա-նիկելային համաձուլվածք, արույրապատ պողպատ, արույր): Ոսկե մետաղադրամները թողարկվել են 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000 և 1 միլիոն դրամ անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000 և 20 000 դրամ, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 100 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ: Ավելին

Նոյեմբերի 12
Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Ավելին

Նոյեմբերի 13
Սերոբ Աղբիւր
Սերոբ Աղբիւր

Սերոբ Աղբիւր (իսկական անունը՝ Սերոբ Վարդանեան, 1864, Սոխորդ , Ախլաթ - 1 Նոյեմբեր 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆետայի։

Սերոբ Աղբիւր Տարօնի Ախլաթ գաւառի Սոխորդ գիւղէն էր: Կրտսերն էր չորս եղբայրներու։ Մեծ եղբայրը՝ Մխօ գիւղապետն էր։ Սոխորդի մէջ ուսման հնարաւորութիւն չըլլալուն պատճառով, Սերոբ իր մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուց է ձիավարութեամբ եւ որսորդութեամբ՝ Նեմրութ լերան լանջերուն թէ բարձունքներուն։

Սերոբի կազմաւորման մէջ բախտորոշ դեր ունեցած է իր Առաքել հօրեղբայրը: Առաքել երկար տարիներ Պոլիս ապրելէ եւ ուսանելէ ետք՝ 1885-ին, Սոխորդ վերադարձած էր։ 21-ամեայ Սերոբը փարած իր հօրեղբօր բերած գաղափարներուն կը սորվի գրել-կարդալ ու ինքնազարգացման ճամբով կը բացուի հայ հոգեմտաւոր ժառանգութեան: Այս բորոլը դրական դեր ունեցան Ախլաթի հայութեան կեանքէն ներս (ռաւելաբար քիւրտերով եւ չերքէզներով շրջապատուած, բայց իր 35 գիւղերով զուտ հայաբնակ շրջան էր Ախլաթը)։

Կանուխ տարիքէն բախում ունեցած է քիւրտերու հետ, սպաննելով անոնցմէ մէկը ու անցած արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումանիոյ մէջ հանդիպելէ ետք, որոշած է վերադառնալ Արեւմտեան Հայաստան եւ զբաղիլ իր հայրենիքի պաշտպանութեամբ։ Հայաստան մտնելու պահուն հանդիպած է թշնամիին ջոկատին եւ յաջողած է իր խումբով ետ մղել զանոնք: Ավելին

Նոյեմբերի 14
Նեյմար
Նեյմար

Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիոր (պորտ.՝ Neymar da Silva Santos Júnior, փետրվարի 5, 1992), բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Բարսելոնայում և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Տասնմեկ տարեկանում ընդունվել է Սանթոսի մանկապատանեկական ակադեմիա, իսկ 2009 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում: Հենց այդ տարի նա ճանաչվեց բրազիլական Լիգա Պաուլիստա մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը: 2010 թվականին Սանթոսի կազմում նա դարձավ Սան Պաուլո նահանգի չեմպիոն (մրցաշրջանի լավագույն խաղացող) և Բրազիլիայի գավաթակիր (դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գոլ): Մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվեց Լիգա Պաուլիստայի լավագույն խաղացող ու լավագույն հարձակվող և Բրազիլիայի առաջնության լավագույն հարձակվող: Բոլոր մրցաշարերում նա անցկացրեց 62 հանդիպում և խփեց 42 գոլ: Արժանացել է ՖԻՖԱ-ի Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի Ֆլամենգոյի դեմ խաղում խփած գոլի համար: 2011 թվականին նրա շնորհիվ թիմը նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, ինչը թիմին չէր հաջողվել անել 1963 թվականից:

2013 թվականի ամռանը նա դարձավ իսպանական Բարսելոնայի խաղացող, որը նրա համար վճարեց 57 միլիոն եվրո: Ավելին

