Հայկական դրամ
- Այս հոդվածը Հայաստանի արժույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AMD |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ներդրման ամսաթիվը | նոյեմբերի 22, 1993 |
Պաշտ օգտագործողներ | Հայաստան |
Կազմված է | Լումա |
Նշան | ֏ |
Նշանի նկարագրություն | Հայկական դրամի խորհրդանշան |
Մետաղադրամ | 10, 20, 50, 100, 200, 500 դրամ |
Թղթադրամ | 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամ |
Կենտրոնական բանկ | Հայաստանի Կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[1][2]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[1]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[3][4])։
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[5][6]։
Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
- «OeBS» ընկերություն
- «Giesecke & Devrient» ընկերություն
- Լեհաստանի դրամահատարան
- «De La Rue» ընկերություն
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան
- «Joh. Enschede» ընկերություն
- Նիդերլանդների արքայական դրամահատարան
- Կրեմնիցայի դրամահատարան
- Ֆինլանդիայի դրամահատարան
ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։
Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»[7][8][9]։
1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը[6][10]։
Դրամի գրանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին[8][11][12]։ Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։
2007 թվականին «» գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում[7][11]։
Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ։ Դրանք բոլորն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ[5][8], իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են[13][14]։ Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում[10][15]։
1993-1995 թվականների նմուշի թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» (1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»), «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 1]:
Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»։
10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանի, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ | Անվանական արժեք |
Չափեր, մմ | Հիմնական գույներ |
Նկարագրություն | Շրջանառության մեջ է |
Շրջանառությունից հանվել է | |
---|---|---|---|---|---|---|---|
10 դրամ[վ 1] | 125×62 | սրճագույն, մանուշակագույն |
Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը։ Սերիան՝ «ԱԱ»։ Դարձերեսը՝ Արարատ լեռը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
25 դրամ[վ 2] | 125×62 | դեղին, շագանակագույն |
Դիմերեսը՝ սեպագիր արձանագրություն և առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից։ Սերիան՝ «ԲԱ»։ Դարձերեսը՝ զարդանախշեր։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
50 դրամ[վ 3] | 125×62 | կապույտ, կարմիր |
Դիմերեսը՝ ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շենքը Երևանում։ Սերիան՝ «ԳԱ»։ Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
100 դրամ | 135×65 | մանուշակագույն, կապույտ, կարմիր |
Դիմերեսը՝ Արարատ լեռը և Զվարթնոցի տաճարը։ Սերիան՝ «ԴԱ» կամ «ԴԲ»։ Դարձերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
200 դրամ | 135×65 | շագանակագույն, դեղին, կանաչ |
Դիմերեսը՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զարդանախշեր։ Սերիան՝ «ԵԱ» կամ «ԵԲ»։ Դարձերեսը՝ զարդանախշեր։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
500 դրամ | 135×65 | կանաչ, շագանակագույն |
Դիմերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամը, Արարատ լեռը և զարդանախշեր։ Սերիան՝ «ԶԱ» կամ «ԶԲ»։ Դարձերեսը՝ բացված գիրք՝ հայոց այբուբենի առաջին տառերով, փետուր և զարդանախշեր։ |
1994-03-01-ից[17] | 2005-09-01-ին | ||
1000 դրամ | 145×68 | շագանակագույն, նարնջագույն |
Դիմերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը։ Սերիան՝ «ԹԱ»։ Դարձերեսը՝ Աղիտու գյուղի կոթող-մահարձանը։ |
1994-10-24-ից | 2004-03-01-ին | ||
5000 դրամ | 145×71 | կանաչ, մանուշակագույն, դեղին |
Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ Սերիան՝ «ԷԱ»։ Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը։ |
1995-09-06-ից | 2005-07-01-ին | ||
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1998-2015 թվականների նմուշի թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (բացառությամբ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի)՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 2], 50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների վրա՝ նաև պատկերված գործիչի անունը, կյանքի ու մահվան տարիները, իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ» և «1700» գրառումները։
Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ նաև «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» և «301-2001» գրառումները։
