Պրոֆեսիոնալ ըմբշամարտ
Այլ անվանումներ | Ռեստլինգ Պրոֆեսիոնալ ռեստլինգ Կեչ Լուչա լիվրե Պուրորեսու |
---|---|
Ծագման երկիր | ԱՄՆ Գերմանիա Կանադա Հնդկաստան Մեքսիկա Միացյալ Թագավորություն Ճապոնիա Պուերտո Ռիկո Ֆրանսիա |
Մարզիկներ | պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կեչ մարզիչ |
Պրոֆեսիոնալ ըմբշամարտ, ռեստլինգ, կեչ (անգլ.՝ professional wrestling, կրճատ՝ pro wrestling, ֆր.՝ catch), ոչ մրցակցային սպորտի կամ սպորտային ժամանցի տարատեսակ, որն իր մեջ է համախմբում աթլետիկան, կատարողական և մարտական արվեստները[1]։ Պարունակում է թե՛ դասական և թե՛ բռնվածքային ըմբշամարտի տարրեր, ինչպես նաև ունի ժամանակակից հավելումներ՝ բռնվածքների, նետումների կամ ակրոբատիկ հնարքների տեսքով։
Տվյալ սպորտաձևով զբաղվող մարզիկները կոչվում են ռեստլերներ կամ պրոֆեսիոնալ ըմշամարտիկներ։ Մրցակցային բնույթի բացակայության շնորհիվ անցկացվող մարտերը տեղի են ունենում նախօրոք մշակված սցենարներով, սակայն չի բացառվում չպլանավորված երևույթների (շութ) ուղեկցումը։
Ի տարբերություն օլիմպիական ըմբշամարտի, և առհասարակ գրեթե բոլոր մարզաձևերի, պրոֆեսիոնալ ըմբամարտը չունի վերահսկիչ մարմին։
Յուրաքանչյուր հանդիպման հանգուցալուծումը որոշված է նախօրոք։ Ցանկացած տեսակի հարձակվողական հնարքների ճիշտ կատարման և իրական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է մասնակցող կողմերի սերտ համագործակցությունը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ժամանցի տարածված ձև սկզբնավորվել է 19-րդ դարում Եվրոպայում, որից հետո հանդես է եկել որպես կողմնային ցուցահանդես հյուսիսամերիկյան շրջիկ կառնավալներում և վոդևիլային ներկայացումներում։ Ներկայումս պրոֆեսիոնալ ըմբշամարտն հանդիսանում է ժամանցի արդյունաբերության առանձին ոլորտ, որն ունի զանազան տարատեսակներ և ենթամշակույթներ ողջ աշխարհում։
Ոլորտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Եվրոպայի, ռեստլինգային ցուցադրումներն առավել լայն ժողովրդականության են արժանացել կենտրոնական և հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Ճապոնիայում։ Ոլորտի առավել հանրաճանաչ մարզիկներին հաջողվել է իրենց երկրներում ձեռք բերել հայտնի անձնավորության համբավ։
Չնայած ռեստլինն սկզբնապես ունեցել է փոքր գործողության ձևաչափ կրկեսային և պարահանդեսային ներկայացումներում, այժմ այն հանդիսանում է միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող արդյունաբերություն։ Եկամուտները մեծ մասամբ ստացվում են տոմսերի վաճառքից, կաբելային հեռուստատեսության և փեյ-փեր-վյու հեռարձակումներից, ինչպես նաև լիցենզավորված ապրանքանիշների և տնային տեսասկավառակների վաճառքից։ Առանցքային դեր է ունեցել բովանդակության մատուցման փեյ-փեր-վյու ձևաչափի տարածման գործում։ Առավել մեծ պահանջարկ ունեցող ամենամյա փեյ-փեր-վյու իրադարձություններից են «Ռեսլմանիա» («WWE»), «Փառքի սահման» («TNA») իրադարձությունները։ Ներկայումս մի շարք կազմակերպություններ որպես հեռարձակման հարթակ օգտագործում են ժամանակակից համացանցի հնարավորությունները։ Կանոնավոր կերպով զարգացող համաշխարհային սարդոստայնի շնորհիվ հնարավոր է դիտել վեբ շոուներ, ինտերնետ փեյ-փեր-վյուներ (ԻՓՓՎ) կամ կատարել առցանց տեսավարձույթ։
Հանդիսանալով կատարողական արվեստի տարատեսակ, ռեստինգը շարունակաբար գտնվել է ակադեմիական և լրատվական ուսումնասիրությունների կենտրոնում։ Սպորտաձևի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնցից առավել նշանավորներից են «Ներքնակից այն կողմ», «Մենամարտելով ստվերների հետ» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև 2008 թվականին նկարահանված «Ռեստլերը» գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է Օսկարի բազմաթիվ նոմինացիաների և վերածնել Միքի Ռուրկի դերասանական կարիերան։
Ներկայումս ռեստլինգի խոշորագույն կազմակերպությունը ամերիկյան «WWE» ընկերությունն է, որը 2001 թվականին կարողանում է ձեռք բերել նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) առաջնություններին և ապրապնդել արդյունաբերության առաջատարի դիրքը։ Ռեստլինգի այլ նշանակալի կազմակերպություններից են ամերիկյան «Total Nonstop Action Wrestling» (TNA), «Ring of Honor» (ROH), մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre», «Asistencia Asesoría y Administración» (AAA) և ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW), «All Japan Pro Wrestling» (AJPW) և «Pro Wrestling Noah» (AWN) լիգաները։
Հյուսիսամերիկյան և ճապոնական գլխավոր կազմակերպությունների ստեղծման ժամանակատախտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված կարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտում նկարագրվող դեպքերը կարող են լինել երկու մակարդակի՝ «ռինգային», այսինքն շոուի ընթացքում նախապես մշակված սցենարով տեղի ունեցող դեպքերը, և «ռինգից դուրս»՝ այսինքն ներկայացումներից դուրս տեղի ունեցած իրական դեպքերը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել մարզիկների ելույթների վրա (օրինակ՝ մարզական պայմանագրերի ավարտ, իրական վնասվածքներ և այլն)։
Առանձնահատուկ ուշադրություն է տածվում այն ռեստլերների հանդեպ, ովքեր հանդես են գալիս իրական անվամբ։ Ըմբշամարտիկի կերպարի կատարած գործողությունները համարվում են գեղարվեստական զարգացումներ և չպետք է ոչ մի կերպ ասոցացվեն տվյալ անձնավորության ոչ-ռինգային կյանքի ու գործունեության հետ։
Քեյֆեբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությանը հայտնի չէ այն տարեթիվը, երբ ռեստլինգը մրցակցային ըմբշամարտից վերածվեց ժամանցի տարատեսակի։ Երկար տարիներ շարունակ բազմաթիվ ռեստլերներ իրական կյանքում իրենց դրսևորում էին ռինգային կերպարների նման՝ սպորտաձևի երկրպագուներին փորձելով ցույց տալ տվյալ արդյունաբերության ճշմարտանմանությունը։
Սպորտային պատրանքի ստեղծմանը և դրա հետագա ճշմարտանմանության պահպանմանն ուղղված միջոցառումների ընդհանուր պրակտիկան ռեստլինգի եզրաբանությունում կոչվում է քեյֆեբ։ Կանխորոշված մարտերի ընթացքում մարզիկների ազատ հաղորդակցության համար գոյություն ունի մարզաձևին հատուկ բառապաշար և մեղմասություն, որոնք անհասկանալի են կողմնակի անձնաց։
Ժամանակ առ ժամանակ հնարավոր է, որ մարզիկը շեղվի նախապես մշակված քեյֆեբից և այլ ընթացք տա իրադարձություններին։ Ռեստլինգի եզրաբանությունում սա կոչվում է շութ (անգլերեն՝ shoot - կրակել)։ Երբեմն շոուներում օգտագործվում են շութանման տարրեր՝ դրանք իրականությանն ավելի մոտ դարձնելով։ Այս երևույթն անվանվում է «աշխատեցված շութ» ("worked shoot")։
Հետզհետե պրոֆեսիոնալ ըմբշամարտի մենամարտերի կանխորոշված բնույթը դառնում է բաց գաղտնիք այն բանից հետո, երբ արդյունաբերության առաջատար պրոմոտերները (այդ թվում «World Wrestling Entertainment»-ի սեփականատեր Վինս Մաքմահոնը) սկսում են հանրությանը բացահայտել մարտերի ոչ մրցակցային բնույթը։ Ռեստլինգի արդյունաբերությունում հանդես եկող մի շարք գործիչներ սկզբնապես դեմ են արտահայտվել տվյալ որոշմանը, գտնելով, որ հանրությունը պետք անտեղյակ լինի ռեստլինգի ներքին աշխարհից, ինչպես որ աճպարարական ներկայացման հանդիսատեսներն են անտեղյակ իլյուզիոնիստական հնարքների կատարման ձևի մասին։ Չնայած թատերական բնույթին, բազմաթիվ ամերիկյան նահանգներում դեռ կան վերահսկիչ սպորտային կառույցներ (օրինակ՝ Նյու Յորք նահանգի սպորտային հանձնաժողովը)[3]։
Կատարողական արվեստի հայեցակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտի շոուները կարող են համարվել շրջանաձև թատրոնի տարատեսակ. կենտրոնում տեղակայված ռինգը շրջապատված է կողմնային տեղամասով և նախաբեմ հիշեցնող աստիճանահարթակով։ Այնուամենայնիվ, ի տարբերություն թատերական ներկայացումների, որոնցում պահպանվում է չորրորդ պատի կանոնը, ըմբշամարտի շոուներն աչքի են ընկնում փոխակտիվությամբ, այսինքն քաջալերվում է շոուի մաս կազմող անձնանց հաղարդակցումը հանդիսատեսի հետ։ Հանդիսատեսի ներգրավման առավել բնորոշ դրսևորումներից է դրական և բացասական կերպարներին համապատասխան ուշադրություն դարձնելը։ Սովորաբար դրական կերպարների հանդեպ («բեյբիֆեյս», «ֆեյս») դահլիճում հավաքված հանդիսատեսները ցուցաբերում են դրական վերաբերմունք, իսկ բացասական կերպար կերտող մարզիկների («հիլ») հասցեին հնչեցնում են բացասական սուլոցներ։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած վերահսկիչ մարմնի բացակայությանը, պրոֆեսիոնալ ըմբշամարտում գործում են որոշակի ռինգային կանոններ։ Կանոնները կարող են աննշան կերպով տարբերվել ըստ շոուն անցկացնող կազմակերպության։
Ընդհանուր կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտերն անցկացվում են երկու և ավելի կողմերի միջև։ Յուրաքանչյուր կողմը կարող է բաղկացած լինել մեկ և ավելի մարզիկներից։
Մարտը հաղթանակելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պայմաններից մեկը՝
- մրցակցի ուսերը 3 վայրկյան սեղմած պահել ռինգային ներքնակի վրա (փինֆոլ)
- մրցակցին հանձնվեցնել
- հաղթել մրցակցի որակազրկմամբ
- հաղթել մրցակցի՝ նշված ժամանակահատվածում ռինգից դուրս մնալու շնորհիվ
- Մրցակցին ենթարկել նոկաուտի
Կանոնավոր մարտերում փինֆոլները և հանձնվեցումները պետք է կատարվեն միմիայն ռինգի ներսում։
Գոյություն ունեն մարտատեսակներ, որոնցում հաղթանակելու համար անհրաժեշտ է գրանցել մեկից ավելի փինֆոլներ, հանձնվեցումներ և այլն։ Առավել տարածված են հաղթանակի արձանագրման 3-վայրկյանանոց ֆոլերը։ Մարտերը կարող են ունենալ նաև ժամանակային սահմանափակում (20, 30 կամ 60 րոպե), որոնց ժամանակ բավականաչափ ֆոլ չստանալու դեպքում մարտն ավարտվում է առանց հաղթողի (ոչ-ոքի)։ Ժամանակային սահմանափակում ունեցող մարտերը ռեստլինգի եզրութաբանությունում կոչվում են «երկաթե մարդու մարտ» (անգլ.՝ Iron Man match)։
Մի շարք մասնակիցներ ունեցող մարտատեսակներն առաջնորդվում են բացառման (էլիմինացիոն) սկզբունքով։ Իր դեմ ֆոլ ստացած մարզիկը պարտավորվում է լքել մրցասպարեզը։ Մարտն ավարտվում է այն ժամանակ, երբ ռինգում մնում է մեկ ռեստլեր։ Այնումենայնիվ, գոյություն ունեն բացառման սկզբունքով չառաջնորդվվող ըմբշամարտի մարտատեսակներ, որոնցում հաղթանակ տանելն հնարավոր է միայն մեկ ֆոլի արձանագրմամբ։ Սա նշանակում է, որ եթե նման մարտերում խաղարկվում է որևէ չեմպիոնական տիտղոս, ապա գործող չեմպիոնը կարող է կորցնել իր տիտղոսը՝ նույնիսկ առանց փինֆոլի կամ հանձնվեցման ենթարկվելու (ի տարբերություն անհատական մենամարտերում, որոնց ժամանակ գործող չեմպիոնը, օգտվելով չեմպիոնի առավելությունից, կարող է դիտավորյալ ինքն իրեն որակազրկել կամ ռինգից դուրս մնալ, սակայն կրկին չկորցնել տիտղոսը)։ Բազմանդամ մարտերում որակազրկման քաղաքականություն չի կիրառվում։
Գոյություն ունեն բազմաթիվ բազմանդամ մարտեր, որոնք ունեն հաղթողին հռչակելու տարբեր գրավականներ։ Առավել տարածված են սանդուղքային մարտերը (անգլ.՝ ladder match)։ Պարզ սանդուղքային մարտերում մասնակցող ռեստլերները, կամ թիմերը հաղթելու համար պետք է ռինգի կենտրոնում տեղադրեն շարժասանդուղք և այն մագլցելով ձեռք գցեն ռինգի վերևում կախված մրցանակին։ Սանդուղքային մարտը հաջող անցկացնելու համար ռեստլերը կամ ռեստլերների թիմը պետք է մրցակցի կամ մրցակիցներին կարողանա տևական ժամանակով մեկուսացված պահել։ Որպես արդյունք, սանդուղքը կարող է օգտագործվել որպես զենք։ Նման մարտերում մրցանակ կարող են հանդիսանալ հատուկ պայմանագրերը, որոնք հաղթողին կարող են ցանկացած պահի տիտղոսային մարտի հնարավորություն տալ։
Նմանատիպ սկզբունքով աշխատող մարտատեսակ է թագավորական մարտը (անգլ.՝ battle royal)։ Մարտը սկսվում է երկու ռեստլերի մասնակցությամբ և որոշակի ինտերվալներից հետո ռինգ են մտնում նոր մարտիկներ։ Հաղթանակելու համար անհրաժեշտ է մրցակիցներին նետել ռինգի վերին լարի վրայով այնպես, որ երկու ոտքերն էլ դիպչեն ռինգից դուրս գտնվող հատվածին։ Մարտի հաղթող է հռչակվում ռինգում գոյատևած վերջին մարզիկը։ Թագավորական մարտի օրինակ է «WWE»-ի «Royal Rumble» կոչվող մարտը, որի ժամանակ մարտն սկսվում է երկու մարզիկի մասնակցությամբ, այնուհետև 90 վայրկյան ինտերվալներով (նախկինում՝ 2 րոպե) ռինգ են մուտք գործում նոր ռեստլերներ։ Մասնակիցների ընդհանուր քանակը կարող է հասնել 30-40 հոգու։
Յուրաքանչյուր մարտի համար նշանակվում է մրցավար (ռեֆերի)։ Լուչա լիվռեի բազմամարդ մարտերի համար նշանակվում են երկու մրցավարներ, որոնցից մեկը պարտավորվում է գտնվել ռինգում, իսկ մյուսը՝ ռինգից դուրս։
Մրցավարների՝ վերջնական արբիտր լինելը ցուցադրական է, քանի որ նրանց գլխավոր պատասխանատվությունը ըմբշամարտիկների և ետնաբեմում գտնվող սցենարիստների միջև կապ հաստատելն է։ Մրցավարները ներկա են նույնիսկ այն մարտերում, որոնցում նրանց կարիքն այդքան էլ չկա (օրինակ՝ սանդուղքային մարտեր)։ Չնայած մրցավարների գործողություններին երբեմն տրվում են դրամատիկական նրբերանգներ, այնուամենայնիվ, թատերական անկողմնապահ մարմնի տպավորություն թողնելու համար մրցավարները պարտավորվում են հավատարիմ մնալ որոշակի կանոնների ու պահանջների։ Միայն մրցավարներին է պատկանում ֆոլի կամ որակազրկման արձանագրումը, ուստի շատ հաճախ բացական կերպարով հանդես եկող ռեստլերները (հիլ) փորձում են շեղել կամ մեկուսացնել մրցավարներին, որպեսզի արգելված հնարքներ օգտագործեն մրցակցի վրա։
Ժամանակ առ ժամանակ օգտագործվում են հյուր մրցավարներ, ովքեր օգտագործելով իրենց հայտնիությունը, սովորաբար մարտը վարում են որոշակի կողմնապահությամբ։ Դրական կերպարում հանդես եկող հյուր մրցավարները ամեն ինչ անում են հիլ ըմբշամարտիկի զեղծարարությունները կանխելու համար։
Եթե հյուր մրցավարը հանդես է գալիս բացասական կերպարում, ապա կարող է հիլ մարզիկի օգտին կիրառել այնպիսի կողմնակալություններ, ինչպիսիք են՝
- Արագ հաշվել հիլ ըմբշամարտիկի ֆոլը, սակայն նույն գործողությունը կատարել դանդաղ կերպով (կամ ընդհանրապես չկատարել) ֆեյս ըմբշամարտիկի պարագայում.
- Հիլ ըմբշամարտիկներին թույլ տալ բացահայտորեն օգտագործել արգելված մարտավարություններ, սակայն նույն ազատությունները չկիրառել ֆեյս ըմբշմարատիկների օգտին.
- Հիլ ըմբշամարտիկի օգտին անգիտակից ձևանալ՝ վերջինիս թույլ տալով կատարել արգելված հնարքներ հակառակորդի նկատմամբ.
- Ֆիզիկապես օգնել հիլ ըմբշամարտիկին և այլն.
Ըմբշամարտի մարտերն անցկացվում են ռինգում, որն իրենից ներկայացնում է բարձրացված բրեզենտե ներքնակ՝ յուրաքանչյուր անկյունում տեղադրված սյունակներով։ Ռինգը շրջապատված է երեք հորիզոնական լարերով կամ մալուխներով, որոնք մետաղյա կցորդների միջոցով միացված են անկյունային սյունակներին։ Անվտանգության նկատառումներով մետաղե կցորդները փակված են փափուկ բարձիկներով։ Ռինգը շրջապատող տեղամասում տեղադրված են փափուկ ներքնակներ։ Ռինգային տեղամասը հանդիսատեսից բաժանված է պատնեշներով։
Թիմային կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական թիմային մարտերում յուրաքանչյուր խմբից ռինգում գնվելու իրավունք ունի այսպես կոչված «օրինական» կամ «ակտիվ» մասնակիցը։ Փոխատեղվելու համար նույն թիմը ներկայացնող ռեստլերները պետք է ֆիզիկապես դիպչեն միմյանց (սովորաբար կատարվում է ձեռքի ափերով)։ Օրինական մասնակցի կարգավիճակը կորցրած մարզիկին ներասպարեզային տեղամասը լքելու համար հատկացվում է 5 վայրկյան։
Ոչ օրինական մասնակիցը պետք է ռինգային գոտուց դուրս կանգնի և խուսափի հակառակորդ խմբի ոչ օրինական մրցակցի և/կամ մրցավարի հետ ընդհարվելուց։ Գրեթե բոլոր կազմակերպություններում ոչ օրինական մասնակիցը պարտավորվում է դիպչել ռինգային կցորդին կամ առնվազն բռնվել դրան կցված ճոպանից։
Որոշ բազմամարդ թիմային մրցույթներում սահմանվում է օրինական մասնակիցների որոշակի քանակ։
Սցենարից զատ, ռեստլերների փոխատեղումը վերջիններիս հնարավորություն է տալիս հանգստանալու, քանզի թիմային մարտերը երբեմն աչքի են ընկնում տևականությամբ։
«Տեխասյան տորնադո» ձևաչափի թիմային մարտերում օրինական մասնակից են համարվում բոլոր մարտիկները, ովքեր բոլորն էլ կարող են միաժամանակ մարտադաշտում գտնվել։ Այս տարատեսակում չի գործում որակազրկումը։
Նույն թիմում հանդես եկող ռեստլերը չի կարող փինի ենթարկել թիմակցին։
Մրցավարի որոշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փինֆոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փինֆոլը պրոֆեսիոնալ ըմբշամարտում հաղթանակ տանելու ամենատարածված ձևն է։ Իր հաշվին փինֆոլ գրանցելու համար ռեստլերը պետք է հակառակորդի ուսերը սեղմի ներքնակին, իսկ այդ ժամանակ հանդիպման մրցավարը ձեռքի ափով պետք է երեք անգամ հարվածի նույն ներքնակին (եռահաշվարկ)։ Պարտվող մարզիկի՝ մեջքի վրա գտնվելը պարտադիր պայման է։ Մրցավարի կողմից եռահաշվարկն սկսվում է այն ժամանակ, երբ ըմբշամարտիկի ուսերը դիպչում են ներքնակին, իսկ հակառակորդը մարմնի ցանկացած մասով ֆիքսում է տվյալ դիրքը։ Փինֆոլից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև եռահաշվարկի կայանալը դուրս պրծնել ֆիքսված վիճակից (ինչը կոչվում է «քիքաուտ»)։
Փինֆոլը չի արձանագրում այն դեպքում, երբ հարձակվող մարզիկը որպես լծակ օգտագործում է ռինգային լարերը կամ բռնվում է պաշտպանվողի ռինգային հագուստից (եթե տվյալ մարտի պայմաններն այլ բան չեն թելադրում)։
Երբեմն հնարավոր է, որ երկու մրցակիցների ուսերը նույնապես գտնվեն ներքնակի վրա։ Հիմնականում նման իրադրություններն ավարտվում են ոչ-ոքի արդյունքով։
Հանձնվեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենամարտն հաղթանակելու գրավականներից է նաև մրցակցին որևէ տեսակի բռնվածքի մեջ պահելով վերջինիս ստիպել հրաժարվել հետագա մրցապայքարից։
Բռնվածքի մեջ գտնվող ռեստլերը հանձնվելու որոշման մասին կարող է տեղեկացնել մրցավարին բերանացի (այն իրադրություններում, երբ մարմնի այլ մասերով հնարավոր չէ կատարել հանձնվելու ժեստ)։ Հանձնվելու մասին կարելի է տեղեկացնել նաև ազատ ձեռքը ներքնակին կամ մրցակցին թփթփացնելով։ Տվյալ ժեստն առավել լայն տարածման է արժանացել խառնամարտիկ Քեն Շեմռոքի կողմից՝ ուշ 90-ականներին։ Բռնվածքից պաշտպանվող ռեստլերը կարող է ազատ ձեռքերն օգտագործել դեպի մոտակա լարը հասնելու և դրանից բռնվելու համար, ինչը հանձնվել չի նշանակում։
Հանձնվեցնող հնարքների օգտագործումը սկզբնապես մեծ տարածություն է ունեցել ռեստլինգում, սակայն կեչ ենթատեսակի անջատումից ի վեր բավականին քիչ օգտագործում ունի ներկայիս ռեստլինգում։ Այնուամենայնիվ, ըմբշամարտի պատմության մեջ կան բազմաթիվ ռեստլերներ, ինչպիսիք են Քրիս Ջերիքոն, Ռիկ Ֆլեյրը, Բրետ Հարթը, Քուրտ Էնգլը, Քեն Շեմռոքը, Քրիս Բենուան, Դին Մալենկոն, Թազը և այլք, ովքեր մարտերը հաղթում էին հանձնվեցնող հնարքների օգտագործմամբ։ Այն ռեստլերները, ովքեր որպես այցեքարտային հնարք օգտագործում են հանձնվեցումներ, ներկայացվում են որպես բռնվածքային մասնագետներ, ինչպես նաև նման հնարքներն առավել արդյունավետ և ցավոտ կերպով իրականացոնողներ։
Համաձայն ըմբշամարտի կանոնավոր հանդիպումներում ընդունված կանոնների՝ երկու մրցակիցների միջև ցանկացած ֆիզիկական կոնտակտը պետք է դադարեցվի եթե մարզիկներից մեկը բռնվել է ռինգային լարից կամ գտնվում է լարի ներքևում. սա հանդիսանում է բռնվածքի կոտրման առավել տարածված ձևը (անգլ.՝ rope break)։ Երբ պաշտպանվողին հաջողվում է այս քայլին դիմել, մրցավարը դա նկատելով անմիջապես հորդորում է հարձակվողին բաց թողնել, ինչի չկատարման դեպքում սկում է հաշվել մինչև հինգը։ Եթե հաշվարկը նույնպես անարդյունք է անցնում, մրցավարը կարող է դադարեցնել մարտը և արձանագրել հարձակվող ըմբշամարտիկի որակազրկումը։
Պաշտպանվող մրցակցի անունից կարող է խոսել նաև նրա սցենարային մենեջերը, ով հանդես է գալիս որպես լիազորված անձ և ցանկացած պահին կարող է դադարեցնել մարտը։ Մարտը դադարեցնելու համար մենեջերը պետք է մրցավարի համար տեսանելի վայրում սրբիչ իջեցնի։
Նոկաուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնվածքի պատճառով առաջացած ուշաթափումը հավասարազոր է նոկաուտի։ Ըմբշամարտիկի հնարավոր ուշաթափվածությունը պարզելու համար «WWE»-ում մրցավարները երեք անգամ բարձրացնում և բաց թողնում նրա ձեռքը, և եթե դրանից հետո մարզիկը բավականաչափ ուժ չունենա այն օդում պահելու, ապա մրցամարտը դադարեցվում է։
Բացի այդ, ըմբշամարտիկը համարվում է նոկաուտի ենթարկված, եթե ներքնակին գտնվելով չի արձագանքում մրցավարի հրահանգներին։
Քաունթաուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըմբշամարտիկի՝ նշված ժամանակահատվածում ռինգային հատված չվերադառնալու երևույթը կոչվում է քաունթաուտ (անգլ.՝ countout)։ Սովորաբար քաունթաուտն արձանագրվում է մինչև 10-ը երկար հաշվարկից հետո («ROH»-ում՝ մինչև 20-ը)։ Քաունթաուտի ենթարկված մարզիկը համարվում է պարտված։ Հաշվարկն սկսվում է ռինգում գտնվող մարզիկի՝ ռինգը լքելուց հետո։
Եթե ռինգում գտնվող բոլոր մրցակիցները գտնվում են հորիզոնական վիճակում, մրցավարը սկում է հաշվել (սովորաբար մինչև տասը վայրկյան, բացառությամբ ճապոնական առաջնությունների, որոնցում հաշվարկը քսան վայրկյան է)։ Եթե մինչև հաշվարկի ավարտը մրցակիցներից որևէ մեկը ոտքի չի կանգնում, ապա մարտը դադարեցվում է և արձանագրվում ոչ-ոքի արդյունք։ Մրցակիցներից որևէ մեկի ոտքի կանգնելու դեպքում հաշվարկն անմիջապես դադարեցվում է։ «Վերջին մարդը կանգնած» (անգլ.՝ Last Man Standing) կոչվող մարտատեսակներում հաղթանակ է տանում այն մարզիկը, ով գտնվում է ոտքի վրա, իսկ մրցակցին կամ մրցակիցներին նշված ժամանակահատվածում չի հաջողվել ոտքի կանգնել։
