«Արտաշես Ա Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 3982429 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.23.254 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Արտաշէս Ա. (արեւմտահայերէն) }}
{{Տեղեկաքարտ Միապետ
{{Տեղեկաքարտ Միապետ
|անուն = Արտաշես Ա Բարեպաշտ
|անուն = Արտաշես Ա Բարեպաշտ

08:05, 20 Մարտի 2016-ի տարբերակ

Արտաշես Ա Բարեպաշտ
Մեծ Հայքի Արքա
Իշխանությունմ.թ.ա. 189–մ.թ.ա. 160
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 160[1]
Երկիր Մեծ Հայք
ՀաջորդողԱրտավազդ Ա
ՈւղեկիցՍաթենիկ (Ալանաց թագավորի աղջիկը)
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրԶարեհ Երվանդունի
ԵրեխաներԱրտավազդ Ա, Տիգրան Ա

Արտաշես Ա կամ Արտաշես Բարեպաշտ (մ.թ.ա. 230մ.թ.ա. 160), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 189 թվականից, Արտաշեսյան հարստության հիմնադիր[2]: Զարեհի որդին, Երվանդունի տոհմից[3]:

Արտաշեսը սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշեսին[4]: Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշեսը անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան[5]:

Արտաքին քաղաքականություն

Մագնեսիայի ճակատամարտից հետո Արտաշեսն իրեն արտաքուստ հռոմեացիներին դաշնակից էր հայտարարել և գուցե դեսպաններ էր ուղղարկել Հռոմ. սա նպատակ ուներ ապահովագրել իրենց պարտված, սակայն դեռ ուժեր ունեցող Սելևկյաններից[5]:

Նվաճումներ

Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով[3]:

Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Արտաշես արքան ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը[4]:

Պատկեր:Մեծ Հայք, Արտաշես Ա.jpg
Մեծ Հայքը Արտաշես Ա-ի օրոք

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և Պարսպատունիքը: Հայաստանին է միավորվում նաև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը՝ Պարսկահայքը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական Կղարջքը և Գուգարքը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել հայոց արքային։ Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարինը ու Դերջանը, ինչպես նաև Եկեղեաց գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը՝ Կորճայք նահանգը[6]:

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը[3]:

Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին[7]:

Մ.թ.ա. 183-179 թվականներին Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան[8]:

Բանակ

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է՝

Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու հայալեզու են
- Ստրաբոն

Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։

Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը մինչև արքայական բանակի հասնելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները։ Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները: Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր[5]:

Այսպիսով՝ Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ[7]:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները[4]:

Ներքին քաղաքականություն

Տնտեսության զարգացում

Արտաշես Ա-ն վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն հայոց արքան չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին[4]:

Պատկեր:Sahmanaqar.jpg
Հողաբաժան սահմանաքարեր

Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա-ն բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները[9]:

Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շարքում առանձնանում է հողային ռեֆորմը։ Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում։ Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից և դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին՝ դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը[5]:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը։ Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ և զորք։ Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում և համայնքների ու ագարակների միջև կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը: Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը՝ արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը[7]:

Պատմահայր Մովսես Խորենացին խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է.

Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել՝ ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը
- Մովսես Խորենացի

Կարևոր էր հայկական տոմարի կարգավորումը։ Գետերի ու լճերի վրա սկսվում են նավարկություններ, աշխուժանում են արհեստագործությունը և առևտուրը։ Հայաստանը հերթական անգամ շարունակում է մասնակցել միջազգային տարանցիկ արևելք-արևմուտք առևտրին[9]:

Արտաշատի հիմնադրում

Մ.թ.ա. 185 թվականին Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը։ Այն շուտով դառնում է Հին աշխարհի կարևոր կենտրոններից մեկը։ Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի, քաղաքի տեղն ընտրելու և հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արևելք և ապաստանել Հայաստանում: Արտաշատը դառնում է առաջին քաղաքը, որ կառուցվում է ըստ նախապես մշակված հատակագծի[9]:

Պատկեր:Anahit-statue-found-in-artaxata-artashat.jpg
Անահիտ աստվածուհու արձան, Արտաշատ

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձևով կոչվել է երկրի թագավորի՝ այս դեպքում Արտաշեսի անունով։ Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ են տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը։ Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին[3]: Արտաշատն այնքան մեծ և ճոխ էր, որ հռոմեացիներն այն անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում, ներկայիս Խոր Վիրապի տարածքում։ Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր։ Արարատյան դաշտում էին խաչվում արևելքից արևմուտք և հարավից հյուսիս տանող առևտրական ճանապարհները։ Պատահական չէ, որ այստեղեն կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, ապա՝ Վաղարշապատը, Դվինը, այժմ՝ Երևանը[5]:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը։ Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների՝ Երվանդական և Աքեմենյան թագավորների քանդակները։ Նրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների։ Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքաներ ու արոցներ։ Դրանցից հատկապես հայտնի էին իր հոր՝ Զարեհի անունով հիմնադրված Զարեհավան և Զարիշատ քաղաքները[7]:

Արտաշես Ա-ի բարեփոխումների և գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական աշխարհակալ տերության ստեղծումը։ Նա իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր[9]:

Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել Մեծ Հայքի թշնամուն՝ Պարթևական տերությանը[3]:

Արտաշես Բարեպաշտը վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա:

Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։

Վեպեր Արտաշեսի մասին

Պատկեր:Art-sath.jpg
Արտաշես և Սաթենիկ

Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին[10]:

Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»:

Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։

Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ ամուսնության դրվագը։ Լեռնաբնակ ալանաց հրոսակախմբերը արշավել են Հայաստան։ Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին։ Ալանաց թագավորի դուստր Սաթենիկը, կանգնելով Կուր գետի հակառակ՝ բարձր ափին, երգելով դիմում է Արտաշես արքային.

«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Ե՛կ, համաձայնվիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր այդ պատանուն:
Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները
Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն
Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի միջև
Հավիտենական թշնամություն հաստատեն»:

Արտաշեսի Հուղարկավորումը

Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը[10]: Բայց ալանաց արքան մերժում է, ասելով՝

«Եվ ո՞րտեղից քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի՝
Ալանների օրիորդի համար»:

Զայրացած Արտաշեսը, հայկական սովորույթի համաձայն, որոշում է առևանգել Սաթենիկին.

«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը
Գցեց մեջքին ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,
Արագորեն իր բանակը հասցնելով»:

Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք, որի ժամանակ

«Ոսկե անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ.
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ»:

Պատկեր:Artavazd A.jpg
Արտավազդ

Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.

«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ[10]:

Արտաշեսյան հարստություն

Արտաշեսյանների դրոշ

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան: Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն[3]:

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը

Պատկերասրահ

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Նախորդող
Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201
Մեծ Հայքի արքա
Արտաշես Բարեպաշտ

մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160
Հաջորդող
Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։