50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանի, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանի։ Թղթադրամները տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին․ այն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում[5][19][20]։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը[21][22], իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում՝ երրորդ տեղը «Տարվա թղթադրամը» անվանակարգում[22]։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ | Անվանական արժեք |
Չափեր, մմ | Հիմնական գույներ |
Նկարագրություն | Շրջանառության մեջ է |
Շրջանառությունից հանվել է | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
50 դրամ | 122×65 | վարդագույն, երկնագույն |
Դիմերեսը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ Սերիան՝ «Ա»։ Դարձերեսը՝ դրվագ «Գայանե» բալետից, Արարատ լեռը։ |
1998-11-23-ից | 2004-04-01-ին | |||
100 դրամ | 122×65 | կապույտ, մանուշակագույն |
Դիմերեսը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։ Սերիան՝ «Բ»։ Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը, աստղադիտակի սխեմայական պատկեր։ |
1998-11-23-ից | 2004-04-01-ին | |||
500 դրամ | 129×72 | մոխրագույն, կարմիր |
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը՝ Երևանի հատակագծի ֆոնին։ Սերիան՝ «Գ»։ Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը։ |
2000-09-01-ից[ն 3] | ||||
1000 դրամ | 136×72 | կանաչ, մոխրագույն |
Դիմերեսը՝ գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, հատված նրա բանաստեղծությունից՝ Արարատ լեռան ֆոնին։ Սերիան՝ «Դ»։ Դարձերեսը՝ պատկեր Հին Երևանից՝ երկհարկանի շենք և երկձի ֆայտոն։ |
1999-03-01-ից | ||||
5000 դրամ | 143×72 | կանաչ, դարչնագույն |
Դիմերեսը՝ գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ ճարտարապետական հուշարձանի ֆոնին։ Սերիան՝ «Ե»։ Դարձերեսը՝ Լոռվա բնապատկեր Սարյանի կտավից[ն 4]: |
2000-07-01-ից | ||||
10 000 դրամ | 150×72 | մանուշակագույն, երկնագույն |
Դիմերեսը՝ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը՝ Արագած լեռան ֆոնին, փետրագրիչ։ Սերիան՝ «Ը»։ Դարձերեսը՝ տեսարան Հին Գյումրիից։ |
2003-11-01-ից | ||||
20 000 դրամ | 155×72 | շագանակագույն, դեղին, նարնջագույն |
Դիմերեսը՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ նրա կտավներից մեկի ֆոնին։ Սերիան՝ «Զ»։ Դարձերեսը՝ հատված Սարյանի «Հայաստան» բնանկարից։ |
1999-03-01-ից | ||||
50 000 դրամ | 160×79 | շագանակագույն, դարչնագույն |
Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված։ Սերիան՝ «ԷԱ» կամ «ԷԲ»։ Դարձերեսը՝ խաչքար Կեչառիսից, Արարատ լեռը և խորհրդանշական պատկեր․ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծ արքան ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին։ |
2001-06-04-ից | ||||
100 000 դրամ | 160×72 | կապույտ, դարչնագույն |
Դիմերեսը՝ Եդեսիայի Աբգար Ե արքան, հատված 1-ին դարի տարածաշրջանային քարտեզից, ոսկե դրամ։ Սերիան՝ «ԶԱ»։ Դարձերեսը՝ Թադեոսի կողմից Աբգար Ե արքային Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը։ |
2009-08-24-ից | ||||
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։ |
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները[26]՝
- շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
- հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
- հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման[27];
- ներդրումային մետաղադրամներ․ թողարկվում են բնակչությանը՝ ազատ միջոցները արծաթե դրամներում ներդնելու հնարավորություն տալու, ինչպես նաև ազգային պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածման նպատակով և կարող են վերաթողարկվել[28][29]։
Շրջանառու մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի նմուշի մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։
Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ |
Անվանական արժեք | Նյութ | Քաշ, գ | Տրամագիծ, մմ | Դրամաշուրթ | Շրջանառության մեջ է |
---|---|---|---|---|---|---|
10 լումա | ալյումին | 0.59 | 16.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
20 լումա | ալյումին | 0.75 | 18.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
50 լումա | ալյումին | 0.93 | 20.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
1 դրամ | ալյումին | 1.39 | 22.0 | ատամնավոր | 1994-02-21-ից[ն 5] | |
3 դրամ | ալյումին | 1.63 | 24.0 | ատամնավոր | 1994-02-21-ից[ն 5] | |
5 դրամ | ալյումին | 1.98 | 26.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
10 դրամ | ալյումին | 2.30 | 28.0 | հարթ | 1994-02-21-ից | |
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
2003-2004 թվականների նմուշի մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։
Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։
Հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային և հոբելյանական մետաղադրամների 20 տարատեսակներ, որոնք բնորոշվում են որպես շրջանառու մետաղադրամներ.
