Jump to content

Սևանա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանա լիճ

Սևանա լիճը
40°19′00″ հս․. լ. 45°21′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Գեղարքունիքի մարզ
Հայաստան Հայաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 1900 մ
Երկարություն 70 կմ
Լայնություն 55 կմ
Ավազանի մակերեսը 1260 կմ²
Ծավալը 32.92 կմ³
Ամենամեծ խորությունը 83 մ
Միջին խորությունը 26.8 մ
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը 28, որոնցից են՝ Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ձկնագետ
Սկիզբ առնող գետերը Հրազդան գետ

Լճի տեսքը տիեզերքից

Lua error in Մոդուլ:Location_map at line 321: attempt to perform arithmetic on local 'right' (a string value).

Սևանա լիճ (Հայաստան)##
Սևանա լիճ (Հայաստան)
Վիքիպահեստում

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա-Շիրին, Լակնիտիս։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963-81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Անվանում

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը[1]։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»[2]։

Ուշ միջնադարում[3] լիճը կոչվել է նաև «Գյոքչա»[4][5], որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»[6]։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա[7]։

Պատմություն

Ավանդություն

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

  • Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան[8][9][10][11]։

Հնադար

Սևանա լիճը և նրան հարող ավազանի տարածքը մշտապես գտնվել են հայկական պետության սահմաններում. այն Երվանդունիների թագավորության կործանումից հետո (մ.թ.ա. 201) անցել է Արտաշեսյան թագավորությանը (մ.թ.ա. 189-1), իսկ Արշակունիների թագավորության մեջ մտել է որպես պատմական Սյունիք նահանգի հյուսիսային տիրույթ։

Սյունիք նահանգ և Սևանա լիճ

Դրա մասին տեղեկություններ է հաղորդում պատմահայր Մովսես Խորենացին, ով Սևանա լիճն անվանում է որպես «Գեղամա ծով»[12]։ Նման անվանում հանդիպում է նաև Խորենացուց մի քանի դար հետո գրված «Հայոց պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակը Հովհաննես Դրախստանակերտցին է[13]

«Գեղամա ծով» անվանումը հանդիպում է նաև Կիրակոս Գանձակեցու[14] և այլ պատմիչների աշխատություններում։ Լիճը հայտնի է նաև «Գեղարքունյաց ծով»[15], «Գեղարքունի»[16], «Սևանգա»[15] և այլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։

Սևանա լճի այդ անվանումները կապված են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։ Նրա անունն են կրում նաև Գեղամա լեռնաշղթան, Գեղամասար լեռը և Գեղամասար գետը, Գեղամավան ու Գեղամաբակ գյուղերը և այլն։

Միջնադար

4-րդ դարում Մեծ Հայքի թագավորությունում Ավատատիրական կարգերի հաստատման ժամանակ երկիրը բաժանվում է մի քանի աշխարհ-նահանգների, որոնց գլուխ են նշանակվում տեղական ազդեցիկ ու զորեղ իշխանները։ Ժամանակակից Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը մտնում են Սյունիք նահանգի կազմում՝ հայկական Սյունի ազնվական տոհմի գլխավորությամբ։ Այս իրավիճակը շարունակվում է նաև հետագայում. Սյունիքի իշխանության սահմանները մեծ փոփոխությունների չեն ենթարկվում թե՛ պարսկական (Հայկական մարզպանություն), թե՛ արաբական (Արմինիա կուսակալություն) տիրապետության ժամանակ։

Սևանավանք

Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987-1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։

12-րդ դարի վերջին Վրաց թագավորության օժանդակությամբ հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Սևանա լիճը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։

Մոնղոլների արշավանքից հետո Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը. այն հայտնվում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386-1468), ապա՝ Ակկոյունլու (1468-1502) քոչվորական ցեղապետությունների կազմում, որին փոխարինում են Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը։

Նոր ժամանակներ

Սևանա լիճը մտնում է նախ Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։

Թերակղզու վերածված Սևանա կղզին

Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. Հայկական մարզի ու Երևանի նահանգի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետևանքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս Բայազետի գավառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ (Գավառ) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտը։

Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920-1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի Հանրապետության տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները (Սևան, Կամո-Գավառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի և Բասարգեչար-Վարդենիս) միավորվում են Գեղարքունիքի մարզի մեջ։

Աշխարհագրություն

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։

Ջրագրություն

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

«Սևան» ազգային պարկ

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։

Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը, որի ափին գտնվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։

