Հանոյ (վիետ․՝ Hà Nội, 河内, բառացի՝ «քաղաք գետերի միջև» կամ «գետերով շրջապատված (տեղ)»), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք։ Երկրի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաքն է։ Հանոյը Վիետնամի քաղաքական, կրթական ու մշակութային կենտրոնն է ու արդյունաբերական նշանակության երկրորդ քաղաքը (Հոշիմինից հետո)։ 1902-1953 թվականներին եղել է Ֆրանսիական Հնդկաչինի մայրաքաղաքը, 1954-1976 թվականներին՝ Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Վիետնամ) մայրաքաղաքը։
Հանոյը տեղակայված է Հոնգհա գետի ափին։ Բնակչությունը՝ ▲8 435 650 մարդ (2022)[1]։
2008 թվականի օգոստոսի 1-ին Հանոյի տարածքը մեծացվել է ավելի քան երեք անգամ, որովհետև քաղաքին են միացվել նրան հարող պրովինցիաներն ու շրջանները։ Ներկայում Վիետնամի մայրաքաղաքի տարածքը կազմում է 3 345 կմ²։ Հանոյը աշխարհի՝ տարածքով ամենամեծ 17 մայրաքաղաքներից մեկն է։
Հավանաբար հիմնադրվել է 5-րդ դարում։ 9-11-րդ դարերում կոչվել է Դալյա, 11-19-րդ դարերում՝ Տհան գլաունգ (բառացի՝ «սավառնող վիշապի քաղաք»), նաև Դոնգկիլ (բառացի՝ «արևելյան մայրաքաղաք»)։ «Հանոյ» անվանումը գործածության մեջ է մտել 20-րդ դարի սահմանագծում․ այն արտացոլում է քաղաքի դիրքը Հոնգհա և Տո Լիտ գետերի միջև և նշանակում է «Միջագետք» (հա ― «գետ», նոյ ― «ներսում», այսինքն՝ բառացի «գետի ներսում»)[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 222)։