Jump to content

Հայկական մարզպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մարզպանություն
 Մեծ Հայք 428 - 642 Արմինիա կուսակալություն 
(Դրոշ)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դվին
Մակերես մոտ 145.000 քառ. կմ
Բնակչություն 3.000.000
Մակերես մոտ 134.000 քառ. կմ
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Մարզպանություն
Դինաստիա Մամիկոնյաններ
Պատմություն
- Վարդանանց պատերազմ 450-451
- Վահանանց պատերազմ 481-484
- Կարմիր Վարդանի ապստամբություն 571-572
- Հայաստանի երկրորդ բաժանում 591

Հայկական մարզպանություն, վարչական միավոր Սասանյան Պարսկաստանի կազմում (428-642)։ Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։

Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան քաղաքական միավորներին, իսկ Ծոփք, Աղձնիք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը[1]։ Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը, երբ պետական կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների։ Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները։ Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկական մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, Արարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև։ Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին։ Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը։ Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի և այլն)։ Գրիգոր Լուսավորչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը և այլն) անցան Մամիկոնյաններին։ Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը[2]։ Գողթան գավառի եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ։

Հայաստանը 527-591 թվականներին

Մինչև 5-րդ դարի կեսը հայոց մարզպանի նստավայրը Արտաշատն էր, ապա՝ Դվինը։ Վերջինիս մայրաքաղաք լինելու փաստն ամրագրվում է այդտեղ գտնված սասանյան դրամներով[3]։ Սասանյան պետության մյուս մարզպանների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում՝ որպես մեծ և փոքր նախարարական տիրույթների համակարգ։ Դրանց գլուխ էր կանգնած նախարարը, որը համարվում էր տանուտեր։ Այդ իշխանություններն իրենց հերթին բաժանվում էին գավառների, որոնք ղեկավարվում էին մայր տոհմից ճյուղավորված ավատատիրական նոր տները (սեպուհներ)։ Նրանց իրավասության ներքո գտնվող տարածքները կոչվում էին «սեպհականություն»[4]։ Հայ ժողովրդի ինքնության պահպանման համար խիստ կարևոր էր 405 թվականի հայ գրերի գյուտը[5]։ Դրանով քրիստոնեությունն ավելի ամրապնդվեց հայերի շրջանում՝ հեռանալով Պարսկաստանից, հաստատեց իր ուրույն տեղը քրիստոնյա երկրների շարքում՝ չձուլվելով Բյուզանդիային[6]։

Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը։ Դա ինքնավար մի երկիր էր, որի փաստական տերն ու տնօրենը հայ նախարարներն էին, իսկ հայկական բանակը հայոց սպարապետի տնօրինության տակ էր, որը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները։ Պահպանվում էին գրեթե բոլոր, այդ թվում՝ մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր հայոց կաթողիկոսը։ Ինքնավարության բարձր կարգավիճակ ունեին նաև վրաց և աղվանից մարզպանությունները[7]։ Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ։ Ավելին, առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428-441) հետո Հազկերտ II-ը (439-457) հայոց մարզպան նշանակեց ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (441-451)[8]։

Ազգային-ազատագրական պայքար պարսկական տիրապետության դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքունիքի հանդուրժողական վերաբերմունքը հայերի հանդեպ պայմանավորված էր Սասանյան Պարսկաստանի՝ երկու ճակատներով մերթընդմերթ պատերազմներով. արևմուտքում Բյուզանդական կայսրությունն էր, արևելքում՝ քուշանները։ Դեռ թագավորության գոյության տարիներին՝ 422 թվականին, պարսիկները նորաստեղծ Բյուզանդիայի հետ կնքել էին 50-ամյա խաղաղության պայմանագիր։ Հայաստանի ինքնավարությունից դժգոհ պարսից արքունիքը երբեմն անցել է վճռական քայլերի։ 442 թվականին հայկական զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու[9]։

