Սուրենավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Սուրենավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Գյուղապետ | Կարո Կարապետյան (2013-ի հունիսից) | ||
Հիմնադրված է | 1946 թ. | ||
Այլ անվանումներ | Սպանդարյանի անվան սովխոզին կից)։ | ||
Մակերես | 23,3 կմ² | ||
ԲԾՄ | 815 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2172[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Սուրենավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0234 | ||
|
Սուրենավան, գյուղ Արարատի մարզի հարավային հարթավայրային մասում, Երևան-Երասխ ավտոճանապարհի վրա։ Երևանից 60 կմ, մարզկենտրոն Արտաշատից՝ 22 կմ հեռավորության վրա, Ուրծի լեռնաշղթայի հարավային մեղմաթեք սարահարթում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնումը սկսվել է 1946 թվականին, պաշտոնապես գրանցվել՝ 1954 թվականի փետրվարին։ Սուրենավան է անվանվել հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի պատվին։ Գյուղը համալրվել է Հայաստանի լեռնային շրջանի բնակիչներով (Մարտունի, Եղեգնաձոր) և Իրանից (Սպահան, Սուլթանաբադ) ու Սիրիայից հայրենադարձվածներով։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից բարձրությունը՝ 815 մ։ Կլիման չոր, խիստ ցամաքային. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -10-ից -30 °C, ամառը տևական է՝ մայիսից հոկտեմբեր (28-ից 40 °C): Մթնոլորտային տեղումներ՝ 250-300 մմ։ Բնական լանդշաֆտը՝ կիսանապատ (վերածված կուլտուր-ոռոգելիի)։ Բացարձակ ոռոգման ագրո կլիմայական գոտի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սուրենավանի մշտական բնակչությունը կազմել է 2172, առկա բնակչությունը՝ 2059 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 49 | 110 | 244 | 1836 | 2073 | 2406 | 2393 | 2172[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ (առվույտ, եգիպտացորեն, ցորեն, խոտհարքեր և այլն)։ Վարելահողերն աստիճանաբար վերածվում են այգեգործական (ծիրան, դեղձ, թութ, վաղահաս խնձոր, սալոր և այլն) ու խաղողագործական գոտիների։ Ակտիվ է նաև բանջարաբուծությունը՝ ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, բամիա, սեխ, ձմերուկ, դդմիկ, վարունգ, լոբի և այլն)։
Հողատարածքների ոռոգումն ապահովվում է բացառապես ջրմուղ պոմպերի միջոցով։
Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնաբուծությամբ։
Սուրենավանի տարածքում գործող ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օքսիդացված բիտումի «Աբիտ» գործարան
- Արմաշի ձկնաբուծական (մի մասը Սուրենավանում է)
- «Մանանա սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման ձեռնարկություն
- Մի քանի խոշոր ֆերմերային տնտեսություններ՝ սեփական ջրմուղ կայաններով
Սուրենավանցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաիրի Սաիլյան Արարատի Հատուկ ջոկատի հրամանատար
- Հովիկ Աղազարյան պատգամավոր
- Աշոտ Գաբրիելյան բանաստեղծ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]"Ջերմուկ" Հանքային ջրի բնական աղբյուրից սնվող բացօթյա փոքրիկ լողավազան՝ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Ավազանը հայտնի էր բուժական հատկություններով, ինքնամաքրվող էր ու տարածաշրջանում հանրաճանաչ։ "Ջերմուկի" ներկայիս վիճակի մասին տեղեկությունները թարմացման կարիք ունեն։
Ուռանոց Խոշոր ուռենիների գեղատեսիլ բնական լեռնային պուրակ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք՝ Ուրծի լեռնաշղթայի ժայռոտ ստորոտներին։
Սարի աղբյուր Սառնորակ աղբյուր գյուղից դեպի հյուսիս՝ նախալեռնային հատվածում։ Տարածքում առկա է նաև քարանձավ՝ որը հավանաբար ծառայել է որպես անտիկ բնակավայր։ Տարածաշրջանում հանդիպում են քարեդարյա բնակավայրերի մնացորդներ։
Խաղողի ձոր Խաղողի վայրիացած այգիներ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Սուրբ Նշան Մատուռ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Կառուցվել է 20-րդ դարում (կոնկրետ թվականը լրացման ենթակա է, փորագրված է մատուռի ներսում) հարակից Արարատ (Դավալու) գյուղի բնակիչ, որսորդ Սարիբեկ Մելիքսեթյանի կողմից, ով երազում Աստծուց հրահանգ ստանալով հիմնել է սրբատեղին ու ըստ երազի՝ անվանել "Նշան"։ Կից կա աղբյուր, տարածքը ակտիվորեն ծառայում է որպես հանգստի գոտի ամբողջ Արարատի շրջանի բնակիչների կողմից։ Մատուռն անընդհատ լրացվում է բազմաթիվ խաչքարերով։
Արագիլներ Գյուղն աչքի է ընկնում արագիլների բազմազանությամբ, որոնք բույն են դրել գրեթե բոլոր սյուների գագաթներին ու դարձել տեղի բնակչության անբաժան բարեկամները։ Հիմնականում չեն չվում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրենավանի մասին Սերո Խանզադյանի «Հայրենապատումի» Բ գրքի «Անապատ ավազախիր» ակնարկը
- Աշոտ Գաբրիելյան, Ավազախիր անապատից՝ կանաչախիտ պարտեզ (ակնարկ), «Կանչ», 2006, թիվ 10, էջ 6։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 181.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
|