Ռելիեֆ

Սևանա լճի ծագումը տեկտոնական է։ Նրա հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով՝ երրորդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Լճաշեն)։ Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։

Սևանի ավազանի ամենաբարձր կետը՝ Աժդահակը (3597 մ)

Սևանա լիճը շրջապատող լեռներն են՝ Գեղամա (Աժդահակ, 3597 մ), Վարդենիսի (Վարդենիս, 3522 մ), Արևելյան Սևանի (3441 մ), Սևանի (Սատանախաչ, 3319 մ) և Արեգունու (Քաշաթաղ, 2740 մ)։ Լեռնաշղթաների օղակը եզրափակում է Փամբակի վերջին ճյուղավորությունը։ Դրա և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Միայն Գեղամա լեռներն են, որ ունեն հրաբխային ծագում. մյուսները մտնում են Փոքր Կովկաս լեռնային համակարգի մեջ։

Լիճը շրջապատող լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները, որոնց խառնարաններից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։ Հայտնի է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա։

Լեռնաշղթաների միջև գտնվում է Սևանի եռանկյունաձև գոգավորությունը։ Այն ունի մի քանի փոքր հովիտներ, որոնցից տարածքով ամենախոշորը Մասրիկի դաշտն է։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներից Գավառը, որը նաև Գեղարքունիքի մարզկենտրոնն է, նույնպես գտնվում է այդպիսի գոգավորության տարածքում՝ Գավառագետի ափին։

Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։

Կլիմա

Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4 °C-ից -8 °C է, իսկ հուլիսյանը +10-ից +22։ Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ -32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։

Ամառը ջրի մակերեսին տաքությանը հասնում է քսանմեկ աստիճանի, իսկ ձմռանը լիճը հազվագյուտ է սառցակալում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սևան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −4,0 −3,0 1,0 9,0 15,0 18,0 21,0 21,0 19,0 13,0 5,0 −1,0 9,5
միջին ջերմաստիճանը (°C) −8,0 −7,5 −3,5 4,0 9,5 12,5 16,0 15,5 12,5 3,0 0,5 −5,0 4,1
միջին նվազագույնը (°C) −12,0 −12,0 −8,0 −1,0 4,0 7,0 11,0 10,0 6,0 1,0 −4,0 −9,0 −0,7
տեղումների քանակը (մմ) 16 23 33 60 87 78 44 33 25 49 31 18 497
Աղբյուր՝ [1]


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սևան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) −8,2 −7,3 −3,3 3,4 8,9 12,1 15,7 15,7 12,1 6,5 0,6 −5,4 4,2
տեղումների քանակը (մմ) 26 30 41 65 103 78 50 41 39 51 38 26 588
Աղբյուր՝ [2]

Կենդանի բնություն

Հայկական որոր

Սևանա լճի շրջակայքում անտառային բուսականությունը գրեթե բացակայում է, քանի որ այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 2 կմ բարձրության վրա։ Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների լանջերին գտնվում են արևելյան կաղնու և գիհու մի քանի պուրակներ, ինչպես նաև՝ արհեստական անտառներ Սևան, Ճամբարակ ու Գավառ քաղաքների շրջակայքում։ Անտառներում ու մարգագետիններում հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, լճում՝ մի քանի տեսակ ձկներ։ Առատ են նաև բազմատեսակ թռչունները։

Լճում հանդիպում են էնդեմիկ ձկներ՝ Սևանի բեղլու (Barbus goktschaicus), Սևանի կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի իշխան (Salmo ischchan)։ Վերջինս ուներ չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ, որոնցից վերջին երկուսը վերացել են։ Սևանի իշխանը տեղափոխվել է նաև Իսիկ Կուլ լիճ (Միջին Ասիա), որտեղ հիանալի հարմարվել է կլիմայական պայմաններին։ 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը (Coregonus lavaretus), որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն։ Այն և արծաթափայլ կարասը (Carassius gibelio), սիգը և խեցգետինը (Astacus leptodactylus)[17] սպառնալիք են դարձել Սևանի իշխանի գոյության համար։

Սևանի իշխանը Հայաստանի Հանրապետության հուշադրամների վրա

Սևանի ավազանի տարածքում ստեղծվել է Սևան ազգային պարկը, որն ունի չորս արգելոց ու տասը արգելավայր։ Լիճը համարվում է հայկական որորի (Larus armenicus) բազմացման կարևոր կենտրոն, որի թվաքանակն այստեղ հասնում է 4000-5000 զույգի։ Այլ թռչուններից հայտնի են ամերիկյան կարապը (Cygnus columbianus), վայրի սագը (Anser erythropus), կարմրակտուց սուզաբադը (Netta rufina), սպիտակաաչք սուզաբադը (Aythya nyroca) և սևագլուխ քրքջանը (Larus ichthyaetus)։

Սևանի խեցգետին

Լճի մակարդակի իջեցումից հետո այն վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը, պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։ 21-րդ դարի սկզբին լճի մակարդակը սկսում է բարձրանալ՝ 2016 թվականին հասնելով մոտ 3 մետրի։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի տեղեկացմամբ, որ Սևանա լճի մակարդակը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900, 19 մ։ 2015 թվականին պետբյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366 700 հատ մանրաձուկ, իսկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238 800 հատ մանրաձուկ։ Արդյունքում՝ նախատեսված 400 000 մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել եւ Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605 500 մանրաձուկ։ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015 թվականին իրականացվել են 142, 5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը՝ 135 hա)[18]։

Տնտեսություն

Սևանա լճի ավազանում, որն ամբողջությամբ ամփոփված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մեջ, բնակվում է 232 300 մարդ կամ ՀՀ բնակչության 7, 73 %-ը (2015 թվական)։ Նրանցից 70 հազարը բնակվում է 5 քաղաքներում, իսկ մնացածները՝ գյուղական բնակավայրերում։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներն են՝

  • Գավառ - 19 900 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 31 300
  • Սևան - 19 200 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 20 800
  • Վարդենիս - 12 600 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 25 400
  • Մարտունի - 12 500 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 77 100
  • Ճամբարակ - 5 800 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 7 700

Արդյունաբերություն

Սևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ ջրային ավազանն է։ Այն ունի էներգետիկ հսկայական ռեսուրսներ, որոնց շահագործման համար միջոցառումներ են արվել 20-րդ դարի առաջին քառորդից հետո։

Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայաններ

1930 թվականին սկսել է կառուցվել Սևան-Հրազդան կասկադը, որն ունի 7 առանձին հիդրոէլեկտրակայաններ։ Կառուցման ընթացքը տևել է ավելի քան 3 տասնամյակ (1930-1965) և ընդհատվել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945)։ Ընդհանուր հզորությունը կազմում է 565 ՄՎ, որով զիջում է հայաստանյան երկու էլեկտրակայանների՝ Հրազդանի ՋԷԿ-ին (1100 ՄՎտ) և Մեծամորի ԱԷԿ-ին (800 ՄՎտ)։

Սևանա լճի շրջակայքում արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Սևան ու Գավառ քաղաքներում գործում են մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնց արտանետումները մեծ վնաս չեն հասցնում լճի պահպանությանը։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։ Լճի արևելյան ափով գործում է Երևան-Սոթք երկաթուղին։

Նավապետ Երվանդ Գասպարյանի ղեկավարությամբ, ով Հայկական ԽՍՀ էր ժամանել Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով 1921 թվականին, Սևանա լճի ափերին կառուցվել են նավարկության համար մի քանի հարմարավետ ինժեներական սարքավորումներ, այդ թվում՝ մի քանի նավամատույցներ։ Նավագնացությունը կազմակերպվել էր փոքր մոտորանավակների օգնությամբ՝ բեռնափոխադրման և ուղևորափոխադրմնա նպատակներով։ Դրանք ձեռք էին բերվել Բաթումից ու Կասպից ծովից։ Աստիճանաբար կարիք է զգացվում ջրային տրանսպորտի ավելի մեծ փոխադրողների. 1230 տոննա տարողությամբ շոգենավը կառուցվում է 1934 թվականին՝ հայկական մեքենաշինական գործարանում։ 1935 թվականին նավը, որը կրում էր «Միկոյան» անունը, սկսում է շահագործման ենթարկվել՝ մինչև լճի մակարդակի իջեցումը։

2012 թվականի հուլիսի 26-ին Սևանա լճի հատակին՝ 16 մետր խորության վրա, հայտնաբերվում են 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ։ Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են[19]։

Գյուղատնտեսություն

Սևանա լճի ավազանը ձևավորում է Հայաստանի ամենախոշոր՝ Գեղարքունիքի մարզը։ Այն զբաղեցնում է 5348 կմ2 տարածք կամ ՀՀ տարածքի 18 տոկոսը։ Այստեղ ապրող բնակչության մեծամասնությունը՝ մոտ 160 000 մարդ, բնակվում է 87 գյուղական բնակավայրերում։ Ամենացածր վայրը մարզում Գետիկի կիրճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա, իսկ ամենաբարձրը՝ Աժդահակ լեռը (3598 մ)։ Լճի ավազանի բարձրությունը մոտ 2000 մ է։ Այս լեռնային պայմաններում լինում են երկարատև ու խստաշունչ ձմեռներ ու զով ամառներ։ Այս պայմաններում զարգանում են ցրտադիմացկուն բույսերի երկրագործությունը, իսկ ալպիական մարգագետինները լավ պայմաններ են ստեղծում անասնապահության զարգացման համար[20]։

Սննդի արդյունաբերության խոշոր կենտրոն Մարտունի քաղաքը. նրա շրջակա գյուղերում ապրում է շուրջ 80 հազար բնակիչ

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական տնտեսությունների միջոցով։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում գործում են 63500 գյուղացիական տնտեսություններ։ Գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների թիվը մարզում կազմում է 13, գյուղարտադրանքի շուկաների թիվը՝ 4։ Գյուղատնտեսության ՀՆԱ-ն 2007թվականին այն կազմում էր 90.0 մլրդ դրամ, 2009 թվականին՝ 94.6 մլրդ դրամ, իսկ 2010 թվականին այն հասավ 125.7 մլրդ դրամի, որից բուսաբուծության համախառն արտադրանքը կազմում է շուրջ 85 մլրդ դրամ, իսկ անասնապահությանը՝ 40.2 մլրդ դրամ։ 2010 թվականին Սևանի ավազանն արտադրել է ՀՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքի 19.7%-ը[21]։

Սևանա լճի քաղցրահամ ջուրը նպաստավոր պայմաններ է ստեղծում ձկան բազմացման համար։ Տարածաշրջանում լայն տարածում է գտել անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը, կարտոֆիլի մշակությունը և բուսաբուծությունը։ 2015 թվականին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ են գրանցվել, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն ավելացել է մոտ 4, 6 տոկոսով, ինչի շնորհիվ ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները[22]:

Տեսարժան վայրեր

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր։

Հայրավանք
  • Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ Գաբուռ Սյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։
  • Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանության տարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատվել է անուշադրության։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Կոթավանք
  • Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851-901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։
  • Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
  • Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրոդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Զբոսաշրջություն

Հանգստյան գոտի Սևանում

Սևանա լիճը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որ ունի լողափնյա հանգստավայրեր[23]։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար[24]։

Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում[23]։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։

2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ[25]։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[26]։

Սևանի հիմնախնդիր

Փուլային նախագիծ

«Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին։ 1910 ճարտարագետ շինարար Սուքիաս Մանասերյանը, ով մասնակցում էր Արալյան ծովը աղետից փրկելու աշխատանքներին, [27] հրատարակում է աշխատություն, որում առաջարկում է իջեցնել լճի մակերևույթը 45 մետրով և ջուրը օգտագործել ոռոգման և հիդրոէլեկտրակայանների համար։ 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական երկփուլանի նախագիծ՝ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիրը»։ Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը 50 մետրով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին)։ Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը՝ 700 մլն մ3 արտահոսքով։

Սևան-Հրազդան կասկադ

1933-1962 թվականներին կառուցվում են Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանները։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 000 հա-ով։ Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։Պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն՝ բնական վիճակից 19-20 մ ցած։ Դա նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել ոչ ջրէկների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը։

Համեմատական չափագրական տվյալներ

Լճի մակարդակը 1933–2000 թվականների արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ։ Ջրի օգտագործված 26 մլրդ մ3-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը՝ ոռոգման նպատակներով։ Լճի հատակից ազատվել է 25 000 հա տարածք[28]։

Ցուցանիշներ 1936 թ. 2000 թ. Տարբերությունը
Առավելագույն խորություն՝ մ 98.7 79.7 -19 %
Միջին խորություն՝ մ 41.3 26.8 -35 %
Մակերես՝ կմ2 1416.2 1238.8 -12.5 %
Ծավալ՝ կմ3 58.48 33.20 -43.2 %
Մակարդակ՝ մ 1915.97 1896.65 -19.32 մ

Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն

  • 1923 - Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով
Լճի մակարդակի իջեցումը 20-րդ դարում
  • 1931 - Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։
  • 1933 - Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949 թվականին. տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։
  • 1950-ականների վերջ - Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։
  • 1961 - Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։
  • 1981 - Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։
  • 2003 - Ավարտվում է դեռևս Սպիտակի երկրաշարժի և դրանից հետո սկսված, պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։
  • 2006 - Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։
  • 2006-2010 - Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25-35 սմ չափով

Էկոլոգիական վտանգներ

Լճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Դրա պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ։ Հանքային ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4.5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման։ Լճի մակարդակի անկման և էկոլոգիական համակարգի քայքայման այլ հետևանքներ են՝

Մոտորանավակ Սևանա լճում
  • Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացում։ Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա։ Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության։ Սևանի էնդեմիկ տեսակներից՝ կողակի և բեղլուի վիճակը նույնպես բարենպաստ չէ։ Խեցգետնինը և կարասը, որ ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին, նույնպես նվազում են։
  • Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։
  • Մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով։
  • Բարակել է լճի շերտի հաստությունը։ Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը։ Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը
  • Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ։ Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է։
Սևանա լճի ջրատար թունելները և Հրազդան գետը
  • Ցամաքել են շատ աղբյուրներ

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ։ 1905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ՝ ջրի տակ անցնելու համար։ Ներկայումս լճի մակարդակը 1900, 49 մ է։ ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սևանը ցանկալի նիշին կհասնի 2031 թվականին։

2008 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվում է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը[29][30], որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը։ Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները։ Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասցնել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է)։ Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր՝ լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը՝ առկա է հսկայական քանակության բուսազանգված, հատկապես անտառ և շինություններ։ Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի։

Գեղարքունիքի մարզի տարածքում 1978 թվականին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները՝ արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տե՛ս Сведения арабских писателей о Кавказе, Армении и Адербейджане: VII. Ал-Мукаддасий // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 38. Тифлис. 1908 տեքստի 38-րդ մեկնաբանությունը:
  2. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Свыше 5 000 единиц / Отв. ред. Р. А. Агеева. — М.: «Русские словари», 1998. — С. 160. — 372 с. — ISBN 5-89216-029-7
  3. Arrān

    … the Armenian province of Siwnikʿ or Sisakan (the mountainous region lying between Lake Sevan, later Turkish Gökče, and the Araxes, hence to the west of Arrān)

  4. Озеро Гокча (Gokcha) на атласе Blackie & Sons (Эдинбург, 1882)
  5. Эриванская губерния
  6. Гокча. Большая советская энциклопедия
  7. Гокча // Большая энциклопедия Южакова. — 1901. — Т. 7. — С. 110-111. — VI, 794 с.
  8. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  9. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  10. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Մովսես Խորենացի. История Армении, прим. 207
  13. Հովհաննես Դրախստանակերտցի. История Армении, прим. 46
  14. Կիրակոս Գանձակեցի. Краткая история.
  15. 15,0 15,1 Массальский В.И., — (1890–1907). «Гокча». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Мовсес Хоренаци. История Армении, прим. 100
  17. Hayastan Armenian Forum > Спасение озера Севан — важная задача
  18. 2015թ. ընթացքում աճեցվել եւ Սեւանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանրաձուկ
  19. Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ
  20. Գեղարքունիքի մարզի ընդհանուր բնութագիրը
  21. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2012-15 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր
  22. Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
  23. 23,0 23,1 Holding, Deirdre (2014). Armenia: with Nagorno Karabagh (4th ed.). Bradt Travel Guides. էջ 202. ISBN 9781841625553.
  24. Bonner, Raymond (9 August 1993). «Yerevan Journal; Landlocked and Alone, Armenia Fears the Winter». The New York Times. «The beach at Lake Sevan, 40 miles east the capital, would normally be packed this time of the year.»
  25. «Available 'Blue Pearl': Public beaches proved popular with Lake Sevan holidaymakers». ArmeniaNow. 30 September 2011.
  26. «The holiday season opened along with the public beaches of Sevan Lake». Public Television of Armenia. 5 July 2015.
  27. Holding, Nicholas (2006). Armenia։ with Nagorno Karabagh. Bradt Travel Guides. էջ 133. ISBN 978-1-84162-163-0.
  28. Վարդևանյան Աշոտ, «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր» (Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении), Երևան, 2002 — 96 էջ, ISBN 99930-935-6-4։
  29. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2016-06-02-ին.
  30. «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ». www.a1plus.am. Վերցված է 2016-06-02-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանա լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սևան» հոդվածից (հ․ 10, էջ 315 )։