Միքայել Լաուդրուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միքայել Լաուդրուպ
Michael Laudrup 2015.jpg
Լաուդրուպը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միքայել Լաուդրուպ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1964(1964-06-15)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք

[[Կիսապաշտպան (ֆուտբոլ)

|հարձակվողական կիսապաշտպան]], հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կատար Ալ Ռայան (մարզիչ)
Պատանեկան կարիերա
1971-1973 Դանիա Վանլոս
1973-1976 Դանիա Բրոնդբյու
1977-1981 Դանիա Կոպենհագեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1981-1982 Դանիա Կոպենհագեն 14 (3)
1982-1983 Դանիա Բրոնդբյու 38 (24)
1983-1989 Իտալիա Յուվենտուս 102 (16)
1983-1985Իտալիա Լացիո 60 (9)
1989-1994 Իսպանիա Բարսելոնա 167 (40)
1994-1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ 62 (12)
1996-1997 Ճապոնիա Վիսել Կոբե 15 (6)
1997-1998 Նիդերլանդներ Այաքս 21 (11)
Ընդհանուր 479 (121)
Ազգային հավաքական
1980 Դանիա Դանիա(մինչև 17) 4 (2)
1980-1981 Դանիա Դանիա(մինչև 19) 19 (12)
1982 Դանիա Դանիա(մինչև 21) 2 (0)
1982-1998 Դանիա Դանիա 104 (37)
Մարզչական կարիերա
2000-2002 Դանիա Դանիա (մարզչի օգնական)
2002-2006 Դանիա Բրոնդբյու
2007-2008 Իսպանիա Խետաֆե
2008-2009 Ռուսաստան Սպարտակ Մոսկվա
2010-2011 Իսպանիա Մալյորկա
2012-2014 Ուելս Սուոնսի
2014-2015 Կատար Լեխվիա
2016-ներկա Կատար Ալ Ռայան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միքայել Լաուդրուպ (դան․՝ Michael Laudrup; հունիսի 15, 1964(1964-06-15)[1][2], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա), դանիացի նախկին ֆուտբոլիստ և քաթարական Ալ Ռայան ակումբի ներկայիս մարզիչ։ Նա համարվում է իր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Իր կարիերայի ընթացքում Լաուդրուպը տիտղոսներ է նվաճել Այաքսի, Բարսելոնայի, Ռեալի, Յուվենտուսի կազմում, հիմնականում խաղալով հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, թեև կարող էր խաղալ նաև այլ դիրքերում։ Նա Յոհան Կրոյֆի մարզած Բարսելոնայի՝ «Երազանքների թիմ»-ի անդամ էր, որի հետ 4 տարի անընդմեջ հաղթել է Լա Լիգան՝ 1991 թվականից 1994 թվականը, և Եվրոպայի Չեմպիոնների գավաթը՝ 1992 թվականին։ 1994 թվականին Լաուդրուպը տեղափոխվեց Բարսելոնայի գլխավոր մրցակից ակումբ՝ Ռեալ Մադրիդ, որտեղ հաղթեց իր 5-րդ անընդմեջ Լա Լիգան։

Լաուդրուպն իր առաջին խաղն անցկացրեց Դանիայի հավաքականի կազմում 1982 թվականին՝ իր 18-րդ տարեդարձին։ Հետագայում Դանիայի կազմում անցկացրած 104 խաղերում 37 գոլ է խփել։ Նա փայլեց 1986 թվականի աշխարհի առաջնությանը և 1994 թվականի նոյեմբերից դարձավ Դանիայի հավաքականի ավագը՝ ավագի թևկապով անցկացնելով ընդհանուր հաշվով 28 խաղ՝ ներառյալ 1995 թվականի Միջմայրցամաքային գավաթը, որում Դանիան ոսկե մեդալ նվաճեց։ Նա Դանիայի հավաքականի կազմում իր եղբայր Բրայանի հետ հասավ մինչև 1998 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Առաջնությունից հետո Լաուդրուպը լքեց հավաքականը։

1999 թվականին քվեարկության արդյունքում Լաուդրուպը ճանաչվեց իսպանական ֆուտբոլի վերջին 25 տարիների լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ, իսկ և 2000 թվականի ապրիլին ասպետացվեց՝ ստանալով Դանեբրոգի շքանշանը։ 2003 թվականի նոյեմբերին ճանաչվեց Դանիայի Ոսկե խաղացողը՝ ստանալով ՈՒԵՖԱ-ի հոբելյանական պարգևը որպես Դանիայի վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ։ 2006 թվականի նոյեմբերին Լաուդրուպը պաշտոնապես ճանաչվեց Դանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ 2004 թվականին ընդգրկվեց Պելեի կողմից ստեղծված ՖԻՖԱ 100-ում՝ ապրող լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ 2013 թվականին Marca-ն ընդգրկեց նրան Ռեալ Մադրիդի պատմության մեջ լավագույն արտերկրացի ֆուտբոլիստներից կազմված XI-ում։ Ոմանք համարում են նրան լավագույն սկանդինավյան ֆուտբոլիստը` Զլատան Իբրահիմովիչի հետ միասին։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Լաուդրուպն սկսեց մարզչական կարիերան։ Որպես մարզիչ նա հաջողությունների հասավ Բրոնդյուում, Խետաֆեում և Սուոնսիում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Լաուդրուպն սկսեց Կոպենհագենում, որտեղ անցկացրեց 1 մրցաշրջան՝ 14 խաղում խփելով 3 գոլ։

