Մարոկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարոկոից)
Մարոկկո
Մարոկկոյի Թագավորություն

Flag of Morocco.svg
Դրոշ

Coat of arms of Morocco.svg
Զինանշան

Morocco (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Արաբերեն
Մայրաքաղաք Ռաբաթ
Պետական կարգ Միապետություն
Կրոն Սուննի Իսլամ
Մակերես 446 550 կմ² (0.056% ջրային)
Ազգաբնակչություն. 33,304,400 (73.1/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q238826?
Կարգախոս Աստուած, Հայրենիք, թագավոր
Արժույթ Դիրհամ (MAD)
Ժամային գոտի +4
Վեբ | ISO | Հեռ. .ma | MA | 212


Մարոկկո, (արաբերեն՝ المغرب) երկիր Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Մաղրիբի շրջանում Մակերևույթը լեռնային է. գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները։ Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ձգվում է Ատլասի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլաս (առավելագույն բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ), Միջին Ատլաս, Անտիատլաս։ Ատլանտյան ափին կան դաշտավայրեր (Գարբ, Աբդա, Սուս), հյուսիս-արևմուտքում Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդներն են, հյուսիս-արևելքում՝ խոշոր գոգավորություններով Ալժիրա-Մարոկկոյական Մեսետան (1000–1200 մ)։ Ատլասից հարավ տարածված սարավանդները Սահարայում վերածվում են քարքարոտ հարթավայրերի։

Պատմություն[խմբագրել]

Հնագույն շրջան[խմբագրել]

Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական ցեղեր։ Մարոկկոյում թ․ ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ։ Մ․ թ․ ա․ II դ․ Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․ թ․ ա․ 27-ին նվաճել Հռոմը։ V դ․Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, VI դ․՝ Բյուզանդիան, VIII դ․՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու մահմեդականությունը)։ 788-ին Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում հիմնվել է Իդրիսյանների պետությունը, XI դ․՝ Աչմորավյանների, ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ XIII դ․ 2-րդ կեսին Մարոկկոյում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Մարոկկոյի և Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ XV դ․ սկսվել է եվրոպացիների մուտքը Մարոկկո, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ XVI դ․ վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մարոկկոյի սուլթաններ Իսմայիլի (1672—1727) և Աիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի (1757—1790) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը։

Մարրոկոյի Գաղութացում և մասնատում[խմբագրել]

XIX դ․ 40-ական թթ․ սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մարոկկո։ 1844-ին Ֆրանսիան, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մարոկկոյին։ 1859-ին Իսպանիան ներխուժեց Մարոկկո՝ գրավելով աննշան տարածք։ XX դ․ սկզբին Մարոկկոյի համար պայքար սկսեցին նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ 1912-ին ստորագրվեցին ֆրանս-մարոկկոյական և ֆրանս-իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մարոկկոյում հաստատվում էր ֆրանսիական պրոտեկտորատ, երկրորդով Մարոկկոյի մի ֆոքր մասն անցնում էր Իսպանիայի տիրապետությանը։ Մարոկկոյի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ ֆրանսիական (տարածքի մոտ 80%-ը, բնակչության 90%-ը), իսպանական (մի Փոքր տարածք Մարոկկոյի հյուսիսում և ծայր հարավում․ վերջինս Իսպանական Հարավային Մարոկկո անունով միացվեց Իսպանական Արևմտյան Սահարային) և միջազգային (Հանժերը)։ Երկրում իշխանությունն անցավ ֆրանսիական գլխավոր ռեզիդենտին և իսպանական գերագույն կոմիսարին։ Մարոկկոյի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։

Իսպանական Տիրապետության տապալում[խմբագրել]

Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը։ Մարոկկոյում նոր վերելք ապրեց ազգային-ազատագրական շարժումը։ 1921-ին Ռիֆի (մարզ Մարոկկոյի հյուսիսում, իսպանական գոտում) ցեղերը Մարոկկոյի ազգային հերոս Աբդալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց Ռիֆի հանրապետությունը։ 1926-ին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանսիական և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։

Ֆրասիական Տիրապետությունը Մարոկկոյում[խմբագրել]

1920-ական թթ․ Մարոկկոյի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ ֆրանսիական կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5%-ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։ 1930-ական թթ․ քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մարոկկոյի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ 1934-ին Մարոկկոյի բուրժուա-ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք, որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ 1937-ին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմ[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) ժամանակ Մարոկկոյի ֆրանսիական գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ 1940-ին Իսպանիան զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գուոու մեջ։ 1942նոյեմբերին անգլո-ամերիկյան դաշնակցային զորքերը մտան Մարոկկո։ Մարոկկոյի ֆրանսիական գոտում ստեղծվեցին ռազմական բազաներ։ Պատերազմի տարիներին երկրին անկախություն տալու պահանջով հանդես էին գալիս 1943-ին ստեղծված Մարոկկոյի կոմկուսը, «Իստիքլյալ» կուսակցությունը ինչպես նան 1927-ից սուլթան Սիդի Մուհամմադ բեն Ցուսուֆը։

Հետպատերազմյան շրջան =[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ ֆրանսիական գաղութային վարչակարգը պահպանվում էր անփոփոխ։ 1945-ին Տանժերում վերականգնվեց միջազգային ռեժիմը։ Մարոկկոյում նոր թափ ստացավ ազգային-ազատագրական շարժումը, որտեղ կարևոր դեր էր խաղում բանվոր դասակարգը։ 1950-ին Մարոկկոյի սուլթանը Ֆրանսիային հուշագրեր ներկայացրեց՝ Մարոկկոյին լրիվ ինքնուրույնություն տալու պահանջով, որը, սակայն, մերժվեց։

Մարոկկոյի Անկախացում[խմբագրել]

1952-ին Մարոկկոյի քաղաքներում տեղի ունեցան հակագաղութային զանգվածային ելույթներ և ընդհարումներ զորքերի հետ։ 1953-ի օգոստոսին ֆրանսիացիները գահընկեց արեցին և երկրից արտաքսեցին սուլթանին։ Երկրում ծավալվեց զինված դիմադրություն։ Ֆրանսիական իշխանությունները հարկադրված 1955նոյեմբերին վերադարձրին սուլթանին։ 1956մարտի 2-ին Մարոկկոն հռչակվեց անկախ։ 1956ապրիլին վերացվեց պրոտեկտորատը իսպանական գոտում, հոկտեմբերի 29-ին՝ Տանժերի միջազգային ռեժիմը (1957հունվարի 1-ից Տանժերը մտավ Մարոկկոյի կազմի մեջ)։ 1956նոյեմբերին Մարոկկոն ընդունվեց ՄԱԿ։ Անկախության նվաճումից հետո թագավոր (1957-ից) Մուհամմադ V (նույն Սիդի Մուհամմադ բեն Ցուսուֆը) հռչակեց երկրի ազգային վերածննդի, ազգային տնտեսություն ստեղծելու և օտարերկրյա կապիտալիստական տերությունների տնտեսական ու քաղաքական կախվածությունից ազատվելու կուրս:

Արտաքին և Ներքին Կյանք[խմբագրել]

Մինչև 1961նոյեմբերը ամբողջովին դուրս բերվեցին ֆրանսիական զորքերը, վերացվեցին ֆրանսիական և ամերիկյան ռազմական բազաները։ Արտաքին ասպարեզում Մուհամմադ V-ի կառավարությունը վարում էր չեզոքության քաղաքականություն, աջակցում Ալժիրի ազատագրական շարժմանը։ Մուհամմադ V-ի մահից (1961) հետո գահ բարձրացավ որդին՝ Հասան II։ 1962-ին ընդունվեց Մարոկկոյի առաջին սահմանադրությունը, 1963մայիսին կայացան առաջին Խորհրդարանական ընտրությունները։ 1960-ական թթ․ ժողովրդական զանգվածների դրության վատթարացումը սրեց սոցիալական հակասությունները, տեղի ունեցան գործադուլներ, հաճախակի փոխվում էին կառավարությունները։ 1970-ական թթ․ կառավարությունը ձեռնարկեց երկրի ներքին դրությունը կայունացնելու մի շարք միջոցառումներ։ 1972մարտին ընդունվեց նոր սահմանադրություն, որն ընդլայնեց խորհրդարանի ու կառավարության իրավունքները։ 1975-ին Մադրիդում կնքվեց իսպանա-մարոկկո-մավրիտանական համաձայնագիր՝ Արևմտյան Սահարան Մարոկկոյին և Մավրիտանիային հանձնելու վերաբերյալ, որի հիման վրա Մարոկկոյի և Մավրիտանիայի զորքերը մտան Արևմտյան Սահարա։ Նրանց դեմ մարտական գործողություններ ծավալեցին Արևմտյան Սահարայի ազատագրական ճակատի ուժերը։ Ալժիրը ճանաչեց 1976-ին հռչակված Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետությունը, որի պատճառով Մարոկկոն խզեց դիվանագիտական հարաբերություններն Ալժիրի հետ։ 1977փետրվարին Մարոկկոն դադարեցրեց իր գործունեությունը Աֆրիկյան միասնության կազմակերպությունում։

Պետական կարգ[խմբագրել]

Մարոկկոն սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1972-ին։ Պետության և կառավարության գլուխը թագավորն է (իշխանությունն ստանձնում է ժառանգաբար), որը նշանակում է և ազատում է կառավարության անդամներին, հրապարակում օրենքի ուժ ունեցող հրամանագրեր, կնքում և հաստատում միջազգային պայմանագրեր, նշանակում դատավորներին, հայտարարում պատերազմ, արտակարգ դրություն և այլն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ խորհրդարանն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պրովինցիաները կառավարում են նահանգապետները, պրեֆեկտուրաները՝ մերերը, համայնքները՝ կաիդսերը։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապելյացիոն և, այսպես կոչված, սադադի դատարանները կամ հաշտարար տրիբունալները (ստորին ատյանի դատարաններ)։

Աշխարհագրություն[խմբագրել]

Մարոկկոն լեռնային երկիր է։ Գերակշռում են միջին բարձրության և բարձր լեռները, սարավանդները բարձրադիր հարթավայրերը։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում է Ատլասի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլասը (բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ, Մարոկկոյի ամենաբարձր կետը), Միջին Ատլասը, Անտիատլասը, հյուսիսում, Միջերկրական ծովի երկայնքով՝ էր Ռիֆ լեռները, Ատլանտյան ափին՝ Գարբ, Աբդա, Աուս դաշտավայրերը, հյուսիս-արևմուտքում՝ Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդները։ Հյուսիս-արևելքում խոշոր շոթերի գոգավորություններով Ալժիրա-Մարոկկոյական Մեսետան է (1100—1200 մ)։ Ատլասից հարավ տարածված քարքարոտ սարավանդները Սահարայում փոխարկվում են քարքարոտ հարթավայրերի։

Երկրաբանական կառուցվածք[խմբագրել]

Մարոկկոն բաժանվում է մինչքեմբրյան հիմքով Անտիատլասի լեռների, հերցինյան ծալքավորության Ատլասի և ալպյան ծալքավորության էր Ռիֆ լեռների լայնական զոնաների։ Մարոկկոյի տարածքին բնորոշ է սեյսմիկությունը, հաճախակի են ավերիչ երկրաշարժերը։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Կան ֆոսֆորիտների, քարաղի, պղնձի, ցինկի, կապարի, երկաթի, կոբալտի, քարածխի, նավթի և գազի հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել]

Մարոկկոյի մեծ մասն ունի մերձարևադարձային, հյուսիսում՝ միջերկրածովյան կլիմա (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24—28°C, հունվարինը 10—12°C)։ Ատլանտյան օվկիանոսին հարող շրջաններում կլիման ավելի մեղմ է, երկրի հարավում և հարավ-արևելքում՝ չորային։ Տարեկան տեղումները ափամերձ շրջաններում և լեռներում մոտ 1000 մմ են, հարավում՝ մինչև 200 մմ, Սահարային հարող շրջաններում՝ մոտ 100 մմ։ Երկրի հարավային շրջաններում հաճախակի են ավազային փոթորիկները։

Ներքին ջրեր[խմբագրել]

Մշտահոս գետերը քիչ են։ Խոշոր գետերն են Մուլույան, Սեբուն, Ումմ էր Ռբիան, Թենսիֆթը, որոնց բնորոշ են աշնան ու ձմռան անձրևային վարարումները։ Ումմ էր Ռբիա և Սեբու գետերի վրա կառուցված են խոշոր ջրամբարներ ու ՀԷԿ-եր։ Լճերի մեծ մասը աղի է։ Արևելքում տարածված են ցամաքող, աղի լճերը (սեբխեր), Ատլանտյան օվկիանոսի ափերին ճահճացած ծովալճակները (մերժեր)։

Հողեր, բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]

Ափամերձ հարթավայրերում և միջլեռնային հովիտներում տարածված են ավազային, կավավազային ու կավային առավել բերրի սևահողերը։ Լեռներում գերակշռում են լեռնաանտառային գորշ, ծայր հարավում՝ անապատային հողերը։ Անտառները գրավում են երկրի տարածությաև 12%-ը և պահպանվել են լեռներում ու երկրի հյուսիս-արևմուտքում։ հիմնական ծառատեսակներն են կաղնին, խցանակաղնին, մայրին, գաճաճ արմավենին, սոճին։ Մեծ տարածում ունեն մակվիսի ու կենսածառի թփուտևերը։ Չոր տափաստանները և կիսաանապաաևերը ծածկված եև ալֆա խոտով, աղուտները օշանով։ Կենդանական աշխարհը խիստ տուժել է մարդու տնտեսական գործունեության հետևանքով և համեմատաբար աղքատ է։ Կան նապաստակ, վարազ, շնագայլ, կապիկ, բորենի, հովազ, լուսան և այլն, լեռնային գետերում՝ կարմրախայտ։ Տարածվածե ն կրծողները, սողունները, երկկենցաղները։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Բուսական և կենդանական աշխարհի պահպանման նըպատակով ստեղծվել են արգելանոցներ, ազգային պարկեր (Թուբկալ, Թազեկա)։

Բնակչություն[խմբագրել]

Մոտ 99%-ը բերբերա-արաբական ծագման մարոկկացիներ են[1]։ Կան նաև եվրոպացիներ (ֆրանսիացիներ, իսպանացիներ) և մարոկկոյական հրեաներ[2]։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ մահմեդականությունը, տոմարը՝ լուսնային հիջրան։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա մոտ 75 մարդ է (2015), քաղաքային բնակչությունը՝60%[3] (2015)։ Խոշոր քաղաքներն են Կասաբլանկան, Ռաբաթը, Մառակեշը, Ֆեսը[4]։

Տնտեսություն[խմբագրել]

Մարոկկոն հետարդյունաբերական երկիր: Համախառն Ներքին Արդյունքի ընդհանուր արժեքի (252 մլրդ դոլար[5], 2014) 14%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը[6], 25%-ը արդյունաբերությանը[7], իսկ 61%-ը ծառայություններին[8]։ Երկրի ակտիվ բնակչության թիվը 12 միլիոն է[9]։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 25%-ը[10]։ Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը, հատկապես՝ ֆոսֆորիտների, նաև երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, կոբալտի, նավթի, գազի արդյունահանումը։ 2014-ին արտադրվել է 23.6 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[11]։ Կարևոր դեր ունի մշակող արդյունաբերությունը, որը ներկայացված է սննդի, տեքստիլ, քիմիական, նավթամշակման, մետաղամշակման և այլ ձեռնարկություններով։ Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղերն են ձկան, մրգի և բանջարեղենի պահածոների, մրգահյութի, շաքարի, ալյուրի արտադրությունը։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Բարձրապրանքային գյուղատնտեսական ֆերմաների և ժամանակակից արդյունաբերական ձեռնարկությունների կողքին մեծ տեղ են գրավում մանրապրանքային գյուղատնտեսությունը և տնայնագործական մանր ձեռնարկությունները։ Զարգանում է պետական սեկտորը։ Գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղն է։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում է հացահատիկը։ Մշակում են նաև կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, լոլիկ, բամբակ, խաղող։ Կան ցիտրուսայինների և ձիթենու ընդարձակ պլանտացիաներ։ Անասնապահությունը հետամնաց է, էքստենսիվ։

Տրանսպորտ[խմբագրել]

Երկաթուղիների երկարությունը 2000 կմ է[12], ավտոճանապարհներինը՝ 58,4 հզ․կմ[13] (2014)։ Արտաքին առևտրի մեծ մասը կատարվում է ծովային նավատորմով։ Գլխավոր նավահանգիստներն են Կասաբլանկան, Սաֆին, Մոհամեդիան, Տանժերը։ Երկրում գործում են 55 օդանավակայաններ[14]։

Արտաքին առևտուր[խմբագրել]

2014-ին Մարոկկոյի արտահանումը կազմել է 20 մլրդ դոլար[15], ներմուծումը՝ 40 մլրդ դոլար[16]։ Արտահանում է Հագուստ, անօրգանական քիմիկատներ, հանքային պարարտանյութեր, նավթամթերքներ, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն ձուկ և այլն[17], ներմուծում՝ արդյունաբերակա և գյուղատնտեսական սարքավորում, նավթ, ցորեն, սև և գունավոր մետաղներ, և այլն*։ Առևտրական հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Բրազիլիան[18]։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի տուրիզմը, տուրիստների քանակը տարեկան ավելի քան 10 միլիոն[19] է (1-ինը Աֆրիկայում): Հիմնական կենտրոններն են Ագադիրը, Ֆեսը, Մառակեշը, Տանժերը, Թեթուանը։ Դրամական միավորը Մարոկկոյան դիրհամն է։

Զինված ուժեր[խմբագրել]

Մարոկկոյի զինված ուժերը (ավելի քան 200 հզ․ մարդ, 2014) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը թագավորն է։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում են պաշտպանության գերագույն խորհուրդը և գլխավոր շտաբը։ Համալրվում են վարձու կամավորներով։ Ցամաքային զորքերը (160 հզ․ մարդ), Ռազմաօդային ուժերը (25 հզ. մարդ), ռազմածովային ուժերը (15 հզ․ մարդ): Կան նաև ռազմականացված կազմակերպություններ (40 հզ․ մարդ), այդ թվում՝ ժանդարմերիա (18 հզ․ մարդ), ոստիկանություն (շուրջ 35 հզ․ մարդ)։

Բժշկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել]

2014-ին Մարոկկոյում ծնունդը կազմել է 1000 բնակչին 18,2[20], մահացությունը՝ 5[21]։ Առողջապահության հիմնական խնդիրը պայքարն է վարակիչ և մակաբուծական հիվանդությունների դեմ։ Տարածված են տրախոման, կարմրուկը, դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, վեներական հիվանդությունները, դիֆթերիան, բորը, մալարիան և այլն։

Կրթություն և գիտական հիմնարկներ[խմբագրել]

Մինչև Ֆրանսիայի կողմից երկրի նվաճումը Մարոկկոյում գործել են մահմեդական դպրոցներ։ Ֆրանսիական տիրապետության շրջանում ստեղծվել են 2 տիպի պետական աշխարհիկ դպրոցներ՝ ֆրանսիացիների և բնիկների երեխաների համար (ուսուցում ֆրանսերեն)։ Պարտադիր կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է 1963-ին։ ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները (հիմնականում՝ պետական, ուսուցումը՝ ֆրանսերեն և արաբերեն)։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի տեխնիկական բաժանմունքները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ուսուցչական դպրոցները, միջնակարգի՝ Բարձրագույն նորմալ դպրոցը և համալսարանները։ Մարոկկոյի բարձրագույն ուսումնական հաստատություներն են՝ Մուհամմադ V-ի անվան համալսարանը (հիմնադրվել է 1957-ին), վարչական, ինժեներական դպրոցները (բոլորն էլ՝ Ռաբաթում), Կարաուին մահմեդական համալսարանը Ֆեսում (առաջինը Աֆրիկայում, 1959)։ Ռաբաթի պետական արխիվին կից գործում է Մարոկկոյի խոշորագույն գրադարանը (1920, 208 հազար գիրք)։ Կան հնագիտության թանգարաններ (Ռաբաթում և Թեթուանում), զինաթանգարան (Ֆեսում) են։ Գիտական հիմնարկներից են Շերիֆյան գիտական ինստիտուտը (հիմնվել է 1920-ին, Ռաբաթ), Ագրոնոմիական հետազոտությունների ազգային ինստիտուտը (1924), Մուհամմադ V-ի անվան համալսարանին կից գործող գիտական հետազոտությունների կենտրոնը (1962), Արաբական երկրների լիգային կից Արաբականացման բյուրոն։ Կան մի շարք գիտական ընկերություններ (աշխարհագրական, ֆիզիկայի և այլն)։ Մարոկկոյում գտնվում են նաև արտասահմանյան որոշ ԳՏԻ-ների և ծառայությունների մասնաճյուղեր (ֆիզիկայի ֆրանսիական ինստիտուտի, Պաստյորի ինստիտուտի և այլն)։

