Նիլտոն Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նիլտոն Սանտոս
Nilton Santos 2006.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիլտոն դոս Ռեյս Սանտոս
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Ֆուտբոլի հանրագիտարան (Enciclopédia do Futebol)[1]
Բի-Մունդիալ (Bi-Mundial)[2]
Ծննդյան ամսաթիվ 1925, մայիսի 16
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 27, 2013(2013-11-27)[3] (88 տարեկանում)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Հասակ 184 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1948-1964 Բրազիլիա Բոտաֆոգո 334 (6)
Ազգային հավաքական
1949-1962 Բրազիլիա Բրազիլիա 75(3)
Մարզչական կարիերա
1971

1980

1983

1984

1987

Գալիսիա

Վիտորիա (Սալվադոր)

Բոնսուսեսսո

Սան-Պաուլու (Ռիու-Գրանդի)

Տագուատինգա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիլտոն դոս Ռեյս Սանտոս (պորտ.՝ Nílton dos Reis Santos, մայիսի 16, 1925 թ., Ռիո դե Ժանեյրո - նոյեմբերի 27, 2013 թ., Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան[4]: Իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բոտաֆոգո» ակումբի կազմում։ Բոտաֆոգոյի կազմում անցկացրել է 722 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրած 75 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

Երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ևս մեկ անգամ Հարավային Ամերիկայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Երեք անգամ կարողացել է նվաճել արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունների ժամանակ։ 4 անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի առաջնությունում, 2 անգամ Ռիո Սան Պաուլուի մրցաշարում և Ռոբերտո Գոմես Պեդրոզի գավաթի խաղարկությունում։ Բոտաֆոգոյի կազմում ռեկորդակիր է իր անցկացրած հանդիպումների թվով[5]: Առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Աշխարհի 4 առաջնություններում[6]:

Ըստ իտալական «Guerin Sportivo» ամսագրի մտնում է 20-րդ դարի լավագույն 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ[7], իսկ ըստ «World Soccer» ամսագրի՝ 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ[8] и Voetbal International[9]: 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը. այս ցանկը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (անգլ.՝ International Federation of Football History & Statistics) 2000 թ.: Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի մեջ, նաև 1958 թ. Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում։ Շատերի կարծիքով համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն ձախ պաշտպանը[10][11][12], մասնավորապես ՖԻՖԱ2000 թ. Սանտոսին համարեց լավագույն ձախ պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ[13]:

Սանտոսի անունով կա մարզադաշտ Բրազիլիայի Պալմաս քաղաքում, որը գտնվում է Տոկանտինս նահանգում[14]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտոսը ծնվել է 1925 թ. մայիսի 16-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Նրա հայրը՝ Պեդրոն, ձկնորս էր, իսկ մայրը՝ Ժոզելին, հավաքում ու մաքրում էր դպրոցը[15][16].: Նիլտոնը ընտանիքում ծնված առաջին երեխան էր, նրանից հետո ծնվեցին նրա 7 եղբայրներն ու քույրերը։ Քանի որ ապագա ֆուտբոլիստի հայրը ձկնորս էր, նրա ողջ ընտանիքը ևս զբաղվում էր ձկնորսությամբ, օգնելով տան գլխավոր անդամին։ Շնորհիվ դրա Սանտոսների ընտանիքը հնարավորություն ուներ միշտ առատորեն սնվելու։ Հետագայում Նիլտոնը հիշում էր. «Հնարավոր է, որ իմ ունեցած ամուր առողջության համար, ես պարտական եմ իմ այն սննդի համար, որն օգտագործել եմ փոքր հասակում, իսկ հետո արդեն մեծացել»: Սանտոսի համար ձկնորսությունը իր ողջ կյանքի ընթացքում մնաց նրա ամենասիրելի հոբբին[17]:

Նիլտոնի մանկությունն անցել է Էստրադա դե Ֆլեշեյրաս փողոցում. «Մենք ապրում էինք համերաշխ, փողոցում անցկացվում էին տոներ, որոնք ուղեկցվում էին պարերով, հրավառությամբ: Նշվում էր Սուրբ Ռամոսի տոնը: Լողափի երկայնքով անցնում էին նավակները, որոնք զարդարված էին դրոշներով, ժապավեններով»: 7 տարեկան հասակում Նիլտոնը սկսեց հաճախել տեղի հանրային դպրոցներից մեկը։ Ուսմանը զուգահեռ նա սկսեց աշխատել, օգնելով առևտրականներին տեղափոխել իրենց մրգերն ու բանջարեղենը, տեղադրել իրենց վրանները շուկայում, բերում էր նաև ջուր, որպեսզի նրանք կարողանան թրջել իրենց կանաչին, հաղորդելով գեղեցիկ առևտրային տեսք։

Երիտասարդ տարիքում ես շատ նիհար էի, բայց միևնույն ժամանակ շատ պինդ և առույգ։ Երբեք չէի հիվանդանում ծանր հիվանդություններով, կարողանում էի խաղալ ֆուտբոլ առանց որևէ հոգնածության։ Խաղի ընթացքում մրցակիցներս փորձում էին ինձ կանգնեցնել չթույլատրված խախտումներով, բայց դա հազվադեպ էր ինչ որ մեկին հաջողվում։[18]:
Նիլտոն Սանտոս

1937 թ. Նիլտոնը իր ընկերների՝ Ժերվազիոյի, Ֆեգինյոյի, Պերիի, Վիլսոնի, Պլինիոյի, Սամպայոյի, Կանդիդոյի, Ժարզինյոյի, և եղբոր՝ Մոասիրի հետ ստեղծեց իրենց մանկական ակումբը, որը կոչեցին «Ֆումո»: Այստեղ Նիլտոնն արդեն իսկ ընտրեց իր խաղային դիրքը մարզադաշտում. ձախ եզրում, հարձակման գծում[19]։ Նիլտոնի պնդմամբ իրենց թիմը տարբերվում էր մյուս թիմերից, որոնք գտնվում էին իրենց շրջանում։ Ամենից առաջ նրանք բոլորը վճարում էին վճար, որը կազմում էր 5 տոստաո և ուղղվում էր մարզահագուստ գնելուն։ Ակումբի բոլոր անդամները բացի ֆուտբոլ խաղալուց աշխատում էին գումար՝ պատրաստելով ու վաճառելով լիմոնադ մարզադաշտի տարածքում։ Հետագայում Նիլտոնն ասում էր, որ Ֆումոն դարձավ նրա առաջին ֆուտբոլային դպրոցը։

1939 թ. Նիլտոնը հեռացավ դպրոցից, որում անցկացրել էր ընդամենը 3 տարի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուն զուգընթաց նա սկսեց աշխատել ամերիկյան ճաշարաններից մեկում որպես մատուցող։ Գրեթե բոլորը, ինչ նա վաստակում էր, տալիս էր իր մայրիկին։ Դրանից 1 տարի առաջ «Ֆլեշեյրաս» ակումբը ընդունեց Նիլտոնին իր կազմում։ Այդ ակումբի կազմում Նիլտոնը երիտասարդական թիմից հասավ մինչև առաջին թիմ, որի կազմում նա ամենաերիտասարդ խաղացողն էր։ Առաջին թիմի կազմում սկզբնական շրջանում նա խաղում էր ձախ պաշտպանի դիրքում, իսկ հետո տեղափոխվեց հարձակման գիծ։ Թիմի երկրպագուները գալիս էին դիտելու խաղը այն պատճառով, որ Նիլտոնը ցուցադրում էր շատ գեղեցիկ խաղ։