Վարդան Մամիկոնյան

Ռազմական ճնշմանը հաջորդում են տնտեսությանն ուղղված քայլերը. 447 թվականին, «նոր աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն այցելել է Հայաստան։ Նա հազարապետության պաշտոնից հեռացնում է Վահան Ամատունուն, ապա պաշտոնազրկում հայոց կաթողիկոսին. հազարապետի և մեծ դատավորի տեղում նշանակվում են պարսիկներ։ Երկու տարի անց՝ 449 թվականին, պարսից արքունիքը հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Հրովարտակը ստորագրված է եղել Հազկերտի անմիջական խորհրդականը՝ Միհրներսեհ հազարապետը։ Հայ նախարարներից որոշները արձագանքեցին դրական. մարզպան Վասակ Սյունու փեսա Վարազվաղանն ընդունել է հեթանոսությունը։ Արտաշատում գումարված համազգային ժողովը, այդուհանդերձ, մերժել է պարսից արքունիքի պահանջները։ Արդյունքում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449 թվականի աշնանը վերադարձել հայրենիք[10]։ 450 թվականին սկսում է Վարդան Մամիկոնյանի գլխավորած՝ Վարդանանց պատերազմը։ Դրա գլխավոր իրադարձությունը 451 թվականի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտն էր։ Թեև այն ավարտվեց հայերի պարտությամբ, սակայն կասեցրեց թշնամու կրոնափոխության ծրագիրը։ Վասակ Սյունուց հետո մարզպանի պաշտոնում նշանակվել են երկու պարսիկներ՝ Ատրորմիզդը՝ Արշակունիների տոհմից (451-465), ապա Ատրվշնասպը (465-481)։

Քառորդ դար անց պարսից արքա Պերոզը վերադառնում է Հայաստանի ձուլման քաղաքականությանը։ Արդյունքում 481-484 թվականներին տեղի է ունենում մեկ այլ պատերազմ՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Տանելով մի քանի հաղթանակներ՝ հայ ավագանին պարսից արքունիքին ստիպում է դուրս բերել զորքերը։ Նոր գահ բարձրացած Վաղարշ շահը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը։ 485 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև Հայաստանի տանուտեր և հայոց մարզպան, որին 505 թվականին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 6-րդ դարի երկրորդ կեսը[11]։

Հայ եկեղեցու վերջնական անկախացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցու անկախացման առաջին քայլերը արվել էին դեռ Պապ թագավորի ժամանակ, երբ կաթողիկոս ձեռնադրվելու համար հայոց հոգևոր հովիվը այլևս չէր գնում Կեսարիա։ Քաղկեդոնի ժողովը մերժելով՝ հայ եկեղեցին կատարեց անկախացման երկրորդ քայլը։ Պարսկական տիրապետության տարիներին այն ստիպված էր ոչ միայն դիմակայել զրադաշտականների ձուլման քաղաքականությանը, այլև թույլ չտալ ուղղափառ եկեղեցուն միջամտել իր գործերին։

Հովհաննես Ա Մանդակունի

Միջերկրական ծովի ափերին և Առաջավոր Ասիայում ապրող հասարակությունները 5-րդ դարի սկզբին արդեն քրիստենություն էին ընդունել։ Հռոմեական կայսրությունը դադարել էր գոյություն ունենալ. 395 թվականին այն բաժանվել էր արևելյան և արևմտյան հատվածների։ Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ Հռոմը և Կոստանդնուպոլիսը փորձում էին պահպանել հոգևոր ազդեցիկությունը։ Այդ պատճառով հաճախ գումարվում էին եկեղեցական ժողովներ։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից 451 թվականին հրավիրվել է Քաղկեդոնի ժողովը։ Դրանում քննվում է Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթը։ Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։ Այդ տարի Հայաստանում դեռևս թարմ էր Ավարայրի ճակատամարտի հետքը. հույները և հռոմեացիները չէին սատարել հայերին, որի պատճառով հայ եկեղեցին երես էր թեքել նրանցից։ Վահանանց պատերազմից հետո Դվին է տեղափոխվում ոչ միայն նորանշանակ տանուտեր և մարզպան Վահան Մամիկոնյանը, այլև հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին։ Այդպիսով, կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել էր Դվին[12]։

