Գեղարքունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունի (այլ կիրառումներ)
Գեղարքունի
Գեղարքունի
Գեղարքունի իշխանի պատկերազարդում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ոսկրային ձկներ
Ենթադաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Սաղմոնանմաններ
Ընտանիք Սաղմոններ
Ցեղ Սաղմոն
Տեսակ Սևանի իշխան
Ենթատեսակ ԳԵղարքունի
Լատիներեն անվանում
Salmo ischchan gegarkuni
Kessler
Հայերեն տարանուններ

Ամառային իշխան


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գեղարքունի (լատին․՝ Salmo ischchan gegarkuni), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Համարվում է Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար խոշոր ձուկ է։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 35-40 (երբեմն մինչև 90) սմ, զանգվածը՝ մինչև 16 կգ։

Էկոլոգիական խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միայն Սևանա լճում, որտեղ ըստ բազմացման տեղի և աճման արագության՝ առաջացնում է 2 էկոլոգիական խումբ, որոնցից մեկը կոչվում է «յաբանի»։ Վերջինս տարբերվում է ավելի փոքր աչքերով, լայն ճակատով, բարձր մարմնով։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Բերանը համեմատաբար մեծ է։ Էգերի ծնոտները հավասար երկարություն ունեն, իսկ արուների ստորին ծնոտը երկար է վերինից։ Բերանը զինված է ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող լավ զարգացած ատամներով։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 103-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 13-ն են, հետևալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 17-22 երկար ու սրածայր առէջներ։

Մարմնի գունավորումն անմիջականորեն կախված է սեռական գեղձերի հասունացումից։ Մանրաձկները մինչև 1 տարեկանը դեղնականաչավուն են՝ ուղղահայաց դարչնագույն շերտերով։ Սեռահասուն առանձնյակները բազմացման շրջանից դուրս արծաթափայլ են՝ երկնագույն, ծիրանագույն, կանաչավուն, երբեմն՝ բաց ոսկեգույն նրբերանգներով։

Մարմինը ի տարբերություն ձմեռային իշխանի՝ պատված է ավելի մեծ տրամագիծ ունեցող սև, կլորավուն բծերով, որից ընդհանուր գունավորումն ավելի մուգ է թվում։ Լողակները մոխրագույն են։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերը սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում։ Բազմանում է գարնանը։ Այդ ընթացքում արուների վրա հայտնվում են խալեր ու մգանում, թեփուկները թաղվում են մաշկի մեջ և գրեթե չեն երևում, արծաթափայլ գունավորումն անհետանում է, ատամները երկարում են, ստորին ծնոտի ծայրին առաջանում է կեռ ելուստ։ Մարմինը ծածկվում է լորձով։ Էգերի մոտ այդ փոփոխությունները շատ ավելի թույլ են արտահայտվում։

Բազմանում է աշնանը՝ լճի մեջ թափվող գետերի (Գավառագետ, Ձկնագետ, Ծակքար, Մաքենիս, Մասրիկ և այլն) գետաբերանից մի քանի կմ հեռավորության վրա։ Գետի խճապատ հատակին «կառուցում» է 40-60 սմ երկարությամբ, 20-30 սմ լայնությամբ և և 5-10 սմ խորությամբ փոսիկներ, որտեղ և կատարվում է ձվադրումը։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 3 հազար ձկնկիթի։ Նորածին թրթուրներն առաջին 10-15 օրը սնվում են դեղնուցապարկի պաշարանյութերով, այնուհետև՝ մանր կենդանիներով։ Հասնելով 4-9 սմ երկարության՝ մանրաձկները վերադառնում են լիճ մինչև սեռահասուն դառնալը։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, տզրուկներով, ստորակարգ խեցգետնակերպներով։ Խոշոր առանձնյակները կարող են սնվել նաև մանր ողնաշարավորներով՝ ձկներով, երկկենցաղներով։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XX դ. 80-ական թվականներին Սևանա լճում ունեցել է արտադրական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճի ափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։

Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարքունի իշխանին նվիրված նամականիշ

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Կլիմայավարժեցվել է Իսիկ Կուլ (Ղրղզստան) լճում, որտեղ ունի արդյունաբերական նշանակություն։ Ներկայումս Արարատյան դաշտի, Վայոց ձորի մարզի մի շարք ձկնատնտեսություններում արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու հաջող փորձեր են կատարվում։

Սպառնացող վտանգներից է ձվադրային գետերի ջրային ռեժիմի փոփոխությունը, աղտոտումը, բնական վերարտադրման պայմանների խախտումը, լճում և ձվադրային գետերում որսագողությունը[1]։

Մշակված են արհեստական բազմացման մեթոդները։ Ներկայումս հանրապետության ձկնաբուծարաններում տարեկան աճեցվում է մինչև 10-15 տոննա ապրանքային ձուկ։ 1978 թվականից որսը Սևանա լճում արգելված է[1]։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։