Վիքիպեդիա:Օրվա հոդված/Սեպտեմբեր 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Սեպտեմբեր ամսվա հոդվածները
Սեպտեմբերի 1
Հայերեն 5-6 դարերի ձեռագիր մագաղաթ
Հայերեն 5-6 դարերի ձեռագիր մագաղաթ

Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։ Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։

Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն շարունակել...

Սեպտեմբերի 2
Կալանի արտաքին տեսքը
Կալանի արտաքին տեսքը

Կալան (ծովային կուղբ, կամչատկայի կուղբ կամ ծովային ջրասամույր (լատին․՝ Enhydra lutris)), կզաքիսների ընտանիքին պատկանող ծովային գիշատիչ կաթնասուն։ Ջրասամույրերին մոտ տեսակ է։

Կալանը ունի ջրային միջավայրում ապրելու մի շարք հարմարանքներ, ինչպես նաև համարվում է այն քիչ կենդանի ոչ պրիմատներից մեկը, ովքեր կարողանում են օգտագործել գործիքներ։ Կալաննները բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 18-րդ և 19-րդ դարերում իր թանկարժեք մորթու պատճառով ենթարկվեց զանգվածային կոտորածի, ինչի հետևանքով տեսակը հայտնվեց վերացման եզրին։ 20-րդ դարում մտցվել են ԽՍՀՄ և այլ երկրների Կարմիր գրքի մեջ։ 2009 թվականի դրությամբ կալանների որսը արգելված է գրեթե բոլոր երկրներում։ Կալանների որսը թույլատրվում է միայն Ալյասկայի տեղաբնիկներին՝ ալեուտներին, այդ էլ բացառապես տվյալ շրջանում ձևավորված ազգերի ավանդույթների և սննդային օրակարգի պահպանման պատճառով։

Կալաններին նվիրված առաջին գիտական նկարագրությունը գրել է Գեորգ Ստելերը և հրատարակվել է 1751 թվականին (հետմահու)։ Գեորգ Ստելերը մասնակցում էր Վիտուս Բերինգի գլխավորած Կամչատկայի երկրորդ էքսպեդիցիային շարունակել...

Սեպտեմբերի 3
Լեհական ապստամբությունը ճնշելու համար մեդալ (լեհ.՝ Medal za Uśmierzenie Buntu Polskiego) Ռուսական կայսրության պետական մրցանակ, որով խրախուսվում էին 1863—1864-ական թվականների Լեհական թագավորությունում, Հյուսիս-արևմտյան տարածքում և Վոլին պատմական տարածքներում ապստամբությունը ճնշելու համար։

Մեդալը ստեղծվել է 1865 թվականին, այն ունեցել է երկու ձև՝ թեթև բրոնզե եւ մուգ բրոնզե մեդալ, որոնց արժանացել տարբեր խմբերի մարդիկ։ Հատվել է մոտ 370 հազար բաց բրոնզե և ավելի քան 230 հազար մուգ բրոնզե մեդալ։ Մեդալակիները իրենց կրծքին կրում էին սպիտակ, նարնջագույն և սև գույներով ժապավենը։

Մեդալի հիմնադիրն է Ալեքսանդր IIշարունակել...

Սեպտեմբերի 4
ոչ մի
ոչ մի

«Հռոմեա-պարսկական պատերազմներ, պատերազմների շարք հունա-հռոմեական աշխարհի և իրար հաջորդող երկու իրանական կայսրությունների (Պարթևաստան և Սասանյաններ) միջև։ Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-28 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։

Չնայած պատերազմը հռոմեացիների և պարթևների/Սասանյանների միջև շարունակվեց մոտ 7 դար, սահմանը մնում էր համեմատաբար կայուն։ Ռազմական գործողությունները հիմնականում ներառում էին քաղաքների, ամրությունների, նահանգների գրավում, թալանում և փոխանակում։ շարունակել...