- «32-րդ շախմատային օլիմպիադա» մետաղադրամ՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1996-07-04-ից, հատվել է Լեհաստանի դրամահատարանում;
- «Անահիտ դիցուհի» մետաղադրամ՝ 25 000 դրամ անվանական արժեքով (900 հարգի ոսկի), շրջանառության մեջ է 1997-07-05-ից, հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում ;
- «Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ» մետաղադրամ՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1997-10-06-ից, հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում;
- «Հայաստանի մարզեր և Երևան» շարքի 11 մետաղադրամներ՝ 50 դրամ անվանական արժեքով (արույրապատ պողպատ), շրջանառության մեջ են 2012-06-25-ից, հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում;
- «Հայաստանի վայրի ծառերը» շարքի 6 մետաղադրամներ՝ 200 դրամ անվանական արժեքով (արույր), շրջանառության մեջ են 2014-12-29-ից, հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[32]։
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին[27]։
Ներդրումային դրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է[28][33][34]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]AMD ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1993-1995 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Իսահակ Իսահակյան, Բագրատ Ասատրյան։ Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Ջանիկ Ջանոյան, Լևոն Բարխուդարյան[16]։
- ↑ 1998-2012 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Տիգրան Սարգսյան, Արթուր Ջավադյան։ Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Էդվարդ Սանդոյան, Լևոն Բարխուդարյան, Վարդան Խաչատրյան, Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան[18]։
- ↑ 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ վերաթողարկումների բացակայության և համարժեք մետաղադրամներով փոխարինման հետևանքով[15][19][23]։
- ↑ 5000 դրամանոց թղթադրամի դարձերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» կտավի՝ համակարգչային մշակում անցած տարբերակը[24][25]։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 10, 20, 50 լումա և 1, 3, 5 դրամ անվանական արժեքով մետաղադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ իրենց շատ ցածր գնողունակության պատճառով[19][30][31]։
Վրիպակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1993 թվականի նմուշի 10-դրամանոց թղթադրամի վրա տառասխալով էր գրված անվանական արժեքը՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ» ձևի փոխարեն «ՏԱՍ ԴՐԱՄ» ձևով։
- ↑ 1993 թվականի նմուշի 25-դրամանոց թղթադրամի վրա սխալ էր գրված անվանական արժեքը․ «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով՝ «ՔՍԱՆ ՀԻՆԳ»։
- ↑ 1993 թվականի նմուշի 50-դրամանոց թղթադրամի վրա սխալ գրառում կար՝ «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ» («վյուն»-ով), պետք է լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ» («ինի»-ով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին; ՀՀ ԱԺ կայք, գլուխ 6
- ↑ Հայկական դրամը; armeco.am։ Վերցված է 2015-11-29
- ↑ Armenian Dram Sign; symbl.cc (անգլ.)։ Վերցված է 2017-02-11
- ↑ The Unicode Standard 8.0, Armenian; unicode.org (անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Դրամի պաշտպանական հատկանիշները; armworld.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-27
- ↑ 6,0 6,1 Վերադարձ 1993 թվական՝ դրամը 20 տարեկան է; banks.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-29
- ↑ 7,0 7,1 Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը; panarmenian.net։ Վերցված է 2015-12-02
- ↑ 8,0 8,1 8,2 Драму - 15 лет; express.am Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2015-11-27
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 5
- ↑ 10,0 10,1 Դրամաշրջանառությունը ՀՀ-ում; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-11-29
- ↑ 11,0 11,1 Հայաստանի Հանրապետության դրամի գրանշանը; ՀՀ ԿԲ կայք
- ↑ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդ․ Արձանագրային որոշում Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության մասին; irtek.am
- ↑ Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին
- ↑ Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները; panarmenian.net։ Վերցված է 2005-11-29
- ↑ 15,0 15,1 Ինչպես է ստեղծվել հայկական դրամը; slaq.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-29
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 14-21
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 19
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 22-41
- ↑ 19,0 19,1 19,2 Ազգային դրամանիշերը; countryarmenia.com Արխիվացված 2016-08-14 Wayback Machine։ Վերցված է 2015-11-29
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 38
- ↑ Ի՞նչ արժեն հայկական մետաղադրամները; armenian.irib.ir Արխիվացված 2019-02-03 Wayback Machine։ Վերցված է 2016-01-05
- ↑ 22,0 22,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 214
- ↑ Շրջանառությունից հանվում են մանր թղթադրամները; azatutyun.am։ Վերցված է 2015-11-29
- ↑ Հետաքրքիր փաստ՝ 5000 դրամանոցի մասին; asekose.am։ Վերցված է 2015-11-29
- ↑ Armenia; tomchao.com։ Վերցված է 2015-11-30
- ↑ Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 16-20
- ↑ 27,0 27,1 Հայաստանի Հանրապետության հուշադրամները; ՀՀ ԿԲ կայք
- ↑ 28,0 28,1 Ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-10-23
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 7
- ↑ Մինչև տասը դրամ անվանական արժեքով մետաղադրամների ընդհանուր ծավալը շրջանառության մեջ շուրջ 49 մլն դրամ է
- ↑ The coin worth less than any other in the world; bbc.com (անգլ.)։ Վերցված է 2015-11-29
- ↑ Մամլո հաղորդագրություն «Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների վերաբերյալ; ՀՀ ԿԲ կայք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2015-11-08
- ↑ Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2021-08-14 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2021-108-14
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cuhaj G.S., Standard Catalog of World Paper Money, Modern Issues, 1961-Present (21st Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 60-63 — 1216 էջ, ISBN 978-1-4402-4411-7։
- Cuhaj G.S., Michael T., 2016 Standard Catalog of World Coins 1901-2000 (43rd Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 82-86 — 2352 էջ, ISBN 978-1-4402-4409-4։
- Cuhaj G.S., Michael T., 2016 Standard Catalog of World Coins 2001-Date (10th Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 42-49 — 1344 էջ, ISBN 978-1-4402-4410-0։
- Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, «ՀՀ ԿԲ հրատ․», 2013 — 220 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |
- Թղթադրամներ և մետաղադրամներ; ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայք
- Հայաստանի ճամփեքով - ՀՀ դրամ
- Հայկական դրամ (Թղթադրամներ) (անգլ.) (գերմ.)
- Հայաստանի թղթադրամների կատալոգ; bonistika.net (ռուս.)
- Հայաստանի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական դրամ» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |