Տրոլեյբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Շկոդա» մակնիշի տրոլեյբուս
Ikarus 280T Trolleybus R01.jpg

Տրոլեյբուս (անգլ.՝ trolleybus, trolley – կոնտակտային հաղորդալար, հոլովակային հոսանընդունիչ և bus – «ավտոբուս»), քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտի միջոց։ Տրոլեյբուսը էներգիա է ստանում 500–600 վ (սակավ 750 վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից՝ կոնտակտային հաղորդալարի միջոցով։

Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65–70 կմ/ժ արագություն։ Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն մանևրայնությամբ զիջում է ավտոբուսին։

Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80–ական թվականներին՝ Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։ 60–70-ական թվականներին տրոլեյբուսը կիրառություն է գտել ԽՍՀՄ մի շարք խոշոր քաղաքներում։ Երևանում տրոլեյբուսի երթևեկությունն սկսվել է 1949 թվականին։ 1962 թվականից տրոլեյբուսներ են շահագործվում նաև Գյումրիում։ 1986-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png