Սեպտեմբերի 5
«Կուզիկը Նոթր Դամից» (անգլ.՝ The Hunchback of Notre Dame), Դիսնեյ ստուդիայի անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 1996 թվականի հունիսի 21-ին։ Ֆիլմը հիմնված է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա, սակայն սյուժեում մտցվել են մի շարք փոփոխություններ։ Գործողությունները կենտրոնացված են Էսմերալդայի՝ գեղեցիկ գնչուհի-պարուհու, Ֆրոլոյի՝ ուժեղ և ազդեցիկ դատավոր, որը հետապնդում է նրան և գաղտնի սիրահարված է, կուզիկ Կվազիմոդոյի՝ որը հնչեցնում է զանգերը Փարիզի Աստվածամոր տաճարում և երիտասարդ կապիտան Ֆեբուսի՝ նույնպես սիրահարված է Էսմերալդային։

Ֆիլմի ռեժիսորներն են հանդիսանում Կյորկ Ուայզը և Գերի Թրուզդեյլը, որոնք եղել են նաև 1991 թվականին թողարկված «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի ռեժոսորները:

Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1482 թվականին շարունակել...

Սեպտեմբերի 6
Արաբական արշավանքները Պարսկաստան (Պարսկաստանի իսլամական նվաճում, նաև Իրանի արաբական նվաճում), Սասանյան Պարսկաստանի գրավումը մուսուլման արաբների կողմից 651 թվականին և Իրանում զրադաշտականության աստիճանական անկումը:

Մուսուլմանների վերելքը համընկավ Պարսկաստանի քաղաքական և ռազմական անկման հետ: Ժամանակին երկու գերհզոր կայսրություններ Սասանյան Պարսկաստանն ու Արևելահռոմեական կայսրությունը քսանամյա տևած քայքայիչ պատերազմի հետևանքով հյուծվել էին: Խոսրով Բ Փարվեզի սպանությունից հետո 4 տարվա ընթացքում գահին նստել էին 10 տարբեր թեկնածուներ, իսկ վերջինը՝ Հազկերտ Գ-ն ընդամենը 8 տարեկան երեխա էր:

Արաբներն առաջին անգամ հարձակվեցին Սասանյան Պարսկաստանի վրա 633 թվականին, երբ զորավար Խալիդ իբն Վալիդը ներխուժեց Միջագետք (ներկայիս Իրաք), որը Սասանյանների քաղաքական և տնտեսական կենտրոնն էր շարունակել...

Սեպտեմբերի 7
«Էլեկտրոնիկի արկածները», ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգի խորհրդային, մանկական, երաժշտական, 3 սերիա ունեցող հեռուստաֆիլմ։ Խորհրդային և ռուսական կինոյի ամենահայտնի, մանկական, լիամետրաժ ֆիլմներից է։ ֆիլմի երաժշտությունը գրել է երգահան Եվգենի Կռիլատովը։

ֆիլմը նկարահանվել է Եվգենի Բելտիստովայի համանուն պոեմի հիման վրա, «Էլեկտրոնիկ՝ ճամպրուկից դուրս եկած տղա» (1964) և «Ռեսի՝ անորսալի ընկեր» (1971)։ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի մարտի 23-ին Օդեսա քաղաքի «Ուկրաինա» կինոդահլիճում, իսկ նույն թվականի մայիսի 2-ին ֆիլմը թողարկվել է հեռուստատեսությամբ։ ֆիլմում հնչում է 1980-ական թվականների ամենահայտնի, մանկական երգերից մեկը՝ «Крылатые качели» («Թևավոր ճոճանակներ»)։ շարունակել...

Սեպտեմբերի 8
Հովհաննես Կուրկուաս (հուն․՝ Ἰωάννης Κουρκούας, գործել է մոտ 915–946 թվականներին), հայկական ծագմամբ բյուզանդական կարևորագույն զորավարներից մեկը: Նրա հաջողությունները մուսուլմանական իշխանությունների դեմ փոխեցին դարավոր բյուզանդա-արաբական հակամարտության ուժերի հարաբերակցությունը հօգուտ Բյուզանդական կայսրության: Նրա ձեռքբերումների շնորհիվ սկսվեց կայսրության 10-րդ դարի «նվաճումների դարաշրջանը»:

Կուրկուասը պատկանում էր Բյուզանդիայում մեծ ազդեցություն ունեցող հայկական Կուրկուասների տոհմին: Որպես կայսերական պահակախմբի ղեկավար, Հովհաննեսը ապագա կայս Ռոմանոս I Լակապենոսի (գահակալել է 920-44 թթ.) կարևորագույն աջակիցներից էր և մեծ ներդրում ունեցավ նրա գահ բարձրանալու մեջ:

923 թվականին Հովհաննեսը նշանակվեց արևելքում տեղակայված բյուզանդական զորքերի գերագույն հրամանատար: Այստեղ նրան դիմակայում էին Աբբասյանների խալիֆայությունն ու բազմաթիվ կիսանկախ մուսուլմանական էմիրություններ շարունակել...

Սեպտեմբերի 9
ոչ մի
ոչ մի

Անդրեյ Շևչենկո (ուկրաիներեն՝ Андрі́й Микола́йович Шевче́нко,սեպտեմբերի 29, 1976, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ուկրաինացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ուկրանիայի ազգային հավաքականի նախկին ավագը և գլխավոր ռմբարկուն։ Ուկրանիայի հավաքականում անցկացրել է 48 հանդիպում։ 2004 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։

Կրկնակի անգամ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկու, եղել է կրկնակի անգամ Իտալիայի առաջնության ռմբարկու։ «Միլան»-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն, լավագույն ռմբարկուն Միլանյան դեռբիների։

6 անգամ ճանաչվել է Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ։ շարունակել...

Սեպտեմբերի 10
Pearl Jam խումբը
Pearl Jam խումբը

Pearl Jam, գրանջ երաժշտական ոճի ակտիվիստ խմբերից մեկը (Alice in Chains, Nirvana և Soundgarden խմբերի հետ միասին), որ հայտնի էին 20-րդ դարի 90-ական թվականների առաջին կեսին։ Խումբը շատ արագորեն հայտնի դարձավ 1991 թվականին թողարկված իր առաջին ալբոմի շնորհիվ, որ կոչվում էր «Ten»։

21-րդ դարում Pearl Jam-ը շարունակում է ալբոմներ թողարկել՝ չնայած նրան, որ իրենց նոր աշխատանքները չեն հասնում հայտնիության այն աստիճանին, որին հասել էին «Ten», «Vs.» և «Vitalogy» ալբոմները։

Իրենց ավելի քան քսանամյա կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 10 ստուդիական ալբոմներ, երկու մինի-ալբոմներ, 8 համերգային ալբոմներ, 4 DVD, 4 հավաքածու, 32 երգ և 263 պաշտոնական բութլեգներ շարունակել...

Սեպտեմբերի 11
Ջիվանի
Ջիվանի

Ջիվանի լրիվ իսկական անուն ազգանունը՝ Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան) (1846, Կարծախմարտի 5, 1909), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։

Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանիմ այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։ Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր շարունակել...

Սեպտեմբերի 12
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին Համաշխարհային Պատերազմ կամ Առաջին Աշխարհամարտ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI) Համաշխարհային պատերազմ հիմնականում կենտրոնացված Եվրոպայում, այն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևեց մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմում զոհվեցին մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ, սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ ոչ ոքի հայտնի չէ։ Այն մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների:

Պատերազմին ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները, որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի կազմում էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և Կենտրոնական ուժերը, որի կազմում էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան։ Մինչդեռ Իտալիան եղել է և՛ Անտանտի և՛ Կենտրոնական ուժերի կազմում շարունակել...

