Jump to content

Դոնալդ Թրամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Թրամփ
Donald Trump
Դիմանկար
Թրամփը 2016 թվականի հոկտեմբերին
Ծնվել էհունիսի 14, 1946 (78 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՊրեսբիտերիանիզմ[1]
ԿրթությունՖորդհեմի համալսարան
(տեղափոխվել է)
Փենսիլվանիայի համալսարան
(տնտեսագիտության բակալավր)
Գիտական աստիճանգիտության բակալավր[2] (1968)
ԵրկերԹրամփ․ Գործարքի արվեստը[3], Հաշմանդամացած Ամերիկա և Աշակերտ
Կարողություն 4,1 միլիարդ ԱՄՆ դոլար (հուլիս, 2015)[4]
Մասնագիտությունբիզնես մագնատ, ներդրող, ռեստորատոր, քաղաքական գործիչ, Խաղային շոուի հաղորդավար, անշարժ գույքի գործարար, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, գրող, դերասան, գլխավոր գործադիր տնօրեն, դավադրության տեսաբան, վաճառական, գործարար և ձեռնարկատեր
Աշխատանք
• Տնօրեն և նախագահ, «The Trump Organization»
• Նախագահ, «Trump Plaza Associates»
• Նախագահ, «Trump Atlantic City Associates»
• «Աշակերտ» հեռուստաշոուի նախկին վարող
ԱմուսինԻվանա Զելնիչկովա
(1977–1992)
Մարլա Մեյփլս
(1993–1999)
Մելանիա Կնաուս
(2005–այժմ)
ԾնողներՖրեդ Թրամփ
Մերի Էն
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ նախագահ, President-elect of the United States?, նախագահ, ընկերության նախագահ և տնօրեն
ԿուսակցությունՀանրապետական (մինչև 1999, 2009–2011, 2012-այժմ)
Ռեֆորմ (1999–2001)
Դեմոկրատական (2001–2009)
Անկախ (2011–2012)
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիլիարդատերերի ցանկ[21] և SAG-AFTRA[22]
ԵրեխաներԴոնալդ կրտսեր
Իվանկա
Էրիկ
Տիֆանի
Բարոն
Կայքdonaldjtrump.com
Ստորագրություն
Изображение автографа
 Donald Trump Վիքիպահեստում

Դոնալդ Ջոն Թրամփ ավագ (անգլ.՝ Donald John Trump, Sr., ծնվ.՝ հունիսի 14, 1946(1946-06-14)[23][24][25][…], , Նյու Յորք[24][25], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ, ԱՄՆ 45-րդ նախագահ[26][27]։ Հայտնի է նաև որպես «The Trump Organization» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, «Trump Entertainment Resorts» ընկերության հիմնադիր։

Ծնվել 1946 թվականին՝ Նյու Յորք քաղաքում՝ մեծահարուստ գործարար Ֆրեդ Թրամփի ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ Շարունակելով հոր ճանապարհը, սկսել է լայնորեն ընդլայնել իր բիզնես-կայսրությունը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։ 2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ Թրամփի կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար[28]։

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։ Թրամփի նախագահական քարոզարշավը զանգվածային լրատվամիջոցների կողմից ենթարկվում էր աննախադեպ անդրադարձի և միջազգային ճանաչման։ Թվիթեր միկրոբլոգում, ինչպես նաև ելույթներում Թրամփի հնչեցրած մի շարք ակնարկներ որակվել են որպես վիճահարույց և կեղծ։ Բազմաթիվ նախընտրական քարոզարշավներ ուղեկցվել են բողոքի ցույցերով և քաղաքացիական անհնազանդություններով։ Քարոզարշավի թերևս ամենահակասական դրվագը 2005 թվականի հոկտեմբերի 7-ին արված տեսագրությունն էր, որում Թրամփը, չիմանալով, որ խոսակցությունը ձայնագրվում էր, պարծենում էր բռնի կերպով կանանց համբուրելու և նրանց սեռական օրգաններին ձեռք տալու մասին։ Տեսանյութը մեծ սկանդալի պատճառ դարձավ։ Կարճ ժամանակ անց մի քանի կանայք մեղադրեցին Թրամփին՝ պնդելով, որ Թրամփն իրենց հանդեպ նմանատիպ վարվելակերպ է ցուցաբերել։ Հեռուստադեբատներում Թրամփը հրապարակավ ներողություն խնդրեց տեսանյութում արտաբերած խոսքերի համար՝ դրանք որակելով որպես «տղայական խոսակցություն», սակայն հերքեց ոտնձգության մասին պտտվող բոլոր պնդումները՝ տվյալ կանանց մեղադրելով զրպարտության մեջ։ Քարոզարշավի ընթացքում Թրամփը նաև քննադատության արժանացավ իր հարկային մուտքերը չհրապարակելու համար։

Թրամփի ընտրական ծրագրի մեջ են մտնում ԱՄՆ-Չինաստան առևտրական համաձայնագրի վերանայումը, որոշ առևտրային համաձայնագրերի (մասնավորապես՝ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր և Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն) կասեցումը, ներգաղթային օրենքների խստացումը (անօրինական ներգաղթը դադարեցնելու համար նույնիսկ առաջարկելով Մեքսիկայի հետ սահմանին հսկայական պատ կառուցել, որի ծախսերն ամբողջությամբ պետք է հոգա հենց մեքսիկական կողմը[29]), առողջապահական ծրագրերի փոփոխումը և այլն։ 2015 թվականի Փարիզյան ահաբեկչական հարձակումներից հետո Թրամփը նաև առաջարկեց մուսուլման ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես կասեցնել՝ ենթադրյալ ահաբեկիչներից երկիրը պաշտպանելու համար։ Հետագայում խոստումը փոփոխություններ կրեց՝ միայն անդրադառնալով տևական ահաբեկչական պատմություն ունեցող երկրների ներգաղթյալներին։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին։

Ընտանիք

Դոնալդ Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու Յորքի Քուինս թաղամասում՝ գործարար Ֆրեդ Թրամփի (հոկտեմբերի 11, 1905, Վուդհեյվն - հունիսի 25, 1999, Նյու Յորք, ԱՄՆ) ընտանիքում:

Հայրական կողմից Դոնալդ Թրամփի տատն ու պապն ունեցել են գերմանական ծագում. Ֆրեդերիկ Թրամփը (ի ծնե Ֆրիդրիխ Թրումփ, 1869 թվական, մարտի 14, Քալշտադտ, Ռայնլանդ Պֆալց - մարտի 30, 1918) ԱՄՆ է գաղթել 1885 թվականին, իսկ քաղաքացիություն ստացել է 1892 թվականին: Նրա կինը՝ Էլիզաբեթ Քրայսթն (հոկտեմեբրի 10, 1880 - հունիսի 6, 1966) [30]: Նրանք ամուսնացել են Քալշտադտ քաղաքում, 1902 թվականին:

Մայրը՝ Մերի Էն Մաքլաուդը (մայիսի 10, 1912 թվական, Թոնգ, Լյուիս կղզի, Շոտլանդիա - օգոստոսի 7, 2000) 1930 թվականին՝ 18 տարեկանում, մեկնել է Նյու Յորք՝ սուրբծննդյան տոները նշելու, որտեղ էլ ծանոթացել է բնակարանային շինարարության հաջողակ գործարարի հետ և հաստատվել քաղաքում: Հարսանիքը կայացել է 1936 թվականին:

Թրամփն ունի երկու եղբայր և երկու քույր. Ֆրեդ կրտսերը (այժմ՝ հանգուցյալ), Ռոբերտը, Մերենը և Էլիզաբեթը: Իր մեծ քույրը՝ Մերեն Թրամփ Բեռին դաշնային վերաքննիչ դատարանի դատավորն է և Դեյվիդ Դեզմոնդի՝ ԱՄՆ-ում հայտնի հոգեբան-գրողի, մայրը:

Մանկությունը և երիտասարդությունը

Թրամփը սովորել է Քուինսի Քյու-Ֆորեսթ դպրոցում: 13 տարեկանում Դոնալդը դուրս է գալիս Քյու Ֆորեսթից և ընդունվում Նյու Յորքի ռազմական ակադեմիա (Քորնվոլ թաղամաս)[31], որն ավարտեց 1983 թվականին: Աշակերտական տարիներին ստացել է մի շարք մրցանակներ, 1962 և 1963 թվականներին հանդես է եկել ակադեմիան ներկայացնող ամերիկյան ֆուտբոլայի հավաքականում, ինչպես նաև 1962-1964 թվականներին՝ բեյսբոլիային թիմում (ընդ որում՝ 1964-ին ստանձնել է թիմի ավագի պաշտոնը):

Բեյսբոլի մարզիչ Թեդ Դոբիասը, ով հայտնի էր երեխաների հետ աշխատելու իր անշահախնդրությամբ, 1964 թվականին Թրամփին շնորհում է «Մարզիչ» մրցանակը: Ուսման չորրորդ տարում Թրամփը բարձրանում է կուրսանտային գումարտակի սերժանտի աստիճանի և առաջին սերժանտ Ջեֆ Դոնալդսոնի (1965) հետ ստեղծում կուրսանտների թիմ՝ սովորեցնելով անդամներին ռազմական քայլի արվեստը: 1964 թվականին, զինադադարի օրը Հինգերորդ պողոտայով թիմը քայլերթ է ունենում:

Իր «Պայմանգրեր կնքելու արվեստը» գրքում Թրամփը պատմում է ուսանողական կարիերայի մասին.

1964 թվականին՝ ավարտելով Նյու Յորքի ռազմական ակադեմիան, ես մտածում էի կինոդպրոց ընդունվելու մասին... բայց ի վերջո որոշեցի, որ անշարժ գույքերով զբաղվելն ավելի շահավետ բիզնես է: Ես սկսեցի սովորել Ֆորդեմյան համալսարանում... սակայն երկու տարվա ընթացքում հասկացա, որ ուսումը քոլեջում հավասար է չսովորելուն: Այդ պատճառով հայտ ուղարկեցի Փենսիլվանյայի համալսարանի Ուորթոնյան դպրոց և ընդունվեցի...Եվ այնպես էի ուրախացել, երբ այն ավարտեցի: Ես միանգամից վերադարձա տուն և սկսեցի աշխատել հորս մոտ:

Թրամփը Ուորթոնի դպրոցի էկոնոմիկա և ֆինանսներ բաժինն ավարտում է 1968 թվականին:

Կարիերան

Վաղ հաջողությունները (1968-1989)

Ռոնալդ Ռեյգանը և Դոնալդ Թրամփը, 1987

Թրամփը իր կարիերան սկսում է հորը պատկանող «Elizabeth Trump and Son» ընկերությունում և սկզբնապես աշխատում այն ուղղությամբ, որով հայրն էր ցանկանում՝ բնակարանների առքուվաճառքով։ Աշխատանքն առնչվում էր Բրուքլինի, Քուինսի և Սթաթեն Այլենդի միջին խավի հետ[32]: Ուսումնական տարիներին, Թրամփի առաջին ծրագրերից մեկն էր Ցինցինատի քաղաքում (Օհայո նահանգ) «Swifton Village» առգրավված բնակարանային համալիրի վերականգնումը։ Ֆրեդ Թրամփը համալիրը ձեռք էր բերել 1962 թվականին՝ 5,7 միլիոն ԱՄՆ դոլարով[33]։ Հայր և որդի Թրամփները ձեռնամուխ են լինում ծրագրի իրականացմանը՝ կատարելով 500 000 դոլարի ներդրում, ինչի շնորհիվ 1200 բնակարան ունեցող համալրի զբաղվածության (վարձակալության) մակարդակը 34%-ից վերածվում է 100%-ի։ 1972-ին «Trump Organization»-ը համալիրը վաճառում է 6,75 միլիոն դոլարով։ 23 տարեկանում Թրամփը շոու բիզնես մուտք գործելու անհաջող փորձ կատարեց՝ 70 000 դոլար ներդնելով «Դրսում Փարիզն է» բրոդվեյյան կատակերգության մեջ[34]։

1971 թվականին Թրամփը նշանակվեց ընկերության տնօրեն և տեղափոխվեց Մանհեթեն: Այստեղ նա ծանոթացավ նյույորքյան այս թաղամասի տնտեսական հնարավորություններին: Սկզբում Թրամփը ստացավ հին փենսիլվանյան կենտրոնական կայանները նոր շինությունների վերածելու իրավունք Վեսթ-Սայդում, ինչի հետևանքով ավելացված 40-ամյա հարկային զեղչով որոշվեց Թրամփին վարկ տալ, իսկ փոխարենը գումար ներդնել «Կոմոդոր» հյուրանոցի շինարարության մեջ, որը պետք է վերափոխվեր «Գրանդ-Հայաթի» [35]:

Բացի այդ, Թրամփը կապ ուներ Ջեյկոբ Ջեվիցի Կոնֆերանս-կենտրոնի շինարարության հետ, քանզի հողը, որի վրա կառուցված էր շինությունը նրանն էր: Այս շինարարության հետևանքով Թրամփը բախվեց Նյու Յորքի կառավարության հետ. նա ծրագիրը գնահատում էր 110 միլիոն դոլարի, մինչդեռ կառավարությունը պնդում էր, որ ծախսերը կհասնեն 750 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլարի: Թրամփը առաջարկեց ղեկավարել շինարարության ընթացքը իր առաջարկած գումարի սահմաններում, սակայն առաջարկը մերժում ստացավ [36]:

Նման միջադեպ գրանցվեց նաև Ուոլմոն-Ռինքի սահադաշտի կառուցման ժամանակ (Կենտրոնական զբոսայգի): Ծրագրիը մեկնարկեց 1980 թվականին և նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2,5 տարում: Սակայն, ծախսելով 12 մլն դոլար, կառավարությունն այդպես էլ չավարտեց շինարարությունը (անգամ 1986-ին): Թրամփն առաջարկեց աշխատանքն առանց վճարի վերցնել իր վրա, սակայն նրան կրկին մերժեցին: Երբ տեղի լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ սույն իրավիճակին, կառավարությունը հանձնվեց: Որպես արդյունք, Թրամփը ստացավ շինարարություն իրականացնելու իրավունք և խնայելով 750 հազար դոլար, սահադաշտի կառուցումն ավարտեց վեց ամսում[37]:

ԱՄՆ նախագահական ընտրություններ

2015 թվականի հունվարի 25-ին ԱՄՆ հանրապետական կուսակցության համաժողովում, Թրամփը հայտարարեց, որ կմտածի 2016 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մասին: Հունիսի 16-ին իր շտաբում (տեղակայված Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերում) պաշտոնապես հայտարարեց, որ թեկնածությունը կդնի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ավելացնելով. «Ես կլինեմ մեծագույն նախագահը, ում երբևէ արարել է Աստված»[38]

Թրամփը ընտրվելու դեպքում փոխնախահագի պաշտոնը խոստացավ հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիին: Թրամփի մի շարք խոստումների շարքին էին դասվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ հաստատելը [39]:

Իր կարգախոսում Թրամփը նշում էր. «Հետ բերենք Մեծ Ամերիկան» (Make America great again) [40]:

Թրամփը և Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը (հունվար, 2016)

Նախագահական մրցաշարից առաջ Թրամփը դեռ հուլիսի սկզբին գրավել էր առաջին տեղը հանրապետական կուսակցականների մեջ, առաջ անցնելով այնպիսի ծանրակշիռ կուսակցական դեմքերի, ինչպիսիք են Ջեբ Բուշը, Սքոթ Ուոքերը և Մարկո Ռուբիոն:

Հարցումներից պարզ դարձավ, որ Թրամփը լավ տպավորություն է թողել ժողովրդի շրջանում, քանի որ «ասում է այն, ինչին հավատում է, ոչ թե՝ ինչ ցանկանում են լսել մարդիկ» [41] [42] [43]:

Թրամփը և փոխնախագահի թեկնածու, Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը (2016 թվականի հուլիս)

Նախագահական ընտրարշավի ժամանակ Թրամփը մի շարք իսլամաֆոբիական հրապարակախոսություններ էր ներկայացնում, և հատկապես, հայտարարում մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու մասին (այս հայտարարությունից հետո Թրամփին մեղադրում էին քսենոֆոբիայի մեջ, ինչից հետո նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրում) [44]: Բացի այդ, նա նշում էր, որ ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանին հսկայական պատ կառուցել և խստացնել ներգաղթի օրենքները, որոնց համաձայն ամերիկյան հողի վրա անօրինական քաղաքացիներից ծնված երեխաները ստանալու էին ԱՄՆ-ի քաղաքացիություն, իսկ երկրում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է արտաքսվեին:

Ես հսկայական պատ կկառուցեմ, և հավատացեք՝ պատեր կառուցելու հարցում ինձ հետ ոչ ոք չի կարող մրցել: Եվ ես դա կկառուցեմ շատ էժան: Ես մեծ՝ հսկա պատ կկառուցեմ մեր հարավային սահմանին, և ես կստիպեմ հենց Մեքսիկային վճարել այդ պատի կառուցման համար: Հիշեք իմ խոսքերը[45]։

2015 թվականի դեկտեմբերին Ռոբերտ Գորդոնի համալսարանը (Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա) ետ վերցրեց Թրամփին 2010 թվականին շնորհված պատվավոր դոկտորի կոչումը, հայտարարելով, որ վերջինիս կարծիքը ամբողջովին հակասում է իրենց ակադեմիական արժեքներին:

2015 թվականի Հոկտեմբերի 21-25-ին «Նյու Յորք Թայմսի» և «CBS»-ի հեռախոսային հարցումների արդյունքում Թրամփը հանրապետականների մեջ գրավեց երկրորդ տեղը 22% ձայնով (առաջին տեղում՝ Բեն Կարսոնը 26%-ով) [47]: 2015 թվականի դեկտեմբերի 15-ին «Վաշինգտոն փոստի» և «ABC»-ի անցկացրած հարցումներում Թրամփը 38%-ով գրավեց առաջին տեղը՝ իրենից հետո թողնելով Թեդ Կրուզին (15%) [48]: 2015 թվականի դեկտեմբերի 16-ի Մոնմաութի համալսարանի հարցումների արդյունքում Թրամփը ռեկորդային 41%-ով առաջ անցավ բոլորից և գլխավորեց ցուցակը: Նրան հաջորդում էին Թեդ Կրուզը (27%), Մարկո Ռուբիոն (10%), Բեն Կարսոնը (9%) և Ջեբ Բուշը (3%) [49]:

Դոնալդ Թրամփը 2016 թվականի օգոստոսին

2016 թվականի մարտի 1-ին, այսպես կոչված «Սուպեր երեքշաբթիի» ժամանակ (անգլ.՝ Super Tuesday), Թրամփը հաղթեց փրայմերիզը տասնմեկից յոթ նահանգներում. Ալաբամայում, Արկանզասում, Վերմոնտում, Վիրջինիայում, Ջորջիայում, Մասսաչուսեթսում և Թենեսիում։ Մարտի 5-ին նա հաղթանակ տարավ Կենտուկիում և Լուիզիանայում (սակայն պարտվեց Կանզասում և Մենում), մարտի 8-ին՝ Հավայիում, ինչպես նաև Միսսիսիպիում և Միչիգանում: Երկրորդ «Սուպեր երեքշաբթիում», որը կայացավ մարտի 15-ին, Թրամփը հաղթեց հինգից չորս նահանգներում, բացառությունը եղավ Օհայո նահանգը՝ Ջոն Քեյսիքի գլխավորությամբ:

Մարտի 22-ին Թրամփը հաղթեց Արիզոնայի փրայմերիզը՝ հավաքելով 47,1% ձայն: Ապրիլի 19-ին փրայմերիզ կայացավ Նյու Յորքում, որտեղ Թրամփը գրանցեց իր առաջին մեծ հաղթանակը՝ ստանալով 60,4 % ձայն և հաղթելով նահանգի գրեթե բոլոր շրջաններում (բացի Մանհեթենից, որտեղ հաղթեց Քեյսիքը 3,4 %- տարբերությամբ):

Մայիսի 4-ին Թրամփը միանշանակ հաղթանակ տարավ Ինդիանա նահանգում: Սրա արդյունքում Թրամփի հիմնական մրցակից Թեդ Կրուզը, ով Տեխասի սենատորն էր, դուրս եկավ նախագահական պայքարից: Նույն օրը պայքարից դուրս եկավ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: Սրանից հետո, Թրամփը դարձավ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջադրյալը:

2016 թվականի մայիսի 26-ին հայնտի դարձավ, որ Դոնալդ Թրամփը հավաքել է 1238 ձայն, որից 1237-ը պարտադիր էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու համար: Սրանով էլ, ավտոմատ կերպով, Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու:

2016 թվականի հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի փոխնախագահ կդառնա Հանրապետական կուսակցությունից Ինդիանայի ղեկավար Մայքլ Փենսը:

2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որի արդյունքները հայտարարվեցին նոյեմբերի 9-ին: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները: Թրամփին հաջողվում է ապահովել 276 ընտրիչների ձայները՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին, ում բաժին էր ընկել ընդհամենը 218-ի ձայները: Այս կերպ Թրամփը հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում և դառնում ԱՄՆ 45-րդ նախագահը [50][45]:

Ֆիլմեր, հեռուստատեսություն և ժամանցային այլ գործունեություններ

Թրամփը Էմմիի կրկնակի մրցանակակիր է: Կամեո ձևաչափով նկարահանվել է «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Դայակը», «Արքայազնը Բեվերլի Հիլզից», «Մեր օրերի կյանքը», «Սերը ծանուցմամբ» և մի շարք այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում: Բացի այդ, մասնակցում է մի շարք թոք-շոուերի և տարբեր հեռուստատեսային ծրագրերի:

Դոնալդ Թրամփի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

2006 թվականի դեկտեմբերին «The View» թոք-շոուի հաղորդավարուհի Ռոզի Օ՞Դոնելը Թրամփին քննադատեց այն պատճառով, որ երկրորդ հնարավորություն էր տվել Միսս ԱՄՆ Թարա Քոններին, ով անտեսելով կանոնները, հաճախում էր գիշերային ակումբներ: Թրամփը, ով ծրագրի ղեկավարն էր, թույլատրում է Քոններին մնալ «Միսս ԱՄՆ» պաշտոնին, մինչ նա կանցներ վերականգնման կուրսեր: Այս երկու հայտնիների հակամարտությունը ձգվեց մի քանի շաբաթ [51]:

2007 թվականի հոկտեմբեր-ին Թրամփը մասնակցեց Լարի Քինգի հեղինակային «Լարի Քինգի լայվ» հաղորդմանը, որտեղ քննադատեց նախագահ Ջորջ Բուշ կրտսերինին՝ Իրաքյան պատերազմը սկսելու համար, ինչպես նաև կանխագուշակեց, որ Ռուդոլֆ Ջուլիանին և Հիլարի Քլինոթնը իրենց թեկնածությունը կներկայացնեն նախագահական ընտրություններին և նա մեծ ուրախությամբ երկուսին էլ կաջակցի: Իրաքյան դեպքերի առնչությամբ Թրամփւ նաև արտահայտվեց հետևյալ. «Ես զգում եմ, որ նա, ով ցանկանում է՝ Իրաքում ավելի շատ դիակներ գտնեն, չի կարող հաղթել նախագահական ընտրություններում», սրանով իսկ մատնանշելով Ռուդոլֆ Ջուլիանիին: Հաղորդման ժամանակ Թրամփը նաև բացասական արտահայտվեց Անջելինա Ջոլիի աշխարհի ամենագեղեցիկ կինը համարվելու մասին[52]:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին Թրամփը կրկին հյուրընկալվելով «Լարի Քինգի լայվ» հաղորդմանը, եթերից պաշտոնապես խորհուրդ տվեց գալիք նախագահական ընտրություններում քվեարկել հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի օգտին [53]:

Աշակերտ

Թրամփը և նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուի շրջանակներում վերջինիս մասնակցության ժամանակ (2009)

2003 թվականին Թրամփը դառնում է «NBC» հեռուստաընկերության «Աշակերտ» իրական հեռուստաշոուիի հաղորդավարը և պրոդյուսերը: Հեռուստաշոուի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի ընկերություններից մեկում թոփ մենեջերի պաշտոնի համար, իսկ նրանք, ովքեր չէին հաղթահարում փորձությունը «հեռացվում էին», այսինքն խաղից դուրս էին մնում: 2004 թվականին Դոնալդ Թրամփը հայտ է ներկայացնում «Դուք հեռացված եք» - «You’re fired!» մակագրությամբ ապրանքանիշի ստեղծման մասին: Առաջին տարին Թրամփը մեկ էպիզոդի համար վաստակում էր 50 հազար դոլար (մեկ եթերաշրջանի համար մոտավորապես 700 հազար դոլար), իսկ երկրորդ եթերաշրջանից սկսած՝ յուրաքանչյուր էպիզոդի համար՝ երեք միլիոն դոլար, ինչն էլ նրան դարձրեց հեռուստատեսությունում ամենաբարձր վարձատրվող մարդը: 2007 թվականին Թրամփը Հոլիվուդյան փառքի ծառուղում ստանում է իր աստղը «Թեկնածու» շոուի ամբողջ ընթացքին մասնակցելու համար:

Բրիտանացի հեռուստապրոդյուսեր Մարկ Բարնեթի հետ Թրամփը մասնակցում է «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուում, որի ժամանակ գումարային մրցանակ ստանալու համար հայտնիները մրցում էին իրենց կատարած բարեգործություններով: Բարնեթի հետ հանդիսանալով հեռուստածրագրի համապրոդյուսեր, Թրամփը նաև ելույթ է ունենում հաղորդումներին՝ որոշելով հաղթողներին և պարտվողներին:

2015 թվականի փետրվարի 16-ին «NBC»-ն հայտարարում է հաղորդման 15-րդ եթերաշրջանը մեկնարկելու մասին: Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարում է, որ դեռ պատրաստ չէ հերթական եթերաշրջանում մասնակցություն ունենալուն՝ մոտակա նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածությունը դնելու պատճառով:

Trump Model Management

1999 թվականին Թրամը հիմնադրում է «Trump Model Management» մոդելային գործակալությունը[54]: 2000 թվականից ի վեր, մեկ այլ դուստր կազմակերպության՝ «Trump Management Group»-ի հետ, «Trump Model Management»-ը նորաձևության ասպարեզում աշխատելու համար Միացյալ Նահանգներ է բերել թվով 250 այլազգի մոդելների[55]։ 2014 թվականին, գործակալության նախկին մանեկենուհի Ալեքսիա Փալմերը դատական գործ է հարուցում «Trump Model Management»-ի նախագահ Քորին Նիքոլասին և մի շարք մենեջերների՝ նրանց մեղադրելով դրամաշորթության, պայմանագրային պայմանների խախտման, նամակային զեղծարարության և ներգաղթյալների վարձավճարների օրենքների խախտման մեջ[56]։ ԱՄՆ դաշնային դատարանը գործը կարճում է 2016 թվականի մարտին։

Ռեստլինգ

Թրամփը «WWE» (World Wrestling Entertainment) պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) և սպորտային ժամանցի կազմակերպության մեծ սիրահար է, ինչպես նաև ընկերության նախագահ Վինս Մաքմահոնի մոտ ընկերն է։ Իր «Թրամփ պլազա» հյուրանոցային համալիրում Թրամփը 2 առիթով վարել է «Ռեսլմանիա» իրադարձությունը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցել տվյալ շոուի շրջանակներում[57]։ Ատլանտիկ Սիթիում գտնվող «Թաջ Մահալ» կենտրոնում է անցկացվել Բոդիբիլդինգի համաշխարհային ֆեդերացիայի (WBF) առաջնությունը (վերջինս պատկանել է «WWE»-ին (նախկինում՝ WWF), ներկայումս չի գործում)։ Կարճատև հարցազրույց է տվել «Ռեսլմանիա VII»-ում, իսկ «Ռեսլմանիա XX»-ի ժամանակ գտնվել է ռինգային տեղամասում[58]։

Առավել խոշոր դերակատարում է ունեցել «Ռեսլմանիա 23»-ում՝ մասնակցելով այսպես կոչված «Միլիարդատերերի գոտեմարտ» ("The Battle of the Billionaires")[57] հանդիպմանը։ Մարտի ժամանակ Թրամփը գտնվում էր Բոբի Լեշլիի անկյունում, Վինս Մաքմահոնը՝ Լեշլիի մրցակից Ումագայի, իսկ հանդիպման հյուր մրցավարն էր «Սառցե գունդ» Սթիվ Օսթինը[57]։ Հանդիպման գրազը կայանում էր նրանում, որ պարտության դեպքում Թրամփը կամ Մաքմահոնը պետք է սափրեին իրենց մազերը[57]։ Հանդիպումն ավարտվում է Լեշլիի հաղթանակով, և մասնակիցները հրապարակայնորեն սափրում են Վինս Մաքմահոնի գլուխը[57]։

«WWE Raw» շաբաթական հեռուստաշոուի 2009 թվականի հունիսի 15-ի թողարկման ժամանակ, Վինս Մաքմահոնն ըստ սցենարի (Քեյֆեբ) հայտարարում է, որ շոուն վաճառել է Թրամփին[57]։ Հայտվելով հեռուստաէկրաններին Թրամփը հայտարարում է, որ մասնակցություն կունենա շոուի հաջորդ թողարկմանը և կփոխհատուցի հանդիսատեսներին այդ օրվա տոմսերի համար։ Մեկ շաբաթ անց Մաքմահոնը «ետ է գնում» իր շոուն, սակայն արդեն կրկնակի գնով[57]։

Ընկերությունում ունեցած ներդրումների համար 2013 թվականին Թրամփն ընդգրկվում է WWE փառքի սրահի հայտնիների թևում։ Արարողությունն անցկացվում էր Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում[59]։

Անձանական կյանքը

Դոնալդ Թրամփը հայտնի է նաև «The Donald» անվամբ, որով նրան դիմել է նախկին կինը՝ Իվանա Թրամփը (ազգությամբ Չեխիայից), հարցազրույցներից մեկում [60]: Նա հայտնի է նաև իր «Դուք հեռացված եք» այցեքարտային արտահայտությամբ («You'e fired»): Թրամփի մյուս տարբերվող հատկանիշներից է իր սանրվածքը, որը Թրամփը հայտարարել է, որ չի փոխելու իր ամբողջ կարիերայի ընթացքում:

Ընտանիքը

Պատկեր:Trump Family Tree.png
Թրամփի ընտանիքը

1977 թվականին Թրամփն ամուսնանում է 28-ամյա չեխ մանեկենուհի Իվանա Զելնիչկայի հետ: Նրանք ունեն երեք երեխա. Դոնալդ կրտսերը, Իվանկան և Էրիկը: Զույգն ամուսնալուծվում է 1992-ին:

1993 թվականին Թրամփն ամուսնանում է 29-ամյա Մարլա Մեյփլզի հետ: Մեյփլզն ու Թրամփը ունեն Թիֆանի անունով դուստր (ծ. 1993): Ամուսնալուծվել են 1999 թվականին: 2008 թվականին «Գիշերային տուրուդմփոց» հաղորդման ժամանակ («ABC» հեռուստաընկերություն) Թրամփը իր նախկին կանանց մասին ասել է. «Ես միայն գիտեմ, որ նրանց համար (Իվանայի և Մարլայի) շատ դժվար էր մրցակցել այն բաների հետ, ինչ ես սիրում եմ: Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ»:

2004 թվականի ապրիլի 6-ին նա ամուսնության առաջարկ արեց 34-ամյա Մելանյա Կնավսին Սլովենիայից: Նրանք ամուսնացան 2005 թվականի հունվարի 22-ին Բեթեսդի Ծովային եպիսկոպոսական եկեղեցում (Փալմ բիչ կղզի, Ֆլորիդա): 2006 թվականի մարտի 20-ին ծնվեց նրանց որդին, ում անվանեցին Բերոն Ուիլյամ Թրամփ: Վերջինս Թրամփի հինգերորդ երեխան է: Երեխային մկրտում են այն եկեղեցում, որտեղ ամուսնացել էին ծնողները:

Թրամփն ունի ութ թոռ: Հինգը մեծ որդուց՝ Դոնալդ Թրամփ կրտսերից և իր կնոջից՝ Վանեսսա Թրամփից. թոռնուհիները՝ Քեյ Մեդիսոն Թրամփը (2007), Քլոյե Սոֆիա Թրամփը (2014) և երեք թոռնիկները՝ Դոնալդ Ջոն Թրամփ III-ը (2009), Տրիստան Միլոս Թրամփը (2011), Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփը (2012):

Երեքը մեծ աղջկանից՝ Իվանկա Թրամփից և իր ամուսին Ջարեդ Քուշներից. թոռնուհին՝ Արաբելլա Ռոուզ Քուշները (2011) և թոռները՝ Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշները (2013), Թեոդոր Ջեյմս Քուշները (2016):

Հոբբի

Թրամփը տարված է գոլֆ խաղով: Նա Մամարոնեկայում՝ Նյու Յորք նահանգում «Winged Foot» կոչվող գոլֆ ակումբի անդամ է [61]

Հեղինակային գրքեր

Թրամփը հեղինակել է հետևյալ գրքերը.

  • «Գոյատևել բարձունքում» (1990)
  • «Գոյատևելու արվեստը» (1991)
  • «Վերադարձի արվեստը» (1997)
  • «Ամերիկան, որին մենք արժանի ենք » (2000)
  • «Ճանապարհ դեպի վեր» (2004)
  • «Մտածիր ինչպես միլիարդատեր: Այն, ինչ անհարաժեշտ է իմանալ հաջողության, անշարժ գույքերի և, ընդհանրապես, կյանքի մասին»
  • «Իմ լավագույն խորհուրդը գոլֆում» (2005)
  • «Ինչու ենք ցանկանում հարուստ լինել» (2006)
  • «Մտածիր մեծագույնի մասին և կանգ մի առ» (2007)
  • «Իմ լավագույն խորհուրդը անշարժ գույքի մասին. 100 լավագույն փորձագետները կիսվում են իրենց խորհուրդներով» (2007)
  • «Հաջողության բանաձևը» (2007)
  • «Թրամփը երբեք չի հանձնվում: Թե ինչպես ես իմ բոլոր խնդիրները վերածեցի հաջողության» (2008)
  • «Ամերիկայի նախկին մեծությունը» (2011)
  • «Հաշմանդամ Ամերիկա. ինչպես դարձնել Ամերիկան նորից մեծագույն» (2015)

Իր «Վերադարձի արվեստը» (1997) գրքի մասին Թրամփն ասել է.

Ես դա գրել եմ որպես գիրք բիզնեսի մասին, բայց այնտեղ նաև շատ անձնական բան կա և մեծ տեղ է հատկացված հարաբերություններին: Դա գիրք է հաջողության հասնելու, մրցակցությանը դիմակայելու մասին: Եվ ես կարծում եմ, որ բոլորը պետք է կարդան սա: Դա ակնհայտ է[45]:

Ծանոթագրություններ

  1. Մատերա, Ջեյսոն (մարտի 14, 2011). «Մանրամասներ Թրամփի մասին». «Հյուման իվենթս». Վերցված է մարտի 16, 2011-ին.(անգլ.)
  2. Yes, Donald Trump really went to an Ivy League schoolWashington Post, 2015.
  3. President Donald J. Trump — 2017.
  4. «Դոնալդ Թրամփ». «Ֆորբս». Վերցված է հունիսի 20, 2015-ին.(անգլ.)
  5. https://web.archive.org/web/20161125081038/http://www.walkoffame.com/donald-trump
  6. Jewish National Fund to Honor Gary Jacob at Tree of Life™ Award Dinner
  7. Phony Claim About Trump’s Ellis Island Award // FactCheck.org — 2019.
  8. Donald Trump: TIME Person of the Year 2016 / N. GibbsNYC: Time, 2016. — ISSN 0040-781X; 2169-1665
  9. 9,0 9,1 Past Recipients of the NCTE Doublespeak Award
  10. Gaming Hall of Fame: Donald TrumpUNLV.
  11. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=30
  12. https://www.improbable.com/ig-about/winners/
  13. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  14. https://www.reuters.com/article/us-usa-trump-morocco/trump-receives-moroccos-highest-award-for-middle-east-work-official-idUSKBN29K2GK
  15. https://apnews.com/article/robert-obrien-kosovo-richard-grenell-serbia-hashim-thaci-48d83c2bbd072a24922154c60132e0da
  16. https://www.nytimes.com/slideshow/2016/04/28/fashion/donald-trump-caitlin-jenner-nicki-minaj-time-100-gala.html
  17. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  18. https://time.com/collection/most-influential-people-2018/5217621/donald-trump-2/
  19. https://time.com/collection/100-most-influential-people-2019/5567754/donald-trump-3/
  20. https://time.com/collection/100-most-influential-people-2020/5888315/donald-j-trump-2020/
  21. Forbes / S. ForbesNYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
  22. SAG-AFTRA Statement on Donald J. Trump’s Resignation from the Union — 2021.
  23. Internet Movie Database — 1990.
  24. 24,0 24,1 24,2 The Jamaica Hospital Certificate of Birth
  25. 25,0 25,1 25,2 Certificate of Birth Registration
  26. https://www.theguardian.com/us-news/live/2016/nov/08/us-election-2016-polls-trump-clinton-live
  27. Ջեֆ Քոքս (օգոստոսի 11, 2011). «Թրամփը փոխում է գործելաոճը և ձեռք բերում բլուչիփային արժեթղթեր». «CNBC». Վերցված է հուլիսի 9, 2013-ին.
  28. # 156 Դոնալդ Թրամփ
  29. «Թրամփը ցանկանում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին». «Երկիր Մեդիա». սեպտեմբերի 1, 2016. Վերցված է նոյեմբերի 12, 2016-ին.
  30. Ancestry of Donald Trump
  31. Բենդեր, Մերիլին. «Դոնալդ Թրամփի կայսրությունն ու էգոն»
  32. «In Step With: Donald Trump». Parade. November 14, 2004. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 14, 2010-ին.
  33. «Donald Trump's Bond Hill connection». The Enquirer. August 12, 2015.
  34. Փոլսոն, Մայքլ (մարտի 6, 2016). «Բրոդվեյը չխղճաց երիտասարդ Թրամփին». «Նյու Յորք թայմս». Վերցված է նոյեմբերի 17, 2016-ին.
  35. http://www.nytimes.com/books/00/12/03/reviews/001203.03margolt.html
  36. http://www.nysun.com/opinion/no-stadium-needed/11526/
  37. FASTER AND CHEAPER, TRUMP FINISHES N.Y.C. ICE RINK Philly.com.
  38. http://lenta.ru/news/2015/06/16/another_one/
  39. Թրամփը խոստանում է ընկերանալ Պուտինի հետ
  40. Sanucci J., Stracqualursi V. Donald Trump Announces 2016 Presidential Campaign: ‘We Are Going Make our Country Great Again’
  41. http://www.politico.com/story/2015/07/donald-trump-leads-gop-field-poll-120106
  42. Balz D., Craighill P. M. Poll: Trump surges to big lead in GOP presidential race
  43. http://www.cbsnews.com/news/cbs-news-poll-donald-trump-leads-gop-field-in-2016-presidential-race/
  44. Donald Trump urges ban on Muslims coming to US
  45. 45,0 45,1 45,2 Պապյան, Արթուր; Հովհաննիսյան, Արման P. (նոյեմբերի 9, 2016). «Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ». «Ազատություն լրատվական». Վերցված է նոյեմբերի 17, 2016-ին.
  46. http://www.popsugar.com/latina/photo-gallery/38427107/image/38427126/I-would-build-great-wall-nobody-builds-walls-better-than-me
  47. [1]
  48. http://rusevik.ru/news/332925
  49. Փնտրում են Դոնալդ Թրամփի փոխարինողին
  50. Ամերիկան կատարեց իր ընտրությունը
  51. Mark Dagostino, Brian Orloff. Rosie Slams Trump, The Donald Fires Back
  52. CNN LARRY KING LIVE: Interview With Donald Trump.
  53. Trump down on economy, up on McCain
  54. Էլիս, Բլեյք; Հիքեն, Մելանի (մարտի 10, 2016). «Փաստաբանների խոսքով Թրամփի մոդելային ֆիրման խախտել է ներգաղթային որոշ օրենքներ». CNN. Վերցված է մարտի 17, 2016-ին.
  55. Rosenberg, Mica; McNeill, Ryan; Twohey, Megan; Conlin, Michelle (August 1, 2015). «Exclusive – Donald Trump's companies have sought visas to import at least 1,100 workers». Reuters UK. Վերցված է March 17, 2016-ին.
  56. http://nypost.com/2014/10/18/trump-agency-stiffed-jamaican-model-out-of-200k-suit/
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 57,6 «Դոնալդ Թրամփի կենսագրությունը WWE.com կայքում». «WWE». Վերցված է նոյեմբերի 17, 2016-ին.
  58. Powell, John. «WrestleMania XX bombs». SLAM! Wrestling. Վերցված է March 14, 2015-ին.
  59. Մերֆի, Ռայան. «Թրամփը կըդգրկվի WWE փառքի սրահում». «WWE».
  60. http://www.observer.com/node/40991 Trump vs Trump in Battle of the Exes
  61. Shoumatoff, Alex (May 2008). «The Thistle and the Bee»: 188–204.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Թրամփ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Թրամփ» հոդվածին։