Գլխավոր գործադիր տնօրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Ֆորդ, 1960-1970 թվականներին «Ֆորդ» ավտոմեքենաշինական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն[1]

CEO (անգլ.՝ Chief Executive Officer, բառացիորեն՝ գլխավոր գործադիր տնօրեն), տնօրեն, ընկերության բարձրագույն պաշտոնյա, որը գոյություն ունի անգլո-սաքսոնական տնտեսական մոդել ունեցող երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն)։ Կիրառվում է պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և կորպորացիաներում: Գլխավոր գործադիր տնօրենը ընդունում է ընդհանուր պատասխանատու որոշումներ, որոնք պետք է ապահովեն ընկերության կայուն աճը: Փաստացի, յուրաքանչյուր կոնկրետ կազմակերպության համար գլխավոր գործադիր տնօրենի նշանակման/ազատման պարտականությունները և կարգը որոշվում են նրա ներքին կանոնակարգերով և կանոններով:

Համաձայն կառավարման տեսության՝ գլխավոր գործադիր տնօրենի հիմնական գործառույթն ընկերության և արտաքին միջավայրի (հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների) միջև կապող օղակ հանդիսանալն է: Այսպիսով, այս պաշտոնը ստանձնող անձի խնդիրների և պարտականությունների շրջանակը ընդգրկում է ընկերության գործողությունների համապատասխանության ապահովումը տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին:

Կորպորատիվ հիերարխիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր գործադիր տնօրենը բաժնետիրական ընկերությունների կառավարման երկրորդ՝ վարչական մակարդակի պաշտոն է, այսինքն՝ իրոք ղեկավար պաշտոն է (կառավարման առաջին մակարդակը տնօրենների խորհուրդն է, որն ընտրվում է տվյալ ընկերության բաժնետերերի ժողովի կողմից)։ Սովորաբար գլխավոր գործադիր տնօրենի ենթակայության տակ են գտնվում՝ Գլխավոր տնօրենը (COO), Գլխավոր ֆինանսական տնօրենը (CFO), Գլխավոր տեխնոլոգիական տնօրենը (CTO) և ընկերության այլ պատասխանատու ղեկավարներ[2]։

Բաժնետիրական ընկերություններում գլխավոր գործադիր տնօրենը սովորաբար նշանակվում է Բաժնետերերի ժողովի կամ Տնօրենների խորհրդի կողմից։ Երբեմն տնօրենի ընտրության ժամանակ օգտագործվում է կումուլյատիվ քվեարկություն։ Հաճախ Տնօրենների խորհուրդը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի համար ընտրում է Տնօրենների խորհրդի նախագահին կամ ընկերության նախագահին (ընկերության նախագահը, որն ընտրվել է գլխավոր գործադիր տնօրեն, պաշտոնով ավելի բարձր է, քան Տնօրենների խորհրդի նախագահը), իսկ երբեմն այս երեք պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը։ Գլխավոր գործադիր տնօրենին պաշտոնից ազատումը կախված է տվյալ կազմակերպությունում ստեղծված իրավիճակից և կազմակերպության ներքին քաղաքականությունից[Ն 1]։ Ըստ մի շարք հեղինակների, որոնք ուսումնասիրում են ամերիկյան ընկերությունների վարչակազմի կառուցվածքը, այդ ընկերությունների կառավարման առանձնահատկություններից մեկն այն է, որ գլխավոր գործադիր տնօրենի և նրան ենթակա COO, CFO, CTO միջև կորպորատիվ փոխհարաբերություններն ավելի բարդ են, քան շատ երկրներում մշակված «ղեկավար-ենթակա» համակարգը[3][4]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր գործադիր տնօրենի գործառույթների նկարագրությունն ըստ Ա. Լաֆլիի(«Procter & Gamble» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն)

«Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը յուրահատուկ է առաջադրանքների սահմանման, արժեքների, հաջողության չափանիշների տեսանկյունից՝ ընկերության բիզնեսի առանձնահատկություններին և ներկայիս ու ապագա ժամանակաշրջանների պահանջներին համապատասխան: Նա պետք է վերահսկի և կատարի ճշգրտումներ, որոնք կապահովեն ընկերության անհրաժեշտ դիրքն արտաքին միջավայրում, ապահովի ստանդարտների և չափանիշների մշակում, որոնք ուղղված են կայուն աճի և կայուն մրցակցային առավելությունների պահպանմանը»։

— «Այն, ինչը կարող է անել միայն գլխավոր գործադիր տնօրենը», 2009[5]