Նոյեմբերի 15
Ֆիլմի պոստեր
Ֆիլմի պոստեր

«Ճիչ 4» (անգլ.՝ Scream 4), 2011 թվականի ամերիկյան սլեշեր ֆիլմ, որը «Ճիչ» ֆիլմաշարի 4-րդ ֆիլմն է: Ֆիլմը նկարահանվել է Ուես Քրեյվենի կողմից, իսկ սցենարը գրել է Քևին Ուիլիամսոնը: Ֆիլմի գլխավոր հերոսների դերերը կատարում են Նիվ Քեմփբելը, Քորթնի Կոքսը, Քևին Ուիլիամսոնը, Դեյվիդ Արքեթը, Էմմա Ռոբերթսը և Հեյդեն Պեյնթիերը: Սցենարը պատմում է Սիդնի Փրեսքոթի մասին, ով Վուդսբորո քաղաքի սպանություններից 10 տարի անց գալիս է իր հայրենի քաղաք, որպես իր գրքի տուրի մի մաս: Երբ նա ժամանում է, Ուրվականի դեմքը կրկին սկսում է Վուդսբորոյի ավագ դպրոցի ուսանողների սպանությունները, ներառյալ իր զարմուհու ընկերներին: Փրեսքոթը, Գեյլ Ուեզերսը և Դյուի Ռայլին կրկին միավորվում են մարդասպանին կանգնեցնելու համար: Սակայն մինչ դա, նրանք պետք է սովորեն «նոր սերնդի» մարդասպանի կանոնները:

Սկզբում ֆիլմաշարը պետք է լիներ եռապատում, բայց 4-րդ ֆիլմի թույլտվությունը տվեց Բոբ Ուեյնշտեյնը: Կախված ֆիլմի բյուջեի հետ, այն պետք է լիներ նոր եռագրության առաջին մասը: Քեմփբելը, Արքեթը և Կոքսը եղան միակ դերասանները, ովքեր մնացին ֆիլմի կազմում և եղան առաջինները, որոնք 2009 թվականի ապրիլին համաձայնություն տվեցին ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար: Ավելին

Նոյեմբերի 16
Օմարիոն
Օմարիոն

Օմարի Իշմաել Գրանդբերի (անգլ.՝ Omari Ishmael Grandberry, ծնվ. 1984թ. նոյեմբերի 12, Ինգլվուդ, Կալիֆորնիա), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան: 1999 թվականից հանդիսացել է B2K խմբի գլխավոր վոկալիստ: Այդ խումբը 2002 թվականին թողարկել է երկու ալբոմ, որոնցից մեկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում: Խմբի «Bump, Bump, Bump» սինգլը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել առաջին հորիզոնականը: 2004 թվականից B2K խումբը այլևս չի շարունակում իր գործունեությունը:

Խմբի փլուզումից հետո Օմարիոնը սկսեց իր անհատական կարիերան: 2005 թվականին թողարկեց իր դեբյուտային՝ «O» կոչվող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը: 2006 թվականին Օմարիոնը թողարկեց իր երկրորդ՝ «21» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը նույնպես գլխավորել է Billboard 200-ը: 2007 թվականին նա և ամերիկացի ռեփեր Bow Wow-ը թողարկեցին իրենց «Face Off» կոչվող համատեղ ալբոմը: 2010 թվականին լույս տեսավ Օմարիոնի երրորդ՝ «Ollusion» ալբոմը: Նրա չորրորդ ալբոմը, որը կրում է «Sex Playlist» անվանումը, թողարկվել է 2014 թվականին: Այդ ալբոմի «Post to Be» երգը ամերիկյան և միջազգային մի քանի հիթ շքերթում ունեցել է հաջողություն: Ավելին

Նոյեմբերի 17
Պաստորե
Պաստորե

Խավիեր Մատիաս Պաստորե (իսպ.՝ Javier Matías Pastore, հունիսի 20, 1989, Կորդովա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան:

Խավիեր Պաստորեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1998 թվականին՝ «Թալերես» ակումբում: Այդ ակումբին նա երկրպագում էր մանկությունից սկսած: 2007 թվականին կայացավ նրա նորամուտը թիմի հիմնական կազմում: Թիմը այդ ժամանակ հանդես էր գալիս Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Թիմի կազմում նա ընդհանուր հաշվով անց կացրեց ընդամենը 5 խաղ: 2008 թվականին Պաստորեն վարձավճարով տեղափոխվեց «Հուրական»: 2008 թվականի մարտի 24-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում կայացավ նրա նորամուտը, որում «Հուրական» ակումբը պարտվեց 0:1 հաշվով: 2009 թվականի Կլաուսուրայից հետո Պաստորեն դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այն ժամանակ երբ նա «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում 25 մետր հեռավորությունից գրավեց մրցակցի դարպասը և բացեց խաղի հաշիվը, իր ակումբը հաղթեց 4:0 հաշվով, և այդ խաղը «Հուրականի» ամենախոշոր հաղթանակն էր «Ռիվեր Փլեյթի» դեմ ընթացիկ 60 տարվա մեջ: Պաստորեն Մատիաս Դե Ֆեդերիկոյի հետ հարձակման գծում կազմեց հարձակվողական դուետ, որին տվեցին «ֆանտաստիկ» անունը: Ավելին