Բրոնդբյու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում Լաուդրուպը տեղափոխվեց Բրոնդբյու։ Բրոնդբյուում նա շատ լավ էր խաղում՝ 38 խաղում խփելով 24 գնդակ, 1982 թվականին ճանաչվեց տարվա դանիացի ֆուտբոլիստ, ինչի հետևանքով հաջորդ մրցաշրջանում Յուվենտուսը 1 միլիոնով գնեց նրան Բրոնդբյուից։ Այդ ժամանակ դա Դանիայի առաջնության համար ռեկորդային տրանսֆեր էր։ Նույն տարում նա մոտ էր Լիվերպուլի հետ 3 տարվա պայմանագիր կնքելուն, սակայն վերջին պահին Լիվերպուլն առաջարկեց նրան 4 տարվա պայմանագիր, և Լաուդրուպը որոշեց հրաժարվել։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ Իտալիայի առաջնությունում գործում էր օրենք, ըստ որի թիմը կարող էր հայտավորել առավելագույնը 2 արտերկրացի ֆուտբոլիստ։ Յուվենտուսում էին այդ ժամանակ խաղում լեհ Զբիգնև Բոնեկը և ֆրանսիացի Միշել Պլատինին, այդ իսկ պատճառով Յուվենտուսը Լաուդրուպին վարձավճարով ուղարկեց Սերիա Ա-ի նորեկ Լացիո՝ 1 մրցաշրջանով[3]։ Լաուդրուպը մինչև տեղափոխվելն այս մասին չէր տեղեկացվել։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Լացիոն հազիվ պահեց իր տեղը Սերիա Ա-ում, իսկ երկրորդ մրցաշրջանում դուրս մնաց Սերիա Բ։ Այս 2 մրցաշրջանների ընթացքում Լաուդրուպն անցկացրեց 60 խաղ՝ խփելով 9 գնդակ[4]:

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի ամռանը Լաուդրուպը վերադարձավ Յուվենտուս՝ Զբիգնև Բոնեկին փոխարինելու։ Յուվենտուսում իր առաջին տարում նա հաղթեց Սերիա Ա-ն և Միջմայրցամաքային գավաթը, ինչպես նաև ճանաչվեց 1985 թվականի Դանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Հաջորդ մրցաշրջանն անհաջող էր Լաուդրուպի համար, քանի որ նա ստացավ բազմաթիվ վնասվածքներ և ոչինչ չհաղթեց։ 1987 թվականին՝ երբ Պլատինին ավարտեց կարիերան, Լաուդրուպը պետք է իր վրա վերցներ առաջնորդի պարտականությունները, բայց 23-ամյա ֆուտբոլիստը ձախողվեց՝ մրցաշրջանի 30 խաղերում չխփելով ոչ մի գոլ[5]:

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուսում անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Լաուդրուպը որոշեց, որ 6 տարի Իտալիայում խաղալուց հետո պետք է լքի այն։ 1989 թվականին Լաուդրուպը տեղափոխվեց Բարսելոնա[6][7], քանի որ իր մանկության կուռքը՝ հոլանդացի մարզիչ Յոհան Կրոյֆը, թիմ էր հավաքում։ Շուտով Բարսելոնայում Լաուդրուպը զգաց հաջողության համը, իսկ Կրոյֆի շնորհիվ զարգացրեց իր ֆուտբոլիստի տաղանդը։ Նա թիմում թույլատրված 3 օտարերկրացի ֆուտբոլիստներից մեկն էր՝ հոլանդացի պաշտպան Ռոնալդ Կումանի և բուլղարացի հարձակվող Խրիստո Ստոիչկովի հետ միասին։

Բարսելոնայի «Երազանքների թիմ»-ը 1970-ական թվականների Այաքսի նման գրավիչ խաղ էր ցուցադրում և 4 անգամ անընդմեջ հաղթել է Լա Լիգան՝ 1991 թվականից 1994 թվականներին, ինչպես նաև՝ 1991-1992 մրցաշրջանի Եվրոպայի գավաթը, 1992 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, 1989-1990 մրցաշրջանի Արքայական գավաթը և 1991 ու 1992 թվականների Իսպանիայի Սուպեր Գավաթը։ Բարսելոնայում անցկացրած ժամանակաշրջանում Լաուդրուպը 2 անգամ ճանաչվել է Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Երբ 1993 թվականին Բարսելոնան գնեց իր 4-րդ արտերկրացի ֆուտբոլիստին՝ բրազիլացի Ռոմարիոյին, Բարսայի 4 արտերկրացի ֆուտբոլիստները պետք է իրար փոխարինելով խաղային, քանի որ մի խաղում կարելի էր հայտավորել միայն 3 արտերկրացի ֆուտբոլիստ։ Եվ երբ 1994 թվականի Եվրոպայի գավաթի եզրափակչում Կրոյֆը չհայտավորեց Լաուդրուպին, և Բարսելոնան 0-4 հաշվով պարտվեց Միլանին, առաջացավ վեճ Լաուդրուպի և Կրոյֆի միջև, ինչի հետևանքով Լաուդրուպը լքեց Բարսելոնան։ Լաուդրուպին նույնիսկ չկանգնեցրեց 20000 երկրպագուների կողմից ստորագրված նամակը, որում նրան խնդրում էին մնալ ակումբում։

