Մաշտոց Ա Եղվարդեցի
Մաշտոց Ա Եղվարդեցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Կաթողիկոս Հայոց (54-րդ) |
Ժամանակամիջոց | (897-898) |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Ծնվել է | (833 – 898) |
Ծննդավայր | Սոթք, Սյունիք Արմինիա կուսակալություն |
← Գևորգ Բ Հովհաննես Ե → |
Մաշտոց Ա Եղիվարդեցի, Սևանցի (ավազանի անունը՝ Ստեփանոս, 833, գ. Սոթք (Սոթք գավառ) – 898, թաղվել է Գառնիի տաճարի մոտ գտնվող մատուռում), Ամենայն հայոց կաթողիկոս 897 թվականից, մանկավարժ, եկեղեցական գրող։ Հաջորդել է Գևորգ Բ Գառնեցուն, նախորդել՝ Հովհաննես Ե Դրասխանակերտցուն։ Ուսանել է Թեոդորոս կրոնավորի, այնուհետև՝ Գեղարքունիքի Մաքենյաց վանքում Ստեփանոս վարդապետի մոտ։ Քահանա է ձեռնադրվել և օծվել Սյունյաց Դավիթ եպիսկոպոսի կողմից։ Այնուհետև ապրել է անապատականի կյանքով Արտավազդիկում (Ծաղկաձորի մոտ), 860 թ-ից՝ Սևանի մենաստաններում։ Սյունյաց իշխան Գաբուռն Վասակի կնոջ՝ Մարիամ Բագրատունու միջոցներով Սևանա կղզում 870-ականների սկզբներին կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները, որտեղ հիմնադրել է միաբանություն և վարժարան։ Մաշտոցի աշակերտներից են եղել նրա վարքագիրը՝ Ստեփանոս գրիչը, Հովհաննես Դրասխանակերտցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցի), Ստեփանոս վրդ. Սևանցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ Սևանցի)։ Մեզ է հասել Մաշտոց Ա Եղիվարդեցու գրած երկու թուղթ. մեկը՝ ուղղված սպարապետ Աբասին, մյուսը՝ 893 թ-ի երկրաշարժի արհավիրքից տուժածներին։ Մաշ տոց Ա Եղիվարդեցին կարգավորել և խմբագրել է նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում Հայոց եկեղեցու ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվում է Մաշտոց[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի մահվան լուրն առնելով՝ Սմբատ Ա արքան ու նրա հետ խնամիացած իշխանները, գահամեծար իշխանները եւ պատվական ազատանին ձեռնամուխ եղան նոր կաթողիկոսի ընտրությանը եւ անվերապահորեն կանգ առան Սևանի անապատի առաջնորդ Մաշտոց վարդապետի թեկնածության վրա, որը մեծ հռչակ էր ձեռք բերել իր ճգնակենցաղությամբ, իմաստասիրական պատրաստությամբ եւ գեղեցկահարմար խորհրդական ընթացքով։ Աղբյուրները նրան ձեռնադրելու մասին ոչինչ չեն հայտնում, որը, համաձայն Մ. Օրմանյանի, հավաստում է նրա հովվապետական աստիճան ունենալու մասին։ Ի տարբերություն բազմաթիվ կաթողիկոսական թեկնածուների, որոնք իրոք կամ ձևականորեն հրաժարվում էին կաթողիկոսական հովվապետական ծանր բեռի տակ մտնելուց՝ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, Մաշտոցը սիրով ընդունում է կաթողիկոսական աթոռը՝ նպատակ ունենալով իր գործունեությամբ նպաստել Եկեղեցու բարեկարգությանը։
Եվ ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, նրա կարճատև հովվապետությունը եղավ Հայոց Եկեղեցու բարեկարգման շրջան։ Հովաննես Դրասխանակերտցին, որ նրա ազգակիցն ու աշակերտն էր եղել եւ նրա մահից հետո կաթողիկոսական աթոռ բարձրացավ, նրա մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հայտնում։ Հայտնի չէ նրա տարիքը, չնայած ոչ ժամանակակից պատմիչ Կիրակոս Գանձակեցու խոսքերով՝ նա էր «հասեալ ի ծերութիւն պարարտութեան», իսկ «Յայսմաւուրք»-ի հաղորդմամբ՝ նա հայոց հայրապետ է դարձել վաթսունամյա հասակում։ Թերեւս նրան վաթսունամյա տարիք վերագրելը ճիշտ է, քանի որ ժամանակակիցների վկայությամբ՝ միայն քառասուն տարի ճգնել էր։ Հավանաբար նրա մահն արագացրեց կաթողիկոսական նոր կենսակերպը, երբ ճգնավորական կյանքի սովոր Մաշտոցը ստիպված էր վարժվել ճոխ կերակուրների, համակերպվել իշխանական եւ ժողովրդական կենսաձևին։ Եվ վրա հասած մի ինչ-որ հիվանդություն նրան գերեզման տարավ։
Մաշտոցի հովվապետության յոթ ամիսներն անցան խաղաղության մեջ։ Հայոց Սմբատ Ա արքան եւ Ափշին ոստիկանը հաշտվել էին, եւ երկրի անդորրը խախտող որեւէ խնդիր չկար։ «Յայսմաւուրք»-ի համաձայն՝ նա մահացավ 346 թվի սահմի ամսի 4-ին կամ հոկտեմբերի 13-ին։ Ինչպես ճիշտ նկատել է Մ. Օրմանյանը, համեմատությունը կատարված է անշարժ տոմարով, որն այդ ժամանակ դեռեւս կազմված չէր, իսկ շարժական տոմարով 346 թվի սահմի ամսվա 4-ը համապատասխանել է հունիսի 18-ին։ Եվ քանի որ 346 թվի սկիզբն ընկնում էր ապրիլի 16-ին, եւ հնար չկա մինչեւ հունիս ամիսը տեղավորել նրա յոթամսյա աթոռակալությունը, Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ հունիսի 18-ը հավանաբար եղել է նրա ընտրության օրը, իսկ մահն ընկել է 898 թվի հունվարի վերջին։ Հաջորդ՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը կարող էր ձեռնադրվել 898 թվականի փետրվարին, երբ դեռ հայոց տոմարի 346 թվականը չէր ավարտվել։ Մաշտոց հայրապետի մարմինը հողին հանձնվեց Գառնիում՝ Խոսրովիդուխտի հովանոցի մոտակայքում, այլ խոսքով՝ Տրդատ Ա արքայի կառուցած՝ Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ։ Գառնիում թաղվելու պատճառը, թերեւս, այնտեղ նրա մահանալն էր։ Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցեցին մի վայելուչ եկեղեցի։
Հայոց Եկեղեցու ծիսարանը ստացել է Մաշտոց անունը, սակայն վեճի առարկա է, թե ո՞ւմ անունն է անցել ծիսարանին՝ Մեսրոպ Մաշտոցի՞, թե՞ Մաշտոց կաթողիկոսի։ Ուսումնասիրողներն այդ պատիվը վերագրում են կամ առաջինին եւ կամ երկրորդին, սակայն հավանականն այն է, որ ծիսարանն իր անունը ստացել էր Մաշտոց կաթողիկոսից, որը կազմել էր ծիսարանը դեռևս Սևանի անապատում ճգնելու ժամանակ։ Ինչպես հավաստում է Կիրակոս Գանձակեցին, «Սա (իմա՛ Մաշտոց կաթողիկոսը - Բ. Հ.), կարգեաց զգիրսն որ ըստ իւր անուան Մաշտոց կոչի, ժողովեալ զամենայն կարգեալ աղօթս եւ ընթերցմունս ի միասին յարմարեալ յաւելուածով իւրմէ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 687
- ↑ «ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ | Qahana.am». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի մասին «Լուսամուտ» կայքում Արխիվացված 2010-11-26 Wayback Machine
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
- https://www.qahana.am/am/leaders/show/161627974/0 Արխիվացված 2021-01-10 Wayback Machine
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 262)։ |
Նախորդող Գևորգ Բ Գառնեցի |
Մաշտոց Ա Եղվարդեցի 897-898 |
Հաջորդող Հովհաննես Ե Դրասխանակերտցի |