Արար
Արար (արարված, գործողություն), թատերագրական երկի կամ ներկայացման ամբողջական մասը, դեպքերի զարգացման շղթայի համեմատաբար ավարտուն մի օղակը։
Էությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում արարները սովորաբար բաժանվում են ընդմիջումներով։ Ժամանակակից թատրոնում 4 կամ 5 արարից բաղկացած դասական պիեսները հաճախ ներկայացվում են միայն մեկ ընդմիջմամբ։ Ըստ դրամայի դասական կառուցվածքի՝ առաջին արարը նվիրվում է դեպքերի հանգուցավորմանը, վերջին արարը՝ հանգուցալուծմանը։ Պիեսի ամբողջ գործողությունը կարող է պարփակվել նաև մեկ արարում, որը կոչվում է պիես մեկ արարով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրաման հինգ արարի բաժանելու ավանդույթը գալիս է Հին Հռոմի թատրոնից (Հին Հունաստանի թատրոնում գործողությունը շարունակվել է անընդմեջ)։ Եվրոպական թատրոնն ընդունել է այդ ավանդը, բացի իսպանականից, ուր դրաման բաժանվել է երեք արար-խորնադայի։ Արևելյան մի շարք երկրների դասական թատրոնի պիեսները բաժանվել են տասնյակ արարների։ Դրամայի առանձին արարները կարող են իրենց հերթին բաժանվել դրամատուրգիական ավելի փոքր միավորների՝ պատկեր, տեսարան (տեսիլ), դրվագ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արար» և «գործողություն» բառերը թեպետ հոմանիշներ են, սակայն պիեսը մասերի բաժանելու դեպքում նախընտրելի է գործածել «արար» բառը, որն ավելի կարճ է և չի շփոթվում այլևայլ կիրառություններ ունեցող «գործողություն» բառի հետ։ Գաբրիել Սունդուկյանն ու Հակոբ Պարոնյանն օգտագործել են «արարված» բառը, իսկ Լևոն Շանթը՝ «արար»[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., էջ 19։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., 208 էջ։
|