Լաուդրուպի հեռանալը Բարսելոնայից մեծ հարված էր Բարսելոնայի երկրպագուների և ֆուտբոլիստների համար։ Անդրադառնալով իր՝ Բարսելոնայում անցկացրած տարիներին, Լաուդրուպն ասաց. «Կարծում եմ՝ մենք շատ լավ ֆուտբոլ խաղացինք, և մենք արեցինք դա` նույնիսկ չլինելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստների լավագույն 10-յակում, բայց ունենալով հզոր թիմ։ Բոլորը խոսում էին Բեգիրիստայնից, Բակերոյից, Գվարդիոլայից, Ստոիչկովից և Կումանից, բայց երբ մենք սկսում էինք, մեզնից ոչ ոք լավագույն ֆուտբոլիստը չէր, սակայն չնայած դրան մենք դարձանք այդ ժամանակաշրջանի երևի աշխարհի լավագույն թիմը, Միլանի հետ միասին»[8]:

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Յոհան Կրոյֆի հետ վեճից հետո Լաուդրուպը Բարսելոնայից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ[9]։ Այս տեղափոխումը մեկնաբանելով՝ Լաուդրուպն ասաց, որ ոչ մի թաքնված մտադրություններ չուներ։ Դա 1994 թվականի աշխարհի առաջնությանը նախորդող տարին էր, և ըստ Լաուդրուպի այսպիսի մեծ մրցաշարերից հետո ֆուտբոլիստներն սկսում են վատ խաղալ, ուստի նա կանխագուշակել էր այն, որ Բարսելոնան հաջորդ մրցաշրջանում մեծ հաղթանակներ չի ունենա։

Լաուդրուպի՝ Ռեալում անցկացրած առաջին մրցաշրջանում Ռեալը հաղթեց Լա Լիգան, և Լաուդրուպը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է Լա Լիգան 5 տարի անընդմեջ 2 տարբեր ակումբների կազմում։ Հաջորդ մրցաշրջանը փայլուն չէր Ռեալի համար։ Թեև Լաուդրուպը երկու մրցաշրջան է անցկացրել Մադրիդի Ռեալում, 2002 թվականին անցկացված հարցման արդյունքում նա ընտրվել է Ռեալի պատմության 12-րդ լավագույն ֆուտբոլիստ։ Բարսելոնայի կազմում խաղալիս՝ Լաուդրուպը մասնակցել էր 1993-1994 մրցաշրջանում Ռեալի դեմ 5-0 հաշվով Բարսելոնայի կողմից հաղթած խաղին։ Հաջորդ մրցաշրջանում Ռեալի կազմում խաղալիս՝ նա մասնակցեց այս անգամ Ռեալի՝ Բարսելոնայի նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակին[10]:

Ռեալում Լաուդրուպն անցկացրեց 62 խաղ՝ խփելով 12 գնդակ[11]:

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Լաուդրուպը լքեց Ռեալը՝ տեղափոխվելով ճապոնական Վիսել Կոբե ակումբը, որին օգնեց բարձրանալ Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնից առաջին դիվիզիոն[12]։ Նա գրանցված էր որպես ֆուտբոլիստ Չելիկ Զենիցա ակումբում, բայց այդպես էլ ոչ մի խաղ այդտեղ չխաղաց[13][14]։ Երբ այդ խնդիրը կարգավորվեց, նա տեղափոխվեց Այաքս, որտեղ էլ ավարտեց իր կարիերան ՝ խաղալով մեկ մրցաշրջան և հաղթելով Հոլանդիայի առաջնությունն ու գավաթը[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուդրուպը հրավիրվել էր Դանիայի հավաքական[16], երբ խաղում էր Բրոնդբյուի կազմում։ Իր 18-րդ տարեդարձին՝ 1982 թվականի հունիսի 15-ին նա անցկացրեց իր առաջին խաղը Դանիայի կազմում և դարձավ այն ժամանակվա երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել էր Դանիայի հավաքականում՝ Հարալդ Նիլսենից հետո։ Իր առաջին խաղում Դանիան պարտվեց Նորվեգիային 1-2 հաշվով[17], բայց Դանիայի միակ գոլը խփեց Լաուդրուպը։ Դանիայի հավաքականի կազմում հաջորդ 6 խաղերում Լաուդրուպը դարձավ 8 գոլի հեղինակ։ Այդ ժամանակաշրջանում Դանիան համարվում էր Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից մեկը, քանի որ չէր կարողանում անցնել ո՛չ Աշխարհի առաջնությունների, ո՛չ Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերը։ Բայց գերմանացի մարզիչ Զեպ Պիոնտեկի շնորհիվ Դանիայի հավաքականը նոր շունչ ստացավ և անցավ Եվրո-1984 թվականի որակավորման փուլը՝ գերազանցելով բացարձակ ֆավորիտ Անգլիային։ Չնայած նրան, որ Լաուդրուպը խաղում էր Իտալիայի առաջնության ետնապահ Լացիոյի կազմում, նա փայլեց 1984 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ խաղալով բոլոր 4 խաղերում։ Դանիան այդ առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց Իսպանիային[18]։

Լաուդրուպը ԱԱ-1986-ին

Լաուդրուպը մասնակցեց 1986 թվականի Աշխարհի առաջնությանը, որում նրա խաղը ավելի շատ հիշվեց Ուրուգվայի դեմ 6-1 հաղթական խաղում միայնակ անցման և գոլի շնորհիվ[19]։ Այս խաղում նա նաև կատարեց 3 գոլային փոխանցում։ Դանիայի հավաքականը դուրս մնաց առաջնությունից 1/8 եզրափակչում՝ 1-5 հաշվով պարտություն կրելով Իսպանիայից[20]։ Նա նաև մասնակցեց 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը, որում Դանիան հիասթափեցրեց իր երկրպագուներին՝ պարտվելով խմբային փուլի բոլոր 3 խաղերում։ Դանիայի հավաքականի աստղային ֆուտբոլիստներից շատերն արդեն ծեր էին, և միայն Լաուդրուպը լավ խաղ ցուցադրեց՝ խփելով առաջնությունում Դանիայի հավաքականի խփած 2 գոլերից 1-ը։

1990 թվականի Աշխարհի առաջնությանը Դանիան ընդհանրապես չմասնակցեց՝ չկարողանալով անցնել որակավորման փուլը։

1990 թվականի նոյեմբերին Լաուդրուպն իր եղբոր՝ Բրայան Լաուդրուպի և Յան Մոլբիի հետ միասին որոշեց լքել Դանիայի հավաքականը՝ մարզիչ Ռիչարդ Մյոլեր-Նիլսենի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այնուամենայնիվ, Բրայանը վերադարձավ հավաքական և մասնակցեց Եվրո-1992 թվականի Դանիայի տրիումֆին։ Դանիան չկարողացավ անցնել որակավորման փուլը, բայց մասնակցեց առաջնությանը Հարավսլավիայի փոխարեն, որին հեռացրին մրցաշարից երկրում տիրող քաղաքացիական պատերազմի պատճառով։ Լաուդրուպն այնքան ցածր եր գնահատում Դանիայի՝ առաջնությունում հաղթելու հնարավորությունները, որ նույնիսկ չգնաց առաջնության խաղերը դիտելու, ինչի համար հավանաբար փոշմանել է. Դանիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ Հոլանդիայի դեմ խաղում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ՝ շնորհիվ լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելին, ով ետ մղեց Մարկո վան Բաստենի իրացրած 11-մետրանոցը[21]։ Եզրափակչում՝ մրցաշարի ֆավորիտների և աշխարհի չեմպիոնների՝ Գերմանիայի դեմ խաղում, դանիացիները անակնկալ կերպով 2-0 հաղթանակ տարան[22], ինչի շնորհիվ Դանիան հաղթեց 1992 թվականի Եվրոպայի առաջնությունը` առանց Միքայել Լաուդրուպի[23]:

Լաուդրուպը վերադարձավ Նիլսենի գլխավորած Դանիայի հավաքական 1993 թվականի օգոստոսին: Դանիան չկարողացավ անցնել 1994 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ զիջելով Իսպանիային և Իռլանդիային: 1995 թվականին Դանիան հաղթեց Միջմայրցամաքային գավաթը (հետագայում՝ Կոնֆեդերացիայի գավաթ), որի ժամանակ Լաուդրուպը գոլ խփեց Արգենտինայի դեմ հաղթական խաղում: 1996 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Լաուդրուպը 4 գոլ խփեց 10 խաղերում՝ օգնելով Դանիային մասնակցել առաջնությանը, որից Դանիան դուրս մնաց խմբային փուլում:

Լաուդրուպն անցկացրեց իր վերջին խաղերը Դանիայի կազմում 1998 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։ Այդ մրցաշարում Լաուդրուպը Դանիայի հավաքականի ավագն էր և օգնեց նրանց հասնել մինչև քառորդ եզրափակիչ: Առաջնության առաջին խաղը, որում Դանիան Սաուդյան Արաբիայի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակ տարավ[24], 100-երորդն էր Լաուդրուպի համար Դանիայի հավաքականի կազմում: 1/8 եզրափակչում Դանիան գեղեցիկ հաղթանակ տարավ Նիգերիայի դեմ՝ 1-4 հաշվով[25], բայց արդեն քառորդ եզրափակչում 2-3 հաշվով պարտություն կրեց Բրազիլիայից[26], ինչից հետո Լաուդրուպը և նրա եղբայր Բրայանը հայտարարեցին միջազգային կարիերան ավարտելու մասին: Եղբայրներն ավարտեցին միջազգային կարիերան բարձր նոտայի վրա՝ ընդգրկվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

Լաուդրուպը Բրոնդբյուն մարզելու տարիներին

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին իր ակումբային կարիերան Այաքսում ավարտելուց հետո Լաուդրուպն սկսեց մարզչական կարիերան` 36 տարեկանում դառնալով Դանիայի հավաքականի մարզչի՝ Մորտեն Օլսենի օգնականը։ Այս պաշտոնին նա մնաց մինչև 2002 թվականի Աշխարհի առաջնությունը, որից հետո սկսեց մարզել հայրենի Բրոնդբյուն[27]։

Բրոնդբյու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնդբյուում նա սկսեց առաջ մղել երիտասարդ ֆուտբոլիստներին՝ այդպիսով թարմացնելով թիմի կազմը։ 2002 թվականին Լաուդրուպը հաղթեց իր առաջին տիտղոսը մարզչական կարիերայում՝ Դանիայի Սուպերգավաթը։ Բրոնդբյուում իր առաջին մրցաշրջանում Լաուդրուպի գլխավորած թիմը հաղթեց Դանիայի գավաթը և երկրորդ տեղը զբաղեցրեց առաջնությունում։

Հաջորդ մրցաշրջանում Բրոնդբյուն նույնպես գրավեց երկրորդ տեղը առաջնությունում` Կոպենհագենին զիջելով ընդամենը 1 միավորով։ Այնուամենայնիվ, 2004-2005 թվականների մրցաշրջանում Բրոնդբյուն հաղթեց Դանիայի առաջնությունը, ինչպես նաև` Դանիայի գավաթը։ Դրանից հետո Լաուդրուպը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն մարզիչ։ 2005-2006 թվականների մրցաշրջանում Լաուդրուպի Բրոնդբյուն գրավեց 2-րդ տեղն առաջնությունում, ինչից հետո Լաուդրուպը հայտարարեց, որ ինքը չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Բրոնդբյուի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման հարցում, ինչի հետևանքով լքեց ակումբը։

Այսպիսով, անցկացնելով 4 տարի որպես Բրոնդբյուի գլխավոր մարզիչ՝ Լաուդրուպը հաղթեց 4 տիտղոս։

Խետաֆե[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Լաուդրուպը պայմանագիր կնքեց մադրիդյան Խետաֆեի հետ։ Լաուդրուպի կողմից Խետաֆեն գլխավորելու տարիներին ակումբը հասավ Արքայական գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց Վալենսիային[28], և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվեց Բավարիային[29]։ Լաուդրուպը հայտարարեց իր հրաժարականի մասին 2008 թվականի մայիսին։

Լաուդրուպը 2008թ. նոյեմբերին

Լաուդրուպի անունը կապում էին Բարսելոնայի, Վալենսիայի, Չելսիի, Բենֆիկայի, Բլեքբուրնի, Պանաթինաիկոսի, ԲԿՄԱ-ի և Վեստ Հեմի հետ։ Նա գրեթե համաձայնեցրել էր իր պայմանագիրը Պանաթինաիկոսի հետ, սակայն չստորագրեց այն որոշ տարաձայնությունների պատճառով։ Ըստ դանիական ԶԼՄ-ների՝ նա ցանկանում էր պայմանագրում ներառել մի կետ, համաձայն որի կկարողանար խզել պայմանագիրը թիմի հետ իսպանական ակումբից առաջարկ ստանալու դեպքում, ինչին Պանաթինաիկոսի ղեկավարությունը դեմ էր[30]։

Սպարտակ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 12-ին Լաուդրուպը պաշտոնապես մեկ ու կես տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի Սպարտակի հետ։ Լաուդրուպը վատ սկսեց մրցաշրջանը՝ հաղթելով առաջին 4 խաղերից միայն 1-ը։ Վատ արդյունքների պատճառով Լաուդրուպը հեռացվեց աշխատանքից 2009 թվականի ապրիլի 15-ին՝ միայն 7 ամիս աշխատելուց հետո[31]:

2009 թվականի հոկտեմբերի 22-ին իսպանական թերթերը հայտարարեցին, որ Լաուդրուպը կգլխավորի Ատլետիկո Մադրիդը, սակայն նրանք չկարողացան համաձայնեցնել պայմանագրի կետերը։

Մալյորկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 10-ին Լաուդրուպը նշանակվեց իսպանական Մալյորկայի գլխավոր մարզիչ[32]։ Մալյորկայում իր առաջին մրցաշրջանում Լաուդրուպը օգնեց հետնապահ Մալյորկային մնալ Լա Լիգայում։ 2011-2012 թվականների մրցաշրջանի սկզբում՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Լաուդրուպը հրաժարական տվեց։

Սուոնսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 15-ին Լաուդրուպը 2 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսիի հետ[33]՝ դառնալով առաջին դանիացի մարզիչը Պրեմիեր Լիգայում։ Դառնալով Սուոնսիի գլխավոր մարզիչ՝ Լաուդրուպը գնեց մի քանի խաղացողների, որոնց թվում էին Միչուն, Չիկո Ֆլորեսը, Պաբլո Էռնանդեսը, Ջոնաթան դե Գուզմանը և Կի Սոն Յոնը։ Իր գլխավորած Սուոնսին մրցաշրջանի առաջին խաղում արտագնա հաղթանակ տարավ ՔՊՌ-ի դեմ 0-5 հաշվով։

Լաուդրուպը Լեխվիայի մարզմանը

Հետագայում Լաուդրուպը գովվեց իր կատարած տրանսֆերների համար, որոնցից ամենահաջողվածը Միչուի տրանսֆերն էր, ում Լաուդրուպը գնել էր իսպանական Ռայո Վալեկանոյից 2.5 մլն եվրոյի դիմաց։ Միչուն իր առաջին մրցաշրջանում խփեց 14 գոլ։ 2013 թվականի հունվարի 23-ին Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակչում Սուոնսին 2 խաղի արդյունքում 2-0 ընդհանուր հաշվով հաղթեց Չեմպիոնների Լիգայի հաղթող Չելսիին[34]՝ դուրս գալով գավաթի եզրափակիչ։

2013 թվականի փետրվարի 23-ին Սուոնսին Լաուդրուպի գլխավորությամբ հաղթեց իր պատմության առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով Բրեդֆորդ Սիթիին[35]։ Լաուդրուպն այս հաղթանակը անվանեց իր մարզչական կարիերայի լավագույն հաղթանակը։

2013 թվականի մարտի 2-ին Նյուքասլի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո, երբ Սուոնսին 8-րդ հորիզոնականում էր, Լաուդրուպը հայտարարեց, որ ինքը կցանկանար, որ Սուոնսին ավարտեր մրցաշրջանը հենց 8-րդ հորիզանականում, և դա նրա համար առաջնությունը հաղթելուն հավասարազոր կլիներ, քանի որ նրան թվում էր, որ առաջին 7 տեղերը արդեն զբաղեցված էին Մանչեսթեր Սիթիի, Մանչեսթեր Յունայթեդի, Չելսիի, Արսենալի, Լիվերպուլի, Տոտտենհեմի և Էվերթոնի կողմից։ 2012-2013 թվականների մրցաշրջանը Սուոնսին ավարտեց 9-րդ հորիզոնականում[36]:

2013 թվականի մարտի 8-ին Լաուդրուպը երկարաձգեց իր պայմանագիրը Սուոնսիի հետ 2 մրցաշրջանով, սակայն հեռացվեց ակումբից 2014 թվականի փետրվարի 4-ին, քանի որ Սուոնսին հեռացման պահին միայն 2 միավոր էր առաջ առաջնությունից դուրս մնալու գոտուց։ Այդ պահի դրությամբ Սուոնսին պարտվել էր վերջին 8 խաղերից 6-ը[37]։

Լեխվիա և Ալ Ռայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուոնսիից հեռացվելուց հետո Լաուդրուպը շարունակեց իր մարզչական կարիերան քաթարական Լեխվիա ակումբում, որտեղ անցկացնելով 1 տարի՝ հաղթեց Քաթարի առաջնությունը և գավաթը։

2016 թվականի հոկտեմբերի 3-ից առ այսօր Լաուդրուպը գլխավորում է Ալ Ռայյան ակումբը[38]:

4-2-3-1 մարտավարությունը

Մարտավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մարզչական կարիերայում Լաուդրուպը շատ էր կիրառում 4-2-3-1 մարտավարությունը[39], որն օգտագործում էին Դանիայի հավաքականում՝ իր մարզչի օգնական լինելու ժամանակ։ Եզրային պաշտպաններն ավելի առաջ են խաղում, քան կենտրոնականները և գրոհի ժամանակ առաջ են գնում՝ կատարելով եզրային կիսապաշտպանների պարտականությունները։ Դաշտի կենտրոնում խաղում է 3 կիսապաշտպաններից կազմված եռանկյունին, որոնցից 2-ը կանգնած են ավելի հետ և կատարում են նաև հենակետային կիսապաշտպանի դերակատարություն։ Դիմացի կիսապաշտպանը խաղում է որպես փլեյմեյքեր կամ որպես կեղծ 10 համար։ Եզրային կիսապաշտպանները խաղում են նաև որպես եզրային հարձակվողներ։

Պաշտպանության ժամանակ եզրային կիսապաշտպանները հետ են իջնում հենակետային կիսապաշտպանների աստիճանի, իսկ հարձակվողն ու փլեյմեյքերը գալիս են դաշտի կենտրոն, որտեղ պայքարում են գնդակի համար, ինչպես նաև դրանով թիմակիցներին հակագրոհ սկսելու հնարավորություն են տալիս։

Լաուդրուպը հաջող գործածում էր այս մարտավարությունը Բրոնդբյուում և Խետաֆեում, բայց այս մարտավարությամբ չկարողացավ ադապտացվել ռուսական ֆուտբոլին՝ Սպարտակը մարզելու տարիներին։

Սուոնսին մինչև Լաուդրուպի գալը խաղում էր 4-3-3 մարտավարությամբ, բայց Լաուդրուպը ներմուծեց 4-2-3-1 մարտավարությունը և գնեց որոշ իսպանական ֆուտբոլիստների՝ դրանով փորձելով բերել հարձակվողական ֆուտբոլը Իսպանիայից Ուելս։

Բիզնես և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերային զուգահեռ 1993 թվականին Լաուդրուպն սկսեց ներմուծել գինի Իսպանիայից Դանիա։ Սա նրա համար սովորական հոբբի էր, սակայն բիզնեսն աճեց, և հիմա Լաուդրուպի հիմնադրած և կառավարած Laudrup Vin og Gastronomi[40] ընկերությունն ունի ավելի քան 20 աշխատող, կառավարում է Գինու Ակադեմիան և ներմուծում է գինի ամբողջ աշխարհից։

2004 թվականին Լաուդրուպը CEPOS[41] հիմնադիրներից մեկն էր։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Միջմայրցամաքային Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանիա Առաջնություն Դանիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1981 Կոպենհագեն Դանիայի առաջնություն 14 3 14 3
1982 Բրոնդբյու Դանիայի առաջնություն 24 15 24 15
1983 14 8 14 8
Իտալիա Առաջնություն Իտալիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1983/84 Լացիո Սերիա Ա 30 8 5 0 35 8
1984/85 30 1 5 3 35 4
1985/86 Յուվենտուս Սերիա Ա 29 7 6 2 6 2 41 11
1986/87 20 3 6 1 4 5 30 9
1987/88 28 0 7 2 4 2 39 4
1988/89 26 6 7 2 8 3 41 11
Իսպանիա Առաջնություն Արքայական գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1989/90 Բարսելոնա Լա Լիգա 32 3 7 2 - 3 1 42 6
1990/91 30 9 5 2 - 7 0 42 11
1991/92 36 13 2 2 - 11 3 49 18
1992/93 37 10 4 4 - 4 0 45 14
1993/94 31 5 1 0 - 6 1 38 6
1994/95 Ռեալ Մադրիդ Լա Լիգա 33 4 2 1 - 5 2 40 7
1995/96 29 8 0 0 - 7 0 36 8
Ճապոնիա Առաջնություն Կայսրի գավաթ Լիգայի գավաթ Ասիա Ընդհանուր
1996 Վիսել Կոբե 2-րդ դիվիզիոն 12 5 3 2 - - 15 7
1997 Ջ.Լիգա 3 0 0 0 6 1 - 9 1
Հոլանդիա Առաջնություն Հոլանդիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1997/98 Այաքս Էրեդիվիզիա 21 11 5 2 26 13
Երկիր Դանիա 52 26 52 26
Իտալիա 162 25 36 10 22 12 220 47
Իսպանիա 228 52 21 11 43 7 292 70
Ճապոնիա 15 5 3 2 6 1 - 21 8
Հոլանդիա 21 11 5 2 26 13
Ընդհանուր 478 119 60 23 6 1 70 21 614 164
Դանիայի ֆուտբոլի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1982 3 2
1983 5 7
1984 13 2
1985 6 6
1986 10 1
1987 4 0
1988 9 1
1989 8 4
1990 6 3
1991 0 0
1992 0 0
1993 4 0
1994 8 3
1995 9 5
1996 8 1
1997 2 1
1998 9 1
Ընդհանուր 104 37

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ

Ակումբ Երկ. Սկսած Վերջացրած Վիճակագրություն
Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Հաղթ. %
Բրոնդբյու Դանիա 2002 հուլիս 2006 հունիս 132 76 31 25 237 119 +118 57.58
Խետաֆե Իսպանիա 2007 հուլիս 2008 հունիս 59 25 15 19 81 70 +11 42.37
Սպարտակ Մոսկվա Ռուսաստան 2008 սեպտեմբեր 2009 ապրիլ 14 4 4 6 15 17 −2 28.57
Մալյորկա Իսպանիա 2010 հուլիս 2011 սեպտեմբեր 42 13 9 20 52 67 −15 30.95
Սուոնսի Ուելս 2012 հունիս 2014 փետրվար 84 29 24 31 116 105 +11 34.52
Լեխվիա Կատար 2014 հուլիս 2015 հուլիս 41 28 8 5 82 43 +39 68.29
Ալ Ռայյան Կատար 2016 հոկտեմբեր ներկա 10 5 3 2 16 14 +2 50.00
Ընդհանուր 382 180 94 108 599 435 +164 47.12

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դանիայի տարվա ֆուտբոլիստ (2). 1982, 1985
  • Դոն Բալոն մրցանակ - Իսպանիայի տարվա լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ (1). 1991-92
  • Եվրոպական ԶԼՄ-ների տարվա լավագույն XI (1). 1994-95
  • FIFA XI (պահեստային) (1). 1996
  • FIFA Աշխարհի առաջնության լավագույն XI (1). 1998
  • Լավագույն արտերկրացի ֆուտբոլիստը Իսպանական ֆուտբոլում վերջին 25 տարիների ընթացքում. 1974-1999
  • UEFA Ոսկե խաղացող (Վերջին 50 տարիների լավագույն դանիացի ֆուտբոլիստ)
  • FIFA 100
  • Դանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ. 2006
  • Սկանդինավիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ. 2015
  • World Soccer. Ֆուտբոլի պատմության 100 լավագույն ֆուտբոլիստները

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնդբյու[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուոնսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեխվիա[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաթարի առաջնություն (1). 2014-15
  • Քաթարի գավաթ (1). 2014-15
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դանիայի տարվա լավագույն մարզիչ (2). 2002-03, 2004-05
  • Քաթարի առաջնության ամսվա լավագույն մարզիչ (2). Օգոստոս 2014, Դեկտեմբեր 2014

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Michael Laudrup – en fodboldspiller". Դանիա, 1993 (դանիերեն)[42]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.transfermarkt.co.uk/michael-laudrup/leistungsdaten/spieler/8023
  2. 2,0 2,1 Transfermarkt — 2000.
  3. «Laudrup Michael - LazioWiki»։ www.laziowiki.org (իտալերեն)։ Վերցված է 2017-05-04 
  4. «Michael Laudrup - 25 goals in Serie A (Lazio and Juventus 1983-1989)» 
  5. «Michael Laudrup in Juventus» 
  6. «Michael Laudrup | FC Barcelona»։ FC Barcelona (en-US)։ Վերցված է 2017-05-04 
  7. «Michael Laudrup - FC Barcelona Legend»։ Barcelona Travel Guide։ Վերցված է 2017-05-04 
  8. «Laudrup: Why I left Barcelona Dream Team for Real Madrid - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2016-02-10։ Վերցված է 2017-05-04 
  9. «Michael Laudrup | Web Oficial | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (իսպաներեն)։ Վերցված է 2017-05-04 
  10. «Michael Laudrup vs Barcelona 1995» 
  11. «Michael Laudrup - Goles-Real Madrid -1994-1995-1996» 
  12. «VISSEL KOBE OFFICIAL WEB SITE : Club History»։ VISSEL KOBE OFFICIAL WEB SITE (ճապոներեն)։ Վերցված է 2017-05-04 
  13. «Michael Laudrup | Soccerphile»։ www.soccerphile.com։ Վերցված է 2017-05-04 
  14. «Derfor var Laudrup registreret i bosnisk klub i to dage»։ www.bt.dk (դանիերեն)։ Վերցված է 2017-05-04 
  15. «Michael Laudrup at Ajax»։ AFC-Ajax.info (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  16. «Michael and Brian Laudrup -The official website of Denmark»։ denmark.dk (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  17. «Norway v Denmark, 15 June 1982»։ 11v11.com։ Վերցված է 2017-05-04 
  18. uefa.com (2003-10-04)։ «UEFA EURO 1984 - History - Denmark-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  19. «Michael Laudrup solo goal vs Uruguay 1986 - Video Dailymotion»։ Dailymotion (en-US)։ 2014-05-31։ Վերցված է 2017-04-29 
  20. FIFA.com։ «1986 FIFA World Cup Mexico ™ - Matches - Denmark-Spain - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-05-04 
  21. uefa.com (2003-10-05)։ «UEFA EURO 1992 - History - Netherlands-Denmark – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  22. uefa.com (2003-10-05)։ «UEFA EURO 1992 - History - Denmark-Germany – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  23. «Euro 1992: Denmark's fairytale»։ BBC Sport (en-GB)։ 2012-05-12։ Վերցված է 2017-05-04 
  24. FIFA.com։ «1998 FIFA World Cup France ™ - Matches - Saudi Arabia-Denmark - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-05-04 
  25. FIFA.com։ «1998 FIFA World Cup France ™ - Matches - Nigeria-Denmark - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-05-04 
  26. FIFA.com։ «1998 FIFA World Cup France ™ - Matches - Brazil-Denmark - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-05-04 
  27. «Michael Laudrup new Brøndby-manager!»։ RedCafe.net (en-US)։ Վերցված է 2017-05-04 
  28. S.L. Diarioas AS։ «Valencia - Getafe en directo: Copa del Rey 16-04-2008 en AS.com»։ Վերցված է 2017-05-04 
  29. uefa.com (2008-04-10)։ «UEFA Europa League 2007/08 - History - Getafe-Bayern – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  30. «Laudrup er i dialog med Panathinaikos»։ Politiken (da-DK)։ Վերցված է 2017-05-04 
  31. «Статистика Спартак Москва: Микаэль Лаудруп - Fanat1k.ru»։ fanat1k.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-04 
  32. AS Diario (2011-09-27)։ «Laudrup deja de ser el entrenador del Mallorca | Más Fútbol | AS.com»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-05-04 
  33. «Michael Laudrup named new Swansea City manager»։ BBC Sport (en-GB)։ 2012-06-15։ Վերցված է 2017-05-04 
  34. «Swansea 0-0 Chelsea (2-0)»։ BBC Sport (en-GB)։ 2013-01-23։ Վերցված է 2017-05-04 
  35. «Bradford 0-5 Swansea»։ BBC Sport (en-GB)։ 2013-02-24։ Վերցված է 2017-05-04 
  36. «Swansea City Premier League season preview 2012-13»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-04-29 
  37. James Stuart (2014-02-04)։ «Michael Laudrup sacked as manager of Swansea City»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-05-04 
  38. Plus Doha Stadium։ «Doha Stadium Plus - Laudrup named Rayyan coach»։ www.dohastadiumplusqatar.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-04 
  39. Bluhm Uwe։ «Systems of play- Basics of the 4-2-3-1»։ www.soccerpilot.com։ Վերցված է 2017-05-04 
  40. «Laudrup. Vin & Gastronomi» 
  41. www.cepos.dk CEPOS -։ «CEPOS»։ CEPOS (դանիերեն)։ Վերցված է 2017-04-30 
  42. Michael Laudrup - en Fodboldspiller

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]