Հավիկ (Ֆաբերժեի ձու)
Հավիկ | |
---|---|
Ստեղծման թնական | 1885 |
Պատվիրատու | Ալեքսանդր III |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, սուտակ և ալմաստ |
Բարձրություն | 64 միլիմետր |
Լայնություն | 35 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Հավիկ» (ռուս.՝ Курочка, ռուս.՝ Первое императорское пасхальное яйцо, «Առաջին կայսերական զատկի ձու»), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից առաջինը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար 1885 թվականին[1]։ Ձուն այնքան դուր եկավ կայսրին, որ Ալեքսանդր III-ը ավանդույթ դարձրեց ու ամեն Զատկին կնոջը Ֆաբերժեի ձու նվիրեց։
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[2]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կայսերական ձվի պատրաստման պատիվը տրվել է Ֆաբերժե ընկերության ոսկերիչ վարպետ Էրիկ Կոլլինին։ Ձուն պատրասված է ոսկուց, պատված է փայլատ էմալով, որ բնական ձվի կճեպից չտարբերվի։ Ոսկե բարակ եզրանախշը երիզապատում է ձվի երկու մասերի միացման տեղը։ Ձուն ունի 64 մմ երկարություն և 35 մմ լայնություն[3]։ Ձվի երկու հատվածները միմյանց են միացված բայոնետային միացումով և դրանց բացումով կարելի է անակնկալ տեսնել։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվի մեջ գտնվում է դեղնուցը՝ պատրաստված փայլատ ոսկուց, որի մեջ գտնվում է բազմագույն ոսկե հավիկը՝ սուտակե աչքերով[4]։ Հավիկն ունի ծխնևոր միացման մեխանիզմ, որը բացվում է պոչաթևի օգնությամբ, ինչը մուտքի թույլտվություն է տալիս ևս երկու անակնկալի, որոնք ներկա դրությամբ կորսված են[5]։ Դրանցից առաջինը կայսերական թագի մանրակերտն էր՝ պատրաստված ոսկուց և ադամանդներից։ Երկրորդ անակնկալը շղթայիկն էր և սուտակե կախազարդը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսերական զատկական ձու
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում Ռուս Ուղղափառ եկեղեցին պահպանում էր Զատկի տոնը։ Որպես ավանդական նվեր այդ օրը Ալեքսանդր III կայսեր եղբայրը՝ մեծ իշխան Վլադիմիր Ալեքսանդրովիչը Կարլ Ֆաբերժեին թագուհու համար նվեր է պատվիրում։ 1885 թվականի մարտի 21-ին արքայի հրամանով գրված նամակում ցարի եղբայրը Ֆաբերժեին է վստահում թագավորական ընտանիքի նվերների պատրաստումը, ընդ որում, թագավորը չի վերահսկել ոսկյա զարդի պատրաստման ընթացքը։ Թագավորական ընտանիքի նկատմամբ մի քանի անգամ կատարված մահափորձերից հետո կայսրը ցանկանում էր, որ իր կողակիցը ձերբազատվեր տխուր մտքերից հենց 1885 թվականի Զատիկի օրը։ Ֆաբերժեն ստեղծեց ձու, որը թագուհուն կհիշեցներ մանուկ հասակում տեսած ոսկերչական ձուն[7]։ Այդ ձուն՝ պատրաստված XVIII դարի կեսերին, այսօր պահպանվում է Ռոզենբորգում։ Դանիական ձուն պատրաստված է փղոսկրից, ոսկուց, իսկ դրա մեջ պահպանվում է մատանի։ Ֆաբերժեն անվերապահորեն ընտրեց նվերի հենց այդ դիզայնը։ Նվերն այնքան դուր եկավ կայսրին և տիկնոջը, որ Ֆաբերժեն դարձավ կայսերական տան հաստիքային ոսկերիչը[8]։
Թագուհուն նվիրելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագուհին հիացել է ամուսնու նվերից։ Ձուն պահպանվել է Անիչկովների պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Այդ ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Լոնդոնցի առևտրական Ֆրեդերիկ Բերրին պաշտոնապես գնել է ձուն Ռուսաստանից 1920 թվականին[9]։ 1934 թվականի մարտի 15-ին Բերրին Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանը վաճառում է ձուն, որը ներկայացված էր 55 համարի ներքո £85 ($430) պարոն Ռ. Սուինսոն-Թեյլորին, որը 1955 թվականին Գրանչեսթերի լորդի տիտղոսը ստացավ։ Լորդի և նրա կնոջ մահվանից հետո 1976 թվականին ձուն եղել է ամուսինների գույքացուցակում։ Նյու Յորքի «A La Vieille Russie» պատկերասրահը լորդի ընտանիքի հարստության վաճառքի ժամանակ գնում է «Հավիկ» և «Կիրակի» ձվերը և վաճառում «Forbes» ամսագրին 1978 թվականին[9]։ Վիկտոր Վեքսելբերտը ձեռք է բերում «Հավիկը» և ուրիշ 8 ձու «Forbes»-ից, նախքան դրանք աճուրդ ուղարկելը և վերադարձնում հայրենիք՝ Ռուսաստան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Imperial Eggs | The World of Fabergé | FABERGÉ.com». www.faberge.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Հավիկ ձուն թանգարանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 17. ISBN 0-8108-3946-6.
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Lowes 2001 pg. 18
- ↑ Faber 2008 pg. 14-15
- ↑ Faber 2008 pg.15-16, 18
- ↑ 9,0 9,1 Lowes 2001 pg. 19
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Яйцо «Курочка». Часть 1. Treasures of Imperial Russia
- На сайте музея Արխիվացված 2017-04-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավիկ (Ֆաբերժեի ձու)» հոդվածին։ |
|