Սեպտեմբերի 13
Մանուկ Աբեղյանին նվիրված 1965 թվականի ԽՍՀՄ փոստային նամականիշ
Մանուկ Աբեղյանին նվիրված 1965 թվականի ԽՍՀՄ փոստային նամականիշ

Մանուկ Աբեղյան (մարտի 5 (մարտի 17), 1865, Թազաքենդ - սեպտեմբերի 25, 1944, Երևան, Հայաստանի ԽՍՀ), հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ։

Մանուկ Խաչատուրի Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով` Աստապատ:

Աստապատում էր գտնվում նաև սուրբ Ստեփանոսի վանքը, որն իր կարմիր տուֆից և աղյուսից կառուցված լինելու պատճառով, կոչվել է նաև Կարմիր վանք շարունակել...

Սեպտեմբերի 14
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ

Քոբայրի վանք կամ Քոբայրավանք (վրացերեն՝ ქობაირის მონასტერი), միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։

Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը շարունակել...

Սեպտեմբերի 15
Գառնու հեթանոսական տաճարը 2014 թվականին
Գառնու հեթանոսական տաճարը 2014 թվականին

Գառնիի հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. 2-րդ դարում։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն

շարունակել...

Սեպտեմբերի 16
«Տերմինատոր: Ջենիսիս», ռեժիսոր Ալան Թեյլորի ֆանտաստիկ մարտաֆիլմը։ Դերերը կատարում են Առնոլդ Շվարցենեգերը, Էմիլիա Կլարկը, Ջեյսոն Կլարկը և Ջայ Քորթնին։ «Տերմինատոր» հեռուստաֆիլմի հինգերորդ ֆիլմն է։ Նախատեսվում է որպես նոր եռերգության առաջին մաս։

Ֆիլմի թողարկման վրա աշխատել են Skydance Productions և Paramount Pictures կինոընկերությունները։ Paramount Pictures֊ը նկարի բյուջեի մեջ է ներառել իր միջոցների 34%-ը այն պայմանով, որ պետք է ֆիլմում անպայման նկարահանվեր Առնոլդ Շվարցենեգերը։ Skydance Productions֊ը կնկարի Տերմինատորի նոր եռերգություն, հրապարակելով երկրորդ մասը 2017 թվականի մայիսի 19֊ին, իսկ երրորդ մասը՝ 2018 թվականի հուլիսի 29֊ին։ Երկրորդ և երրորդ ֆիլմերն կնկարվեն միաժամանակ ինը ամիսների ընթացքում։ 2014 թվականի դեկտեմբերի 5֊ին հրապարկվեց ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Ջենիսիս բառն ունի հետևյալ բացատրությունները՝ «GENeralized Information SYStem» (Ամփոփված տեղեկատվական համակարգ) և «A GENealogical Information SYStem» (գենեալոգիական տեղեկատվական համակարգ) շարունակել...

Սեպտեմբերի 17
«Հայկական հնագրություն, Հնագրության բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է հայերեն գրերի նշանների և նրա տեսակների աստիճանական զարգացումը։ Հայկական հնագրությունը նաև հայ գրերի զարգացման և աստիճանական զարգացման պատմության նկարագիրն է։

Հայերեն այբուբենը ստեղծվել է 406 թվականին Եդեսիա և Սամոսատ քաղաքներում գիտնական-կուսակրոն քահանա Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ինչպես և համաշխարհային այլ գրերի համակարգերում, 1600 տարվա ընթացքում հայ գրերի գրաֆիկական նշանագրությունը կրել է որոշ փոփոխություն։ Միջին դարի հայ գրերի հիմնական 4 տեսակները՝ երկաթագիրը, բոլորգիրը, նոտրգիրն ու շղագիրն են։ Նրանցից առաջինը համարվում է մեծատառ, մնացած երեքը՝ փոքրատառ նշանագրությամբ տառեր։ Այդ տեսակներից յուրաքանչյուրը հնարավոր է ունենան որոշակի տարատեսակներ։

Առաջին գիտական վիճաբանությունները հայ գրերի տեսակների վերաբերյալ հայտնվել են 17-18-րդ դարերում հնագրության որպես գիտության կանոնի ի հայտ գալու ժամանակաշրջանում։ 1711 թվականին Յոհան Շրյոդերը իր «Հայոց լեզվի գանձարան» աշխատության «անգլ.՝ De Orthographia» բաժնում վերանայում է հնագրությանը վերաբերող հարցեր։»շարունակել...