Նոյեմբերի 18
Պղնձի-քարի դարի գործիք
Պղնձի-քարի դարի գործիք

Պղնձի քարի դար (էնեոլիթ) Վանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ.թ.ա. 5500-4000 թվականներին ունեցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ: Նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիները (Վերին Խաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղաբաշխված են հարթավայրում: Առատաշեն բլուր-բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորին շերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի-քարի դարին բնորոշ խեցեղենը: Նույն շրջանում ինքնատիպ հնագիտական համալիր է ձևավորվել Կուրի միջին հոսանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով: Դարաշրջանի տարբեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայրերում (վերջինս թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդով): Նույն հազարամյակի վերջերից ընդլայնվել է մետաղե իրերի տեսականին:

Հին Հայաստանի մշակույթի էնեոլիթյան փուլը տակավին անբավարար է ուսումնասիրված: Մինչև վերջին տարիներս մեր գիտության մեջ այն նույնիսկ սահմանազատված չէր մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վաղ բրոնզեդարյան մշակույթից, որը ևս անվանում էին էնեոլիթյան: Ավելին

Նոյեմբերի 19
Ուիլիամ Սյուարդ Բերրոուզ (անգլ.՝ William Seward Burroughs, 1914, փետրվարի 5, Միսսուրի, ԱՄՆ - 1997, օգոստոսի 2, Լոուրենս, Կանզաս) ամերիկացի գրող և ակնարկագիր (էսսեիստ): 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան առանցքային հեղինակներից մեկը: Համարվում է ամերիկյան բիթ-սերնդի կարևորագույն ներկայացուցիչը: Ամերիկյան մշակույթի և գրականության ակադեմիայի անդամ (1981 թվականից): Ֆրանսիական մշակույթի և գրականության Շքանշանի առաջնորդ (1984):

Ուիլիամ Բերրոուզը ծնվել է ապահովված ընտանիքում, ավարտել է Հարվարդի համալսարանը, կրթությունը շարունակել է Եվրոպայում, ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: 1940-ական թվականներին ծանոթացել է բիթերի «նեղ շրջանակ» ապագա անդամների հետ: Այս ժամանակներին է վերաբերում նրա առաջին գրական փորձերը: Բերրոուզը իր անդրանիկ գիրքը հրատարակել է բավականին հասուն տարիքում` երեսունինը տարեկանում: Բերրոուզի գրական փառքի հիմքը «Մերկ նախաճաշ» փորձարարական վեպն է, որը լույս է տեսել 1959 թվականին: Հեղինակել է մոտ երկու տասնյակ վեպեր և ավելի քան տասը փոքր արձակի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել ժամանակակից փոփ-մշակույթի, մասնավորապես գրականության և երաժշտության վրա:

1997 թվականին՝ Բերրոուզի մահից հետո, հետաքրքրությունը նրա գրական ժառանգության հանդեպ չի թուլանում: Բերրոուզի գրքերը շարունակում են վերահրատարակվել... Ավելին

Նոյեմբերի 20
Արագած
Արագած

Արագած, Հայաստանի Հանրապետութեան ամենաբարձր կէտը, բարձրութիւնը՝ 4090.1 մեթր։ Այն շրջապատէն մեկուսացած, վահանաձեւ փռուած զանգուած մըն է՝ մօտ 200 ք.մ. շրջագիծով։ Իր վահանակերպ տարածուած լանջերուն հետ միասին կը գրաւէ մօտ 4000 ք.մ.² տարածութիւն՝ Արարատեան ու Շիրակի դաշտերուն, Ախուրեան ու Քասախ գետերու միջեւ։ Երեք կողմէն անոր դրացի են հիւսիսէն՝ Շարայի, արեւելքէն՝ Արայի, հարաւ-արեւմուտքէն՝ Մեծ Արտենիի լեռները։ Եղած է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ եւ Նիգ գաւառներու սահմաններուն մէջ։ Այժմ կը մտնէ Արագածոտնի եւ Շիրակի մարզերու տարածքին մէջ եւ ունի կեդրոնական դիրք։

Արագած անուան ծագումը կապած են Հայկի որդի Արամանեակի կամ ալ Արա աստուծոյ անուններուն հետ (Արագած՝ Արայի գահ)։ Արագածն անցեալին եղած է աշխարհի ամենախոշոր հրաբուխներէն մէկը։ Ունի 400 մ խորութեամբ եւ 3 քմ տրամագիծով հսկայ խառնարան, որուն քայքայուած պատերուն մնացորդները կը կազմեն լերան չորս կատարները։ Խառնարանը հարաւ-արեւելեան կողմէն բաց է եւ կը կապուի շրջապատին։ Կատարները կիսաբոլոր դասաւորուած եւ կը կազմեն 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հիւսիսային կատարն է (4090.1 մեթր)։ Ավելին

Նոյեմբերի 21
Շվարցշիլդի չափականություն, Շվարցշիլդի լուծում, Շվարցշիլդի վակուում, հարաբերականության ընդհանուր տեսության Այնշտայնի դաշտի հավասարումների լուծումներից: Նկարագրում է սֆերիկ զանգվածի դրսի գրավիտացիոն դաշտը, պայմանով, որ մարմնի էլեկտրական լիցքը, անկյունային մոմենտը և տիեզերական կոսմոլոգիական հաստատունը զրո են: Այս լուծումը օգտակար մոտարկում է՝ նկարագրելու համար դանդաղ պտտվող աստղագիտական մարմինները, ինչպիսին են շատ աստղեր և մոլորակներ, ներառյալ Երկիրը և Արեգակը: Լուծումը կոչվել է Կառլ Շվարցշիլդի անունով, ով այն առաջին անգամ հրապարակել է 1916 թվականին:

Ըստ Բիրկհոֆի թեորեմի, Շվարցշիլդի չափականությունը Այնշտայնի դաշտի հավասարումների ամենաընդհանուր գնդաձև սիմետրիկ, վակուումային լուծումն է: Շվարցշիլդի սև խոռոչը կամ ստատիկ սև խոռոչը այնպիսի սև խոռոչ է, որը չունի լիցք կամ անկյունային մոմենտ: Շվարցշիլդի սև խոռոչը նկարագրվում է Շվարցշիլդի չափականությամբ, և զանգվածից բացի, ուրիշ ոչնչով չի կարող զանազանվել մեկ այլ Շվարցշիլդի սև խոռոչից: Ավելին

Նոյեմբերի 22
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Վրաստանի ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք ունեն հավաքորդական կամ ներդրումային նշանակություն և կարող են չհանդիսանալ օրինական վճարամիջոց։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900, 920, 999 հարգի ոսկի և 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (պղնձա-նիկելային համաձուլվածք, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածք) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 10, 20, 25, 50, 100, 300, 500 և 1000 լարի (₾) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 2, 3, 10 և 20 լարի, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 10 լարի, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածքից՝ 2 և 3 լարի, իսկ երկմետաղ դրամներ՝ 10 լարի։ Մետաղադրամները հատվել են BU, special և proof որակներով:

Վրաստանի ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ» մետաղադրամը: Ամենափոքր հուշադրամը «29-րդ ամառային օլիմպիական խաղեր» ոսկե մետաղադրամն է՝ ընդամենը 8.5 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 28.28 գ քաշ: Ավելին

Նոյեմբերի 23
Ունայ Էմերի
Ունայ Էմերի

Ունայ Էմերի Էչեգոյեն (իսպ.՝ Unai Emery Etxegoien, նոյեմբերի 3, 1971, Ֆուենտեռաբիա, Գիպուսկոա, Իսպանիա), բասկական ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ: Լինելով «Վալենսիա» ակումբի գլխավոր մարզիչ՝ երեք անգամ անընդմեջ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 2012 թվականի մայիսից մինչև նույն թվականի նոյեմբերը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակ»-ը: 2013 թվականից համարվում է «Սևիլյա» ակումբի գլխավոր մարզիչը, որի հետ երկու անգամ (ակումբում՝ իր առաջին մրցաշրջանից սկսած) հաղթել է Եվրոպայի Լիգայում:

Ունայ Էմերին «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի սան է, սակայն այդ ակումբի կազմում խաղացել է ընդամենը 5 պաշտոնական խաղ (հեղինակել է մեկ գնդակ «Ալբասետե»-ի դարպասը): Հետագայում ամբողջ կարիերան նա անց է կացրել Սեգունդայի տարբեր ակումբներում:

Ունայը իր կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտել է 2004 թվականին (ծնկի ծանր վնասվածքի պատճառով): Ավելին

Նոյեմբերի 24
Ինքնասպանություն
Ինքնասպանություն

Ինքնասպանություն, սուիցիդ, (լատին․՝ sui՝ ինքն իրեն և caedare՝ սպանել բառերից), իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ։ Հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։ Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում։

Սուիցիդալոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, սակայն մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը։ Ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և հոգեբանները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հոգեբանություն գիտության զարգացման մեջ, քանի որ սուիցիդալ վարքը մեծապես հանդիսանում է հենց հոգեբանության ուսումնասիրությանը ենթարկվող խնդիր, իհարկե այն ոչ միայն հոգեբանական խնդիր է․ այլ գիտություններ նույնպես ուշադրության կենտրոնում են պահում ինքնասպանության հիմնահարցը, պատճառները և դրդող ուղիները... Ավելին

Նոյեմբերի 25
Արտաշեսյանների զինանշան
Արտաշեսյանների զինանշան

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189 - մ.թ.1 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Արտաշես Ա-ի անունով։

Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա հետ է մղել Սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։

Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա-ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը: Ավելին

Նոյեմբերի 26
Դեկու
Դեկու

Դեկու (պորտ.՝ Deco, իսկական անուն՝ Անդերսոն Լուիս դե Սոուզա, պորտ.՝ Anderson Luiz de Sousa, օգոստոսի 27, 1977, Սան Բերնարդու դու Կամպո, Բրազիլիա), բրազիլական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: Հանդես է եկել բրազիլական «Ֆլումինենսե»-ի և Պորտուգալիայի հավաքականի կազմում (2002 թվականին ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն): 2000-ական թվականների կեսերին կիսապաշտպանական դիրքում համարվել է լավագույններից: Դեկուն երկու անգամ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան (2004 և 2006 թվականներին):

Դեկուն եկել է Պորտուգալիա 1997 թվականին՝ 19 տարեկան հասակում: Լիսաբոնի «Բենֆիկա» նա տեղափոխվել է բրազիլական Կորինթիանսից: Դեկուն մարզումների ժամանակ շատ վստահ էր գործում և ցուցադրում էր գեղեցիկ խաղ, սակայն «Բենֆիկա»-ի տնօրինությունը որոշեց բրազիլացուն վարձավճարով տալ Պորտուգալիայի առաջնության երկրոդ դիվիզիոնում հանդես եկող «Ալվերկա» ակումբին: Դեկուն հաջող խաղ էր ցուցադրում և շատ մոտ էր Բենֆիկայի հետ որպես թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ պայմանագիր կնքելուն, սակայն... Ավելին

Նոյեմբերի 27
Նախահայկական Դարաշրջան, մարդկային ընկերութեան կազմաւորունմը հարիւր հազարաւոր տարիներ ընդգրկող երկարատեւ ժամանակաշրջան է։ Արդի գիտութեան համաձայն, մարդը յառաջացած է երկու միլիոն տարի առաջ։

Աշխատանքի միջոցով նախամարդը ստացած է ներկայ մարդու կերպարանքը։ Աստիճանաբար ստացած է ուղիղ կեցուածք, երկու ոտքերու վրայ կանգնելու եւ քալելու, ձեռքի թաթերը գործածելու կարողութիւն։ Ասոր զուգընթաց կազմաւորունած է գանկը, զարգացած են ուղեղն ու միտքը։ Լեզուն եւս ունեցած է համապատասխան յառաջդիմութիւն, առանձին բացագանչութիւններէն բառեր եւ նախադասութիւններ արտասանելու կարողութեան անցնելով։ Ձեռքի եւ մտքի գործակցութեամբ, մարդը պայքարած է բնութեան արհաւիրքներուն դէմ եւ պաշտպանած է իր գոյութիւնը։ Ժամանակի ընթացքին, այս ձեւով, ան տարբերած է կենդանական աշխարհէն եւ հեռացած անկէ։

Հարիւր հազարաւոր տարիներ տեւող այս ընթացքը կը կոչենք Նախնադար։ Նախնադարեան մարդու պատմութեան այս ժամանակաշրջանը կը կոչենք նաեւ՝ Քարէ Դար, որովհետեւ մարդու առաջին եւ հիմնական գործիքը եղած է քարը։ Ավելին