1945 թ. սկզբում Նիլտոնը սկսեց ծառայել Բրազիլիայի ավիացիոն ուժերում։ Այդ ժամանակ նա սկսեց հանդես գալ բազայի ակումբում, նա միակ հասարակ զինվորն էր շրջապատված միայն սպաներով։ Թիմին աջակցում էր կոչումով մայոր Օնորիո Մագալյանեսը, ով իր վաստակած գումարից երբեմն բաժին էր հանում թիմում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Նրանցից մեկը՝ սերժանտ Լարան, մի անգամ առաջարկում է Նիլտոնին խաղալ «Ֆլումինենսե» պրոֆեսիոնալ ակումբում, որտեղ սերժանտն ուներ մի քանի ծանոթներ։ Դա հնարավորություն կտար Նիլտոնին գրավելու թիմի ղեկավարությանը իր բարձրորակ խաղով։ Նիլտոնն ընդունեց առաջարկը, ժամանեց այդ ակումբ, բայց այնտեղ տեսնելով տեղացի ֆուտբոլիստներ Ադեմիրին և Ռոդրիգես Տատուին, այնքան էր վախեցել և հուզվել, որ անմիջապես հետ է վերադառնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագալյանեսն, ով բարեկամական կապեր ուներ «Բոտաֆոգո» ակումբի հասարակական կապի տնօրեն՝ Բենտո Ռիբեյրոյի հետ, աջակցում էր ու ամեն հարցով օգնում էր Նիլտոնին այնպես, որ նա կարողանա հանդես գալ այդ ակումբում։ Ակումբում Նիլտոնն անցավ ֆիզպատրաստության թեստ, որին մասնակցում էին ևս մի քանիսը։ Ակումբի գլխավոր մարզիչ Զեզե Մորեյրան Նիլտոնին ասաց. «Դու կխաղաս պաշտպան Ավիլայի դիրքում»: Իր առաջին խաղում Սանտոսը հանդես եկավ հենց պաշտպանական գծում ու նույնիսկ կարողացավ հեղինակել գնդակ, չնայած այն բանին, որ երկար ժամանակ չէր խաղացել պաշտպանությունում։ Խաղից հետո Մորեյրան նրան հրավիրեց ակումբ։ Բոտաֆոգոյի նախագահ Կարլիտո Ռոշան խաղից հետո մոտեցավ Նիլտոնին ու ասաց, որ նա խաղա այն դիրքում, որն իրեն ամենից հարմար է, իսկ այդ դիրքը նախագահի կարծիքով հենց պաշտպանությունն էր։ Նախագահը նաև ավելացրեց. «Դու կդառնաս հանճարեղ ֆուտբոլիստ ու կլինես աշխարհի չեմպիոն»: Այդ նույն կարծիքին էր նաև գլխավոր մարզիչը, ով Նիլտոնին տեսնում էր պաշտպանության աջ թևում։

Նիլտոնն ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց 1948 թ. մարտի 21-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում «Ամերիկա Մինեյրո» ակումբի հետ։ Չնայած այն բանին, որ Նիլտոնի թիմը պարտվեց 1:2 հաշվով, Նիլտոնը մամուլի կողմից ճանաչվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Նիլտոնի հաջորդ խաղը «Բոլիվար» ակումբի հետ էր, որում իր թիմը հաղթեց մրցակցին 3:2 հաշվով։ Այդ խաղից հետո ակումբի դարպասապահ Արին ասաց Նիլտոնին, որ նա ակումբում է հայտնվել ոչ իր խաղի շնորհիվ, այլ միայն շնորհիվ ծանոթների։ Այդ խոսակցությունից հետո Նիլտոնը գնաց իր սենյակը, սկսեց հավաքել իրերը, սակայն նրան կանգնեցրեց ակումբի նախագահը։ Իր երրորդ խաղում Նիլտոնը ճանաչվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ հանդիպման ժամանակ դարպասապահը խնդրեց գնդակը, որն այդ ժամանակ Նիլտոնի մոտ էր, իսկ Նիլտոնը գնդակն այնպես պտտեցրեց դարպասապահի գլխի վրայով, որ նա չկարողացավ հասնել այդ գնդակին, իսկ գնդակը հասավ եզրային մյուս պաշտպանին։ Դրանից հետո սահմանվեց նրա աշխատավարձը, որը կազմում էր 400 կրուզեյրո 1 ամսվա համար։ Ապրիլի 28-ին Նիլտոնն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը, երբ իր թիմը մրցում էր «Ամերիկա» ակումբի հետ։ Այդ խաղում Բոտաֆոգոն հաղթեց 5:3 հաշվով։ Նիլտոնի կարիերայի ընթացքում ամենախոշոր պարտությունը գրանցվեց այն ժամանակ, երբ թիմը մրցում էր «Բանգու» ակումբի հետ (0:5)։ Հաջորդ խաղում մարզիչը Նիլտոնին տեղափոխեց պաշտպանության ձախ թևը, որում Նիլտոնը անցկացրեց իր բոլոր հաջորդ հանդիպումները։

Հուլիսի 18-ին նա սկսեց իր մեկնարկային հանդիպումները Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնությունում՝ խաղալով երկրորդ տուրում «Կանտո դո Ռիո» ակումբի հետ (4:2)։ Սեպտեմբերի 19-ին կարողացավ հեղինակել իր առաջին գնդակը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, գրավելով Ամերիկայի դարպասը։ Բոտաֆոգոյի կազմում իր առաջին մրցաշրջանը Նիլտոնն անցկացրեց 34 հանդիպում ու խփեց 1 գնդակ, իսկ իր ակումբը հաղթեց այդ առաջնությունում, որը չէր արել սկսած 1935 թ.: Նահանգի առաջնությունում ակումբի կրած միակ պարտությունը առաջին տուրում էր, իսկ այդ ժամանակ Նիլտոնը պահեստայինների թվում էր[20]։ Քաղաքի առաջնությունում Բոտաֆոգոն գրավեց 4-րդ հորիզոնականը[21]։

Հաջորդ տարում Բոտաֆոգոն չկարողացավ կրկնել իր ունեցած հաջողությունը։ Ակումբի պաշտպանական գծում ամեն ինչ նույն կերպ էր ընթանում, թիմը բաց էր թողնում ամենաքիչը։ Բայց հարձակման գծում հիանալի էր խաղում միայն Օկտավիոն, ով կարողացավ խփել 11 գոլ։ Նիլտոնն առաջնության 20 խաղերից միայն 15-ում հանդես եկավ։ Այդ 5 խաղերում, որում բացակայում էր Նիլտոնը, թիմը պարտվեց դրանցից 4-ում։ 1950 թ. հունվարի 29-ին Նիլտոնն անցկացրեց իր առաջին հանդիպումը Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում, որում Բոտաֆոգոն հաղթեց «Պալմեյրաս» ակումբին 3:0 հաշվով։ Այդ առաջնությունում թիմը շատ գունատ տեսք ուներ և կիսեց վերջին հորիզոնականը «Ֆլումինենսե» ակումբի հետ։ Ռիո նահանգի առաջնությունում թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նիլտոնը խաղաց 20 խաղերից միայն 12-ում[22], իսկ ամբողջ մրցաշրջանի ընթացքում անցկացրեց ընդամենը 17 հանդիպում։ Հենց նույն տարում ֆուտբոլիստը կնքեց պայմանագիր այդ ակումբի հետ 1 տարի ժամկետով, ըստ որի պիտի վաստակեր 1000 կրուզեյրո։

1950 թ առաջին կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոն Սանտոսի արձանը, որը գտնվում է Ժոաո Ավելանժի խաղադաշտի արևմտյան տրիբունայի մոտ

1951 թ. հունիսի կեսերին Նիլտոնն օգնեց իր ակումբին հաղթել «Մինիսիպալ» մրցաշարում, որը վերստեղծվել էր քաղաքային ֆեդերացիայի կողմից[23]։ Պաշտպանը խաղաց մրցաշարի վճռորոշ խաղում, երբ թիմը 3:0 հաշվով հաղթեց «Վասկո դա Գամա» ակումբին։ Մրցաշարի 10 խաղերից 5-ում, որին մասնակցել էր Նիլտոնը, թիմը բաց թողեց ընդամենը 1 գնդակ, իսկ ամբողջ մրցաշարի ընթացքում բաց թողած գնդակների թիվը 9-ն էր[24]։ Ռիո նահանգի առաջնությունում Նիլտոնն անցկացրեց 18 հանդիպում, բաց թողելով միայն առաջնության առաջին երկու հանդիպումները։ Այդ առաջնությունում Բոտաֆոգոն գրավեց 3-րդ տեղը իր տեղը զիջելով Բանգուին և Ֆլումինենսեին։ Բաց թողած գնդակների թվով թիմը առաջինն էր[25]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա անցկացրեց 39 հանդիպում։ 1952 թ. հունվարի 13-ին Նիլտոնը հեղինակեց իր 4-րդ գնդակը կարիերայի ընթացքում. այդ խաղն ընկերական էր ու թիմը մրցում էր «Ֆիգեյրենսե» ակումբի հետ։ Հենց նույն տարում Նիլտոնը մասնակցեց Ռիո-Սան-Պաուլու մրցաշարին, սակայն անցկացրեց ընդամենը 6 հանդիպում, իսկ թիմը գրավեց 6-րդ տեղը պարտվելով 4 խաղերում։ Գործերը վատ էին նաև առաջնությունում. Բոտաֆոգոն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը[26]։ Բանը հասավ նրան, որ թիմը սկսեց գլխավորել Սիլվիո Պիրիլլոն, ով թիմի ֆուտբոլիստներից էր։

