Շանհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շանհայ
上海
Ժամանակակից Շանհայը
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՀուանպու, Xuhui District?, Չանին, Jing'an District?, Putuo District?, Hongkou?, Yangpu District?, Minhang District?, Baoshan District?, Jiading?, Pudong?, Jinshan District?, Songjiang?, Qingpu?, Fengxian District? և Chongming District?
ՔաղաքապետՀան Չժեն
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1949 թ.
Մակերես6340,5 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն18 884 600[1] մարդ (2008)
Խտություն2683 մարդ/կմ²
Ազգային կազմխաներ (99 %), դունգաններ (0,4 %)
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+86 21
Փոստային դասիչ200000 - 202100
Ավտոմոբիլային կոդ沪A, B, D, E, F, G, H;
沪C (հեռավոր արվարձանները)
ISO 3166-2cn-31
Պաշտոնական կայքshanghai.gov.cn (չին.)
Հապավում沪 () կամ 申 (Shēn)
Շանհայ (Չինաստան)##
Շանհայ (Չինաստան)

Շանհայ[2] (չին.՝ 上海, Լսել Շանհայ), Չինաստանի ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է։ Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19,21 միլիոն մարդ[3], իսկ բուն քաղաքի բնակչությունը՝ 13,9 միլիոն է[4]։ «Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից՝ 上 Շանգ - բարձր, վերևի, և 海 -հայ - Ծով, այսինքն՝ «Քաղաք ծովի վրա» կամ «Քաղաք ծովի վերևում»։ Քաղաքի միջով հոսում է Հուանգպու գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում ու զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի տարածքում առաջին մարդիկ բնակություն են հաստատել դեռևս ՔԱ. 4-րդ հազարամյակում։ 960 թ. Շանհայը առաջին անգամ հիշատակվում է, որպես փոքրիկ գյուղակ։ Յանգցե դինաստիայի տնտեսական առաջընթացին զուգահեռ մեծանում է նաև Շանհայի տնտեսական նշանակությունը։ 1264 թ. Շանհայը՝ մեծանալով, միանում է շրջակա գյուղերի հետ։ Քաղաքում առկա էր այն ժամանակվա համար կարևոր առևտրական նավահանգիստ, որտեղից Շանհայի բամբակը ուղարկվում էր դեպի մայրաքաղաք Պեկին, Չինաստանի հեռավոր քաղաքներ, ինչպես նաև արտահանվում էր Ճապոնիա։ Մինչև Քինգ դինաստիայի հաստատումը, (1644-1911) քաղաքում ստեղծվում են առևտրից հարստացած մեծ համքարություններ, որոնք տնօրինում էին քաղաքի տնտեսությունը և մասամբ՝ քաղաքականությունը[5]։

Արտասահմանյան կոնցեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայը Ցին դինաստիայի ժամանակ (1800-ականներ)

1842 թվականին Օփիումի պատերազմից հետո Նանկինի պայմանագրով Շանհայը հարկադրված բացում է իր առևտրային դարպասները եվրոպական ուժերի առաջ։ 1847 թվականին բրիտանացիներին հաջորդում են ֆրանսիացիները։ Այս երկու ուժերը Շանհայում սահմանում են առաջին եվրոպական կոնցեսիաները՝ բրիտանացիները Շանհայի հյուսիսում՝ պատմական քաղաքում, իսկ ֆրանսիացիները՝ հարավ-արևմուտքում։ Ժամանակի ընթացքում, բազմաթիվ երկրներից քաղաքացիներ են հաստատվում Շանհայում[6]։ Նույն ժամանակաընթացքում առաջանում է նաև հրեական մեծ համայնք։ 1930-ական թվականներին Եվրոպայից Շանհայ են գալիս շուրջ 30.000 հրեա փախստականներ[7]։ Շուտով քաղաքը դառնում է Չինաստանի ամենամեծ նավահանգիստը և Ասիայի ամենամեծ ֆինանսկան կենտրոնը։ 1932 թվականին, Շանհայը աշխարհի հինգերորդ ամենամեծ քաղաքն էր և ուներ 70.000 օտարերկրացի բնակիչ[8]։

Ցզյուցզյան Լու փողոցը Շանհայում (1920-ականներ)

19-րդ դարի վերջից մինչև 1920 թ. Շանհայը դառնում է համաշխարհային նշանակություն ունեցող քաղաք։ 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը հատում է մեկ միլիոնի սահմանը։ 1918-ից սկսած Շանհայը դառնում է հեղափոխական քաղաքական գործիչ Սուն Յատ-սենի ազդեցության գոտին։ Քաղաքի անունը սկսում է կապվել շվայտության, արկածախնդրության և հարստության հետ։ Չինական համայնավարության արմատները մասամբ ձևավորվում են Շանհայում։ 1915 թ. Չեն Դուսիուն սկսում է «Երիտասարդություն» ամսագրի հրատարակումը, որը հետագայում «նոր երիտասարդություն» (Սյին Քինգնիան) անունով մեծ համարում ուներ բնակչության շրջանում։

1910-1937 թթ., մինչև ճապոնական տիրապետության շրջանը, Շանհայը խաղամոլության և կազմակերպված հանցավորության կենտրոն էր։ Չինական կենտրոնացված կառավարման բացակայությունը և գաղութարարների տարատեսակ հետաքրքրությունները, ինչպես նաև մեծ շահույթների առկայությունն ու քաղաքային իշխանությունների կոռումպացվածությունը հնարավորություն էին ստեղծում «կանաչ բանդաների» ծաղկման համար։ «Կանաչ բանդաները» հանցավոր խմբավորումների կազմակերպված ցանց էր, որոնք միասին տիրապետում էին օփիումի առևտրի, մարմնավաճառության և ազարտային խաղերի շուկաները[5]։

Պատերազմը։ Շանհայի ազատագրումն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանորամա. Պուդոնգ թաղամաս

Չին-ճապոնական երկրորդ պատերազմի երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել Շանհայում։ 1937 թվականի նոյեմբերի 9-ին ճապոնական զինված ուժերը գրավում են ամբողջ քաղաքը, մինչև հեռավոր արվարձաններ, որտեղ էլ հետագայում բնակեցնում են չինացի փախստականներին։ Սակայն արվարձանները ևս չեն խուսափում ավերածություններից։ 1949 թվականի մայիսի 27-ին համայնավարները Մաո Ցզե-Դունի գլխավորությամբ իրենց հսկողության տակ են վերցնում քաղաքը։ Նոր կարգերի արմատական վերափոխումների օրոք արտասահմանյան ֆիրմաները Շանհայից հարկադրված տեղափոխվում են Հոն Կոնգ։ Կոմունիստների իշխանության օրոք քաղաքում սկսվում են տնտեսական մեծ փոփոխություններ. աղքատ թաղամասերը ամբողջովին քանդվում են և սկսվում են բարձրահարկ բնակելիների շինարարությունը։ Հանցագործ բանդաները և մարմնավաճառները «վերադաստիարակվում» են։ Արտասահմանյան կապիտալը զգալիորեն հարկվում է կամ միանգամից բռնագանձվում է պետության կողմից։ 1980-ականների կեսերին Շանհայը կրկին դառնում է Չինաստանի արդիականացման առաջատար։ Ներգրավվում են հսկայական արասահամյան ներդրումներ։ 1990 թվականին հիմնվում է Պուդոնգ թաղամասի տնտեսական հատուկ գոտին։ Քաղաքը կրկին դառնում է արևելյան Չինաստանի առևտրային գլխավոր կենտրոնը և իրեն է ձգում հզոր աշխատուժ ինչպես Չինաստանից, այնպես էլ ամբողջ աշխարից[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի միջին ջերմաստիճանը (կարմիր) և տեղումները (կապույտ)