Փաստացի յուրաքանչյուր կոնկրետ գործակալության, ձեռնարկության և այլնի համար գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի գործառույթները որոշվում են կազմակերպության կանոնադրության (անգլ.՝ articles of association, articles of incorporation) և նրա ներքին կանոնների (անգլ.՝ by-laws) համաձայն. շատ դեպքերում կախված է նաև տվյալ ընկերության կառուցվածքից: Այդ պատճառով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կարող է նշանակել ինչպես կազմակերպության առաջին անձ, այնպես էլ նրա տնօրեններից միայն մեկը, որը կատարում է որոշակի պարտականություններ[6][4]։

Համաձայն 20-րդ դարի ազդեցիկ կառավարման տեսաբան Փիթեր Դրաքերի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանդիսանում է ներքին միջավայրի՝ սեփական կազմակերպության և արտաքին միջավայրի՝ հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների միջև կապող օղակ. ընդ որում, «ներսում միայն ծախսեր են, իսկ արդյունքը միայն դրսում է»: Համաձայն «Procter & Gamble»-ի ղեկավար Ալան Ջորջ Լաֆլիի՝ գլխավոր գործադիր տնօրենը հաճախ ընկալվում է որպես ուսուցիչ և օգնական կազմակերպությունում առաջացած խնդիրների լուծման հարցում, բայց իրականում նա ունի ավելի յուրահատուկ անելիքներ, որոնց յուրահատկության հարցում Լաֆլին համակարծիք է Դրաքերի հետ[7]։

2009 թվականին «Harvard Business Review» ամսագրում Լաֆլին տպագրեց հոդված՝ նվիրված գլխավոր գործադիր տնօրենի գործառույթներին, որտեղ նա նկարագրում է այդ պաշտոնը որպես միակը, որ լիարժեք զգում է արտաքին միջավայրի ազդեցությունն ընկերության վրա և ապահովում կազմակեպության պատշաճ արձագանքը՝ կայուն վաճառքի և շահույթի տեսքով: Համաձայն հեղինակի՝ բարձր օղակի մյուս պաշտոնյաներն ունեն ավելի նեղ մտահորիզոն, հիմնականում պատասխանատու են միայն մեկ ուղղության համար: Գլխավոր գործադիր տնօրենը մնացածներից ամենալավն է ունակ տեսնել ընկերության հնարավորությունները, դատողություններ անել և ցուցումներ տալ․ նա միակն է, որ պատասխանատու է ընկերության գործողությունների հետևանքների և տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին այդ հետևանքի համապատասխանության համար: Ընդհանուր պատասխանատու որոշումները, որոնք կայացնում է գլխավոր գործադիր տնօրենը, պետք է ուղղված լինեն դեպի արտաքին լսարանը, հակառակ պարագան վնասաբեր է ընկերության աճի համար: Ալան Ջորջ Լաֆլիի կարծիքով գործնականում գլխավոր գործադիր տնօրենի դերը որպես կապող օղակ, բաժանված է հետևյալ առաջադրանքների, որոնց կատարումը կարող է խլել նրա աշխատաժամանակի մեծ մասը[8]

  1. Արտաքին միջավայրի նշանակության որոշումն ու մեկնաբանությունը: Այս առաջադրանքը էությունը որոշելն է, թե ընկերությանը արտաքին միջավայրի որ տարրը, շահառուների որ խումբն ավելի մեծ նշանակություն ունի, ինչպես նաև, թե ընկերության համար իր գործունեության որ արդյունքներն են ավելի կարևոր: Միայն գլխավոր գործադիր տնօրենը կարող է լուծել այս խնդիրը, քանի որ բարձր օղակի մյուս ղեկավարների պատկերացումը կախված է կազմակերպությունում նրանց զբաղեցրած պաշտոնից[Ն 2][8]։
  2. Ընկերության բիզնեսի նկարագրությունը: Գլխավոր գործադիր տնօրենը պետք է մշտապես վերլուծի և ստանա երկու հարցի պատասխան. ինչպիսի բիզնեսով է զբաղվում ընկերությունը և ինչպիսի բիզնեսով չի զբաղվում: Այսինքն՝ ինչպիսի «դաշտում» պետք է խաղալ, որպեսզի հաղթել և որտեղ ընդհանրապես չարժե մտնել: Սրա համար անհրաժեշտ է լայն պատկերացում, որն ընդգրկում է ողջ ընկերությունը և որով օժտված է միայն գլխավոր գործադիր տնօրենը[Ն 3][8]։
  3. Ներկայի (ընթացիկ եկամուտների) և ապագայի (անհրաժեշտ ներդրումների) միջև հավասարակշռություն գտնելը: Գլխավոր գործադիր տնօրենի համար այսպիսի հավսասարկշռության հասնելը բաղկացած է 3 քայլից. առաջինը, կարճաժամկետ կտրվածքով իրատեսական աճի նպատակների սահմանում, ինչը հիմք է հանդիսանում ավելի երկար ժամանակահատվածում հուսալի պլանների մշակման համար, երկրորդը, ճկուն բյուջետային գործընթացի մշակում, երրորդը՝ այսօրվա և վաղվա խնդիրների լուծման համար մարդկային ռեսուրսների հեռանկարային բաշխում: Վերջին քայլը գլխավոր գործադիր տնօրենի առանցքային խնդիրն է, քանի որ նա ունի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ[Ն 4][9]։
  4. Կազմակերպության արժեքների և ստանդարտների մշակում: Արժեքները որոշում են ընկերության դեմքն ու վարքը, ստանդարտները կապված են ակնկալիքների հետ, դրանք հաջողության չափանիշներն են, որոնք գնահատվում են արտաքին միջավայրի տեսանկյունից: Գլխավոր գործադիր տնօրենը արժեքների և ստանդարտների սահմանման ընթացքում պետք է հասկանա, թե որքանով է ընկերությունը հաջողված այն անձանց տեսանկյունից, որոնք մեծ արժեք ունեն ընկերության համար, և որքանով է այն հաջողված շուկայի ամենալավ ցուցանիշների համեմատ[Ն 5][10]։