1953 թ. հունվարին Բոտաֆոգոն մասնակցեց Մոնտևիդեոում անցկացվող խոշոր մրցաշարին, որտեղ գրավեց երկրորդ տեղը[27]։ Նիլտոնը մասնակցեց մրցաշարի բոլոր խաղերին։ 2 ամիս անց Նիլտոնը խաղաց նաև Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում, բայց ակումբն այնտեղ անհաջող հանդես եկավ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Այս մրցաշարում Նիլտոնը մասնակցեց 9 հանդիպումներից 8-ին[28]։ 1953 թ. հունիսի 10-ին ակումբ հրավիրվեց Գարինչա մականունով մի ֆուտբոլիստ։ Որպեսզի նոր խաղացողին փորձարկեն հարձակման ձախ թևում, հրավիրել էին նաև Նիլտոն Սանտոսին։ Մարզման ժամանակ Գարինչան 3 անգամ նույն հնարքով խաբեց Նիլտոնին գնդակը անցկացնելով նրա ոտքերի արանքով, ինչը շատ ապշեցրեց պաշտպանին։ Երբ ֆուտբոլիստներն արդեն գնում էին հանդերձարան, Նիլտոնը մոտեցավ թիմի գլխավոր մարզիչ Կարդոզոյին և ասաց. «Եթե այս ֆուտբոլիստը հայտնվի մեկ այլ ակումբում, ապա ես չեմ կարողանա հանգիստ քնել: Եթե նա ամրապնդվի մեր թիմում, ապա մյուս թիմերի պաշտպանները չեն կարողանա հանգիստ քնել»: Գարինչայի կարծիքով հենց Նիլտոնը դարձավ ֆուտբոլի իր կնքահայրը[29]։ Հենց նույն տարում Ռիո նահանգի առաջնությունում թիմը գրավեց 3-րդ տեղը, չեմպիոնին զիջելով 9 միավոր[30]։ Այս առաջնությունում Նիլտոնը հեղինակեց իր 5-րդ գնդակը, գրավելով Բանգուի դարպասը, իսկ այդ խաղում իր թիմը հաղթեց 6:0 հաշվով։ Խաղից հետո Բոտաֆոգոյի մարզիչը հրաժարական տվեց[31]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Նիլտոնն անցկացրեց 47 հանդիպում, որից 27-ը Ռիո նահանգի առաջնությունում։

Հաջորդ տարում Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում Բոտաֆոգոն հանդես եկավ անհաջող. ակումբը զբաղեցրեց վերջին տեղը։ Այդ մրցաշարում ակումբը պարտվեց 9 անցկացրած հանդիպումներից 6-ում[32]։ Նիլտոնն այդ մրցաշարին չմասնակցեց, քանի որ զբաղված էր մարզումներ անցկացնելով Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Ազգային հավաքականը պատրաստվում էր Աշխարհի առաջնությանը։ Այդ պատճառով Նիլտոնը չմիացավ իր ակումբին մինչև հուլիսի վերջը ու բաց թողեց մրցաշրջանի գրեթե կեսը։ Այս մրցաշրջանի ընթացքում Սանտոսն անցկացրեց 38 հանդիպում, որից 27-ը Ռիո նահանգի առաջնությունում։ 1955 թ. Բոտաֆոգոն Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում գրավեց 3-րդ տեղը, իսկ Նիլտոնը մասնակցեց մրցաշարի բոլոր 9 հանդիպումներին։ Այս մրցաշարում Բոտաֆոգոն առաջատարին զիջեց ընդամենը 2 միավոր։ Այս շրջանում Նիլտոնը ստացավ առաջարկներ մի քանի ակումբներից, սակայն պաշտպանը ակումբի համար դժվարին հանդիսացող շրջանում մերժեց բոլոր առաջարկները։

1950 թ. երկրորդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոն Սանտոսի կիսանդրին «Բոտաֆոգո» թանգարանում

1956 թ. թիմում սկսեցին հայտնվել մի քանի նոր ֆուտբոլիստներ, մասնավորապես թիմում հայտնված Դիդին սկսեց կատարել դիսպետչերի պարտականությունները, իսկ Պաուլո Վալենտինըը սկսեց խաղալ որպես հարձակվող։ Մրցաշրջանի վերջում թիմում սկսեց խաղալ ևս մեկ հարձակվող՝ Կուարենտինյան: Այդ նույն տարում թիմը Ռիո նահանգի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, առաջատարին զիջելով 5 միավոր[33]։ Նիլտոնը տարվա ընթացքում անցկացրեց 47 հանդիպում, դարձավ 1 գոլի հեղինակ։ Նիլտոնի խփած այդ 1 գնդակը թիմին բերեց ոչ ոքի արդյունք Սան-Կրիստովանի հետ խաղում։ 1957 թ. Բոտաֆոգոն գլխավորեց Ժոան Սալդանյան, քանի որ թիմի ղեկավարությունը դժգոհում էր Մորեյրայի գործողություններից։ Նոր գլխավոր մարզիչը իր թիմի տղաներին ասում էր հետևյալը. «Մտեք մարզադաշտ և արեք այն, ինչ կարող եք անել: Կհաղթենք խաղը, իսկ հետո կնշենք այդ հաղթանակը»: Ռիո նահանգի առաջնությունում թիմը մեկնարկեց հաղթանակով։ Այդ խաղում թիմը հաղթեց 3:1 հաշվով «Բոնսուսեսսո» ակումբին։ Դրանից հետո թիմը հաջորդ 2 խաղերում խոշոր հաղթանակներ տարավ «Կանտո-դո-Ռիո» և «Մադուրեյրա» ակումբների նկատմամբ։ Այդ 2 խաղերում Նիլտոնը դարձավ 2 գոլի հեղինակ աչքի ընկնելով 2 խաղերում։ Եզրափակիչ հանդիպումը կայացավ դեկտեմբերի 22-ին, որի ժամանակ թիմը մրցեց «Ֆլումինենսե» ակումբի հետ։ Խաղից առաջ Նիլտոնը և իր խաղընկեր Տոմեն երդվեցին, որ նույնիսկ կպատռեն իրենց մարզահագուստները, բայց կհասնեն հաղթանակի։ Երբ իրենց թիմը սկսեց հաղթել, Տոմեն մոտեցավ Նիլտոնին և ստիպեց, որ նա պատռի իր մարզահագուստը։ Խաղի վերջում գրանցվեց 6:2 հաշիվը հօգուտ Բոտաֆոգոյի։

Հաջորդ տարի Բոտաֆոգոն այնքան էլ հաջող հանդես չեկավ։ Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում թիմը գրավեց 5-րդ տեղը[34], իսկ նահանգի առաջնությունում հայտնվեց 3-րդ տեղում[35]։ Նիլտոնը մրցաշրջանի ընթացքում անցկացրեց 47 հանդիպում և դարձավ 1 գոլի հեղինակ։ 1959 թ. Բոտաֆոգոն կրկին սկսեց իր ակումբի թարմացումը, գնվեցին նոր ֆուտբոլիստներ. երիտասարդ հարձակվող Ամարիլիդոն, դարպասապահ Մանգա Աիլտոնը, աշխարհի չեմպիոն, կիսապաշտպան Մարիո Զագալլոն: Այդ մրցաշարից հետո Սալդանյան լքեց թիմը։ Թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Պաուլո Ամարալը: Ռիո-Սան-Պաուլու մրցաշարում նոր մարզչի գլխավորությամբ թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը[36]։ Այս մրցաշարում Նիլտոնն անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։ Նահանգի առաջնությունում թիմը մնաց 3-րդ տեղում[37]։ Նիլտոնը խաղադաշտ մտավ 22 հանդիպումներից 18-ում։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Սանտոսը խաղադաշտ մտավ 45 անգամ։