Մշակույթ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Գոյություն ունի արաբերեն, բերբերերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մարոկկոյի՝ դասական շրջանի արաբական գրականության մեջ ներկայացված են եղել արաբական դասական գրականության բոլոր հիմնական ժանրերը։ Ինքնուրույնության գծերը երևան են եկել XI—XII դդ․։ XIII դ, սկզբին ծայր է առել գեղարվեստական տարեգրությունը, որը շարունակվել է նաև XIX դ.։ XV—XVI դդ․ ստեղծվել է կենսագրական ու կենցաղագրական հարուստ գրականություն։ Արաբական դասական պոեզիայի ավանդույթները Մարոկկոյի գրականության մեջ հասել են ընդհուպ մինչև XX դ․ կեսերը։ Արաբերենով ու բերբերերենով ժողովրդական գրականությունը, առավելապես բանավոր, հայտնի է XIV—XV դարերից և ներկայացված է բանահյուսական ու հեղինակային գործերով (չափածո և արձակ)։ Արաբերենով ու ֆրանսերենով ժամանակակից գրականությունը նկատելի երևույթ դարձավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950-ական թթ․ առաջատար էր ֆրանսալեզու վեպը, որի հիմնական ներկայացուցիչն է Դ․ Շրայբին (ծնվել է 1928-ին)։ 1960-ական թթ․ կեսերից սկսվեց արաբալեզու արձակի բուռն վերելքը։

Երաժշտություն[խմբագրել]

Մարոկկոյի երաժշտությունը բերբերական և արաբական մշակույթների փոխազդեցության արդյունք է։ Բերբերական երաժշտական արվեստին, որի «մաքուր» նմուշները պահպանվել են Մարոկկոյի կենտրոնական մասում, բնորոշ է երաժշտության սերտ կապը բանաստեղծության և պարի հետ․ ամենատարածված ժանրը խմբական երգ-պարն է։ Առանձնանում է ախիդու և ախուախ բերբերների արվեստը։ Բերբերների երաժշտական գործիքներից են՝ կասբա (ֆլեյտա), բենդիր (դափ), էլ-կալալջա և ուէր-ռբաբ (ջութակներ) և այլն։ Բազմազան է արաբական երաժշտական արվեստը։ Գոյություն ունի դասական և ժողովրդական արաբական երաժշտություն։ Ալան աշխարհիկ, պալատական արվեստ է, որի հիմքը արաբական դասական պոեզիան է, ռաման՝ կրոնական բովանդակությամբ արվես։ Գրիխան հասարակ մարդկանց երգերն են՝ հիմնված խոսակցական լեզվի վրա։ Արաբական երաժշտական գործիքներից են՝ լյուտնյա, քնար, ռեբաբ, ցիտրա։ Մարոկկացիների ժողովրդական ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ դիկրը։ Այլ ժանրերից տարածված են օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի, շքահանդեսների երաժշտությունը ևն։ Մարոկկոյում գործում են Երաժշտության, պարի և դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիա (Ռաբաթ), Երաժշտության և պարի ազգային դպրոց (Թեթուան)։ 1960-ից Մառակեշում անց են կացվում երաժշտական բանահյուսության ամենամյա ազգային փառատոներ։

Կինո[խմբագրել]

Մարոկկոյում առաջին կինոնկարահանումներին (1907) և առաջին գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը մասնակցել են արտասահմանցի, հիմնականում՝ ֆրանսիացի, ռեժիսորներ և օպերատորներ։ Արաբերենով ֆիլմերի ստեղծման նպատակով 1944-ին Ռաբաթում կառուցվել է «Սուսսի» կինոստուդիան, հիմնադրվել Մարոկկոյական կինոկենտրոնը։ Սակայն ազգային կինոարտադրությունն սկզբնավորվել է Մարոկկոյի անկախությունից (1956) հետո միայն։ 1958-ից թողարկվել է «Մարոկկոյական նորություններ» կինոժուռնալը։ 1970-ին Այն Շոկում (Կասաբլանկայի արվարձան) հիմնադրվել է երկրորդ կինոստուդիան։ Ստեղծվել են ժամանակակից խնդիրներ արծարծող գեղարվեստական ֆիլմեր՝ «Հաղթել՝ ապրելու համար» (1968), «Հետքեր» (1970), «Հազար ու մի ձեռք» (1973) և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]