Այլաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այլաբերություն կամ դարձույթ (ռուս.՝ троп), ոճարտահայտչական միջոց, փոխաբերական իմաստավորում, երբ լեզվական արտահայտությունը (բառ, բառակապակցություն, նախադասություն) խոսքային իրադրությամբ պայմանավորված կամ տվյալ կապացության մեջ գործածվում է այլ իմաստ արտահայտելու համար։ Հատուկ է գեղարվեստական խոսքին։ Հիմնական տեսակներն են՝ ակնարկ, այլաբանություն, անձնավորում, հակասույթ, անվանափոխություն, հակաբանություն, համըմբռնում, հեգնանք, մակդիր, չափազանցություն, պարադոքս, փոխաբերություն, փոխանունություն, փոքրացում և այլն։

Ակնարկը (ռուս.՝ аллюзия) փոխաբերական իմաստավորմամբ ասույթ է, արտահայտություն, երբ խոսակիցն ասվածի բուն իմաստը պետք է հասկանա կռահումով։ Հաճախակի կիրառվում է, օրինակ, երգիծական ստեղծագործություններում, անեկդոտներում և այլն։

Այլաբանությունը (ռուս.՝ аллегория) որևէ հասկացության, մտքի արտահայտումն է կոնկրետ պատկերի միջոցով։ Սա այն դեպքն է, երբ խոսքի արտաքին կառուցման տակ քողարկված է այլ իմաստ։ Բնորոշ է հատկապես առակներին։ Օրինակ՝ խորամանկությունն այլաբանորեն պատկերվում է աղվեսի, ագահությունը՝ գայլի, վախկոտությունը՝ նապաստակի, խարդախությունը՝ օձի կերպարով։

Անձնավորումը (ռուս.՝ олицетворение) այլաբանությանը հարող երևույթ է՝ անշունչ առարկաների և ոչ բանական էակների օժտումը մարդկային հատկություններով (խոսելու, մտածելու կարողություն, մարդկային հարաբերություններ և այլն)։ Գործածվում է հատկապես դիցաբանական պատումներում, ժողովրդական բանահյուսության մեջ (առակներ, հեքիաթներ) և այլն։

Անվանափոխությունը (ռուս.՝ антономазия) մի բառի փոխարեն մեկ այլ բառի գործածությունն է, ավելի հաճախ՝ բառի փոխարինումը հայտնի անձնավորության անունով, որն արտահայտում է այդ անձի բնութագրական հանրահայտ հատկանիշը. օրինակ՝ Մորփեոս (քուն), Դոն-Ժուան (սիրահետող) և այլն։

Հակաբանությունը (ռուս.՝ антифразис) բառ կամ բառակապակցություն է, որն ըմբռնվում է ասվածին հակառակ իմաստով. օրինակ՝ «Շա՜տ խելացի ես» (հիմար ես), «Հիանալի՜ է...» (վատ է, տգեղ է) և այլն։

Համըմբռնումը (ռուս.՝ синекдоха) փոխանունությանը հարող երևույթ է, երբ՝

  • ամբողջ անունով արտահայտվում է մասը («Գյուղը ոտքի ելավ») և հակառակը («Աշխատող ձեռք չկա»),
  • եզակիով արտահայտվում է հոգնակին («Կրպակում թերթ են վաճառում») և հակառակը («Դուք լավ մարդ եք»),
  • վերացականով արտահայտվում է թանձրացականը («Ուսանողությունը հուզվեց») և հակառակը («Ուսանողները հանդարտվեցին»),
  • հատուկ անունը գործածվում է որպես հասարակ (հուդա-դավաճան) անուն և հակառակը (Ծաղիկ-անուն)։

Հեգնանքը (ռուս.՝ ирония) երգիծանքի այլաբերական դրսևորումներից է, երբ դրական բնութագրության ետևում առկա է լրիվ հակառակ ընկալում։ Հեգնանքի կառուցվածքում կարևոր դեր ունի հնչերանգը. օրինակ՝ «Ա՜յ քեզ խելոք»։

Մակդիրը (ռուս.՝ эпитет) փոխաբերական իմաստավորում ունեցող բառ կամ բառակապակցություն է։ Կան նաև կաղապարային բնույթ ստացածներ, որոնք կոչվում են մշտական մակդիրներ (постоянные эпитеты)։ Խոսքի պատկերավորության կարևորագույն միջոց է։

Չափազանցությունը (ռուս.՝ гипербола) առարկայի, երևույթի հատկությունների քանակային, ծավալային մեծացումն է։ Քանակածավալային ինտենսիվությունը կարող է լինել առավելական կամ նվազական։ Գործածվում է հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ (էպոս, առասպել, հեքիաթ և այլն)։

Պարադոքսը (ռուս.՝ парадокс) ոչ սովորական, տարօրինակ արտահայտություն է, երբ առաջին հայացքից երևույթը թվում է հակասական, սակայն իրականում խորը իմաստ է պարունակում, օրինակ՝ «Կամաց գնաս, հեռուն կհասնես»։

Փոխաբերությունը (ռուս.՝ метафора) բառի կամ արտահայտության կիրառությունն է ուղղակի իմաստից զատ որևէ այլ նշանակությամբ։ Շփման կետեր ունի համեմատության հետ, սակայն կառուցվածքային և իմաստաբանական գծերով որոշակիորեն տարբերվում է նրանից։ Այսպես, համեմատության դեպքում ընդհանրությունը հաստատվում է միայն տվյալ հարաբերությամբ, մինչդեռ փոխաբերության դեպքում ենթադրվում է հատկանիշի համեմատաբար կայուն դրվածք (առյուծ մարդ, քար սիրտ, ծով աչքեր)։

Փոխանունությունը (ռուս.՝ метонимия) բառի գործածությունն է ուղղակի իմաստից զատ՝ այլ նշանակությամբ. օրինակ՝ հյուրանոցի համար, բաղնիքի համար արտահայտություններում համար բառն արտահայտում է սենյակ, բնակարան իմաստը, աթոռ բառը որոշակի դեպքերում արտահայտում է պաշտոն իմաստը և այլն։ Հիմնական դեպքերից են՝

  • պարունակողի անունով արտահայտվում է պարունակությունը (մի բաժակ խմել),
  • հեղինակի անունով արտահայտվոևմ է նրա ստեղծագործությունը (Թումանյան եմ կարդում),
  • հատկանիշի անունով՝ այդ հատկանիշը կրող առարկան (ավագ որդին-ավագը),
  • նյութի անունով՝ այդ նյութից պատրաստածը (մետաքս է հագել),
  • ժամանակահատվածի անունով՝ այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունը (երեկոն հրաշալի էր),
  • ստացողի անունով՝ ստացյալը (իմ գիրքը-իմը),
  • արտադրանքի վայրի անունով՝ արտադրանքը («Արենի» գինի),
  • հայտնագործողի անունով՝ հայտնագործությունը (Վոլտ-վոլտ) և այլն։

Փոքրացումը (ռուս.՝ мейозис) իրական հատկանիշի նվազեցրած, փոքրացված ներկայացումն է. դրսևորվում է բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ և այլն («Մի գրոշ չարժե», «Տանելի է»)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 18։