1961 թ. թիմը գլխավորեց Մարինյո Ռոդրիգեսը։ «Ռիո-Սան-Պաուլու» մրցաշարում, որտեղ Նիլտոնն անցկացրեց 6 հանդիպում, թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը, Ֆլամենգոյի հետ ունենալով հավասար քանակությամբ միավորներ[38]։ Նահանգի առաջնությունում ակումբը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, հավաքելով 24 միավոր, ինչը 8-ով ավելին էր մյուս հակառակորդ ակումբներից[39]։ Սանտոսը ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղադաշտ դուրս եկավ 54 անգամ։ Հաջորդ մրցաշարը հաջող ընթացավ Բոտաֆոգոյի համար. թիմը նախ հաղթեց «Ռիո-Սան-Պաուլու» մրցաշարում[40], իսկ հետո նաև «Ռիո-դե-Ժանեյրո» առաջնությունը[41]։ Ռիո նահանգի առաջնության եզրափակչում Բոտաֆոգոն 3:0 հաշվով առավելության հասավ «Ֆլամենգո» ակումբի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Նիլտոնը լրջորեն սկսեց մտածել ֆուտբոլից հեռանալու մասին։ Այդ պատճառներից մեկն այն էր, որ թիմի ղեկավարությունը նրան անընդհատ հիշեցնում էր իր տարիքի մասին։ 1963 թ. Նիլտոնը անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։ Այդ խաղում Բոտաֆոգոն նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Ալյանսա Լիմային։ Այս մրցաշարի հաջորդ հանդիպման ժամանակ Նիլտոնը խփեց իր կարիերայի վերջին գոլը Բոտաֆոգոյի կազմում և կրկին Ալյանսայի դարպասը։ Այս մրցաշարում Բոտաֆոգոն հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, որտեղ պարտվեց Սանտոսի դեմ խաղում։ Նիլտոնն այս մրցաշարում անցկացրեց 54 հանդիպում։

Խաղային կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թ. Նիլտոնը հարվածեց մրցավար Արմանդո Մարկեսի դեմքին, ինչի համար որակազրկվեց 60 խաղով։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին Բոտաֆոգոն հանդիպեց Ֆլամենգոյի հետ «Ռիո-դե-Ժանեյրո» առաջնության շրջանակներում։ Խաղից դեռ երկար ժամանակ առաջ Նիլտոնը մտածում էր այն մասին, որ այդ խաղը պիտի լինի իր կարիերայի վերջին խաղը։ Խաղից մի քանի ամիս առաջ Բոտաֆոգոյի ղեկավարությանը առաջարկվեց ֆուտբոլիստի համար անցկացնել հրաժեշտի հանդիպում, բայց նրանք մերժում էին այդ առաջարկը պատճառաբանելով, որ եթե յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար այդպիսի խաղ կազմակերպվի, ապա գումարները չեն հերիքի։ «Մենգո» ակումբի դեմ խաղում, այդ ակումբի նախագահ Դրաուլտ Հերնանը Նիլտոնին նվիրում է ոսկեզօծ ծաղկաման։ 3 օր անց Նիլտոնը ևս մի խաղ է անցկացնում, որն ընկերական էր։ Այդ խաղը Նիլտոնի համար վերջինն էր կարիերայի համար։ Բայց նրա պայմանագիրը ավարտվում էր կես տարուց և ակումբի ղեկավարությունը փորձում է նրան հետ պահել իր որոշումից, սակայն Նիլտոնը հաստատ որոշել էր և հետ չկանգնեց իր որոշումից։ Իր ողջ կարիերայի ընթացքում Բոտաֆոգոյի կազմում Նիլտոնն անցկացրեց 722 հանդիպում և դարձավ 11 գոլի հեղինակ։

1965 թ. ապրիլի 5-ին Նիլտոնը կազմակերպեց հրաժեշտի երեկո, որին մասնակցում էին ավելի քան 150 մարդ։ Այդ երեկոյի ընթացքում Ազգային Կոնգրեսի պատգամավոր Նինա Ռիբեյրոն հայտարարեց այն որոշման մասին, որ Էստրադա-դու-Դենդե փողոցը պիտի վերանվանվի Նիլտոն Սանտոսի անունով ֆուտբոլում ունեցած իր մեծ ավանդի համար։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1962 թթ. Նիլտոն Սանտոսը անցկացրել է հանդիպումներ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Անցկացրել է 75 հանդիպում, դարձել 3 գոլի հեղինակ։ Այդ 75 խաղերից 55-ում Բրազիլիան հաղթել է, 10-ում պարտվել, ևս 10 հանդիպում ավարտել է ոչ ոքի արդյունքով։

Առաջին տարիները Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմ Նիլտոնն առաջին անգամ հրավիրվել է 1949 թ., երբ անցկացվում էր Հարավային Ամերիկայի առաջնությունը։ Այնտեղ նա մեկնեց հավաքականի ավագ Աուգուստո դա Կոստայի հետ, ով խաղում էր պաշտպանության աջ թևում։ Ապրիլի 17-ին Նիլտոնն անցկացրեց իր առաջին հանդիպումը Ազգային հավաքականի կազմում։ Այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման, երբ ընթանում էր խաղի երկրորդ խաղակեսը, իսկ թիմը մրցում էր Կոլումբիայի հավաքականի հետ։ Այդ խաղում բրազիլացիները հաղթեցին 5:0 հաշվով[42]։ Այդ խաղը միակն էր Նիլտոնի համար, որը նա անցկացրեց այդ մրցաշարում։ Մրշացարում արդեն երրորդ անգամ հաղթեցին բրազիլացիները։ Կոլումբիայի դեմ եղած մրցավեճը միակն էր այդ մրցաշարում, երբ Բրազիլիայի ազգային հավաքականը գոլ չընդունեց սեփական դարպասը։ Այդ մրցաշարից հետո բավական ժամանակ Նիլտոնը չէր հրավիրվում Ազգային հավաքական։ Այդ ամենը ֆուտբոլիստի կարծիքով բացատրվում էր նրանով, որ թիմի գլխավոր մարզիչ Ֆլավիո Կոստան այնքան էլ չէր սիրում իրեն[43][44]։

Շատ տխուր էի, երբ տեսնում էի Մարականայի լռությունը։ Ես պատրաստ էի փախչել այնտեղից[18]:
Նիլտոն Սանտոս

Միայն մեկ տարի անց նա կարողացավ միանալ իր Ազգային հավաքականի մարզումներին, երբ անցկացվում էին «Ռիո-Բրանկո» և Օսվալդո Կրուզի գավաթների խաղարկությունները։ Այդ խաղարկությունները նախորդում էին Աշխարհի առաջնությանը և դա նպաստավոր էր թիմի ֆուտբոլիստների լավ մարզավիճակ ձեռք բերելուն։ Սակայն Նիլտոնը խաղադաշտ դուրս չեկավ[45], այս անգամ էլ զիջելով մրցակցությունը գլխավոր մարզիչ Աուգուստոյին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում բրազիլացիները պարտվեցին Ուրուգվային, զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այդ ամենը իրենց հայրենիքում ընդունեցին որպես ողբերգություն, քանի որ բրազիլացիները ֆավորիտ էին համարվում այդ առաջնությունում[46][47]։

Միայն 1952 թ. ապրիլին Սանտոսը կրկին կարողացավ դուրս գալ խաղադաշտ իր Ազգային հավաքականի կազմում։ Մասնակցած առաջնության ընթացքում նա խաղադաշտ մտավ 5 անգամ։ Հաջորդ տարի նա մեկնեց մասնակցելու Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Այդ առաջնությունում նա անցկացրեց 6 հանդիպում, բաց թողնելով միայն մեկ հանդիպում, երբ իր թիմը մրցում էր Էկվադորի հավաքականի հետ։ Այդ խաղում նրա փոխարեն հանդես եկավ Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոսը: Այդ նույն մրցաշարում, մարտի 27-ին Նիլտոնը խփեց իր առաջին գնդակը Ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Պարագվայի հավաքականի հետ։ Սակայն Նիլտոնի գոլը չփրկեց բրազիլացիներին պարտությունից (1:2)։ Այդ մրցաշարում բրազիլացիները հավաքեցին հավասար քանակությամբ միավորներ Պարագվայի հետ միասին։ Եվ նշանակվեց վճռորոշ հանդիպում այդ երկու թիմերի միջև։ Նիլտոնն այդ խաղում դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջմանը, երբ իր թիմը պարտվում էր 3 գնդակի տարբերությամբ։ Փոխարինումից հետո նրանք կարողացան խփել 2 գնդակ, սակայն պարտությունից փրկվել չկարողացան[48]։

1954 թ. Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլում անցկացվեցին 4 հանդիպումներ, որոնց բոլորին մասնակցեց Նիլտոնը։ Այդ 4 խաղերում էլ բրազիլացիները տարան հաղթանակներ։ Աշխարհի առաջնության արդեն եզրափակիչ հատվածում Բրազիլիայի ազգային հավաքականը համարվում էր ֆավորիտ թիմերից մեկը։ Այդ առաջնությունը նրանց հաղթել չէր հաջողվել 4 տարի։ Թիմի ֆուտբոլիստների առաջ դրված էին շատ խիստ պահանջներ. նրանց արգելվում էր շփվել իրենց մոտ և հարազատ մարդկանց, լրագրողների հետ, արգելվում էր լրագրողներին տալ հարցազրույց։ Սանտոսի հիշողությունները բնութագրում էին այսպես. «Մենք ապրում էինք իսկական ճգնավորների պես, ովքեր կտրված էին ամբողջ աշխարհից»: Նույն մրցաշարում թիմի ֆուտբոլիստ Դիդին հայտարարեց հացադուլ այն բանի համար, որ նրան չեն թույլատորւմ տեսնել իր կնոջը, իսկ Նիլտոնն այդ ժամանակ հագնելով մեծ վերարկու, ռեստորանից հանեց ուտելիքի մի մեծ պաշար Դիդիի համար։ Առաջնության խմբային փուլում բրազիլացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան Մեքսիկայի ազգային հավաքականի նկատմամբ և գրանցեցին ոչ ոքի արդյունք Հարավսլավիայի ազգային հավաքականի հետ ունեցած մրցավեճում։ Հետաքրքիր է այն փաստը, որ բրազիլացիները չգիտեին առաջնության կանոնները. մասնավորապես, երբ նրանք հավասարեցնում էին խաղի հաշիվը (գոլը հեղինակեց Դիդին Նիլտոնի փոխանցումից հետո), չգիտեին, որ դա իրենց ձեռնտու հաշիվ է ու գոլից անմիջապես հետո կրկին անցնում էին գրոհների իրենց տեղատարափին։ Քառորդ եզրափակչում նրանց մրցակիցը Հունգարիայի ազգային հավաքականն էր։ Խաղը, որն անցկացվում էր հունիսի 27-ին, ստացավ իր անվանումը՝ «Ճակատամարտ Բեռնում»: Այդ անվանումը ստացվեց այն բանի համար, որ ֆուտբոլիստները մարզադաշտում աչքի էին ընկնում իրենց ոչ սպորտային արարքների համար[49]։ Times ամսագրի լրագրողն իր ռեպորտաժում նշում էր. «Ես երբեք չէի տեսել նման կատաղի պայքար մարզադաշտում»[50]: Նիլտոնն այդ խաղում հեռացվեց մարզադաշտից մրցակցի ավագ Յոժեֆ Բոժեկին հարվածելու համար, ով անընդհատ խաղի ընթացքում խաբում էր Նիլտոնին իր հնարքներով։ Այդ ամենից հետո նրանք մեկը մյուսին սկսեցին հարվածել, ինչի հետևանքը եղավ այն, որ նրանք երկուսն էլ հեռացվեցին խաղադաշտից խաղի 71-րդ րոպեին։ Բրազիլացիները այդ խաղում պարտվեցին 2:4 հաշվով և դուրս մնացին հետագա պայքարից։

1956/57 թվականների Ամերիկայի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թ. Նիլտոնը չմեկնեց մասնակցելու Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Օսվալդո Բրանդաոն առաջնությանը խաղալու հնարավորություն տվեց այն ֆուտբոլիստներին, որոնց գրեթե կեսը չէր մասնակցել 1954 թ. Աշխարհի առաջնությանը։ Առաջնության ընթացքում թիմը անհաջող հանդես եկավ։ Մի քանի ամիս անց, երբ թիմը սկսեց պատրաստվել Աշխարհի առաջնությանը, նրա նախապատրատական կազմը նորից փոփոխության ենթարկվեց։ Նիլտոնը սկսեց թիմի հետ նախապատրաստվել Աշխարհի առաջնությանը։ 1957 թ. բրազիլացիները զբաղեցրին երկրորդ տեղը զիջելով Արգենտինայի ընտրանուն:

1958 թ. Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոն Սանտոսը (աջից) իր թիմակիցների հետ նշում է 1958 թ. Աշխարհի առաջնության հաղթանակը

Հաջորդ տարի, Հարավային Ամերիկայի առաջնությունում երկրորդ տեղը գրավելուց հետո Նիլտոնն իր Ազգային հավաքականի հետ միասին կարողացավ խաղալ Աշխարհի առաջնությունում։ Նիլտոնը մասնակցեց նախընտրական 2 հանդիպումներին Պերուի ազգային հավաքականի դեմ։ Մինչ առաջնության սկիզբը թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Ֆեոլան ցանկանում էր պաշտպանությունում տեսնել Օրեկոյին Նիլտոնի փոխարեն, սակայն ընկերական հանդիպումներում Նիլտոնն այնպիսի բարձրակարգ խաղ էր ցուցադրել, որ մարզիչը այնուամենայնիվ հիմնական կազմում տեսավ հենց Նիլտոնին[51]։ Առաջնության ժամանակ թիմը խաղում էր նոր տակտիկական սխեմայով՝ 4-2-4, որը հետո անվանվեց «Բրազիլական»: Ըստ այդ սխեմայի խաղադաշտում խաղում էին 4 պաշտպան, 2 կենտրոնական կիսապաշտպան և 4 հարձակվող[52]։ Առաջնության առաջին իսկ խաղում Նիլտոնը կարողացավ գոլ հեղինակել, իսկ իր թիմը 3:0 հաշվով հաղթանակ տարավ Ավստրիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Այդ գոլը Նիլտոնը կարողացավ հեղինակել այսպես. նա ներխուժեց մրցակցի կիսադաշտ անցնելով ավստրիացիներին ու պատ խաղարկեց իր թիմակից Ժոզե Ալտաֆինիի հետ[53]։ Հետաքրքիրն այն է, որ Նիլտոնի գոլային գրոհի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ֆեոլան անընդհատ բղավում էր. «Նիլտոն վերադարձիր», վախենալով, որ պաշտպանը կկորցնի գնդակը, սակայն գոլից հետո ասաց. «Լավ է Նիլտոն, լավ»: Հաջորդ խաղը բրազիլացիներն անցկացրեցին Անգլիայի ազգային հավաքականի հետ, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով ու անցավ շատ կատաղի պայքարում։ Երրորդ խաղը պիտի լիներ ԽՍՀՄ ազգային հավաքականի հետ։ Կարծիք կա այն մասին, որ խաղից առաջ Նիլտոնը մոտեցել է մարզչին ու ասել, որ Ժոելը և Ալտաֆինին այդ խաղում շատ ավելի լավ հանդես կգան, ովքեր սակայն բաց էին թողել մեկնարկային հանդիպումները։ Այդ կարծիքը ընդունվում էր շատերի կողմից, սակայն հետո հերքվեց։

Նիլտոն Սանտոսը (ձախից 5-րդը վերևի շարքում) Ազգային հավաքականի կազմում 1958 թ. Աշխարհի առաջնության ժամանակ

Բրազիլացիները կարողացան հաղթել ԽՍՀՄ հավաքականին 2:0 հաշվով, իսկ այդ երկու գոլային փոխանցումները գրանցվեցին Գարինչայի հաշվին։ Քառորդ եզրափակչում Բրազիլիայի ընտրանին 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ուելսի ազգային հավաքականի նկատմամբ, իսկ խաղի միակ գոլը խփեց Պելեն։ Կիսաեզրափակչում Բրազիլիան հաղթեց հաջորդ մրցակցին՝ Ֆրանսիայի ազգային հավաքականին 5:2 հաշվով։ Այդ խաղից հետո խաղի գլխավոր մրցավար Բենջամին Գրիֆիտն ասել է. «Ես հպարտ էի այն ամենից ինչ տեսա: Ես երբեք չեմ մոռանա Դիդիին, Նիլտոնին, Գարինչային, Պելեին: Նրանք մարդիկ չեն»: Առաջնության եզրափակիչ խաղից առաջ, որը պիտի լիներ Շվեդիայի ազգային հավաքականի հետ, Նիլտոնն ասել է. «Պելեն, Գարինչան, Դիդին խաղում են մեր թիմում: Թող շվեդները ունենան մղձավանջային գիշեր, մտածելով այն մասին, թե ինչպես հաղթեն բրազիլացիներին: Ես կարող եմ հանգիստ քնել»: 1958 թ. հունիսի 29-ին բրազիլացիները հաղթեցին շվեդներին 5:2 հաշվով։ Նիլտոնը դարձավ աշխարհի չեմպիոն իր թիմի հետ միասին։ Նիլտոնի համար խաղից հետո մնացած միակ վատ հիշողությունն այն էր, թե ինչպես շվեդ հարձակվող Նիլս Լիդհոլմը կարողացավ շրջանցել իրեն և դառնալ գոլի հեղինակ[54]։ Առաջնության ավարտից հետո Նիլտոնն ընդգրկվեց Աշխարհի առաջնությունների լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում։

1959 թ. Նիլտոնը իր թիմի հետ միասին մեկնեց մասնակցելու Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Սակայն այնտեղ կարողացավ անցկացնել միայն մեկ հանդիպում Պերուի ազգային հավաքականի դեմ, որից հետո ստացած վնասվածքը խանգարեց հետագա մրցելույթներին[55]։ Մյուս բոլոր խաղերում նրան փոխարինեց Կորոնելը: Առաջնությունում բրազիլացիները զբաղեցրին 2-րդ տեղը[56]։ Հաջորդ տարի Սանտոսը իր թրիմի հետ միասին նվաճեց Ատլանտիկայի գավաթը, Օ'Հիգգինսի գավաթը և ևս 2 անգամ Օսվալդո Կրուզի գավաթը։ 1962 թ. ապրիլի 21-ին Նիլտոնը խփեց իր վերջին գնդակը Ազգային հավաքականի կազմում Պարագվայի դարպասը։

1962 թ. Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թ. Նիլտոնը մեկնեց մասնակցելու իր կարիերայի վերջին խոշոր մրցաշարին՝ Աշխարհի առաջնությանը։ Առաջնությունից առաջ բազմաթիվ սպորտային լրագրողների, մեկնաբանների կարծիքով նպատակահարմար չէ 37 տարեկան ֆուտբոլիստի մասնակցությունը այդ առաջնությանը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Այմորե Մորեյրան վստահում էր իր թիմի փորձառու ֆուտբոլիստներին։ 1958 թ. Աշխարհի առաջնությանը մասնակցած կազմից բացակայում էին միայն 2 ֆուտբոլիստ։ Բացի այդ թիմի բժիշկը վստահեցնում էր, որ Նիլտոնը ամբողջովին պատրաստ է առաջնությանը և առաջնությունից 2 շաբաթ առաջ Նիլտոնի համար նշանակեց անհատական մարզումների ծրագիր։ Առաջնության առաջին խաղում բրազիլացիները 2:0 հաշվով հաղթանակ տարան Մեքսիկայի ընտրանու նկատմամբ, չնայած այն բանին, որ Նիլտոնի հավաստմամբ թիմի ֆուտբոլիստները խաղից առաջ անհանգստանում էին։ Հաջորդ խաղում բրազիլացիների մրցակիցը Չեխոսլովակիայի ազգային հավաքականն էր։ Չնայած բրազիլացիների ակնհայտ առավելությանը, խաղն ավարտվեց 0:0 հաշվով, բացի այդ առաջատարներից մեկը՝ Պելեն ստացավ վնասվածք։ Պելեին պիտի փոխարիներ երիտասարդ Ամարիլդոն, ով հանդես էր գալիս Բոտաֆոգոյում Նիլտոնի հետ։ Սանտոսը խաղերի ընթացքում անընդհատ մոտենում էր երիտասարդ հարձակվողին ու տալիս խորհուրդներ. «Խաղա ֆուտբոլ այնպես, ինչպես կարող ես: Խաղա այն տեղում, որտեղ կասի մարզիչը ու մի խնայիր քո ուժերը»:

Երրորդ խաղում բրազիլացիները պարտվում էին առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով Իսպանիայի ազգային հավաքականին: Խաղի ժամանակ Նիլտոնը իր տուգանային հրապարակում գցեց իսպանացի ֆուտբոլիստներից մեկին, սակայն գլխավոր մրցավարը չնկատեց դա[57], իսկ ավելի ուշ Նիլտոնն այդ առիթով ասել է. «Դա մաքուր խաբկանք էր: Առանց դրա մենք դուրս կմնայինք հետագա պայքարից»: Խաղի 72-րդ րոպեին Նիլտոնը գնդակը փոխանցեց Գարինչային, վերջինս փոխանցեց Մարիո Զագալլոյին, իսկ նա իր հերթին փոխանցեց Ամարիլդոյին, ով հավասարեցրեց խաղի հաշիվը։ 15 րոպե անց Ամարիլդոն խփեց նաև երկրորդ գնդակը ու հաղթանակ պարգևեց բրազիլացիներին։ Քառորդ եզրափակչում բրազիլացիները 3:1 հաշվով հաղթանակ տարան անգլիացիների դեմ խաղում։ Կիսաեզրափակչում բրազիլացիները հաղթեցին Չիլիի ազգային հավաքականին: Եզրափակիչ խաղը կայացավ 1962 թ. հունիսի 17-ին չեխոսլովակցիների հետ։ Այդ խաղը Նիլտոնի համար 75-րդն էր և վերջինը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Հետաքրքիր է, որ այդ խաղում Նիլտոնը խաղաց ձեռքով սեփական տուգանային հրապարակում, սակայն խաղի գլխավոր մրցավար Լատիշևը չնշանակեց 11 մետրանոց հարված, ինչի համար հետագայում քննադատվեց Յոզեֆ Մասոպուստի կողմից։ Հաղթական խաղից հետո Ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար Պաուլո Մաշադոն Նիլտոնին ասաց. «Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար»:

4 տարի անց բրազիլացիները անհաջող հանդես եկան Աշխարհի առաջնությունում։ Այդ առիթով Դիդին ասել է. «Եթե Անգլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ հանդես գայինք ես և Նիլտոնը, ապա անհաջողություն չէր լինի»:

Խաղային ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոն Սանտոսը ֆուտբոլի պատմության մեջ առաջին եզրային պաշտպաններից էր, ով մասնակցում էր թիմի գրոհներին։ Շնորհիվ այդպիսի խաղի թիմը հարձակման գծում ունենում էր առավելություն, որից հետո հետևում էր փոխանցումը մրցակցի տուգանային հրապարակ։ Ինքը Նիլտոնն ասում էր. «Ես միշտ ցանկանում էի գրոհել, սակայն դա անել զգուշանալով»: Նիլտոնը աչքի էր ընկնում իր հիանալի խաղով և աջ, և ձախ ոտքով։

Նիլտոնը տիրապետում էր հիանալի դրիբլինգի։ Նա կարողանում էր իր հետևում թողնել մրցակցի մի շարք խաղացողների։ Երբեմն Սանտոսը հանկարծակի գնդակը պտտեցնում էր մրցակից ֆուտբոլիստի գլխավերևով, հետո շրջանցում նրան ու կրկին տիրում գնդակը։ Նիլտոնը հիանալի կերպով կարողանում էր ընդունել գնդակը, չնայած այն բանին, թե ինչպիսի արագությամբ էր գալիս գնդակը։ Ինչպես շատ պաշտպաններ, Նիլտոնը ևս հիանալի կերպով կարողանում էր խլել գնդակը մրցակցից։ Իսկ գնդակի խլումից հետո ճիշտ և արագ կատարած փոխանցումից հետո խաղընկերները կարողանում էին սկսել իրենց հերթական գրոհը։ Շնորհիվ իր ընդունակությունների նրան տվել են մականուն՝ «Ֆուտբոլի հանրագիտարան»:

Բացի այդ բոլորը Նիլտոնը շատ էր սիրում իր ակումբը՝ Բոտաֆոգոն։ Նա երբեք բանակցություններ չէր վարում պայմանագրի շուրջ, այլ միայն ստորագրում էր այն։

Ֆուտբոլային կարիերայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոնն ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսեց զբաղվել բիզնեսով։ 1963 թ. նա դարձավ «Երաշխիքներ պրոֆեսիոնալ մարզիկի համար» հիմնադրամի հիմնադիրներից մեկը։ Այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական, հոգեբանական, սոցիալական աջակցություն ցույց տալով ֆուտբոլիստներին։ Հիմնադրամը աշխատեց մինչև 1965 թ. մարտը[58]։ Քիչ ավելի ուշ Նիլտոնը գնեց դեղատուն, որը մոտ էր Կոպակաբանա թաղամասին և բացեց խանութ «Nilton Santos Material Esportivo Ltda» անվանմամբ, որտեղ վաճառվում էին սպորտային իրեր և որը գտնվում էր «Բոտաֆոգո» մարզադաշտին մոտ։ Դեղատունը շուտով փակվում է, իսկ խանութը շարունակում է աշխատել ևս 10 տարի։

Նիլտոն Սանտոսը Բրազիլիայի նախագահ Լուլայի հետ

1963 թվականից մինչև 1986 թ. Նիլտոն Սանտոսն աշխատել է Ռիո դե Ժանեյրո նահանգի սպորտի ղեկավար համակարգում, որտեղ զբաղեցնում էր տեխնիկական օգնականի պաշտոնը։ Այդ պաշտոնում Նիլտոնն ղեկավարում ու կազմակերպում էր դպրոցներում ու քոլեջներում 7-14 տարեկան երեխաների ֆուտբոլային պարապմունքները։ Այդ ժամանակ Նիլտոնը սկսեց աշխատել ֆուտբոլային դպրոցներ կառուցելու համար և հատկապես այն երեխաների համար, ովքեր գումար չունեին այնտեղ հաճախելու համար։ Հետագայում իր այդ աշխատանքը շարունակվեց 1980-1984 թթ., երբ Նիլտոնն աշխատում էր մի կազմակերպությունում, որի անվանումն էր՝ Legião Brasileira de Assistência («Բրազիլական օգնության լեգիոն»)։ 2 տարի Սանտոսն աշխատում էր դպրոցում, դասավանդելով ֆուտբոլ Բրազիլիայի աղքատ թաղամասերում։ 1997 թ. սկսեց ղեկավարել դպրոցը, որն անվանված էր իր անունով և որը նախատեսված էր անապահով ընտանիքների համար։ 1998 թ. Նիլտոնը տպագրեց մի գիրք, որն ինքնակենսագրական էր և ուներ «Minha Bola, Minha Vida» («Իմ գնդակը, իմ կյանքը») վերնագիրը։ Այդ գրքում նա նկարագրում է իր ֆուտբոլային կարիերայի վառ դրվագները։ 2003 թ.-2007 թ. աշխատել է Ռիո դե Ժանեյրո նահանգի վարչությունում, ղեկավարելով ու կազմակերպելով նահանգում ապրող անապահով ընտանիքների երեխաների սպորտային ծրագրերը։ Նիլտոնն աշխատում էր նաև «Pharmacy Popular» հասարակական կազմակերպությունում, որը տալիս էր ծերերին դեղորայք՝ խորհրդանշական 1 դոլար գնով։ Կազմակերպությունն անցկացնում էր հատուկ միջոցառումներ, որտեղ հրավիրված էին դերասաններ, երգիչներ և այլ հայտնիներ։ Հաճախ հյուրերի թվում էր նաև Նիլտոն Սանտոսը։

Նիլտոնը բացի այդ ամենը փորձում էր նաև վերադառնալ ֆուտբոլ։ Աշխատել է «Գալիսիա» (1971 թ.), «Վիտորիա» (1980 թ.), «Բոնսուսեսսո» (1983 թ.) և այլ ակումբներում։ «Բոնսուսեսսո» ակումբից Նիլտոնը հեռացվեց այն ժամանակ, երբ իր թիմի հետ տարավ 5 անընդմեջ հաղթանակ։ Այդ հեռացումը թիմի ղեկավարությունը բացատրեց այսպես. «Այսպիսի հաջողակ մարզչի հետ մեզ չեն բավականացնի միջոցները, որպեսզի յուրաքանչյուր խաղից հետո պարգևատրենք մեր ֆուտբոլիստներին»[59]: 2 անգամ Նիլտոնը հայտնվեց իրեն հարազատ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավար կազմում։ Առաջին անգամ նա նշանակվեց տնօրենի պաշտոնում, իսկ հետո նաև տեխնիկական կոմիտեի անդամ էր։ 1972 թ., երբ նա Բոտաֆոգոյի տնօրենն էր, 2 անգամ հարվածել է մրցավարի դեմքին իր կարծիքով անարդար որոշումներ կայացնելու համար։ Նիլտոնն այդ ժամանակ ասում էր. «Բոլորն էին ուզում խփել նրան»:

2007 թվականից սկսած նա ապրում էր ծերանոցում, որը գտնվում էր Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Այդ ժամանակ Նիլտոնը տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ, սկլերոզով և մի քանի այլ հիվանդություններով։ Որպեսզի ֆինանսապես օգնեն նախկին ֆուտբոլիստին, 2009 թ. փետրվարին ստեղծվեց ֆոնդ, որի անդամները ամեն ամիս ներդնում էին 50 դոլար Նիլտոնին աջակցելու համար։ Բացի դրանից նրան օգնում էր նաև հարազատ ակումբը, վաճառելով մարզաշապիկներ Նիլտոնի համարով։

2009 թ. սեպտեմբերի 27-ին Ժոաո Ավելանժի անունը կրող մարզադաշտի տարածքում կառուցվեց Նիլտոն Սանտոսի արձանը, որի հեղինակը Էդգար Դյուվիվյերն էր։ Արձանը կառուցվեց Բոտաֆոգոյի երկրպագուների հավաքած գումարի շնորհիվ, ովքեր դրանով իրենց պարտքն էին վերադարձնում իրենց սիրելի ֆուտբոլիստին։ Այդ արձանն առաջինն էր այն շարքում, որը կառուցվել է ակումբի ֆուտբոլիստների պատվին։ 1 տարի անց կառուցվեց նաև Գարինչայի արձանը։

2013 թ. մայիսի 16-ին, Նիլտոնի ծննդյան տարեդարձի օրը, Բոտաֆոգոն որոշեց, որ այդ օրը պիտի դառնա ակումբային տոն։ Այդ տոնը նրանք անվանեցին «Բոտաֆոգոյի օր»: Այդ տոնը Նիլտոնն անցկացրեց հիվանդանոցում հերթական հիվանդության պատճառով։

2013 թ. նոյեմբերի 23-ին Նիլտոնին կրկին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նոյեմբերի 27-ին մահացավ։ Մահվան պատճառը սրտի սուր անբավարարվածությունն էր։ Նոյեմբերի 28-ին նախկին ֆուտբոլիստը թաղվեց Ռիո դե Ժանեյրոյի գերեզմանատանը։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Ռիո-Սան-Պաուլու մրցաշար Գավաթ Լիբերտադորեսի Գավաթ Այլ Ընկերական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1948 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 19 1
10 0 7 0 36 1
1949 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 15 0
0 0 8 2 23 2
1950 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 12 0 4 0
0 0 3 0 19 0
1951 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 18 0
10 0 11 0 39 0
1952 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 17 0 6 0
6 0 6 1 35 1
1953 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 27 1 8 0
10 0 2 0 47 1
1954 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 27 0
0 0 11 0 38 0
1955 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 18 0 9 0
0 0 24 0 51 0
1956 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 22 1
0 0 25 0 47 1
1957 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 22 3 6 0
6 0 20 0 54 3
1958 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 15 0 9 0
7 1 17 0 48 1
1959 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 19 0 2 0
1 0 24 0 46 0
1960 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 18 0 3 0
3 0 21 0 45 0
1961 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 23 0 6 0
0 0 25 0 54 0
1962 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 23 0 5 0 4 0
7 0 11 0 50 0
1963 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 22 0 8 0 3 0 4 1 4 0 13 0 54 1
1964 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 15 0 4 0
9 0 9 0 37 0
Ընդհանուր 334 6 68 0 7 0 4 1 73 1 237 3 722 11
Նշումներ.
«Լիգա Կարիոկա» սյունակում ներկայացված են միայն Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության հանդիպումները: Նաև վիճակագրության մեջ ներկայացված են Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության Սուպերգավաթի խաղարկության այն հանդիպումները, որոնք անցկացվել են 1959 թ.:

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիա Բոտաֆոգո
    Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն - 1948, 1957, 1961, 1962
    Ռիո Սան Պաուլու մրցաշարի հաղթող - 1962, 1964
  • Բրազիլիա Բրազիլիայի հավաքական
    Հարավային Ամերիկայի չեմպիոն - |1949
    Ռիո-Բրանկոյի գավաթի հաղթող - 1950
    Օսվալդո Կրուզի գավաթի հաղթող - 1950, 1955, 1961, 1962
    Օ'Հիգգինսի գավաթի հաղթող - 1955, 1961
    Ատլանտիկայի գավաթի հաղթող - 1956, 1960
    Աշխարհի չեմպիոն - 1958, 1962

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլտոնն ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կնոջ՝ Աբիգայլ Թեյշեյրայի հետ ամուսնացել է 1953 թ.: Նրանք ունենում են 2 երեխա՝ Կառլոս Էդուարդոն և Անդրեան։

Իր երկրորդ կնոջ՝ Մարիա Սելիա Կոելի դոս Սանտոսի հետ ծանոթացել է իր կարիերայի ավարտից հետո՝ 1971 թ.: Բայց նրանք երեխաներ չունեցան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Профиль на folha.uol.com.br» (պորտուգալերեն)։ Folha Online։ 9 декабря 2005։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 12 
  2. «No ‘Dia do Botafogo’, Nilton Santos é homenageado pelo clube» (պորտուգալերեն)։ Esportes Brasil։ 2013-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 17 
  3. 3,0 3,1 http://www.espn.com.br/noticia/372220_bicampeao-mundial-pela-selecao-e-enciclopedia-do-futebol-nilton-santos-morre-aos-88-anos
  4. «Wall of Fame: Nilton Santos» (անգլերեն)։ Infostrada Sports։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  5. «Domingo, Botafogo chegará ao jogo 5 mil da sua história» (պորտուգալերեն)։ globo.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  6. «Рекорды и достижения 1-го тура»։ Советский спорт։ 15 июня 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  7. «Guerin Sportivo's I 50 Grandi del Secolo» (անգլերեն)։ rsssf.com։ 5 февраля 2001։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  8. «The Best x Players of the Century/All-Time» (անգլերեն)։ rsssf.com։ 5 февраля 2001։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  9. «Voetbal International's Elftal van de Eeuw» (անգլերեն)։ rsssf.com։ 5 февраля 2001։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  10. «Nilton Santos será homenageado pela CBF» (պորտուգալերեն)։ globo.com։ 13 ноября 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  11. «Нилтон Сантоc»։ footballplayers.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  12. «Our champions. Nilton Santos» (անգլերեն)։ goldenfoot.com։ 28 апреля 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  13. Ana Cláudia Guimarães (27 ноября 2013)։ «Morre Nilton Santos, a enciclopédia do futebol» (պորտուգալերեն)։ O Globo։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6 
  14. «Estádio Nílton Santos» (պորտուգալերեն)։ mavalem.sites.uol.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 30 
  15. «Nilton Santos é Machado de Assis»։ papodebola.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1 
  16. «Nilton Santos» (պորտուգալերեն)։ Museu dos Esportes։ Արխիվացված է օրիգինալից 2002-07-07-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1 
  17. «Minha vida» (պորտուգալերեն)։ niltonsantos.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 1 
  18. 18,0 18,1 «A enciclopédia que reinventou o futebol» (պորտուգալերեն)։ archive.org։ Վերցված է 2011 թ․ մարտի 8 
  19. «Minha Bola» (պորտուգալերեն)։ niltonsantos.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-1 
  20. Marcelo Leme de Arruda (16 ноября 2008)։ «Rio de Janeiro Championship 1948» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-12 
  21. Carlos Molinari Severino (21 августа 2008)։ «Rio de Janeiro - Torneio Municipal 1948» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-12 
  22. Marcelo Leme de Arruda (11 июля 2010)։ «Rio de Janeiro Championship 1950» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-12 
  23. Nildo Teixeira de Melo Júnior։ «Participação no Torneio Municipal» (պորտուգալերեն)։ bangu.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  24. Carlos Molinari Severino (23 января 2011)։ «Rio de Janeiro — Torneio Municipal 1951» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  25. Marcelo Leme de Arruda (15 марта 2010)։ «Rio de Janeiro Championship 1951» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  26. Marcelo Leme de Arruda (24 января 2009)։ «Rio de Janeiro Championship 1952» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  27. Javier Garcia, Martin Tabeira, Carlos Wilson (14 февраля 2009)։ «Copa Montevideo 1953» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  28. Marcelo Leme de Arruda (27 января 2009)։ «Torneio Rio-São Paulo 1953» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  29. Гольдес Игорь (22 декабря 2002)։ «Кривоногий индеец из другого мира»։ footballplayers.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-02-06 
  30. Marcelo Leme de Arruda, José Ricardo Caldas e Almeida (24 января 2009)։ «Rio de Janeiro Championship 1953» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  31. «Nós é que somos banguenses — 1953» (պորտուգալերեն)։ bangu.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-02-27 
  32. Julio Bovi Diogo, Ricardo Pontes (2 января 2009)։ «Torneio Rio-São Paulo 1954» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-7 
  33. Marcelo Leme de Arruda (29 августа 2008)։ «Rio de Janeiro Championship 1956» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-7 
  34. Marcelo Leme de Arruda (1 сентября 2000)։ «Torneio Rio-São Paulo 1958» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  35. Marcelo Leme de Arruda (29 августа 2008)։ «Rio de Janeiro Championship 1958» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2011-03-8 
  36. Marcelo Leme de Arruda (8 марта 2009)։ «Torneio Rio-São Paulo 1960» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  37. Marcelo Leme de Arruda (12 марта 2009)։ «Rio de Janeiro Championship 1960» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2011-03-8 
  38. Marcelo Leme de Arruda (27 января 2009)։ «Torneio Rio-São Paulo 1961» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  39. Marcelo Leme de Arruda (17 января 2010)։ «Rio de Janeiro Championship 1961» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  40. Marcelo Leme de Arruda (2 января 2009)։ «Torneio Rio-São Paulo 1962» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  41. Marcelo Leme de Arruda (17 января 2010)։ «Rio de Janeiro Championship 1962» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  42. Martin Tabeira (12 августа 2009)։ «Southamerican Championship 1949» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  43. Bernardo Pombo (15 мая 2008)։ «Nílton Santos: Eu não dou bico na bola» (անգլերեն)։ O Globo Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  44. Edney Silvestre (12 марта 2004)։ «Nílton Santos» (անգլերեն)։ O Globo։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  45. «Профиль на fifa.com» (անգլերեն)։ fifa.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  46. Игорь Гольдес (25 апреля 2002)։ «Величайшая драма в истории футбола»։ Советский Спорт։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  47. «A equipe da final» (անգլերեն)։ interessepopular.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  48. Martin Tabeira (18 апреля 2008)։ «Southamerican Championship 1953» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  49. Guy Hodgson (9 июня 1998)։ «Football: Ellis a knockout during the Battle of Berne» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  50. Jeffrey Hill (2004)։ «Ellis, Arthur Edward (1914–1999), football referee» (անգլերեն)։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  51. «Ídolos — Nílton Santos» (պորտուգալերեն)։ esporte.uol.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  52. Алекс Маннанов (3 июня 2010)։ «Великие сборные XX века: Пеле, Гарринча, Нилтон Сантос»։ totalfootball.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2011-03-8 
  53. Bernardo Pombo (15 мая 2008)։ «Contra a Áustria, em 1958, o golaço de Nílton Santos» (պորտուգալերեն)։ O Globo Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  54. Игорь Гольдес (29 апреля 2002)։ «А нам плевать - у нас 4-2-4...»։ Советский Спорт։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  55. «Coronel»։ blogspot.com (պորտուգալերեն)։ crvascodagama.com։ 26 августа 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-12-4 
  56. Martin Tabeira (12 августа 2009)։ «Southamerican Championship 1959 (1st Tournament)» (անգլերեն)։ rsssf։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  57. «Nílton Santos» (պորտուգալերեն)։ oglorioso.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  58. «Fitas Carlos Lacerda» (պորտուգալերեն)։ Arquivo Geral da Cidade do Rio de Janeiro։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 
  59. Игорь Фесуненко (1 апреля 2003)։ «Футбол и юмор»։ Советский Спорт։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-03-8 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]