Սեփականության մասնաբաժնի տնօրինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլոսաքսոնական իրավական համակարգի կորպորատիվ իրավունքում գոյություն ունի տնօրենի շահագրգռվածություն հասկացությունը (անգլ.՝ director's interest): Վերջինս ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ընկերության ղեկավարները (հնարավոր է նաև CEO-ն) բաժնետոմսեր և պարտատոմսեր ունեն իրենց կազմակերպությունում: Այս արժեթղթերով գործարքներ կատարելիս ղեկավարությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան շարքային բաժնետերերը և կարող է որոշ տեղեկություններ օգտագործել ի շահ անձնական նպատակների: Այդ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում բաժնետոմսեր ունենալը ղեկավարության շրջանում սովորաբար խրախուսվում է, նրանց ցանկացած անձնական գործողություն գտնվում է խիստ վերահսկողության ներքո[11]։

1934 թվականից ԱՄՆ-ում գործում է «Արժեթղթերով առևտրի մասին օրենք» (անգլ.՝ Securities Exchange Act of 1934), որը նպատակ ունի բարելավել ներդրողների տեղեկացվածության մակարդակը և ուժեղացնել չարաշահողների դեմ պայքարը: Ի թիվս այլ բաների, այն պահանջում է ընկերության տնօրենների գործարքների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր տրամադրում: Նաև ցանկացած ընկերության 10%-ից ավելի բաժնետոմսեր ունեցողները և բոլոր այն տնօրենները, որոնք ընկերությունում ունեն արժեթղթեր, պարտավոր են Արժեթղթերի և բորսայական գործունեության հանձնաժողովին (անգլ.՝ Securities and Exchange Commission) և համապատասխան բորսային տրամադրել հաշվապահական հաշվառման 3-րդ ձևը[12]։