Կլիման և բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայում այցելության ամենալավ եղանակը գարունն ու աշունն է։ Քաղաքն ունի մերձարևադարձային մուսոնային կլիմա՝ լավ արտահայտված չորս տարվա եղանակներով։ Տարվա միջին ջերմաստիճանը 15,3 աստիճան է՝ ըստ Ցելսուսի։ Անձրևների քանակը կազմում է 1112 միլիմետր, որի կեսը բաժին է ընկնում մայիսի կեսերից սեպտեմբերի կեսեր ընկած ժամանակահատվածին։ Ձմռանը ցուրտ և խոնավ է, միջին ջերմաստիճանը՝ 3,4-ից 5,6 աստիճան։ Ամռանը եղանակը համեմատաբար տոթ է, ջերմաստիճանը կազմում է միջինում 23,1-27,2 աստիճան (առավելագույնը՝ 40 աստիճան), օդի խոնավությունը հասնում է ընդհուպ մինչև 100 տոկոսի։ Ամառային ամիսներին Շանհայում գրանցվում են նաև կարճատև և ուժեղ թայֆուններ[9]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի վարչական բաժանում
Շանհայը տիեզերքից (2005 թ.օգոստոսի 15)

1949 թ. Շանհայի ընդհանուր տարածքը կազմում էր 636 կմ², 1958 թ. Ջիանգսու մարզից (պրովինցիայից) քաղաքին են միանում շրջակա տասը վարչական միավորներ՝ 5.274 կմ² ընդհանուր մակերեսով (Բաոշեն, Չանգմինգ, Չուաշա, Ֆենգսիան, Ջիադինգ, Ջինշան, Նանհուի, Քինգպու, Շանհայ, Սոնգջիանգ)։ Այժմ քաղաքի մակերեսը կազմում է 6,340,5 կմ² է, (ինչը հավասար է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի տարածքին) որից 1,928,13 կմ² (30,4 տոկոս) բուն քաղաքն է (Պուսի) և շրջակա մի քանի կենտրոնական մասերը (Մինհանգ, Բաոսհան, Ջիադինգ և Պուդոնգ), իսկ 4,412, 37 կմ² (69,6 %) զբաղեցնում են քաղաքի ծայրամասերն ու արվարձանները։ Շանհայը ձգվում է 120 կմ հյուսիսից հարավ և 100 կմ՝ արևելքից-արևմուտք։ Քաղաքին են պատկանում նաև Չինաստանի մեծությամբ երրորդ՝ Չոնգմինգ կզղին (1.041,21 կմ²) և ավելի փոքր տարածքով կղզիներ՝ Չանգսինգ, Հենգշա և այլն[4]:

Ներկայումս Շանհայը բաժանված է 19 վարչական միավորների՝ 18 շրջաններ և «Սիանը»։ Դրանցից 9-ը գտնվում են «Պուսի» թաղամասում, որը բուն քաղաքն է՝ Հուանգպու գետի արևմուտքում։

Մնացած ութ շրջանները Շանհայի արվարձաններն են՝ արբանյակ-քաղաքները և բուն քաղաքից հեռու գյուղական բնակավայրերը։

Չոնգմինգ կղզին, որ գտնվում է Յանգցզի Ջիանգի գետաբերանին, կառավարվում է առանձին Սիանի կողմից

  • Չոնգմինգի Սիան (崇明县 Chóngmíng Xiàn.)

Այս բոլոր շրջանները և Սիանը իրենք էլ բաժանված են (2003-ին) 220 ենթաշրջանների, որոնց մեջ են 114 քաղաքներ, 3 գավառներ (Չինաստանի վարչական բաժանումը) և 103 ենթաշրջաններ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի կենտրոնը

Ապագա առևտրային մետրոպոլ Շանհայի զարգացումը սկսել է 1949 թ.ից, երբ Շանհայը դարձավ Չինաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը։ Զարգացած էին երկաթի և պողպատի, մետաղական վերամշակման, մեքենաշինության, նավաշինություն, և էլեկտրատեխնիկայի արդյունաբերությունը։ Դենգ Սիաոպինգի-ի կառավարման օրոք 1984 թվականին Շանհայը հայտարարվում է արտասահմանյան ներդրումների համար ազատ քաղաք։ Այս ենթատեքստում 1990 թվականին Շանհայի Պուդոնգ թաղամասում ստեղծվում է ազատ առևտրի գոտի, ինչպես նաև բազմաթիվ տնտեսական-զարգացման գոտիներ։ 1992 թվականին վերաբացվում է Շանհայի բորսան, որը Շենզեն քաղաքի բորսայի հետ մեկտեղ համարվում է Չինաստանի (բացառությամբ Հոն Կոնգի) ամենամեծ բորսան։ 22մլ. ՏԵՈւ-ով (Twenty-foot Equivalent Unit (անգլ.)) Շանհայի նավահանգիստը մեծությամվ երրորդն է աշխարհում, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությամբ՝ աշխարհում ամենամեծը (2006 թվականին 537 միլիոն տոննա)[9]։

Տրանսպորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոպլան Տրանսրապիդ, Լունյան Լու կայարանում, որը կապում է համանուն մետրոյի կայարանը «Պուդոնգ» օդանավակայանին
ավտոմոբիլային բազմահարկ ճանապարհներ

Քաղաքի տնտեսական նշանակության անկյունաքարերից մեկը գերազանց տրանսպորտն է։ Շանհայը արևելյան Չինաստանի երկաթուղային գլխավոր հանգույցն է և երկաթուղով կապվում է երկրի հյուսիսին և հարավին։ Գլխավոր կայարանը գտնվում է Սուժու ջրանցքի հյուսիսում։ Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որ ունի երկու օդանավակայան։ Միջազգային թռիչքները սպասարկում է Պուդոնգի միջազգային օդանավակայանը, իսկ ազգային թռիչքները՝ Հոնգքիաոյի օդանավակայանը։ 2002 թ. դեկտեմբերի 31-ին Շանհայում բացվում է Գերմանիայի հետ համատեղ կառուցված տրանսրապիդ գնացքը : Շինարարությունը արժենում է մոտ 1,2 միլիարդ եվրո։ Այս տրանսրապիդ գնացքը բացում է ժամում առավելագույնը 430 կմ արագություն։

Բնակչության աճի և սաստիկ տնտեսական զարգացմանը զուգահետռ 1990-ական թ թվականից Շանհայում սկսվում են խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունները, որոնց շրջանակում կառուցվում են վեցշերտանի բարձրադիր մայրուղիներ և նոր կամուրջներ։ 1995 թվականին հանդիսավոր կեպով բացվում է Շանհայի մետրոպոլիտենի 16,1 կմ երկարությամբ առաջին հատվածը։ Մինչև 2020 թ. նախատեսված է կառուցվող 300 կմ երկարությամբ մետրոյի և 120 կմ տրամվայի երթուղիներ։ Շանհայում է գտնվում առանց ընդհատումների գործող աշխարհի ամենահին տրոլեյբուսային ցանցը, որը Չինաստանում ամենամեծերից է։ Այն բացվել է 1914 թ. նոյեմբերի 14-ին։ Ամբողջ քաղաքում մեծ տարածում ունի նաև Ավտոբուսը։
2003 թվականին քաղաքի հարավում սկսվում է 36 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար Հոնգ Չժու ծովախորշի կամուրջի շինարարությունը։ Կամուրջը ձգվում է Հոնգչժու ծովախորշի վրայով և Շանհայը կապում է Չժենջիանգ պրովինցիայի Նինգբո քաղաքի հետ։ Ներդրումների ծավալը կազմում է 11,8 միլիարդ յուան (1,42 միլարդ ԱՄՆ դոլար)։ Վեցշերտանի կամրջի շինարարությունը տևում է 5 տարի։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 2008 թվականին, իսկ երթևեկելի մասի բացումը՝ 2009 թվականին[10]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանջինգ փողցը

Բնակչության սրընթաց աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի տնտեսական հաջողությունները իրենց հետ բերում են նաև խնդիրներ։ Ծաղկող քաղաքը դեպի իրեն է ձգում միլիոնավոր չինացիների։ 1950-ականներին արդեն բնակչության սրընթաց աճը խնդիրներ է հարուցում չբավականացնող ենթակառուցվածքների առումով։ Տարեցտարի բնակֆոնդի չբավականացնելու խնդիրները այքան են լրջանում, որ 1957-ին Շանհայի քաղաքային իշխանությունները ստիպված են լինում հաշվառման համակարգի և պարտադիր հաշվետվությունների միջոցով խստորեն վերահսկել բնակչության ներհոսքը։ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ապրել Շանհայում, անհրաժեշտ էր բնակարան ունենալու թույլատվություն։ Միայն գրանցվածները կարող էին ստանալ բնակարան, աշխատանք և բրնձի օրաբաժին։

Ներկայումս Շանհայը պատկանում է աշխարհի ամենամած քաղաքների թվին։ Պաշտոնապես վերահսկվում է քաղաքի բնակչության աճի միայն ներգաղթի մասը, քանի որ քաղաքի գրանցված բնակիչների բնական աճը, ինչպես և մյուս չինական քաղաքներում, սահմանափակված է մեկ երեխայի ծնունդով։ Եթե 1957-ին քաղաքի մշտական բնակիչների բնական աճը մեկ տարվա կտրվածքով կազմում էր 40 տոկոս, ապա հետագայում այն արագորեն իջնում է մինչև 10 տոկոսի, և ապա՝ բացասական ցուցանիշի՝ -1,4 տոկոսի։ Սակայն չնայած դրան քաղաքի բնակչությունը, սկսած 1950-ականներից, շարունակաբար աճում է։ Եթե քաղաքի այժմյան սահմաններում (արվարձաններով հանդերձ) 1952 թ. ապրում էր 8,5 միլիոն մարդ, 1957-ին՝ 10,1 միլիոն, ապա դեռևս տնտեսական բարեփոխումների սկզբում՝ 1979-ին, այդ թիվը հասնում է 11,3 միլիոն-ի։ 1957 թ. հիմնական քաղաքում (առանց արվարձանների) ապրում էր 6,3 միլիոն մարդ, իսկ այսօր՝ 9,2 միլիոն, իսկ արվարձանների և գյուղական վայրերի հետ՝ 13, 4 միլիոն։ Բացի 13,4 միլիոն բնակիչից, որոնք բնակվում են հիմնական բնակության իրավունքով, շուրջ 3 միլիոն մարդ Շանհայում ապրում են կեցության սահմանափակ իրավունքով՝ տարեկան 6 ամիս և ավելի։

Սահմանափակ իրավունքով բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տներ Պուդոնգ թաղամասում

Ներկայումս մշտական գրանցված բնակինչերի ներգաղթը համեմատաբար սահմանափակվել է, սակայն հիմա էլ խնդիրներ են հարուցում ավելի ու ավելի շատացող այսպես կոչված ժամանակավոր բնակիչները։ Սահամանափակ ժամանակով կեցության իրավունքը, ի տարբերություն մշտականի, որի քանակը շատ սահմանափակ է, ավելի հեշտ է ստանալ։ Միայն այսպես կարելի է որոշ չափով հաղթահարել ներգաղթյալների ճնշումը, որովհետև Չինաստանի ամենամեծ մետրոպոլային տարածաշրջանը, ինչպես ոչ մի այլ տարածաշրջան հեռավոր ու խուլ շրջաններից դեպի իրեն է ձգում տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրանց թիվը 1990-ականներից հետո կրկնապատկվել է և այժմ կազմում է քաղաքի արվարձանների բնակչության շուրջ 20 տոկոսը։ Միաժամանակ կան նաև զգալի չափերի չգրանցված բնակիչներ։

Այս միգրանտերի մոտ 80 տոկոսը նախկին գյուղացիներ են՝ Չինաստանի ներքին գյուղական շրջաններից։ Նրանց երեք քառորդը հարևան Անհուի, Ջիանգսպու և Չժեջիանգ շրջաննեից են։ Այդպիսի ներգաղթյալների դերը տարբեր կերպ է գնահատվում։ Մի կողմից նրանք քաղաքին անհրաժեշտ են, որպես շինարարական աշխատուժ, արհեստավոր, մանր առևտրական, փողոցային աշխատող և տեքստիլ ֆաբրիկաների համար էժան աշխատուժ, մյուս կողմից նրանց ճնշումը բնակարանների շուկայի, ինֆրաստրուկտուրայի վրա, ինչպես նաև կրիմինալին նրանց մասնակցությունը քաղաքում համարվում է մտահոգիչ։

Խտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկա 9,2 միլիոն մշտական բնակիչները ապրում են 550 ք.կմ բնակելի տարածքի վրա։ Բնակչության խտությունը կազմում է 16,843 մարդ ամեն քկմ-ի վրա։ Քաղաքից դուրս գյուղական ռեգիոններում 5,790,5 քկմ բնակելի տարածքում ապրում է 4,1 միլիոն մշտական բնակիչ։ Բնակչության խտությունը այնտեղ կազմում է 707 մարդ ամեն քկմ-ի վրա։ Ամբողջ քաղքում (բուն քաղաք և արվարձաններ)13,4 միլիոն գրանցված բնակիչները ապրում են 6,340,5 քկմ-ի վրա։ Խտությունը այս կտրվածքով կազմում է 2,106 մարդ՝ ամեն քկմ-ի վրա։

Բնակչության զարգացման գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի (արվարձաններով, ներառյալ գյուղական բնակավայրերը) մշտական բնակչության (չհաշված ոչ լեգալ և ժամանակավոր կեցության իրավունքով բնակիչներին) աճի գրաֆիկա[11]։


Բնակչության քանակը 1851–2005 չհաշված ժամանակավոր բնակիչներին
        Տարի         բնակչություն
1800 200.000
1851 250.000
1864 500.000
1879 276.000
1890 375.000
1901 651.000
1910 832.500
1918 1.000.000
1926 1.500.000
1931 3.124.000
1940 3.595.000
1948 4.423.000
1950 4.927.300
        Տարի         Բնակչություն
1953 6.204.417
1958 6.977.000
1970 7.000.000
1978 5.570.000
1980 6.010.000
1982 6.320.829
1985 6.980.000
1987 7.220.000
1990 7.821.787
1995 9.566.600
2000 12.531.139
2005 13.291.900
2008 13.831.900

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի մեծ թատրոնը

Շանհայի ժողովրդական հրապարակում (Rénmín guangchang), որը դեռևս գաղութային տարիներին ծառայում էր, որպես ձիարշավարան, քաղաքի հայրերը կառուցում են էքստրավագանդ օպերային թատրոն՝ շուրջ 40 մետր բարձրությամբ Շանհայի մեծ թատրոնը։ Շինարարական աշխատանքները սկսվում են 1994-ին, իսկ հանդիսավոր բացումը կայանում է 1998-ին։ Թատրոնի շենքում գտնվում է երեք դահլիճ. հիմնական և ամենամեծ դահլիճը (1800 տեղ), միջին չափի դահլիճը՝ (600 տեղ) և 250 տեղանցող փոքր դահլիճը՝ նախատեսված կամերային երաժշտության համար։ Շինության դիզայներներն էին France's Arte Jean-Marie Charpentier & Associates-ը։ Գերժամանակակից ակուստիկան և կենտրոնական մեծ համերգասրահը նախագծված է այնպես, որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել բոլոր հնարավոր ֆորմատի ներկայացումներ, սկսած արևմտյան թատերական ներկայացումներից, օպերաներից, կամերային երաժշտության համերգներից մինչև չինական օպերա և դասական գրական ստեղծագործությունների ընթերցումներ։

Nanjing Xi Lu-ում գտնվող Շանհայի կենտրոնը միջազգային չափանիշների հսկայական մարզահամերգային համալիր է՝ համերգների, բալետների, օպերաների, ակրոբատիկ ցուցադրումների համար։ Շանհայում ակրոբատիկական խմբերի ամենօրյա ելույթները ներկայացնում են ակրոբատիկայի, ձեռնածության, Clowneinlagen, հրաշագործ կախարդների և կենդանիներով համարների ներկայացումներ։ Այդ համարներից մի քանիսը, (օրինակ՝ թուր կուլ տալը, հավասարակշռության ակտերը, կրակով վարժությունները) զարգացել են դեռևս Հան դինաստիայի ժամանակ (206-220 թթ.)։ Changle Lu-ի Lan Xin թատրոնը ծագում է դեռևս կայսերական ժամանակներից և ցույց է տալիս ինչպես արևմտյան, այնպես էլ չինական օպերաներ։ Այնտեղ տեղի են ունենում նաև մոգության ցուցադրություններ։ Որպես Բրիտանական սիրողական դրամատիկական հասարակության (British Amateur Dramatic Society) գաղութային արվեստի արտասահմանյան նստավայր, մինչև 1933 թվականը այս թատրոնը ամենուրեք հայտնի Ռեվյուների ներկայացման վայրն էր։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի թանգարանը

Շանհայը հարուստ է թանգարաններով։ «Պատմության և արվեստի թանգարանը» ներկայացնում է չինական պատմական և գեղարվեստական հարուստ հավաքածուներ (կերամիկա, հախճապակի, գեղանկարչություն ևն), իսկ «Բնական գիտությունների թանգարանը» ցուցադրում է բազմապիսի կենդանաբանական ցուցանմուշներ։ Շանհայի թանգարանը քաղաքի մշակութային գլխավոր կենտրոններից է։ Ստեղծվել է 1952 թ., իսկ 1992 թվականից տեղափոխվել է Շանհայի կենտրոնում գտնվող Ժողովրդական հրապարակի նոր շենք։ Շանհայի հիմնական տեսաժան վայրերից են համարվում նաև խեցեգործության վարպետների ամեն օր 7 անգամ ցուցադրվող շոուերը, Գիժու-ի գույնզգույն լաքապատ օպերային դիմակների հավաքածուն, չինական ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև սաղմոնի ձկան կաշվից կարված կոստյումները, ինչպիսին որ հագել են ԴոնգբաՕրոքեն ժողովրդի ներկայացուցիչները։ Չինական կերպարվեստի պատմության պատկերասրահում ցուցադրվում են մարտնչող թագավորության ժամանակաշրջանից սկսած, Սոնգ-դարաշրջանով անցած, մինչև Քինգ-ի դարաշրջանի արևմտյան ազդեցությունների կերպարվեստը։

Շանհայի հարավ-արևմուտքում է գտնվում անմեղ նահատակների Լոնգհուա-գերեզմանոցը, որը հավերժացնում է չինական կոմունիզմի համար տասնյակ տարիներ տևած և 1949-ին հաղթանակով պսակված պայքարի զոհերի, մասնավորապես աշխատավորների, ակտիվիստների և ուսանողների հիշատակը, որոնք 1920-ական թթ. կոտորվում են Չիան Kaisheks-ի զորքերի կողմից։ Գերեզմանատան տարածքը համարվում է դատավճռի իրականացման կենտրոնական վայրը։

Մեջտեղում՝ բրգաձև ապակեպատ ցուցասրահում է գտնվում Չիանգի զինվորների դեմ ելած 250 կոմունիստ նահատակների հուշակոթողը։ Որպես զոհվածների հիշատակ՝ այգով մեկ կանգնեցված են անհամար քարե քանդակներ, որոնցից շատերի վրա կան լուսանկարներ ու նշված են անունները։ Իսկ ցուցասրահի ետևում վառվում է հիշատակի անմար կրակը։ Ամեն օր բերվող թարմ ծաղիկները վկայում են այն նշանակության մասին, որ այդ իրադարձություններն առ այսօր ունեն Չինաստանում[12]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայը քույր քաղաք է հետևյալ քաղաքների հետ[13]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Danielson, Eric N. (2004). Shanghai and the Yangzi Delta. Singapore: Marshall Cavendish/Times Editions. ISBN 981-232-578-2. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  • Elvin, Mark (1977). "Market Towns and Waterways: The County of Shanghai from 1480 to 1910," in The City in Late Imperial China, ed. by G. William Skinner. Stanford: Stanford University Press.
  • Johnson, Linda Cooke (1995). Shanghai: From Market Town to Treaty Port. Stanford: Stanford University Press.
  • Johnson, Linda Cooke (1993). Cities of Jiangnan in Late Imperial China. Albany: State University of New York (SUNY).
  • Horesh, Niv (2009). Shanghai's Bund and Beyond. New Haven: Yale University Press.
  • Erh,Deke and Johnston, Tess (2007). Shanghai Art Deco. Hong Kong: Old China Hand Press.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [«Շանհայի մշտական բնակչության թիվը մոտ 19 միլիոն է (www.russian.xinhuanet.com) (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին. Շանհայի մշտական բնակչության թիվը մոտ 19 միլիոն է (www.russian.xinhuanet.com) (ռուս.)]
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  3. Շանհայի մշտական բնակչությունը մոտենում է 20 միլիոնի (անգլ.)
  4. 4,0 4,1 Շանհայի վիճակագրություն (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Տարածք, բնակչություն, վարչական շրջաններ(անգլ.)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 [«Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Պատմություն (գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին. Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Պատմություն (գերմ.)]
  6. Shanghai: Paradise for adventurers. CBC – TV. Legendary Sin Cities. (անգլ.)
  7. "Shanghai Sanctuary Արխիվացված 2009-08-14 Wayback Machine". TIME. Հուլիսի 31, 2008։ (անգլ.)
  8. "All About Shanghai. Chapter 4 – Population Արխիվացված 2010-05-20 Wayback Machine". Tales of Old Shanghai. (անգլ.)
  9. 9,0 9,1 [«Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Շանհայի կլիման և տնտեսությունը(գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին. Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Շանհայի կլիման և տնտեսությունը(գերմ.)]
  10. [«Չինաստանի գիդ. տրանսպորտ(գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին. Չինաստանի գիդ. տրանսպորտ(գերմ.)]
  11. [«Չինաստանի գիդ. բնակչության զարգացումը(գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին. Չինաստանի գիդ. բնակչության զարգացումը(գերմ.)]
  12. «Չինաստանի գիդ. մշակույթ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  13. Շանհայի վիճակագրություն. [https://web.archive.org/web/20081224185247/http://www.stats-sh.gov.cn/2003shtj/tjnj/2007tjnje/E07/E0724B.htm Արխիվացված 2008-12-24 Wayback Machine Արխիվացված 2008-12-24 Wayback Machine Արխիվացված 2008-12-24 Wayback Machine Արխիվացված 2008-12-24 Wayback Machine գործընկեր քաղաքներ (անգլ.) ] Արխիվացված 2008-12-24 Wayback Machine