Վարդան Շահբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վարդան Շահպազից)
Jump to navigation Jump to search
Վարդան Շահբազ (Մինաս Տոնիկյան)
Ծնվել է1864 թվական
ԾննդավայրՕսմանյան կայսրություն, Սեբաստիայի վիլայեթ, Տիվրիկ գավառի Օթուր գյուղ
Մահացել է1959 թվականի հունիսի 8
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն, թուրքերեն
Մասնագիտությունֆիդայի
Քաղաքական կուսակցությունՀայ Հեղափոխական Դաշնակցություն

Վարդան Շահպազ (Մինաս Տոնիկյան) (1864 թվական, Արևմտյան Հայաստան, Սեբաստիայի նահանգի Տիվրիկ գավառի Օթուր գյուղ - Հունիսի 8, 1959 թվական, Բեյրութ, Լիբանան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Շահբազը (Մինաս Տոնիկյան) ծնվել է 1864 թվականին Սեբաստիայի նահանգի Տիվրիկ գավառի Օթուր գյուղում: Մասնագիտությամբ ատաղձագործ էր: 1889 թվականին ամուսնացել է: 1890 թվականին 26 տարեկանում, թողնելով հայրական տունն ու հղի կնոջը, ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով անցել է Կ. Պոլիս: Այստեղ էլ անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը` դառնալով ՀՅԴ առաջին գործիչներից մեկը: 1896 թվականի օգոստոսի 14-ին մասնակցել է Բանկ Օտոմանի գրավմանը, որի ձախողումից հետո 15 մարտական ընկերների հետ միասին ֆրանսիական նավով հարկադրաբար փոխադրվել է Մարսել և 17 օր խիստ հսկողության տակ արգելափակվել Սան Պիեռի բանտում: Բանտից ազատվելուց հետո մեկնել է Արգենտինա և կարճ ժամանակ մնացել Բուենոս Այրեսում: Այնուհետև անցել է Եվրոպա (Լոնդոն, Վիեննա, Բուլղարիա):

1897 թվականին վերադարձել է Պարսկաստան` կարճ ժամանակով իր մասնակցությունը բերելով ՀՅԴ Խոյի և Սալմաստի զինագործարանների աշխատանքներին: 1897 թ. հուլիսին մասնակցել է Խանասորի արշավանքին:

1898 թվականին Թիֆլիսում հեղափոխական գործունեություն ծավալելու համար արգելափակվել է Մետեխի բանտում: Բանտից ազատվելուց հետո` 1901 թվականին Վարդգեսի (Հովհաննես Սերենգուլյան) հետ միասին, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, գործուղվել է Վան: 1902 թվականին թուրքական իշխանություններին մատնությամբ հաջողվել է ձերբակալել Վարդգեսին, որից հետո մինչև 1903 թվականը Վանի շրջանում ՀՅԴ գործիչների միջավայրում ղեկավար դեմքը դարձել է Վարդանը` ընդգրկվելով ՀՅԴ Վանի «Շամ» կենտրոնական կոմիտեի կազմում:

Վարդանը մի շարք ահաբեկչություններ է իրականացրել տեղի մատնիչների և դավաճանների նկատմամբ, որի համար հանիրավի «ղասաբ» (մսագործ) անունն է ստացել: 1902–1908 թթ. Վարդանը համագործակցել է անվանի հեղափոխական գործիչներ Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան), Իշխանի (Նիկողայոս Պողոսյան), Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան), Ռուբենի (Մինաս Տեր–Մինասյան) հետ: Եղել է ժողովրդին գաղտնի զինելու և ընդհանուր ապստամբության կողմնակից:

1903 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՅԴ Վասպուրականի «Լեռնապար» կենտրոնական կոմիտեի կողմից որպես ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի պատգամավոր գործուղվել է Բուլղարիա: 1904 թվականի փետրվար–մարտ ամիսներին մասնակցել է Սոֆիայում կայացած ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին: Այնուհետև Վասպուրական զենք ու զինամթերք փոխադրելու համար մեկնել է Կովկաս:

1904 թվականի աշնանը Խոյից Ռուբեն Տեր–Մինասյանի և Ռուբեն Դերձակյանի (Փայլակ) հետ անցել է Թադևոս առաքյալի վանք: Այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո Ռուբեն Տեր–Մինասյանի հետ կրկին անցել է Վան:

1904–1908 թվականներին Վարդանի գործունեության հիմնական շրջանը եղել է Վասպուրականի հայկական գյուղերը: Այդ շրջանում Վարդանն ընդգրկվել է ՀՅԴ Վասպուրականի Լեռնապար» կենտրոնական կոմիտեի կազմում: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո նույն թվականի վերջին Ռուբեն Տեր–Մինասյանի հետ մեկնել է Թիֆլիս, Բաթում, ապա` Կ. Պոլիս, Սեբաստիա, Սամսոն, հայրենի Տիվրիկ, կատարել կազմակերպչական աշխատանքներ: 1909 թվականի Կիլիկիայի հայության կոտորածներից հետո կրկին լծվել է արևմտահայությանը զինելու և նրան ինքնապաշտպանության նախապատրաստելու գործին, որի շրջանակներում 1909 թ. նախ այցելել է Տրապիզոն, այնուհետև 19 տարվա ընդմիջումից հետո` իր ծնդավայր Օթուր գյուղ:

1914 թվականին, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը և Օսմանյան կայսրությունում բնակվող արևմտահայության տեղահանությունն ու ջարդը, Վարդան Շահբազը մի խմբով, որի կազմում էր նաև իր քույրը, բարձրացել է Տիվրիկի լեռները և թուրքական զորքերի դեմ հանդուգն ու հաղթական կռիվներ մղելով` անցել է Երզնկա:

1915–1916 թթ. Երզնկայում համագործակցել է Սեբաստացի Մուրադի (Մուրադ Խրիմյան) և Կայծակ Առաքելի (Տիգրան Աբաջյան) հետ, մասնակցել «մեկ հայը մեկ ոսկի» ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի հավաքագրման աշխատանքներին: Այնուհետև հայ կամավորական գնդերի կազմում մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղվող կռիվներին` գտնվելով Սեբաստացի Մուրադի և Սեպուհի (Արշակ Ներսիսյան) զորամասերի կազմում:

Կովկասյան ռազմաճակատի քայքայումից հետո վերադարձել է Կովկաս: 1918 թվականի մայիսի 24-ից 28-ին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Այնուհետև Զորավար Անդրանիկի հետ անցել է Պարսկաստան, այնտեղից` Զանգեզուր: 1918 թվականի աշնանը մասնակցել է Նուրի փաշայի դեմ Զանգեզուրի հայության մղած կռիվներին: Եղել է Զորավար Անդրանիկի խմբի մատակավարը: 1919 թ. մարտին Անդրանիկի հետ մեկնել է Էջմիածին: 1919 թ. ապրիլի վերջին Անդրանիկի արտասահման անցնելուց և նրա զորամասի ցրվելուց հետո Վարդան Շահբազը նախ անցել է Կ. Պոլիս, այնուհետև` Կիլիկիա, մասնակցել 1920 թվականի սկզբին Մարաշում ծավալված տեղի հայության ինքնապաշտպանական կռիվներին:

Այնուհետև կրկին անցել է Կ. Պոլիս, սակայն, երբ Մուստաֆա Քեմալի գլխավորած թուրքական զորքերը գրավել են Կ. Պոլիսը, Վարդան Շահբազը անցել է Բուլղարիա, որտեղ ծավալել է կազմակերպչական եռանդուն աշխատանք: 1927 թվականին քուրդ ապստամբներին միանալու և նրանց հետ համագործակցելու նպատակով անցել է Սիրիա: Քրդական շարժման պարտությունից հետո հաստատվել է Քեսաբում, ապա փոխադրվել է Բեյրութ` դարձյալ լծվելով կուսակցական կազմակերպչական աշխատանքի:

1946 թվականին շատ սփյուռքահայերի պես Վարդան Շահբազը ևս ցանկացել է հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Սակայն, տեղեկանալով, որ Հայաստան գալու պայմանը Հայ Յեղափոխական Դաշնակցությունից և ազգային գիտակցությունից հրաժարվելն է, հրաժարվել է այդ մտքից: Վարդան Շահբազն իր մահկանացուն կնքել է 1959 թվականի հունիսի 8–ին 95 տարեկան հասակում և թաղվել Ֆըրն Շըպպեքի ազգային գերեզմանատանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Շահպազ «Վարդան Շահպազի կեանքը», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1960, թիւ 8, էջ 16-22, թիւ 9, էջ 62-69, թիւ 10, էջ 47-52, թիւ 11, էջ 43-49, 1961, թիւ 1, էջ 57-67, թիւ 2, էջ 47-57, թիւ 3, էջ 47-58, թիւ 3, էջ 54-68, թիւ 4, էջ 54-62, թիւ 5, էջ 52-59, թիւ 6, էջ 43-50, թիւ 7, էջ 48-53, թիւ 8, էջ 62-67, թիւ 9, էջ 44-48, թիւ 10, էջ 1-14, թիւ 11, էջ 14-22, թիւ 12, էջ 27-39, 1962, թիւ 1, էջ 26-37, թիւ 4, էջ 74-77, թիւ 5, էջ 64-77:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Ա. հատ., Լոս Անճելըս, 1951, 444 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 1975, 3-րդ հրտ., Թեհրան, 1982, 401 էջ, 4-րդ հրտ., Պէյրութ, 1983, 5-րդ հրտ., Երևան, 1990, 402 էջ, 6-րդ հրտ., Պէյրութ, 2005:
  • Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Բ. հատ., Լոս Անճելըս, 1951, 424 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 1976, 3-րդ հրտ., Թեհրան, 1982, 326 էջ, 4-րդ հրտ., Պէյրութ, 1983, 5-րդ հրտ., Երեւան, 1990, 328 էջ, 6-րդ հրտ., Պէյրութ, 2005:
  • Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Ե. հատ., Լոս Անճելըս, 1952, 401 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 1977, 3-րդ հրտ., Թեհրան, 1982, 383 էջ, 4-րդ հրտ., Պէյրութ, 1984, 5-րդ հրտ., Երեւան, 1991, 384 էջ, 6-րդ հրտ., Պէյրութ, 2005:
  • Աւօ «Վարդան Շահպազ (Մինաս Տօնիկեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 2, Հալէպ, 1958, էջ 358–382:
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 360:
  • Միսաք Թոռլաքեան «Օրերուս հետ», Պէյրութ, 2001, էջ 431–432:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png