Արաբական Պետությունների Լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական Պետությունների Լիգա
Արաբական պետությունների լիգայի դրոշը

Արաբական պետությունների լիգա մտնող երկրները

Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ; արաբ․՝ جامعة الدول العربية‎‎ Ջամիաթ ադ-Դուալ ալ-Արաբիա), միջազգային կազմակերպություն, որը միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իդենը, 1941 և 1943 թվականներին արաբական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ Անգլիան պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որը ուղղված կլինի արաբական միասնությանը։ Իդենի նման հայտարարությունից հետո՝ 1943 թվականին, արաբական երկրների կառավարությունները ձեռնամուխ եղան Արաբական Միության ստեղծման բանակցություններին։

1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ կոնֆերանս 7 արաբական երկրների միջև, որի ընթացքում որոշվեց ձևավորել Արաբական Պետությունների Լիգան՝ որպես անկախ պետություններ արտաքին քաղաքականության բլոկ։ 1945 թվականին Կահիրեում կայացած կոնֆերանսի ժամանակ ստորագրվեց Լիգայի կանոնադրությունը, որով և սկիզբ դրվեց նրա գործունեությանը։

Ըստ կանոնադրության, ԱՊԼ-ի գլխավոր նպատակն էր անդամ երկրների միջև կապերի ամրապնումը, նրանց անկախության և սուվերենության պահպանումը և արաբական երկրներին հուզող հարցերի և խնդիրների լուծումը։ Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի՝ անկախության և սուվերենության պահպանման դրույթը գործնական կիրառություն չստացավ նրա գործունեության հենց սկզբից։ Ընդհակառակը, նրա որոշումները, որպես կանոն, թելադրված էին բրիտանական իմպերիալիզմի կողմից։ Դրա վառ օրինակն էր սիրիա-լիբանանյան հարցում ընդունած որոշումը (1945 թվականի հուլիս), ըստ որի Լիգան պահանջեց Ֆրանսիայի զորքերի անհապաղ դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, սակայն նույնը չպահանջեց անգլիական զորքերից։

Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա այս հարցի շուրջ ընդունած բազմաթիվ որոշումներում Լիգան իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն սիոնիզմի դեմ պայքարի վրա, անուշադրության մատնելով արաբների՝ բրիտանական իմպերիալիզմի դեմ ուղղված բողոքները։ 1947 թվականի դեկտեմբերին Կահիրեում տեղի ունեցավ ԱՊԼ անդամ երկրների կոնֆերանս, որը ընթացավ բավական լարված մթնոլորտում։ Արդյունքում որոշվեց հակազդել Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու գործընթացին և պաշտպանել Պաղեստինի ամբողջականությունը։ Իսրայել պետության հռչակումից հետո, հենց ԱՊԼ-ի ընդունած որոշմամբ առաջնորդվելով, արաբական երկրները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության բարձրագույն մարմինը Լիգայի խորհուրդն է, որտեղ անդամ-պետություններից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ Լիգայի նպատակները նշված են 1945 թվականին ստորագրված դաշնագրում և նախատեսում են «դրան մասնակից պետությունների միջև կապերի ամրապնդում, միացյալ քաղաքական ուղղու հիմնում՝ անդամ երկրների միջև համագործակցություն, անկախությունը և գերիշխանությունը պաշտպանելու և ընդհանրապես արաբական երկրների գործերը և շահերը քննարկելու համար»։ Համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքական ասպարեզով և ներառում է նաև տնտեսական, ֆինանսական, կապի, մշակութային, սոցիալական և սանիտարական փոխհարաբերությունները։ Բացի այդ, համագործակցությունը ներառում է նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքացիությունը, անձնագրերը, վիզաները, հանցագործների հանձնումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Դիվանագիտական բառարան, 1948թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]