Նոյեմբերի 28
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker» (նաև հայտնի է որպես «This Summer's Gonna Hurt...» կամ «This Summer»), ամերիկյան Maroon 5 խմբի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի մայիսի 15-ին՝ որպես խմբի «V» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է խմբի վոկալիստ Ադամ Լևինի և երգերի հեղինակ/երաժշտական պրոդյուսեր Shellback-ի կողմից, ով նաև երգի պրոդյուսերն է։ Սա սինտփոփ ժանրի ստեղծագործություն է այն մասին, թե ինչպես է երգի կատարողը գերվել բարետես արտաքին ունեցող մի աղջկանով, ով այդքան էլ խելացի չէ և կյանքում միայն հետաքրքրված է նյութական արժեքներով։

Երգը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը այն համարել են 2015 թվականի ամռան հիթ։ Երգը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։ Այն նաև հորիզոնականներ է զբաղեցրել Կանադայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Եվրոպական մի շարք այլ երկրների հիթ շքերթներում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Թրևիս Շնայդերը և Ադամ Լևինը, նկարահանվել է Լոնդոնում և թողարկվել է 2015 թվականի մայիսի 30-ին։ Տեսահոլովակն այն մասին է, թե ինչպես է Լևինը ետնաբեմում նախապատրաստվում իր ելույթին և բեմ բարձրանում։ Երաժշտական քննադատները տեսահոլովակն անվանել են «աշխատանքի համար վտանգավոր», քանի որ... Ավելին

Նոյեմբերի 29
Ֆրանկո
Ֆրանկո

Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդե (Իսպաներեն արտասանություն՝ [fɾanˈθisko ˈfɾaŋko βa.aˈmonde]; դեկտեմբերի 4, 1892, Ֆեռոլ - նոյեմբերի 20, 1975, Մադրիդ), իսպանացի գեներալ, Իսպանիայի ղեկավար 1939 թվականից մինչև իր մահը` 1975 թվականը: Ֆրանկոն ծնվել է զինվորականի ընտանիքում և դարձել է ամենաերիտասարդ գեներալը Իսպանիայում և ամենաերիտասարդ գեներալներից մեկը Եվրոպայում 1920-ական թվականներին:

Որպես ուժեղ պահպանողական՝ նա հիասթափություն ապրեց, երբ 1931 թվականին միապետությունը Իսպանիայում փոխարինվեց հանրապետությամբ: 1936 թվականի ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին Ժողովրդական ճակատից, վերջիններս եկան իշխանության: Դուրս գալով հանրապետության դեմ` Ֆրանկոն և այլ գեներալներ կազմակերպեցին հեղաշրջման փորձ, ինչից սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը: Մյուս գեներալների մահից հետո Ֆրանկոն դարձավ իր կուսակցության միակ առաջնորդը:

Ֆրանկոյի ազգայնական կուսակցությունը ռազմական օգնություն էր ստանում մի քանի ֆաշիստական խմբերից, որոնցից էին Նացիստական Գերմանիան և Իտալիայի թագավորությունը, մինչդեռ Հանրապետական կողմը աջակցություն էր ստանում... Ավելին

Նոյեմբերի 30
Ուեյն Ռունի
Ուեյն Ռունի

Ուեյն Մարկ Ռունի (անգլ.՝ Wayne Rooney, հոկտեմբերի 24, 1985, Լիվերպուլ), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում որպես հարձակվող։ Բազմիցս ճանաչվել է անգլիական ֆուտբոլի իր սերնդի լավագույն ֆուտբոլիստ:

10 տարեկանից հաճախել է Էվերթոնի մանկապատանեկական ակադեմիա, իսկ 2002 թվականին իր դեբյուտն է նշել «իրիսոկների» հիմնական կազմում: Անցկացնելով 2 տարի մերսիդականների հիմնական կազմում՝ 2004 թվականի ամռանը 25,6 մլն ֆունտով տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ: Այդ տարի նա ստանում է «Ուազզա» մականունը: Այդ ժամանակից ի վեր նա հաղթել է Պրեմիեր լիգայի 5 չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգան և 2 անգամ նվաճել է Ֆուտբոլային առաջնության գավաթը: Նաև դարձել է ՊՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող, իսկ 2010 թվականին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մանչեսթեր Յունայթեդի կազմում խփած 237 գոլերով համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից երրորդը:

2003 թվականին սկսեց խաղալ Անգլիայի հավաքականի կազմում: Համարվում է ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում խաղալիս: 2 անգամ խաղացել է Եվրոպայի առաջնությունում և 3 անգամ աշխարհի առաջնությունում: Համարվում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի ... Ավելին

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր