Jump to content

Սևանի կողակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանի կողակ
Սևանի կողակ
Սևանի կողակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Ասիական կողակներ (Capoeta)
Տեսակ Սևանի կողակ (C. sevangi)
Միջազգային անվանում
Capoeta sevangi

Սևանի կողակ (լատին․՝ Capoeta sevangi), ծածանաձկների ընտանիքին պատկանող ձուկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հայաստանում տարածված է Սևանա լճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում։

Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի։ Մեջքային լողակի եզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր։ Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ։ Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ սնունդը քերում է ստորջրյա առարկաներից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը սեղմված է միայն մեջքային լողակի հիմքի մոտ։ Կորագծում կա 46-62 թեփուկ։ Սևանի կողակի մեջքային լողակում կա 11-13 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են։ Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված տարիքից և կենսավայրի պայմաններից։ Մեջքը գորշաձև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը՝ մոխրաոսկեգույն, մոխրապողպատագույն, մանր ձկներինը՝ մոխրաարծաթավուն, կապտավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն, բաց մոխրագույն կամ դեղնավուն է։

Մեջքային, կրծքային և պոչային լողակները մուգ կամ բաց մոխրագույն են, գորշ, նարնջամոխրագույն, մոխրագույն՝ կարմրավուն հիմքերով։ Փորային լողակները և հետնալողակը ավելի բաց են գունավորված։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերում սեռահասուն է դառնում 3-4, Սևանա լճում՝ 6-7 տարեկանում և ավելի ուշ։ Սեռահասուն երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուն էգից ավելի վաղ է հասունանում և ավելի փոքրամարմին է։ Հարսանեկան շրջանում նրա դնչի (երբեմն՝ նաև մարմնի) վրա առաջանում են մինչև 80 մարգարտանման գոյացություններ։ Բազմանում է ապրիլ-օգոստոս ամիսներին՝ ջրի 140°-ից բարձր ջերմաստիճանում։ Ձվադրում է ջրակալների ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին՝ բաժիններով․ յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) 1 տարվա ընթացքում 2-3 անգամ։ Բեղունությունը հասնում է 10-75 հզ. ձկնկիթի, որը դեղնագույն է, տրամագիծը՝ 1,3-1,5 մժ. Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6-7 օր։ Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարում է մերձհատակային կենսաձև։ Բուսակեր է։ Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով։ Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։

Հաճախակի վարակվում է փոկորդով (Ligula intestinalis)։ Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն, մյուս վայրերում սիրողական ձկնորսության օբյեկտ է։ Ներկայումս Սևանի կողակի պաշարները զգալի նվազել են. պահպանության կարիք ունի։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուռի կողակի էնդեմիկ ենթատեսակ է՝ կրճատվող թվաքանակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ կենդանիների Կարմիր գիրք» (PDF). Երևան. 2009. էջ 177. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանի կողակ» հոդվածին։