Սեպտեմբերի 18
Սովորական իգուանան ծառի ճյուղի վրա
Սովորական իգուանան ծառի ճյուղի վրա

Սովորական իգուանա կամ կանաչ իգուանա (լատին․՝ Iguana iguana), իգուանանմանների ընտանիքին պատկանող բուսակեր խոշոր մողես է, որը վարում է ցերեկային կենսակերպ։ Բնակվում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Առաջնային բնական արեալը ընդգրկում է Մեքսիկայից հարավ դեպի Բրազիլիա և Պարագվայ ընկած զգալի տարածքները, ինչպես նաև Կարիբյան ծովի կղզիները։ Բացի այդ, որոշ պոպուլյացիաներ, որոնց նախնիները ընտանի կենդանիներն էին, ձևավորվել են ԱՄՆ-ի որոշ տարածքներում՝ Ֆլորիդայի հարավում (ներառյալ Ֆլորիդա-Քեյս կղզին), Հավայան կղզիներում և Տեխասի Ռիո-Գրանդե գետի հովտում։

Հասուն առանձնյակների մարմնի երկարությունը՝ քթից մինչև պոչի ծայրը, սովորաբար չի գերազանցում 1,5 մ, թեպետ պատմության մեջ հայտնի են առանձնյակներ, որոնք ունեին 2 մ-ից ավել երկարություն և 8 կգ քաշ: Շնորհիվ վառ գունավորման, հանգիստ բնավորության և հաշտակեցության, սովորական իգուանաները հաճախ դառնում են ընտանի կենդանիներ։ Բայց և այնպես, նրանց խնամակալելը պահանջում է ճիշտ և մաքուր խնամք․ պահանջների մեջ են՝ հատուկ սարքավորված տերարիում՝ մեծ տարածքով, նորմալ խոնավության, ջերմաստիճանի և լուսավորման առկայություն շարունակել...

Սեպտեմբերի 19
Օդային ծովահեններ (ճապ.՝ エレメンタル ジェレイド , ռոմանականացված՝ էրեմենտաուրու ձերայդո, Elemental Gelade, 核石 (կակու իսի), հա - Էլեմենտալ ("gelade" քարի տեսքով)), 18 հատորանոց արկածային շոնեն-մանգա, որը գրվել ու նկարվել է Աձումա Մայումիի կողմից։ Իսկ ավելի ուշ այն դարձել է հումորային-սիրային անիմե, որի ռեժիսորը Սիգերու Ուեդան։

Անիմեի և մանգայի սյուժեն ծավալվում է Գարդիա աշխարհում, որտեղ հիմնական փոխադրամիջոցներն են շոգեքարշերը, շոգենավերը, ինչպես նաև ամենատարբեր օդանավերի տեսակները, որոնք օգտագործում են սկսած պտուտակային և վերջացրած հրթիռային շարժիչներ։

Գարդիայում ապրում են երկու հիմնական ռասաներ՝ Գարդիացիները՝ մարդիկ, և Էդել Ռայդերը՝ երկարակյաց ռասա, որը ունի հնարավորություն կիսվել ուժով իր զույգի հետ, և դառնալ հզորագույն զենք։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին Էդել Ռեյդերին վերաբերվել ինչպես սովորական զենքերին, որոնց կարելի է օգտագործել սեփական նպատակին հասնելու համար, և դրա արդյունքում Էդել Ռայդերը սկսեցին չվստահել մարդկանց շարունակել...