Ըմբշամարտի հանդիպումներ անցկացնող կազմակերպությունների մեծ մասում տիտղոսային մենամարտերի ժամանակ գործող չեմպիոնը չի կարող կորցնել իր գոտին քաունթաուտի արդյունքում (եթե մարտում չկա այլ նախապայման)։ Այս առավելությունից հիմնականում օգտվում են հիլ ըմբշամարտիկները։
Որակազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտում արգելված գործողությունների կիրառման և/կամ որոշակի կանոնների խախտման պատճառով պարտություն կրելու երևույթը կոչվում է որակազրկում։ Որակազրկված ռեստլերն անմիջապես համարվում է պարտված։ Չնայած քաունթաուտը տեխնիկապես նույնպես որակազրկում է համարվում, այնուամենայնիվ ռեստլինգում տվյալ եզրույթներն առանձին են հանդես գալիս, քանի որ երբեմն առանց որակազրկման մարտերում կիրառվում է քաունթաուտի կանոնը։
Անցկացվող մարտի ժամանակ որակազրկման հայտարարումը կարող է տարբեր պատրվակներով պայմանավորված լինել, ինչպիսիք են՝
- Արգելված բռնվածքների կամ հնարքների կիրառում, ինչպիսիք են մրցակցի՝ ռինգային լարերի տեղամասում գտնվելու դեպքում բռնվածքի բացթողումից հրաժարվելը, մրցակցի մազերից քաշելը, մրցակցին խեղդելը, կծելը կամ փակ բռունցքով շարունակաբար հարվածներ տեղալը։ Նման խախտումները դադարեցնելու համար մրցավարը հաշվում է մինչև հինգը և պահվածքը չդադարեցնելու դեպքում որակազրկում է մարզիկին։
- Մրցակցի աչքերին որևէ տեսակի վնասի պատճառում, մասնավորապես՝ բռունքի, մատների կամ այլ միջոցների կիրառմամբ։
- Ցանկացած տեսակի արտաքին ներխուժում, որի ժամանակ մարտի մասնակից չհանդիսացող անձը (անձինք) մրցակիցներից որևէ մեկի նկատմամբ կիրառում է (են) որևէ տեսակի հարձակում։ Նման դեպքերում մարտն ավարտվում է որակազրկմամբ իսկ երրորդ անձի կամ անձնաց կողմից հարձակման ենթարկված մարտիկը հայտարարվում է որպես հաղթող։
- Մրցակցի վրա արտաքին առարկայի կիրառում (օրենքը չի գործում առանց որակազրկման մարտերում, տե՛ս նաև հարդքոր ռեստլինգ)։
- Ցանկացած տեսակի «արգելված հնարքների» օգտագործում (մանրամասները ստորև)։
- Հարված մրցակցի գոտկատեղից ներքևի հատվածին։
- Մրցավարի հանդեպ ցանկացած տեսակի բռնության կիրառում։
- Մրցակցի դիմակավորված լինելու դեպքում դիմակը դուրս քաշելու փորձ (կիրառվում է մեքսիկական լուչա լիվռեում և երբեմն Ճապոնիայում)։
- Մարտի ժամանակ մրցակցին ռինգային վերին լարի վրայով դուրս նետում (տվյալ հնարքը մինչ օրս արգելված է «National Wrestling Alliance» համազգային ըմբշամարտի ցանցում)։
- Թագավորական մարտ մտնելը նախատեսված հերթից շուտ։
- Խառը թիմային մարտում հակառակ սեռին հարվածելու դեպքում։
Պրակտիկայում ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում որակազրկման, քանի որ մրցավարը որոշումներ կատարելիս կարող է օգտագործել սեփական դատողությունը։ Սովորաբար այն խախտումները, որոնք անմիջապես ենթակա են արձանագրման, և այդ կերպ՝ տանում են մարտի դադարեցմանը, հանդիսանում են գոտկատեղից ներքև հարվածը, առարկաների կիրառումը, ներխուժումը կամ մրցավարի վրա հարձակումը։ «WWE»-ում մրցավարը պետք է անձամբ տեսնի խախտումները, հակառակ դեպքում մարտը չի դադարեցվում։ Հնարավոր մարտադաշտի վտանգավոր հատվածում գտնվելու պատճառով հենց մրցավարները ենթարկվեն նոկաուտի։ Մինչև տապալված մրցավարի վերականգնումը կամ փոխարինումը ռեստլերները կարող են օգտվել ազատությունից և կիրառել ցանկացած տեսակի արգելված հնարք։ Մրցավարի անկումը ձեռնտու չէ այն մարտիկին, ով հակառակորդին պահել է ներքնակի վրա և սպասում է եռահաշվարկին, ինչը կատարելու լիազորություն ունի միմիայն մրցավարը։
Որակազրկումը կարող է լինել երկկողմանի, եթե մրցակցող կողմերը միաժամանակ հրաժարվում են կատարել մրցավարի հորդորները կամ միաժամանակ օգտագործում են արգելված հնարքներ։
Ոչ-ոքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումը կարող է ավարտվել ոչ-ոքի արդյունքով, ինչը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են ռեստլերների միաժամանակ որակազրկումը (օրինակ քաունթաուտի, կամ մարտիկների՝ փողոցային կռվի բռնկման դեպքում), տասնահաշվարկին երկու մրցակիցների չարձագանքելը, կամ կրկնակի փինֆոլի միջոցով միաժամանակ հաղթանակ տանելը։ Ավանդաբար, տիտղոսային մարտերի ոչ-ոքի արդյունքի դեպքում գործող չեմպիոնը չի կորցնում չեմպիոնական գոտին, կամ որոշ դեպքերում գոտին դառնում է թափուր։ Մարտը կարող է ոչ-ոքի արդյունքով հանգուցալուծվել նաև ժամանակային սահմանափակմամբ հանդիպումներում (երբ հատկացված ժամանակում հաղթողներ չեն արձանագրվում)։
Չկայացած մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումը համարվում է չկայացած, եթե մարտն հաղթանակելու ոչ մի պայման չի բավարարվել։ Սա իր հերթին կարող է պայմանավորված լինել ծայրահեղ ներխուժման պատճառով մարտի տիրապետման կորուստով, հանդիպման մեկ կամ մի քանի մասնակիցների՝ մարտից դուրս ծանր վնասվածքի ձեռքբերման պատճառով և այլն։ Չկայացած մարտը համարժեք չէ ոչ-ոքի արդյունքին, քանզի վերջինիս դեպքում բավարվում է հաղթանակի որևէ նախապայման։
Թատերական տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթլետիկայի ցուցադրումից զատ, կոմերցիոն տեսանկյունից պրոֆեսիոնալ ըմբշամարտը կոչված է զվարճացնելու և հուզելու հանդիսատեսին։ Չնայած մարտերում ներկայացվող մրցակցությունը բեմականացված է, շեշտը գլխավորապես դրվում է հանդիսատեսից բուռն արձագանք ստանալու վրա, քանի որ այն իր հերթին հանգեցնում է հաճախելիության բարձր ցուցանիշների, տոմսերի մեծածավալ վաճառքի, հեռուստատեսային հեռարձակումների բարձր վարկանիշների (ինչն իր հերթին բարձրացնում է գովազդից ստացված եկամուտները), փեյ-փեր-վյուների ձեռքբերման բարձր ծավալների, ինչպես նաև աճում են լիցենզավորված ապրանքնատեսակների և տեսագրված նյութերի վաճառքի ծավալները։ Թվարկված բոլոր գործոնները դրական ազդեցություն են ունենում ըմբշամարտի կազմակերպության եկամտաբերության վրա։
Կերպար/գիմիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինական Ամերիկայում և անգլախոս երկրներում ռեստլերները (ինչպես նաև ելույթ ունեցող այլ օժանդակ անձինք) ռինգում մարմնավորում են կերպարների (գիմիկ)։ Կերպարները կոչված են մարզիկի անձի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու։ Չնայած որոշ կերպարներ կարող են ունենալ մուլտֆիլմանման նրբերանգներ (օրինակ՝ Ծաղրածու Դոյնքը), այնուամենայնիվ կերպարների մեծ մասն աչքի էընկնում ճշմարտանմանությամբ (օրինակ Քրիս Ջերիքո, Ռոք, Ջոն Սինա, Սթիվ Օսթին, Սի Էմ Փանք)։ Լուչա լիվռեում հանդես եկող լուչադորները, որպես ավանդույթ, ելույթ են ունենում դիմակներով[4]։
Բազմաթիվ ռեստլերներ մասնագիտական կարիերայում օգտագործել կամ օգտագործում են իրենց իրական անուն-ազգանունները (կամ դրանց աննշանորեն փոփոխված տարբերակները)։ Առավել տարածված օրինակներից են Բրետ Հարթը, Ջոն Սինան, Ռենդի Օրտոնը և այլք։ Որոշ մարզիկներ էլ իրենց ողջ կարիերայի ընթացքում հանդես են գալիս միայն մեկ ռինգային անվան ներքո (օրինակ՝ Շոն Մայքլզ, Ռիկի Ստիմբոտ և այլն)։ Երբեմն ռեստլերի ռինգային կերպարի հեղինակային իրավունքները պատկանում են կազմակերպությանը, և նոր աշտանքի վայր գտնելիս ռեստլերն իրավունք չունի նախկին կազմակերպությունում օգտագործած անվամբ հանդես գալ։ Որոշ ռեստլերներ օրինական կերպով անվանափոխվում են որպեսզի ցանկացած առաջնությունում ամբողջապես լիազորված լինեն օգտագործելու տվյալ անունը (օրինակ՝ Վերջին մարտիկ)։ Որոշ ռեստլերներ իրենց ռինգային կերպարի հանրաճանաչության շնորհիվ ունեցել են զգալի հաջողությունների շոուբիզնեսի այլ ասպարեզներում (օրինակ՝ Հալկ Հոգան, Էլ Սանտո, Ռոք և այլք)։ Որոշ նախկին ըմբշամարտիկներ նույնիսկ իրենց ուժերն են փորձել քաղաքական հարթակում (օրինակ՝ Անտոնիո Ինոկի, Ջեսի Վենտուրա և այլք)
Որպես կանոն, ռեստլինգի հանդիպումներն անցկացվում են պրոտագոնիստի (դրական կերպար կամ «բեյբիֆեյս») և անտոգոնիստի (բացասական կերպար կամ «հիլ») միջև։ Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում մեծ տարածում ունեն նաև չեզոք կերպարները («թվիներ»), որոնք ո՛չ լիարժեքորեն դրական են, և ո՛չ էլ բացասական։
Ժամանակ առ ժամանակ ռեստլերները կարող են փոխել իրենց կերպարի ուղղությունը դրականից բացասական կամ հակառակը (heel/face turn)։ Կերպարային փոփոխությունը կարող է լինել ինչպես անսպասելի, այնպես էլ կառուցվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Որոշ կերպարային փոփոխություններ նշանակալի ազդեցություններ են ունեցել ռեստլերների կարիերայում։ Առավել հայտնի կերպարային փոփոխության օրինակներից է Հալկ Հոգանի անակնկալ բացասականացումը՝ շուրջ մեկ տասնամյակ արդյունաբերության գլխավոր դրական կերպարում հանդես գալուց հետո։ Որոշ ռեստլերների կերպարային փոփոխություններ էական ազդեցություն չեն ունենում վերջիններիս կարիերաների վրա։ Չափազանց հաճախ կատարվող կերպարային փոփոխությունները հանդիսատեսի մոտ կարող են անտարբերություն առաջացնել։
Կերպարի դրական կամ բացասական ուղղվածությունը կարող է ժամանակի ընթացքում ինչպես փոփոխման ենթարկվել, այնպես էլ մնալ նույնը ողջ կարիերայի ընթացքում։ Շատ հաճախ կերպարի բացասականացումը կարող է այն աստիճան դրականորեն ընդունվել հասարակության կողմից, որ ժամանակի ընթացքում այն կունենա դրական ընդունելություն (հակահերոս)։
Սյուժե (պատմություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացվող մարտերի մեծ մասում ներկայացվում է որոշակի սյուժե կամ պատմություն՝ համանման թատերական ներկայացման, ֆիլմի, կամ հեռուստասերիալի էպիզոդի. երբեմն ֆեյսը հաղթում է (տրիումֆ) և երբեմն պարտություն կրում (տրագեդիա)։ Առավել երկար սյուժետային կամարները ժամանակի ընթացքում հանգեցնում են նույն մարտիկների մասնակցությամբ մի քանի շարունական մարտերի։ Քանի որ պրոմոշենների մեծ մասում գործում են առաջնային և երկրորդական կարգի չեմպիոնական տիտղոսներ, ապա առավել հավանական է, որ սցենարային պատմությունները կծավալվեն տիտղոսային մրցակցության շուրջ։
Որոշ մարտեր անցկացվում են միայն մեկ մասնակցի կերպարային զարգացումն ապահովելու համար։ Երբեմն կերպարի հատկանիշները հանրությանը բացահայտելու համար ցուցադրվում են հոլովակներ։
Որոշ սյուժեներ առաջանում են երկու կամ ավելի կերպարների միջև բնական մրցակցության արդյունքում։ Ներկայացումներից դուրս, այս երևույթներն անվանվում են հակամարտություններ (անգլ.՝ feud)։ Հակամարտությունները կարող են ծավալվել ցանկացած քանակի մասնակիցների միջև և ունենալ մի քանի օրվա և նույնիսկ տասնամյակների տևողություն։ Ռիկ Ֆլեյրի և Ռիկի Ստիմբոտի հակամարտությունը մեկնարկել էր ուշ 1970-ականներին և տևել մինչև վաղ 1990-ականները։ Երկարատև հակամարտության վառ օրինակներից է նաև Սթիվ Օսթինի և Վինս Մաքմահոնի մրցակցությունը 1998-99 թվականներին։
Տեսականորեն, որքան երկար կառուցվի հակամարտությունը, այնքան հանդիսատեսի հետաքրքրությունը կաճի։ Ռեստլինգ շոուների գլխավոր իրադարձության շրջանակներում ցուցադրվում են այն մենամարտերը, որոնք առավել մեծ հետաքրքրություն ունեն։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի պատմության ընթացքում պատմասության համար օգտագործվել և օգտագործվում են բազմաթիվ մեդիա միջոցներ, մասնավորապես՝ հարցազրույցներ մենամարտերից առաջ և/կամ հետո, կոմիկական պրեսներ ետնաբեմում, հեղինակության դրսևորումներ, ետնաբեմային հակամարտություններ, դիվիզիոն դասակարգումներ (սովորաբար՝ #1 հավակնորդության տեղեր), պայմնագրերի ստորագրումներ, վիճակահանություններ, կայքերում տեղ գտած նորություններ, ինչպես նաև վերջին տարիներին՝ սոցիալական ցանցի օգտագործում։
Պատմություններում կարող են օգտագործվել նաև բազմաթիվ դրամատիկական տարրեր, օրինակ՝ ռոմանտիկ հարաբերություններ (այդ թվում՝ սիրային եռանկյունիներ և ամուսնություններ), ռասիզմ, դասակարգային խտրականություն, հովանավորչություն, ընտանեվարություն, կորպորատիվ կաշառակերություն, ընտանեկան կապեր, անձնական տարաձայնություններ, ոխակալություն, գողություն, խարդախություն, դավաճանություն, կաշառատվություն, գայթակղում, հետապնդում, շորթում, նենգաշորթում, ալկոհոլի չարաշահում, ինքնակառավարման կասկածում և այլն։ Սցենարներում կարող են ընդգրկվել նաև հայտնի անձնավորություններ։
Պրոմոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեստլինգային պատմասության մեջ կարևող տեղ է գրավում պրոմոն (անգլերեն promo, promotional interview [խթանող, գովազդային հարցազրույց] բառերից)։ Պրոմոներն անցկացվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ բարձրացնելու տվյալ ռեստլերի կամ ապագա մենամարտի հանդեպ հետաքրքրությունը։
Մարզապալատների մեծության ու մեծ թվով հանդիսատեսների ներկայության պատճառով պրոմոները լսելի դարձնելու համար կատարվում են ամպլիֆիկացիոն միջոցառումներ՝ սովորաբար օգտագործելով ձեռքի միկրոֆոններ։
Չեմպիոնական տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտում նմանակվում են մարտական սպորտաձևերում անցկացվող տիտղոսային նշանակության մենամարտերը։ Մասնակիցները մրցակցում են չեմպիոնական տիտղոս նվաճելու կամ այն պաշտպանելու համար։ Չեմպիոնական տիտղոսները ֆիզիկապես ներկայացվում են գոտիների տեսքով, որոնց կրում են տիտղոսակիրները։ Թիմային ռեստլինգի դեպքում գոտիները երկուսն են։
Գրեթե բոլոր կազմակերպություններն ունեն գլխավոր տիտղոսներ։ Չեմպիոնատները նախատեսված են ըստ քաշային կարգի, հասակի, սեռի, ռեստլինգային ենթատեսակի և այլ որակավորումների։
Որպես կանոն, յուրաքանչյուր կազմակերպություն ճանաչում է բացառապես իր տիտղոսների «լեգիտիմությունը», սակայն հնարավոր են նաև խաչումներ։ Երբ մի կազմակերպություն ձեռք է բերում մյուսի, ապա լուծարված կազմակերպության չեմպիոնական տիտղոսները կարող են այնուամենայնիվ խաղարկվել նոր առաջնությունում, կամ էլ հանվել գործածությունից։
Կուլիսների հետևում աշխատող սցենարիստները չեմպիոնական տիտղոսները շնորհում են առավել ակնառու մարզիկներին, կամ այն ըմբշամարտիկներին, ովքեր (ըստ սցենարիստների) կարող են մեծածավալ հետաքրքություն առաջացնել հանդիսատեսների շրջանում և այդ կերպ դրականորեն ներազդել հեռուստատեսային վարկանիշների և հաճախելիության վրա։ Այնուամենայնիվ, չեմպիոնատի օգտագործումը կարող է սահմանվել նաև այլ հանգամանքներով։ Հանդիսատեսների շրջանում տիտղոսի որակը, նշանակալիությունն ու համբավը որոշակիորեն կախված է դրա պատմությունից, որպես գործող չեմպիոն հանդես եկող մարզիկի տրամաչափից, ինչպես նաև տիտղոսակրերի փոփոխության հաճախականությունից և եղանակից։
Ոչ ստանդարտ մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն անցկացվող մարտերը կարող են ունենալ լրացուցիչ կանոններ, որոնք ծառայեցվում են հատուկ գրավչություն ստեղծելու կամ հակամարտության մեջ լարվածություն մտցնելու նպատակներով։
Հավանականորեն, առավել հայտնի ոչ ստանդարտ մարտերից է վանդակային մարտը, որի ժամանակ ռինգը շրջապատված է ցանկապատով կամ նմանատիպ մետաղյա կառուցվածքով՝ այդ կերպ բացառելով փախուստը և/կամ արտաքին ներխուժումը, ինչպես նաև մասնակիցների համար պոտենցիալորեն ծառայելով որպես հարձակումն իրականացնելու կոպիտ զենք կամ հարթակ։
Ռինգային մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեստլինգի շոուների առանցքային թատերական տարրերից է ռինգային մուտքը։ Որոշ ըմբշամարտիկների համար առավել բնորոշ է իրենց ռինգային մուտքով ուշադրության արժանանալը, քան բուն մարտաոճով, հատկապես երբ երկար բացակայությունից հետո ռինգ են վերադառնում նախկին առաջնային մարզիկները։
Ռեստլերների բացարձակ մեծամասնությունը ռինգ է մտնում թեմատիկ երաժշտության ներքո։ Թեմատիկ երաժշտական կատարումը սովորաբար արտացոլում է մարզիկի կերպարի ինքնությունը։ Բազմաթիվ ռեստլերների (հատկապես Միացյալ Նահանգներում հանդես եկող) համար օգտագործվող կատարումների խոսքերը և երաժշտությունը գրված են հատուկ վերջիններիս ռինգային մուտքի համար։ Երաժշտական ուղեկցման պրակտիկաներն առավել լայն տարածում են ստացել 1980-ականների ժամանակ։ Թեմատիկ երաժշտությունն հնչեցվում է նաև մարտի ավարտից հետո։
Ռինգային մուտքերը կարող են տարբերվել նաև ըստ հատուկ առիթների։ Առավել առանձնահատուկ ռինգային մուտքեր են կատարվում «Ռեսլմանիա» ամենամյա իրադարձության ժամանակ։
Ռեստլերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ ռեստլերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն բազմաթիվ սպորտաձևերի, պրոֆեսիոնալ ըմբշամարտի մանր կազմակերպություններ կարելի գտնել Միացյալ Նահանգների գրեթե բոլոր համայնքերում։ Տվյալ կազմակերպությունները սովորաբար իրենց շոուներն անցկացնում են ռազմաբազաներում, հանգստի կենտրոններում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, առևտրի կենտրոններում, եկեղեցիներում, բարերում և նույնիսկ կայանատեղերում։ Նման շոուներն ունեն արտադրական ցածր արժեք, գովազդն իրականացվում է բերանացի կամ թռուցիկների, հանրային հեռուստատեսության և համացանցի միջոցով։ Անկախ ռեստլինգը ներկայացնող ըմբշամարտիկները հանդես են գալիս որպես անկախ կապալառուներ և կարող են աշխատել տարբեր կազմակերպություններում՝ սովորաբար գումար ստանալով կատարած յուրաքանչյուր ելույթի համար։
Բազմաթիվ շոշափելի կարիերա ունեցած ըմբշամարտիկներ իրենց մասնագիտական նորամուտը կատարել են անկախ մրցասպարեզներում։
Տղամարդկանց ռեստլինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտում հանդես եկող մարզիկների բացարձակ մեծամասնությունն արական սեռի է։ Սովորաբար սցենարային մրցակցությունը և/կամ դիվիզիաները սահմանվում են այն ռեստլերների համար, ովքեր ներկայացնում են միևնույն մարտաոճը (օրինակ՝ տեխնիկական, բրոուլինգ, հայֆլայինգ, լուչա, հանձնվեցնող, հարդքոր)։ Այնուամենայնիվ, առավել տարածված են այն մարտերը, որոնցում հանդես եկող մրցակիցները կարող են մեծապես տարբերվել ըստ հասակի, քաշի կամ ուժի։
Կանանց ռեստլինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ըմբշամարտում առաջին կին չեմպիոնն արձանագրվել է 1937 թվականին։ Տիտղոսակիրն հայտնի է եղել որպես ոմն Մայլդրեդ Բերք։ Վաղ 1950-ականներին Բերքը հիմնում է «Կանանց ըմբշամարտի ասոցիացիա» կոչվող կազմարեպությունը։ 20-րդ դարի այլ հայտնի կին ռեստլերներից են Անհավանական Մուլան, Մեյ Յանգը և այլք։ 1958 թվականին Մուլան նվաճում է NWA կանանց աշխարհի կրտսեր չեմպիոնական տիտղոսը, որն էլ հետագայում դառնում է WWE կանանց չեմպիոնական տիտղոսի նախատիպը։
Գաճաճների ռեստլինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաճաճների ռեստլինգը ծագել է դեռ սպորտաձևի կառնավալային և վոդևիլյան ժամանակաշրջանից։ Այնուամենայնիվ գաճաճ ըմբշամարտիկների ժողովրդականությունն ու տարածվածությունը վերջին տարիներին մեծապես անկում է ապրել՝ համապատասխան մինի-դիվիզիաների փակման պատճառով։
Որոշ ըմբշամարտիկներ նույնիսկ ունեն իրենց կերպարների մինի տարբերակները, որոնք մարմնավորվում են գաճաճների կողմից։ Առավել հանարահայտ մինիռեստլերնեից են Մասկարիտա Սագրադան, Կուիժեն և այլք։ Գաճաճները կարող են նաև հանդես գալ որպես ուղկեցորդներ կամ թալիսմաններ՝ ըմբիշին կամ ըմբշուհուն ուղեկցելով դեպի ռինգ։
Ոճերն ու առանձնահատկությունները տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ն, Մեքսիկան և Ճապոնիան հանդիսանում են այն երեք երկրները, որոնցում պրոֆեսիոնալ ըմբշամարտն ունի առավել խոշոր շուկա և վայելում է մեծ հանրաճանաչություն։ Ժամանակի ընթացքում մշակվել և զարգացվել են ռեստլինգի բազմաթիվ ենթատեսակներ։
Ամերիկյան ռեստլինգում շեշտը դրվում է պատմասության և մարզիկներին որոշակի կերպարով ներկայացնելու վրա։
Չնայած մեքսիկական ռեստլինգը կամ լուչա լիվրեն նույնպես իր ձևաչափում ունի պատմություններ և կերպարներ, սակայն դրանց առավել քիչ ուշադրություն է հատկացվում։ Լուչադորներն աչքի են ընկնում արագաշարժությամբ ու ճարպկությամբ՝ կատարելով բազմապիսի օդային ակրոբատիկ հնարքներ։ Մեքսիկական և ամերիկյան ենթատեսակների շոշափելի տարբերությունը բացատրվում է դրանց անջատ էվոլյուցիայով։ Ոճի տարածումը Մեքսիկայում սկսվել է 1930-ական թվականներից։ Լուչա լիվրեում ավելի մեծ ճանաչում ունեն առաջին ծանրքաշային կարգում (իսպ.՝ peso semicompleto, անգլ.՝ cruiserweight) հանդես եկող լուչադորները։ Մարզիկները միմյանց վրա հարձակում իրականացնելու համար հաճախ օգտագործում են ռինգային պարանները՝ ինքնանետման սկզբունքով կատարելով ակրոբատիկ հնարքներ, ինչպես նաև կատարելով տարբեր հարձակվողական համադրություններ[5]։ Լուչա լիվրեն հայտնի է նաև թիմային մարտերով, որոնց ժամանակ մրցակից խմբերում երկուսի փոխարեն կարելի է հանդիպել երեք ռեստլերի[6]։
Ճապոնական ռեստլինգը կամ պուրորեսուն նույնպես ունի տարբերություններ։ Չնայած ունենալով ավանդական ամերիկյան ռեստլինգի արմատները և հանդես գալով նույն ենթաոճի ներքո, պուրորեսուն վերածվել է առանձին մարմնի[7]։ Բացի այն հանգամանքից, որ անցկացվող մարտերի արդյունքները կանխավ որոշված են, փորձ է կատարվում հոգեբանական տեսանկյունից ճապոնական ռեստլինգն առավելագույնս ներկայացնել որպես իրական ֆուլ-կոնտակտ մարզաձև, քանի որ սույն ենթաոճում առկա են մարտարվեստային ծանր հարվածների և շութ ռեստլինգի հանձնվեցնող հնարքների համադրություններ[8], մինչդեռ Միացյալ Նահանգներում ավելի շատ ուշադրություն է հատկացվում անցկացվող շոուների ժամանացային բնույթին։ ռեստլերները փոխանակվում են ոտնահարվածներով և ձեռնահարվածներով, ինչպես նաև կատարում բազմապիսի ըմբշամարտային հանձնվեցումներ։ Ի տարբերություն ամերիկյան ռեստլինգի, ճապանոկան ըմբշամարտում խորը սյուժետային պատմություններ չեն կիրառվում և դրանց փոխարեն մեծ ուշադրություն է դարձվում մարտական ոգու գաղափարին և թատերականության փոխարեն գնահատվում է ռեստլերների ցուցադրած ֆիզիկական և մտավոր տոկունությունը։
Ճապոնական ըմբշամարտի բազմաթիվ առաջնակարգ ռեստլերներ, ինչպիսիք են Շինյա Հաշիմոտոն, Ռիկի Չշուն, Կեյջի Մուտոն և Մինորու Սուզուկին մինչև ռեստլինգով զբաղվելը եղել են իրական մարտարվեստային վարպետներ։ 1990-ականների ընթացքում բազմաթիվ ճապոնացի ռեստլերներ սկսեցին հանդես գալ խառնամարտ կոչվող մրցակցային սպորտաձևում։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության ընթացքում պրոֆեսիոնալ ըմբշամարտում զարգացվել են թե՛ արտաքին և թե՛ ներքին մշակույթներ։ Տասնամյակներ շարունակ սույն արդյունաբերությունում ընդգրկված անձանց հաջողվել է միասին ձևավորել որոշակի եղբայրություն՝ մշակելով ներքին կապեր, ընդհանուր բառապաշար և փոխանցելի ավանդույթներ։ Ակնկալվում է, որ նորեկ մարզիկները կարիերայի սանդղակում բարձրանալուց առաջ մի քանի տարի «կվճարեն իրենց տուրքերը»՝ հանդես գալով ցածր տրամաչափի կազմակերպությունում և աշխատելով որպես ռինգային անձնակազմի անդամ[9][10]։ Գրեթե բոլոր կազմարպությունների ակտիվ կազմերում ընդգրկվում են վետերան մարզիկներ, ովքեր մեծ նշանակություն են ունենում երիտասարդ կոլեգաներին ուղղորդելու և հնարավոր տարաձայնությունները փորձառու կերպով լուծելու մեջ[11]։ Տասնամյակներ շարունակ մարզիկներին հանձնարարվում էր նույնիսկ ռինգից դուրս պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգիտիմության պատրանքը կենդանի պահել՝ հանրության մեջ գտնվելիս հավատարիմ մնալով ռինգային կերպարին[12]։ Երևույթը խիստ փոքր չափաբաժիններով նկատելի է ներկայումս։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի երկրպագուները, գիտական ֆանտաստիկայի, համակարգչային խաղերի կամ կոմիքսային գրքերի սատարողների նման, ձևավորել են իրենց սեփական ենթամշակույթը։ Կուլիսների ետևում կատարվող երևույթներով, ապագա սյուժեներով կամ կազմակերպական որոշումների դատողություններով հետաքրքրվող երկրպագուները հնարավորություն ունեն ընթերցելու տեղեկագրեր, ամսագրեր, ինչպես նաև վերջին ժամանակներում՝ օգտվելու բազմաթիվ համացանցային լրատվական կայքերից[13]։ Մեծ տարածում ունեն նաև թեմատիկ ռադիոհաղորդումները։ Որոշ երկրպագուներ հավաքում են ըմբշամարտի մեծաթիվ ձայնագրություններ։ Համացանցի տարածման շնորհիվ երկրպագուներն հնարավորություն ունեն դիտելու ցանկացած ենթաոճի մարտեր։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ աշխարհի տիտղոս նվաճելուց ի վեր առաջնակարգ ռեստլերները ձեռք են բերում հանրաճանաչելիության որոշակի համբավ։ Ռեստլինգի բոլոր սերունդներում հանդես են եկել ռեստլերներ, որոնց հաջողվել է կարիերաներն ընդլայնել երաժշտության, կինոյի, թատրոնի, հեռուստատեսության, բիզնեսի, քաղաքականության կամ հանրային ելույթի ոլորտներում՝ այդ կերպ ճանաչում ձեռք բերելով ռեստլինգով չհետաքրքրվող զանգվածների շրջանում։ Նույն կերպ սպորտի կամ զանգվածային մշակույթի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ հակիրճ ելույթներ են ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի ասպարեզում։
Երբեմն պրոֆեսիոնալ ըմբշամարտը ներկայացվում է որպես որևէ երևույթի ծաղրերգություն։ Հետագայում ծաղրական բազմաթիվ տարրեր, հայտնի այլաբերությունների և մեմերի տեսքով տեղ են գտել ամերիկյան մշակույթում։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից սկզբնավորված որոշ եզրույթներ նույնիսկ տեղ են գտել անգլախոսների մայրենի լեզվում։ «Body slam» (մարմնի տապալում), «sleeper hold» (քնեցնող բռնվածք), «tag team» (մարտական թիմ) և մի շարք այլ օրիգինալ բառեր և բառակապակցություններ օգտագործվում են նույնիսկ ըմբշամարտով չհետաքրքրվողների շրջանում։ Մեկ այլ հայտնի եզր է «smackdown» (կործանում, տապալում) բարդ բառը, որը ճանաչվածության էր հասել 1990-ականներին՝ Դուեյն Ջոնսոնի և համանուն հեռուստաշոուի շնորհիվ, 2007 թվականից ընդգրկված է «Մերիամ-Ուեբստեր» բառարանում։
Բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում և կինոնկարներում («Պատրաստ կռվի», «Մուչա լուչա», «Նաչո լիվրե», «Ռեստլերը» «Սանտո» և այլն) ռինգային կերպարով ռեստլերները ներկայացվում են որպես գլխավոր հերոսներ։ Աշխարհում հայտնի է պրոֆեսիոնալ ըմբշամարտի մասին առնվազն երկու թատերական ներակայացում. «Բարոնը» կոչվող կատակերգական ներկայացումը պատմում է ռեստլեր Բարոն ֆոն Ռաշկեի կյանքի մասին, «Անհայտ մասերից» կոչվող կանադական ներկայացումը պատմում է հորինված ռեստլերի կյանքի ու գործունեության մասին և առաջադրվել է բազմաթիվ թատերական մրցանակների։ «Հարավային այգի» անիմացիոն սիթքոմի 2009 թվականին ցուցադրված «W.T.F.» կոչվող էպիզոդում առկա են պրոֆեսիոնալ ըմբշամարտին հատուկ օճառային օպերայի տարրեր։ «Disney Channel» հեռուստաալիքով ցուցադրվող «Կիմ Փոսիբլ» մուլտսերիալի գլխավոր հերոսուհին ըմբշամարտի մեծ սիրահար էր, իսկ սերիաներց մեկում հանդես էին գալիս երկու գեղարվեստական ռեստլերներ (հնչյունավորված նախկին «WWE»-ի մարզիկների կողմից)։ 2008 թվականին նկարահանված «Ռեստլերը» ֆիլմը տարբեր անվանակարգերում առաջադրվել է Օսկար մրցանակի։
1950 թվականին ռեժիսոր Ժյուլ Դասենի կողմից նկարահանված «Գիշերը և քաղաքը» հոլիվուդյան քրեական դրաման պատմում է լոնդոնցի պրոմոտերի մասին, ով ցանկանում է մեծ հաջողությունների հասնել ըմբշամարտի արդյունաբերությունում։
Ուսումնասիրություններ և վերլուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդականության աճի շնորհիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտը բազմաթիվ առիթներով հայտնվել է ակադեմիական և լրագրողական քննադատության կիզակետում։ Տվյալ ոլորտում ընդունված կարգերն ուսումնասիրվել են բազմաթիվ դասընթացների, թեզերի, ակնարկների և ատենաբանությունների շրջանակներում։ Այն հաճախ է ներառվում թատրոնի, սոցիոլոգիայի և մի շարք այլ ոլորտների ուսումնասիրություններում[14][15]։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակվել են դասընթացներ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մշակութային նշանակության մասին[16]։ Համալսարանի պրոֆեսոր մարդաբան Հեզեր Լիվայը հրատարակել է ազգագրական աշխատություն Մեքսիկայում լուչա լիվրեի մշակույթի մասին։
Այնուամենայնիվ, 20-րդ դարի առաջին կեսին, երբ հանրությանը բացահայտվում է սպորտաձևի բեմադրվածությանը, այն ընդունվում է որպես ժամանցի խիստ էժանագին ձև՝ նախատեսված անկիրթ բանվոր դասակարգի ներկայացուցիչների համար։ Նմանատիպ բացասական վերաբերմունք որոշակի չափերով գոյություն ունի նաև ներկայումս։ Ֆրանսիացի տեսաբան Ռոլան Բարտն առաջիններից էր, ով իր «Ռեստլինգի աշխարհը» աշախատությունում (1957 թվականին լույս տեսած «Առասպելներ» ժողովածուից[17]) նկատեց, որ անհրաժեշտ է ռեստլինգի վերաբերյալ առավել խորը ուսումնասիրություններ ծավալել։ Աշխատությունում Բարտը պնդում է, որ ըմբշամարտը պետք է դիտվի ոչ թե որպես տգետների համար նախատեսված խարդավանք, այլ որպես ատրակցիոն՝ թատերական ներկայացման ձև։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտը նկարագրվում է որպես կատարողական արվեստ, որը պահանջում է զուգադրված իմաստների անմիջական ընթերցումը։ Տրամաբանական ավարտն ավելի քիչ ուշադրության է արժանանում։ Ըստ Բարտի, ըմբշամարտիկի գործառույթը ոչ թե հաղթելն է, այլ իրենից ակնկալվող էմոցիոնալ շարժով գնալը և հանդիսատեսին թատերական բավականություն պարգևելը։ Բարտի աշխատությունը հիմք է ծառայել ապագա ուսումնասիրությունների համար[18]։
Չնայած շատ հաճախ ռեստլինգին տրվում է «տղամարդկանց օճառային օպերայի» որակավորում, այն կարողացել է նաև ունենալ թատրոնի և գրականության այնպիսի ենթաձևերի սինթեզված նրբերանգներ, ինչպիսիք են դասական հերոսականությունը[19], կոմեդիա դել'արտեն[20], վրեժի ողբերգությունը[21], մորալիտեն[21] և բուռլեսկը[22]։
Վավերագրական ֆիլմեր արտադրողները բազմաթիվ առիթներով փորձել են ուսումնասիրել ըմբշամարտիկների կյանքը և նրանց մասնագիտության ունեցած ազդեցություններն իրենց և ընտանիքների վրա։ 1999 թվականին լույս տեսած «Ներքնակից այն կողմ» վավերագրական ֆիլմը պատմում է կարիերայի մթնշաղին մոտեցող Թերի Ֆանկի, կարիերայի բարձրակետին գտնվող Միք Ֆոուլիի, խամրած աստղ Ջեյք Ռոբերթսի և այլ ռեստլերների մասին։ 2005 թվականին լույս տեսած «Շրթներկ և ուժանակ» վավերագրական ֆիլմը պատմում է 20-րդ դարի ընթացքում կանանց ըմբշամարտի էվոլյուցիայի մասին։ Ըմբշամարտի մասին բազմիցս խոսվել է «HBO» հեռուստացանցի «Իրական սպորտաձևեր Բրայանտ Գամբելի հետ» հաղորդաշարում։ «MTV» հեռուստաալիքով ցուցադրված «Կյանքի ճշմարտությունը» իրական հեռուստաշոուն ունի երկու էպիզոդ՝ վերնագրված «Ես պրոֆեսիոնալ ռեստլեր եմ» և «Ես ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ռեստլեր»։ Այլ հայտնի վավերագրական ֆիլմերից են «Պրոֆեսիոնալ ըմբշամարտի գաղտնի աշխարհը», «Հիթմեն Հարթ. մենամարտելով ստվերների հետ» և այլն։ «Արյունոտ հուշեր» վավերագրական ֆիլմը պատմում է ըմբշամարտիկներ Քրիս Ջերիքոյի, Ռոբ Վան Դամի և Ռոդի Փայփերի մասնագիտական կարիերաների մասին։
Իրական վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ցուցադրական բնույթին, ռեստլինգում մեծ է իրական վնասվածքների և նույնիսկ մահվան հավանականությունը։ Ճապոնական մրցասպարեզներում, ինչպես նաև որոշ ամերիկյան անկախ առաջնություններում, ինչպիսիք են օրինակ «Combat Zone Wrestling» (CZW) և «Ring of Honor» (ROH) կազմակերպությունները, արձակվող հարվածները շատ հաճախ կոշտ վայրէջք են կատարում մարզիկների վրա։ Ռինգային հատակը սովորաբար բաղկացած է 2-ից 8 ուղղանկյունաձև չոր տախտակներից։ Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են ուսերի, ծնկի, մեջքի, պարանոցի և կողերի ջարդվածքները։ Ինչպես պրոֆեսիոնալ բռնցքամարտում կամ խառնամարտում, ռեստլինգում նույնպես չեն բացառվում խրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայի կամ գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների հավանականությունը։ Ռեստլեր Դեյվի Ռիչարդսը մի առիթով ասել է․ «Մենք մարզվում ենք վնասվելու համար, գիտենք որ վնասվելու ենք և ընդունում ենք դա»[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոլան Բարտ, «Ռեստլինգի աշխարհը», «Առասպելներ», 1957
- ↑ «Ինչպես է պրոֆըմբշամարտն աշխատում», վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Նյու Յորք նահանգի սպորտային հանձնաժողով» Արխիվացված 2017-04-29 Wayback Machine, մարտի 3, 2013
- ↑ Լանդին, Լի (2013 թ․ ապրիլի 14). «Մատանիների տիրակալները». Օռլանդո: «Սլութսեյերս».
- ↑ «ՍԼԵՄ ՍՊՈՐՏՍ՝ ռեստլինգ՝ լուչա լիվրե 101». «Slam.canoe.ca». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Բեքման, Ստաս. «8.6. Լուչա լիվրեն շփոթեցնում է ինձ. որո՞նք են կանոնները». «Stason.org». Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Կատեգորիայի նկարագրություն». «Բաց տեղեկատու». 1995. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Ծանոթացում պուրորեսուին». «Puroresu.com». 1995. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Գրաբիանովսկի, Էդ. «Ռեստլինգի դպրոց». Ինչպես է աշխատում պրոֆեսիոնալ ըմբշամարտը. «HowStuffWorks.com». Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
- ↑ Ռայան, Դերեկ (2007 թ․ օգոստոսի 11). «Բացահայտում՝ պատահական կատարելություն». «Ըմբշամարտի հռետորաբանություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Գադ, Միտչել (2006 թ․ հուլիսի 13). «Միավորումներ». Կարդալով պարանների արանքում. «WrestleZone.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
- ↑ Քրեյթ, Ալեքս (1998). «Պրոֆեսիոնալ ըմբշամարտը և դրա երկրպագուները․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի սոցիոլոգիական հետազոտություն». «Սոլիս վինտաժ ռեստլինգ». «Ջամփ սիթի փրոդաքշընս». Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
- ↑ Լիպսքոմ, Ուիլամ (մայիս, 2005). «Պրոֆեսիոնալ ըմբշամարտի օպերատիվ էսթետիկան» (PDF). Լուիզիանային նահանգային համալսարանի հասարակական կապերի բաժին. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Էռնեստո Կրուզ, Կասարես (2005). «Երկուշաբթի երկոների ինքնության պատերզամներ՝ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մատուցման էվոլյուցիան». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ --Պաշտոնական վեբ բլոգ
- ↑ Բարտ, Ռոլան (1957). «Ռեստլինգի աշխարհը». «Առասպելներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
- ↑ Լագորիո, Քրիստին (2005 թ․ հունվարի 4). «Միջակայքային ըմբշամարտ». «Վիլիջ վոյս». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
- ↑ Պլենկ, Դոկտոր Ուիլյամ. «Մարզիկը որպես ծաղրածու․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մշակութային և փիլիսոփայական դիտարկումներ». Մոնտանային նահանգային համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ադամս, Ջոնաթան (2006 թ․ նոյեմբերի 9). «Ներառելով արտաքին առարկաներ». Սքոուփ ամսագիր. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
- ↑ 21,0 21,1 Մեյզեր, Շերոն (1998). Պրոֆեսիոնալ ըմբշամարտ՝ սպորտ և ներկայացում. Միսիսիպիի համալսարանի հրատարակչություն.
- ↑ Գերվին, Դայանա (2005). «Եվ դու՞, Սթիվ Օ՛սթին». Հարվարդ կրիմսոն. Հարվարդի համալսարան. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
- ↑ Գրիֆիթս, Էնդրյու (2015 թ․ փետրվարի 12). «Ինչ է պետք պրոֆեսիոնալ ռեստլեր դառնալու համար». «The Daily Telegraph». Լոնդոն: «TMG». ISSN 0307-1235. OCLC 49632006. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆեսիոնալ ըմբշամարտի տիտղոսների պատմություն(անգլ.)
- Ռեստլինգի առցանց աշխարհ(անգլ.)
- Ռեստլինգի համացանցային բազա(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսիոնալ ըմբշամարտ» հոդվածին։ |
|