Պրոֆեսիոնալ ասոցիացիա և մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Կորպորացիաների տնօրենների ազգային ասոցացիա» կոչվող պրոֆեսիոնալ կազմակերպությունը (անգլ.՝ National Association of Corporate Directors)։ 2015 թվականին այն միավորում էր շուրջ 17 000 կառավարման մարմինների ներկայացուցիչների, տնօրենների, ինչպես նաև այլ ղեկավար անձնակազմի և իրավաբանների: Կազմակերպությունը հավաքագրում և տարածում է տեղեկատվություն գործարար շրջանակների գործունեության վերաբերյալ, անց է կացնում սեմինարներ, ամեն ամիս թողարկում է երկու հրատարակություն` «Corporate Directors’ Special Report Series» և «Director Monthly»[13][14]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օրինակ, հնարավոր է տարբերակ, երբ Տնօրենների խորհուրդը, որպես ընկերության հիմնադրի իրավահաջորդ կամ «բիզնեսի վետերան», որն ուղղակիորեն ներգրավված չէ կազմակերպության առօրյա գործերում և մուտք չունի նրա ռեսուսներ, բավականաչափ ազդեցություն ունի գլխավոր գործադիր տնօրենի փոփոխման գործընթաց նախաձեռնելու համար(Палажченко, 2002)
  2. Որպես oրինակ Ալան Ջորջ Լաֆլին բերում է «Procter & Gamble»-ում ստեղծված իրավիճակը. երկար ժամանակ ընկերությունում գերակայել է սպառողի գլխավորը լինելու միտքը, գործունեության արդյունքը կախված է եղել նրանից, թե արդյոք սպառողը գերադասում է «Procter & Gamble»-ի արտադրանքը մեկ այլ արտադրանքից. այդ պատճառով չնայած այլ արտաքին շահառուների պահանջներին, շահերի բախման ժամանակ որոշումները կայացվում էին ընկերության համար ամենակարևոր գործոնի՝ սպառողի օգտին(Lafley (Минервин), 2010).
  3. Որպես oրինակ Լաֆլին բերում է Procter & Gamble»-ում ստեղծված իրավիճակը. ընկերության բիզնեսը որոշելու համար վերլուծվել է արտադրության կառուցվածքը, հիմնական կարողությունների ռազմավարական համապատասխանության աստիճանը, մրցունակ դիրքերը, ժողովրդագրական միտումները, աճի և գլոբալիզացիայի հնարավորությունները․ ըստ վերլուծության արդյունքների՝ որոշվեց կենտրոնանալ այն հիմնական արտադրանքների արտադրության վրա, որոնցում ընկերությունն առաջատար է՝ սանիտարահիգենիկ և կոսմետիկ արտադրանքներ, մանկական խնամքի պարագաներ և հրաժարվել ոչ հիմնական տեսակներից, սննդի և ըմպելիքների որոշ տեսակներից. բացի այդ որոշում էր կայացվել ընդլայնել ցածր գնային խմբի ապրանքների արտադրությունն այն երկրների համար, որոնք ունեն զարգացող շուկա՝ Չինաստան և Արևմտյան Եվրոպա(Lafley (Минервин), 2010).
  4. Որպես oրինակ Լաֆլին նշում է իր փորձը՝ որպես «Procter & Gamble»-ի գլխավոր գործադր տնօրեն. նա անձամբ գիտի ընկերությունան 500 աշխատակցի և պատասխանատու է նրանցից 150-ի կարիերայի պլանավորման համար(Lafley (Минервин), 2010)
  5. Որպես oրինակ Լաֆլին նշում է «Procter & Gamble»-ի՝ ճգնաժամից դուրս գալու փորձը. դա պահանջեց ընկերության արժեքների և ստանդարտների վերադասավորում` շեշտը դնելով արտաքին միջավայրի վրա. այսպես, եթե նախկինում վստահություն ասելով հասկանում էին աշխատողների վստահությունը աշխատանքը պահպանելու հարցում, ապա հիմա հասկանում էին սպառողի հավատարմությունն ընկերության բրենդին(Lafley (Минервин), 2010).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Активная бизнес-лексика = Active Business Vocabulary : лингв. слов. / Сост. В. Н. Крупнов. — Учеб. пособие. — М. : АСТ: Астрель: Транзиткнига, 2005. — 334, [2] с. — 3000 экз. — ISBN 5-17-032315-8 (АСТ), 5-271-12039-2 (Астрель), 5-9578-2207-8 (Транзиткнига).
  • Американа. Англо-русский лингвострановедческий словарь = Americana. English-Russian Encyclopedic Dictionary : лингвоэнцикл. слов. ок. 20 000 сл. статей / Под ред. и общ. руков. Г. В. Чернова, ред. В. П. Астахов, И. В. Зубанова, О. А. Тарханова, И. Л. Чернова. — Смоленск : Полиграмма, 1996. — 1186 с. — ISBN 5-87264-040-4.
  • Англо-русский полный юридический словарь словарь = English-Russian Comprehensive Law Dictionary : лингв. слов. ок. 35 000 сл. и словосоч. / Сост. А. С. Мамулян, С. Ю. Кашкин, отв. нуч. ред. О. Е. Кутафин. — 1-е изд. — М. : Советникъ, Рэббит, 1993. — 400 с. — 150 000 экз. — ISBN 5-87465-001-6.
  • Англо-русский словарь терминов финансовой отчётности : терминологич. слов. ок. 1000 терм. / Сост. О. В. Довбыш, науч. ред. Н. Н. Миронова. — Самара : Парус-Принт, 2003. — 80 с. — 300 экз. — ISBN 5-94791-011-X.
  • Минервин И. Г. Реферат на статью 2009 года А. Г. Лафли «О важнейших функциях главного руководтеля компании» = Lafley A. G. What only the CEO can do : науч. ст. — В: Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 2: Экономика : реферативный журнал // Институт научной информации по общественным наукам РАН. — 2010. — № 3. — С. 126—129. — ISSN 2219-8504.
  • Палажченко П. Р. Мой несистематический словарь (Из записной книжки переводчика) : лингв. слов. / Отв. ред. В. Р. Колесниченко. — 2-е изд. (испр. переизд. 1999). — М. : Р. Валент, 2002. — 304 с. — 2000 экз. — ISBN 5-93439-086-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]