Սեպտեմբերի 20
Զանգվածային մշակույթ, մեծամասնության մշակույթ, կենցաղի, զվարճանքների և ինֆորմացիայի մշակույթ, որը տիրապետող է ժամանակակից հասարակության մեջ: Վերջինս ներառում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են զանգվածային լրատվամիջոցները՝ որպես զանգվածային տեղեկատվական միջոցներ (ներառյալ հեռուստատեսությունն ու ռադիոն), սպորտ, երաժշտություն, գրականություն, կերպարվեստ և այլն: Զանգվածային մշակույթի բովանդակությունը պայմանավորված է առօրյա իրադարձություններով, ձգտումներով և պահանջմունքներով, որոնք կազմում են բնակչության մեծամասնության կյանքը:

Զանգվածային մշակույթի մասին գաղափարն ի հայտ եկել 1920-ական թվականներին, երբ զարգացման արդյունաբերական փուլում անհետանում է դասային բևեռացումը, և պատմական ասպարեզում սկսում են գլխավոր դեր խաղալ զանգվածները:

Ներկայումս, զանգվածային հասարակության վերաբերյալ բոլոր տեսությունները բաժանվում են գլխավորապես երկու մոտեցմամբ: Համաձայն դրանցից առաջինի՝ զանգվածային մշակույթին բնորոշ է կոպիտ ստանդարտացում, անհատի անհատականության նվազեցում և այլն (Խոսե Օրտեգա-ի-Գասսետ, Էրիխ Ֆրոմմ և այլք) շարունակել...

Սեպտեմբերի 21
Արցախի հանրապետության զինանշանը
Արցախի հանրապետության զինանշանը

Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն, փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանին, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից շարունակել...

Սեպտեմբերի 22
Ռոնալդինյոն 2007 թվականին
Ռոնալդինյոն 2007 թվականին

Ռոնալդո դե Ասիս Մորեյրա (պորտ.՝ Ronaldo de Assis Moreira, ծնվ.՝ մարտի 21, 1980) առավել հայտնի է որպես Ռոնալդինյո Գաուշո (Ronaldinho Gaúcho) կամ պարզապես՝ Ռոնալդինյո (Ronaldinho), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս բրազիլական «Ֆլումինենսե» ակումբում՝ որպես կիսապաշտպան և հարձակվող։ 2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ«Ոսկե գնդակ» տիտղոսին։

Ռոնալդինյոն ծնվել է Ռիու Գրանդի դու Սուլ (պորտ.՝ Rio Grande do Sul) նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում։

Մինչև «Ֆլումինենսե» տեղափոխվելը Ռոնալդինյոն խաղացել է «Պարի Սեն Ժերմեն»-ում, «Բարսելոնա»-յում և «Միլան»-ում։ «Բարսելոնայի» կազմում Ռոնալդինյոն հաղթել է 2006 թվականի չեմպիոնների լիգան:

Ռոնալդինյոն ծնվել է 1980 թվականի մարտի 21-ին, Սան Լուկաս հիվանդանոցում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի մայրաքաղաք Պորտու Ալեգրիում. ընտանիքի երրորդ երեխան է։ Նրա մայրը՝ Դոնա Միգուելինան, աշխատում էր վաճառողուհի, ինչպես նաև, սովորում էր բուժքույրի դասընթացներում։ Հայրը՝ Ժուան դա Սիլվա Մորեյրա, բանվոր էր նավաշինարանում և պահակ «Գրեմիո» ակումբի ավտոկանգառում, ինչպես նաև, նախկինում խաղացել է տեղական սիրողական «Կրուզեյրո» թիմում շարունակել...

Սեպտեմբերի 23
Ֆեոդոր Դոստաևսկի
Ֆեոդոր Դոստաևսկի

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 28 (փետրվարի 9), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը:

Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը: 1877 թվականից Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ է։

Հոր գծով Ֆեոդոր Միխայլովիչը ծագում է Դոստոևսկիների ազնվական տոհմից, որը սկզբնավորվել է 1506 թվականից։ Գրողի կենսագիր Լյուդմիլա Սարասկինը նշում է, որ Դոստոևսկին չգիտեր իր տոհմի՝ այդքան հին լինելու մասին։ Դոստոևսկիների տոհմաբանությամբ նրա մահից հետո միայն սկսեց զբաղվել գրողի այրին:

Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը (1787-1839), սովորել է Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքում, ծառայել է որպես բժիշկ՝ Բորոդինոյի հետևակային գնդում, որպես օրդինատոր՝ Մոսկվայի զինվորական հոսպիտալում, որպես բժիշկ՝ Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում (աղքատների հիվանդանոց, որ հայտնի էր Բոժեդոմկի անունով)։ Գրողի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնա Նեչաևան (1800-1837), Կալուգայի նահանգի Բորովսկ քաղաքից սերող, մոսկովյան 3-րդ գիլդիայի վաճառական Ֆեոդոր Տիմոֆեևիչ Նեչաևի (1769-1832) դուստրն էր։ շարունակել...

Սեպտեմբերի 24
Ջորջ Բեսթ
Ջորջ Բեսթ

Ջորջ Բեսթ (անգլ.՝ George Best, մայիսի 22, 1946, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա - նոյեմբերի 25, 2005, Լոնդոն, Անգլիա), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, շատերի կողմից ճանաչված որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Ավելի հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կազմում իր ելույթներով, որտեղ ձեռք է բերել իր լեգենդի կոչումը: Բեսթը խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում և ունեցել է բարձր ելընթացի և հեռակառավարվող արագություն, օժտված է եղել հիանալի շարժման համաձայնեցմամբ և կայունությամբ, անկրկնելի դրիբլինգով, որը թույլ էր տալիս նրան շրջանցել մի անգամից մի քանի հակառակորդի միասին, ինչպես նաև ունեցել է զարգացած գոլային հոտառություն և երկու ոտքերով էլ տիրապետել է կայուն հարվածների:

1999 թվականին քվեարկության արդյունքում, որը կայացել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա կողմից, Բեսթը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ 20-րդ դարի եվրոպացի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը շարունակել...

Սեպտեմբերի 25
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն

Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է։

Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը շարունակել...

Սեպտեմբերի 26
Պրիոններ
Պրիոններ

Պրիոններ (անգլ.՝ prion՝ protein՝ «սպիտակուց» և infection՝ «վարակ», բառը առաջարկվել է 1982 թվականին Սթենլի Պրուզիների կողմից, ախտածինների հատուկ դաս, որոնք կազմված են անոմալ երրորդային կառուցվածքով սպիտակուցներից և չեն պարունակում նուկլեինաթթուներ։ Այս դրույթն ընկած է պրիոնային տեսության հիմքում։

Պրիոններն ունակ են ավելացնել իրենց քանակը՝ օգտագործելով կենդանի բջիջների ֆունկցիաները (այդ առումով պրիոնները նման են վիրուսներին)։ Պրիոնը՝ անոմալ եռաչափ (երրորդային) կառուցվածքով սպիտակուց է, որը ունակ է կատալիզել իրեն հոմոլոգ նորմալ բջջային սպիտակուցի տարածական փոխակերպումը և այն դարձնել իր նման (պրիոն)։ Որպես կանոն, սպիտակուցի՝ պրիոնային վիճակի անցումն ուղեկցվում է իր α-շղթայի β-թերթ փոխակերպմամբ։ Այդպիսի անցման հետևանքով առաջացած պրիոնները իրենց հերթին կարող են վերափոխել նոր սպիտակուցների մոլեկուլներ շարունակել...

