Լիբիա-բերբերական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբիա-բերբերական լեզուներ, սեմաքամյան ընտանիքին պատկանող լեզվախումբ, որի մեջ մտնում են լիբիերենն ու բերբերերենը։

Լիբիա-բերբերական լեզուներին երբեմն հատկացնում է նաև գուանչների լեզուն (Կանարյան կղզիներում, մեռած)։ Լիբիա-բերբերական լեզուների ցեղակցության հարցն ունի չլուսաբանված կողմեր։ Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգտագործել է փյունիկյան, արաբական, լատինական գրատեսակներ։

Լիբիերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիերենով են խոսել ժամանակակից Լիբիայի և հարակից վայրերի հին բնակիչները։ Հետագայում դուրս է մղվել արաբերենի կողմից։ Գրավոր աղբյուրները, մասնավորապես բարբառներից մեկը՝ գրված լիբիական այբուբենով, վերաբերում են մ.թ.ա. 2-1-ին դարերին։ Արձանագրությունների մեծ մասը (կարճ տապանագրեր) աչքի է ընկնում լիբիա-պունական (լիբիերեն-պուներեն) երկլեզվությամբ։ Ձևաբանական միջոցներից բնորոշ են նախամասնիկավորումը, վերջնամասնիկավորումը, ըստ էության նաև՝ ներքին թեքումը։ Նյութական ընդհանրություններով մերձենում է բերբերականին, կառուցվածքային գծերով՝ հին սեմական լեզուներին։

Բերբերերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերբերերենը խոսվում է Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո, Եգիպտոս, Լիբիա, Մալի և այլն), Ալժիրում բնակչության 30%-֊ը, Մարոկկոյում՝ 40%-ը։ Խոսողների թիվը՝ մոտ 7 մլն։ Բերբերներից շատերը նաև արաբախոս են (երկլեզվություն)։ Բերբերերենն ունի բազմաթիվ բարբառներ (մոտ 300), որոնք կարելի է խմբավորել 5 բարբառախմբի մեջ՝ տուարեգ, զենետ, տամազիգտ, տաշելհայթ, զենագա։ Որոշ մասնագետների կարծիքով՝ սրանք առանձին լեզուներ են։ Հնչյունական կազմը բաղկացած է ձայնավորներից, բաղաձայններից և ձայնորդներից։ Շեշտն ունի թույլ արտահայտություն։ Արմատի բաղաձայնական կազմը միատիպ չէ։ Առկա են մասնիկավորում և ներքին թեքում, քերականական երկու սեռ (արական, իգական)։ Երկակին վերացված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png