Jump to content

Մուշեղ Գալշոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Գալշոյան
Ծննդյան անունՄուշեղ Հովեի Մանուկյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1933(1933-12-13)[1][2]
ԾննդավայրԿաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1980(1980-10-15)[2] (46 տարեկան)
Վախճանի վայրԿաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԳերեզման Մուշեղ Գալշոյանի
Մասնագիտությունարձակագիր և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1957)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1971)[1]
Ուշագրավ աշխատանքներՄարութա սարի ամպերը և Ձորի Միրոն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱվանգարդ, Գարուն[1] և «Հայաստան» հրատարակչություն[1]
Պարգևներ
Մուշեղ Գալշոյան Վիքիդարանում
 Mushegh Galshoyan Վիքիպահեստում

Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան, դեկտեմբերի 13, 1933(1933-12-13)[1][2], Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 15, 1980(1980-10-15)[2], Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է դարձել 1969 թվականից, ԽՄԿԿ անդամ՝ 1963 թվականից։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Զորոն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կռունկ, Ե., «Հայաստան», 1969, 254 էջ։
  • Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրված են «Ձորի Միրոն» վիպակը), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Ընծայագիր, Ե., «Հայաստան», 1972, 40 էջ։
  • Ծաղկած քարեր, Ե., «Հայաստան», 304 էջ։
  • Բովտուն (վեպ), Ե., «Հայաստան», 1974, 260 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Մ. Գալշոյանի «Օրիորդ Մարի» գործը), Ե. «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Մարութա սարի ամպերը (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1981, 307 էջ։
  • Մարութա սարի ամպերը (պատմուածքներ), Թեհրան, 1981, 304 էջ։
  • Մամփրե արքան (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1982, 57 էջ։
  • Բովտուն (վեպ, էսսեներ, ակնարկներ, հոդվածներ), Ե., «Սովետական գրող», 1982, 536 էջ։
  • Ձորի Միրոն (վեպ, պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983, 504 էջ։
  • Ձորի Միրոն (վէպ), Թեհրան, 1983, 119 էջ։
  • Մարութայ սարի ամպերը, Պէյրութ, 1986, 328 էջ։
  • Պայուսակը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 1988, 336 էջ։
  • Ծիրանի ծառ (պատմվածքներ), Երևան, 1989, 320 էջ։
  • Ագռավաքար (էսսեներ, ակնարկներ, հոդվածներ), Երևան, 1990, 372 էջ։
  • Քեզ վերևից չպետք է նայել (ակնարկներ), Երևան, 1990, 288 էջ։
  • Հատընտիր, Անթիլիաս, 1994, 408 էջ։
  • Ի տեղ բաց նամակի։ Ձորի Միրոն, Երևան, 1994, 384 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 2003, 174 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2009, 292 էջ։
  • Ձորի Միրոն (վիպակ), Երևան, 2013, 128 էջ։
  • Մարութա սարի ամպերը, Երևան, 2015, 368 էջ։
  • Անհանգիստ մարդու դիմանկարը, «Գարուն», 1967, № 1։
  • Օրիորդ Մարի (ակնարկ)։ «Գարուն», 1967, № 4, էջ 38-45։
  • Սարի ճամփեքով գնացող մարդիկ։ «Գարուն», 1967, № 7։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վաչագան Գրիգորյան, Մուշեղ Գալշոյան. ստեղծագործությունը, Ե., 1998, 149 էջ։
  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Երկրորդական Բաժին (Բ. եւ Գ. տարիներ), Յարութիւն Քիւրքճեան, էջ 210։
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 112-113։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Գալշոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Գալշոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 657