Սեպտեմբերի 27
Կայսերական որսորդական ամրոց Մայերլինգում, 1889 թվական
Կայսերական որսորդական ամրոց Մայերլինգում, 1889 թվական

Ողբերգություն Մայերլինգում, 1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգ որսորդական ամրոցում կատարված ողբերգություն, որի ժամանակ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆն ու նրա սիրուհին՝ Մարիա Վեչերան ինքնասպան եղան (այլ տեղեկություններով՝ սպանվել են)։ Ռուդոլֆը ավստրիական կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի և կայսրուհի Ելիզավետա Բավարիացու միակ որդին էր։ 30-ամյա էրցհերցոգի և 17-ամյա Մարիայի մարմինները հայտնաբերվել են 1889 թվականի հունվարի 30-ի առավոտյան Մայերլինգ ամրոցում, որը տեղակայված է Վիեննական անտառում՝ մայրաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։

Ռուդոլֆն ամուսնացած էր Ստեֆանիա Բելգիացու հետ, սակայն նրանց ամուսնական կյանքը երջանիկ չէր։ 1889 թվականին արքունիքում բոլորը, ներառյալ Ռուդոլֆի կինը, գիտեին Ռուդոլֆի և բարոնուհի Մարիա Վեչերայի սիրավեպի մասին։ Այդ ժամանակ կրոնպրինցը գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, շատ էր խմում շարունակել...

Սեպտեմբերի 28
Կարմիր խաչի տարբերանշանը
Կարմիր խաչի տարբերանշանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), մարդասիրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում և հանդիսանում է Նոբելյան մրցանակի եռակի դափնեկիր։ 1949 թվականի Ժնևյան չորս կոնվենցիաների և 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների (Արձանագրություն 1, Արձանագրություն 2) անդամ երկրները (ներքոստորագրյալները) ԿԽՄԿ-ին տվել են միջազգային և ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները, փախստականները, քաղաքացիները և այլ չկռվող անձինք։

ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Այն շարժման ամենահին և ամենապատվավոր կազմակերպությունն է, որը աշխարհում ամենալայն ճանաչումն ունեցող կազմակերպություններից է և երեք անգամ՝ 1917, 1944 և 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի շարունակել...

Սեպտեմբերի 29
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (անգլ.՝ National Basketball Association, կրճատ՝ NBA), տղամարդկանց բասկետբոլի մասնագիտական առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային լիգաներից մեկը։ Բաղկացած է երեսուն ակումբներից (29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում), Միացյալ Նահանգների բասկետբոլի ֆեդերացիայի գործող անդամ է։ NBA-ում հանդես եկող բասկետբոլիստները համարվում են ամենաբարձր միջին տարեկան աշխատավարձ ստացող մարզիկները:

Հիմնադրվել է 1946 թվականի հունիսի 6-ին, որպես Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիա (BAA): 1949 թվականի օգոստոսի 3-ին Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիայի և Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) միավորումից հետո ձևավորվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիան շարունակել...

Սեպտեմբերի 30
Յոլկա
Յոլկա

Յոլկա (ռուս.՝ Ёлка, Ելիզավետա Վալդեմարովնա Իվանցիվ, ռուս.՝ Елизавета Вальдемаровна Иванцив, 1982 թվական, հուլիսի 2), ուկրաինուհի երգչուհի։ 2004 թվականից ապրում է Ռուսաստանում։

Երաժշտական կարիերան սկսել է ուժգորոդյան «B&B» խմբի կազմում։ 2004 թվականին պայմանագիր է ստորագրում Վլադ Վալովի հետ և թողարկում է հաջողակ դեբյուտային ալբոմ՝ «Խաբեության քաղաք» («Город обмана»), «Աղջիկը Պեժոյում» («Девочка в Пежо») և «Լավ տրամադրություն» («Хорошее настроение») հիթերով։ Հետագայում, Վալովի հետ համագործակցելով, թողարկվում են ևս երկու ալբոմ. «Ստվերներ» («Тени») և «Այդ հիասքանչ աշխարհը» («Этот великолепный мир»), որոնք այնքան հաջողակ չէին, ինչպես երգչուհու դեբյուտային ալբոմը: 2010 թվականից մինչև 2012 թվականը որպես մրցավար մասնակցել է ուկրաինական «Իքս-Ֆակտոր» շոուում։ 2011 թվականին մեծ հանրաճանաչություն է ստանում «Պրովանս» («Прованс») երգի կատարմամբ և անվանակարգվում է 2011 թվականի «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության երեք անվանակարգերում շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր