Աքաղաղ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքաղաղ
Ստեղծման թնական1900
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, սուտակ, մարգարիտ և արծնապակի
Բարձրություն20,3 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Աքաղաղ» (ռուս.՝ Петушок), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1900 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[1]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային։

Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և մասն է կազմում Վիկտոր Վեկսելբերգի հավաքածուի[2]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աքաղաղ» ոսկերչական ձվի մակերևույթը պատված է մանուշակագույն գիլիոշինային էմալով։ Կենտրոնում տեղադրված է ժամացույցի թվատախտակը, որը զարդարված է էմալով և ադամանդներով։ Թվացույցի շրջանակը պատրաստված է ոսկուց՝ դափնու դրասանգի տեսքով, որն ագուցված է ադամանդներով և մարգարիտներով[2]։ Ձվի տակդիրն ունի կլոր պատվանդանի տեսք՝ երեք հարթ աշտարակներով, որոնք գրկում են ձու-ժամացույցը։ Տակդիրը ստեղծելիս օգտագործվել են ոսկի, ադամանդներ և էմալ։ Ձվի վերին հատվածում ցանցկեն կափարիչ և սեղմակ է տեղադրված։ Վերջինս գործի է գցում գաղտնի մեխանիզմը։ Ձվի վրա կա դրոշմ, ըստ որի երևում է, որ ոսկերիչ վարպետը Միխայիլ Պերխինն է Ֆաբերժեի ֆիրմայից։ Այս դիզայնով է պատրաստված նաև Կելխի յոթ ձվերից «Կելխի շանտեկլերը»։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աքաղաղ» ոսկերչական ձվի անակնկալը գագաթին տեղադրված աքլորն է։ Ձվի գագաթի կոճակը սեղմելիս բացվում է ցանցկեն կափարիչը և հայտնվում է աքաղաղը՝ բնական փետուրներից պատրաստված։ Այն ծուղրուղու է կանչում, բացում է կտուցը և թափահարում թևերով, որից հետո կրկին ներս է մտնում և կափարիչը փակվում է։ Աքաղաղի աչքերը սուտակից են։ Այն հայտնվում է ինչպես կոճակը սեղմելիս, այնպես էլ ամեն նոր ժամի[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1900 թվականի Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին Լոնդոնից։ Նա վաճառում է Իզաբել Լոուին 1949 թվականին[4]։ 1970 թվականին ոսկերչական ձուն ձեռք է բերում Ռոբերտ Սմիթը Վաշինգտոնից[4]։ 1985 թվականին ձուն գնում է Ֆորբսը[4]։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տնից այս և այլ Ֆաբերժեի ձվեր գնում է Վիկտոր Վեկսելբերգը և նվիրում հայրենիքին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Яйцо «Петушок» — Российская империя
  2. 2,0 2,1 «Աքաղաղ (Ֆաբերժեի ձու)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Яйцо «Петушок» — Gatchina3000.ru
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Яйцо с часами Петушок Фаберже 1900». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]