499 թվականին հրավիրվում է Սելևկիայի եկեղեցական ժողովը, որը նեստորական աղանդը հռչակեց Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական ուղղություն։ Եթե Հայաստանում մինչ այդ եկեղեցական ժողովները գումարվում էին Աշտիշատում, Շահապիվանում և այլուր, ապա որոշվեց հայ եկեղեցու որոշումներն այսուհետ ընդունել կաթողիկոսի նստավայր քաղաքում։ 506 թվականին Դվինում հրավիրվել է եկեղեցական ժողով, որին մասնակցել են 20 հոգևոր և 14 աշխարհիկ առաջնորդներ՝ կաթողիկոս Բաբկեն Ա-ի և մարզպան Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այս երևույթը անկյունաքարային էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման՝ նրա հականեստորական, հակաքաղկեդոնական դիրքորոշման ճշտման գործում[13]։ Քաղկեդոնական եկեղեցուց պաշտոնական բաժանումը հաստատվել է Դվինի երկրորդ ժողովի ժամանակ՝ 554 թվականին։ Միաժամանակ արգելվեց աղանդավորական հոսանքների հետևումը[14]։

Հայաստանի երկրորդ բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթահարելով սլավոնական ցեղերի հարձակումները հյուսիսից՝ Բյուզանդիայի կայսրերը հանձն են առնում երկրի սահմանների ընդարձակմանը։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք (527-565) նվաճվում են նախկին Հռոմեական կայսրության ենթակա Հյուսիսային Աֆրիկան, Վեստգոթական Իսպանիան և Օստգոթական Իտալիան։ Չցանկանալով պայքարել գերմանական ցեղերի դեմ, որոնք նվաճել էին Բրիտանիան (Անգլիայի թագավորություն), Գալլիան (Ֆրանկական թագավորություն) և Գերմանիան, բյուզանդացիներն անցնում են Առաջավոր Ասիայի և Միջագետքի քրիստոնեադավան պետություններին։ 387 թվականի բաժանմամբ՝ դեռ Բյուզանդիայի ծագման նախօրեին, այդ երկրների տնօրինումն անցել էր Սասանյան Պարսկաստանին։ Երկիրը հզորության նոր շրջան էր ապրում Հուստինիանոսի ժամանակակցի՝ Խոսրով Անուշիրվան շահի (531-578) ժամանակ։ Ամրապնդելով իր հյուսիսային սահմանները միջինասիական թյուրքալեզու ցեղերի հարձակումներից՝ շահը մտադիր էր վերականգնել Աքեմենյանների հզորությունը և իրեն ենթարկել Արաբական թերակղզին, Սիրիան և Պաղեստինը ու դուրս գալ Միջերկրական ծով։ Հասունացել էր երկու տերությունների միջև բախման պահը։

Սասանյան Պարսկաստանը հզորության գագաթնակետին (621)

571 թվականին, դժգոհ լինելով պարսից արքունիքի քաղաքականությունից, հայ ազնվականներն ու հոգևորականները նոր ապստամբություն են սկսում։ Այն ղեկավարում էին սպարապետ Կրտսեր Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդան) և հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն, որոնք հավաքեցին 10 000-անոց բանակ։ Ապստամբության հաղթանակի դեպքում Հայերը խոստացան ընդունել Բյուզանդական կայսրության գերիշխանությունը, իսկ բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին։ 571 թվականին Տիզբոն է մեկնել Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը զեկուցելու եղածի մասին, և 15 000-անոց զորաբանակով՝ վերադարձավ Դվին։ Հայ մարտիկների թիվը կրկնապատկվել էր, և նրանք Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը։ Դա ազդարարեց ոչ միայն նոր հաղթանակների սկիզբ, այլև հերթական պատերազմ արևելքի և արևմուտքի միջև։ 572-591 թվականների քսանամյա պատերազմն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով և հաշտության նոր պայմանագրի կնքմամբ։ 591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու հարևանների միջև։ Դրանով կայսրությանն անցան ոչ միայն Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը, այլև արևմտյան Վիրքը և Գուգարքը։ Հայկական մարզպանության տարածքը սահմանափակվեց Սյունիքով և Վասպուրականով։ Այսպիսի սահմաններով այն գոյատևեց ևս մի քանի տասնամյակ։

7-րդ դարի սկզբին տեղի ունեցավ պարսկա-բյուզանդական վերջին պատերազմը (602-628)։ Պարսիկները գրավեցին Արաբական թերակղզին, ներխուժեցին Սիրիա և Փոքր Ասիա, մոտեցան Կոստանդնուպոլսի մատույցներին։ Թեև վերջին ճակատամարտում բյուզանդացիները հաղթեցին և կասեցրին թշնամու գրոհը, այդուհանդերձ պատերազմն ավարտվեց հօգուտ Սասանյան Պարսկաստանի։ Պատերազմներում թուլացած երկու տերություններն ի վիճակի չեղան դիմակայել նորաստեղծ Արաբական խալիֆայությանը։ 642 թվականի Նեհավենդի ճակատամարտում արաբները վերջ տվեցին Սասանյան Պարսկաստանի գոյությանը։ Հայկական մարզպանությունը, որպես դրա վարչաքաղաքական միավոր, վերացավ։

Մարզպանների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզպան Տարեթվեր Նշումներ
Վեհմիհրշապուհ 428-441 նշանակվել է Վահրամ Ե շահի կողմից
Վասակ Սյունի 441-451 նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից
Ատրորմիզդ Արշակունի 451-465 նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից
Ատրվշնասպ 465-481 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Սահակ Բագրատունի 481-482 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Շապուհ Միհրան 482-482 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Վահան Մամիկոնյան 482-483 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Զարմիհր Կարեն 483-483 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Շապուհ, Ռեյի իշխան 483-484 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Վահան Մամիկոնյան 484-505 2-րդ շրջան, նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Վարդ Մամիկոնյան 505-509 Վահանի եղբայրը, նշանակվել է Քավազ Ա շահի կողմից
Մժեժ Ա Գնունի 518-548
Վշնասպ Բահրամ 548-552
Թան-Շապուհ 552-560
Վարազդատ 560-564
Սուրեն 564-572
Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան) 572-577 նշանակվել է հայ ավագանու կողմից
Թամ Խոսրով 577-580 նշանակվել է Խոսրով Անուշիրվան շահի կողմից
Վարազ-Վզուր 580-581 նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից
Փահլավ 581-586 նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից
Հրահատ 586-589 նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից
Հրատին 589-590 նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից
Մուշեղ Մամիկոնյան 590-591 նշանակվել է Մորիկ կայսեր կողմից
5 պարսիկ մարզպաններ 592-605 Վինդատական, Նախվեֆաղան, Մերաքբութ, Յազդեն, Բութմա
Սմբատ Բագրատունի 604-611 / 616
Շահրեենապետ 611-613
Փարշենազդատ 613-613 նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Նամդար-Գուշնասպ 616-619 նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Շահրապլական 619-624 նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Ռոտշվեհան 624-627 նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Վարազտիրոց Բ Բագրատունի 628-634
Մժեժ Բ Գնունի 630-635 բյուզանդական մասի կառավարիչ
Դավիթ Սահառունի 635-638 բյուզանդական մասի կառավարիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45. Արխիվացված 2014-04-07 Wayback Machine
  2. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Մեծ Հայքի գավառներ. Տարոն
  3. History and coin finds in Armenia, Coins from Duin, Capital of Armenia (4-13th c.), Inventory of Byzantine and Sasanian Coins in Armenia (6th-7th c.). Արխիվացված 2021-01-25 Wayback Machine ISBN 90-74623-23-9.
  4. Ս. Տ. Երեմյան, Բ. Ն. Առաքելյան, Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էջ 168
  5. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
  6. Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27
  7. Ա. Մ. Վարդանյան, Աղվանից մարզպանության կազմավորումը
  8. Հ. Ա. Խաչատրյան, Հայոց մարզպանների կառավարման հարցի շուրջ
  9. Ժասմեն Էլչիբեկյան, Հայ միջնադարյան սկզբնաղբյուրները քուշանների մասին
  10. Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 265-275
  11. Լեո, «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 128-140
  12. Հայոց կաթողիկոսական աթոռները
  13. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», Դվինի եկեղեցական ժողովները
  14. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կայքէջ, Հայաստանյայց Եկեղեցու ժողովներ Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։