Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան | |||
Էդմոն Մարուքյանը 2021 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2015 - մինչ օրս | |||
| |||
2022 - 2024 | |||
| |||
2012 - 2017 | |||
| |||
2017 - 2018 | |||
| |||
2018 - 2020 | |||
Կուսակցություն՝ | «Լուսավոր Հայաստան» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց, ՊԿԱ, Մինեսոտայի համալսարան և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | |||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | քրիստոնյա | ||
Ծննդյան օր | հունվարի 13, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Ամուսին | կին՝ Տաթևիկ Մատինյան | ||
Կայք՝ | edmonmarukyan.com | ||
Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ, մինչև 2024 թվականի մարտի 1-ը՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների խորհրդի անդամ[1], «Human Rights Watch»-ի ազգային փորձագետ, 5-րդ գումարման ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Ելք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու և 6-րդ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, 2010 թվականից՝ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (2021-ին վերընտրվել է)[2]։ 2022 թվականի մարտի 14-ին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Մասնագիտությամբ իրավաբան է՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ և համահեղինակ է[3]։
Վաղ շրջան և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում (Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ), մտավորական Հրաչ Մարուքյանի ընտանիքում[4]։
Անդրադառնալով իր անվան ընտրության վերաբերյալ հարցին, Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Էդմոն» անունն ընտրվել է հոր կողմից, ով իր ծննդյան նախօրեին խորհրդային ժամանակաշրջանի հայկական անվանագրքում հայկական անձնանունների՝ արտասահմանյան ծագումնաբանության մասին տեղեկություններից զայրացած որոշել է ընտրել եվրոպական անձնանուն[5]։
Էդմոն Մարուքյանն ավարտել է Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Հայաստանի զինված ուժերում[6]՝ Սյունիքի մարզի տարածքում[7]։
2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան հիմնադրամի Մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը՝ ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։
Վերադառնալով Հայաստան, 2007 թվականին ավարտել է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ ՀՀ ՊԿԱ-ում ուսումնառությունն ավարտելուց հետո Էդմոն Մարուքյանը հաստատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 2010 թվականին ավարտում Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը՝ «Մարդու իրավունքներ և միջազգային իրավունք» մասնագիտացմամբ[8]։ Բացի հիմնական կրթությունից, 2001 թվականից ի վեր մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա)։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2004 թվականներին եղել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար։
2007-2008 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս[9]։
2002 թվականից «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ է, 2003 թվականից՝ համակարգող խորհրդի անդամ[փա՞ստ]։
2005 թվականին անդամակցել է Հայաստանի ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին, 2006 թվականին՝ ընտրվել խմբի նախագահ։ 2005-2012 թվականներին Մարուքյանն անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին։
2006 թվականից «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր-անդամ է։
Էդմոն Մարուքյանը 2008 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Որպես փաստաբան զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 2011 թվականին հիմնադրել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Նա աշխատել է որպես իրավախորհրդատու, իրականացրել դատական ներկայացուցչություն՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքները դատարանում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Մարուքյանը 2010-2012 թվականներին հանդիսացել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության խորհրդատու՝ իրականացնելով հետազոտություններ մարդու իրավունքների խնդիրների ոլորտում, ինչպես նաև կազմելով հայտարարություններ, զեկույցներ, այլ կարևոր փաստաթղթեր։
Կուսակցական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին Էդմոն Մարուքյանը իր մի շարք գաղափարակիցների հետ հիմնադրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում Էդմոն Մարուքյանն ընտրվում է կուսակցության խորհրդի նախագահ։ ԼՀԿ խորհրդի կազմում ընտրվում են նաև Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը և Ջիվան Նադարյանը։
2016 թվականի հոկտեմբերին 2-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Վանաձոր քաղաքի տիմ ընտրություններին (քաղաքապետի թեկնածու՝ Քրիստ Մարուքյան) և զբաղեցնում 2-րդ տեղը՝ զիջելով միայն իշխող ուժին և ստանալով ավագանու 33 մանդատներից 10-ը։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ, ձևավորում է «Ելք» դաշինքը, որի որոշմամբ Էդմոն Մարուքյանը գլխավորում է դաշինքի համամասնական ընտրական ցուցակը 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում[10]։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը դառնում է 105 անդամից բաղկացած նոր խորհրդարանական գումարումը ձևավորած 4 քաղաքական ուժերից 3-րդը։ «Ելք» դաշինքն Ազգային ժողովում ներկայացված էր 9 պատգամավորով։
Թավշյա հեղափոխությանը հաջորդած 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 11 քաղաքական ուժ, որոնցից, սակայն, խորհրդարան անցան 3-ը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ընտրություններում զբաղեցնում է երրորդ տեղը՝ ստանալով խորհրդարանի 132 մանդատներից 18-ը։ Էդմոն Մարուքյանն ընտրվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, իսկ Գևորգ Գորգիսյանը՝ քարտուղար։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ լինելով այդ գումարման միակ անկախ պատգամավորը։
2017 թվականի մայիսի 18-ին «Ելք» կուսակցությունների դաշինքով, որի մեջ ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[11]։
Էդմոն Մարուքյանը եղել է Ազգային ժողովի հետևյալ հանձնաժողովների անդամ՝
- Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Պետական-իրավական հարցերի (5-րդ գումարում),
- Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի (6-րդ գումարում),
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներ (7-րդ գումարում)։՛
Միևնույն ժամանակ Էդմոն Մարուքյանը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ, որտեղ անդամակցել է հետևյալ հանձնաժողովներին՝
- Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ),
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողով,
- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողով (Մոնիթորինգի հանձնաժողով),
- Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողով։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի անդամ (2013-2017),
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ (2017-2018)։
Հատուկ հանձնարարություններով դեսպան
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով Էդմոն Մարուքյանը նշանակվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ «Գլխավոր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Հայաստանի Ազգային ժողով | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Կենսագրական». edmonmarukyan.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Առանց թեմայի. Էդմոն Մարուքյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին
- ↑ Կենսագրական | www.edmonmarukyan.com կայքում
- ↑ «Ծանր ծառայություն եմ ունեցել Ագարակի զորամասում. Մարուքյանը պատասխանում է նախարարին». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Էդմոն Մարուքյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Էդմոն Մարուքյան | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Հայտնի են «Ելք» խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները, «աթոռակռիվ չի եղել»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Էդմոն Մարուքյանի կենսագրությունը ՀՀ Ազգային ժողովի կայքում որպես 2017 թվականին ընտրված պատգամավոր, (արխիվացված 07․07․2023 թվականին)։
- ↑ «ՀՀ վարչապետի որոշումը Էդմոն Մարուքյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոն Մարուքյան» հոդվածին։ |
|
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 13 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Ելք» դաշինքի անդամներ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ փաստաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ կուսակցական գործիչներ
- Հայ դիվանագետներ
- Հայաստանի դեսպաններ