Jump to content

Ծաղկաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչառիս (այլ կիրառումներ)
Քաղաք
Ծաղկաձոր
Դրոշ

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՀամայնքԿոտայքի մարզ, Հրազդանի շրջան, Հայկական մարզ և Նոր Բայազետի գավառ
ՔաղաքապետԱրթուր Հարությունյան
Առաջին հիշատակում574
Այլ անվանումներԿեչարիս
Դարաչիչակ
Մակերես4 կմ²
ԲԾՄ1 825 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1200 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաձորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (223)
Փոստային ինդեքս2310
Պաշտոնական կայքtsakhkadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.)
Ծաղկաձոր (Հայաստան)##
Ծաղկաձոր (Հայաստան)

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)[1]։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի Բնակչություն
1873 169 մարդ
1897 345 մարդ
1926 618 մարդ
1939 654 մարդ
1959 1029 մարդ
1976 2000 մարդ
1989 3350 մարդ
1991 2900 մարդ
2001 1618 մարդ
2004 1600 մարդ
2015 1200 մարդ


Ծաղկաձորում սկսել են բնակություն հաստատել դեռևս III―V դարերում։ Վաղ միջնադարում (IV―V դարեր) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին։ VI դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի՝ Կարին-Պահլեվիդներից։ Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Գրիգոր Լուսավորիչի անունով։ Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը։

XVII դարի սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձոր»-ը, տեղանքը կոչեցին Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձորանվան թուրքերեն թարգմանությունն է։ Քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947 թվականին։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828 թ), Ծաղկաձորը մտավ Երևվանի նահանգի մեջ։ Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից։ Այստեղ իր ամառային նստավայրերը սկսեց կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը։

Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք։ Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից։ Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ։ Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն։ Ուստի Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք՝ 1968 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը։ Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները։ Իսկ երբ 1972 թվականին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային հանգստավայր։

Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը, գալիս հասնում է Մաքրավանք և Կեչառիս գյուղերին։

― Ի՜նչ լավ վանքեր ունեն, ― ասում է նա, երբ տեսնում է այս գյուղերի գեղեցիկ վանքերը։

― Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիք քույր ու եղբայր են համարում, ― ասում է նրա զորավարներից մեկը։

― Հա', ― մռնչում է բռնակալը ... Դե որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել և կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն և հայերը չկարողանան մոտենալ և միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան։ Այդպես էլ անում են։ Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին։ Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու շղթայված կամ շղթայակիր, մինչև որ հայերը հանում են քարե շղթաները և ծաղկաշատ բնակավայրն անվանում են Ծաղկաձոր[4][5][6][7]։

Ավանդություն ըստ Հայոց պատմության

Ըստ ավանդության՝ Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին՝ մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։

Բայց մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք, որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիկները։

Վանքը կոչում են Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  4. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  5. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  6. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)