Ներկայացում (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներկայացում, թատերարվեստի գոյաձևը՝ դրամատուրգիական երկի, դերասանական արվեստի, բեմադրական մտահղացման, բեմանկարչության ու երաժշտական ձևավորման համատեղմամբ և ընկալողի՝ հանդիսատեսի ներկայությամբ։ Օպերային, բալետային, կրկեսային ներկայացումներն ունեն իրենց յուրահատկությունները։

Ստեղծելու ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական արվեստի ստեղծագործություն, որի հեղինակներն են թատերագիրը, դերասանը, բեմադրիչը, բեմանկարիչը, երաժիշտը, հնչյունային ձևավորողը։ Ստեղծագործության հաջորդական ընթացքը՝ պիեսի ընտրություն, դերաբախշում, աշխատանք սեղանի շուրջը, աշխատանք դերասանի հետ, աշխատանք բեմանկարչի հետ, փորձեր փորձասենյակում, այնուհետև բեմում՝ բեմավիճակների ստեղծում (դերակատարների հարաբերությունը միմյանց և նյութական միջավայրի հանդեպ՝ գործողության ընթացքի բոլոր պահերին), ներկայացման տեմպի (գործողության ընթացքի արագության և դանդաղության աստիճանը) և ռիթմի (դրամատիկական լարվածության ուժգնացման և թուլացման աստիճանը), փորձերի շարունակությունը հարդարված, կահավորված բեմում, գրիմավորմամբ, զգեստավորմամբ, երաժշտական, հնչյունային ձևավորմամբ և լուսավորությամբ, գլխավոր փորձ, որ, ի տարբերություն նախորդների, դիտում են մի որոշ քանակի հանդիսատեսներ, ներկայացման հանձնում (թատրոնի գեղարվեստական խորհրդին), պրեմիերա (առաջին ներկայացում)։

Պատրաստի ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստի ներկայացումը թատերական ստեղծագործության համեմատաբար կայուն ձևն է, բայց և այնպես մի ներկայացումը մյուսի բացարձակ կրկնությունը չէ, քանի որ դերասանի խաղը տարբեր ներկայացումներում ընդունում է տարբեր երանգներ։ Երկար ժամանակ շահագործվելով, ներկայացումն սկսում է մաշվել, կորցնել իր նախնական թարմությունը. այդ դեպքում ներկայացումը դուրս է գալիս խաղացանկից կամ հարկ է լինում այն վերականգնել։ Ներկայացման երկարակեցությունը պայմանավորված է նրա գեղարվեստական որակով և հանդիսատես գրավելու զորությամբ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բացառիկորեն երկարակյաց, խաղացանկում տասնյակ տարիներ դիմացած ներկայացումներից են Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (բեմադրիչ՝ Բորիս Զախավա), Վրթանես Փափազյանի «Ժայռը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը» (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան) և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png