Jump to content

Գարնանային ծաղիկներ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային ծաղիկներ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՎիկտոր Վեկսելբերգ, Ֆորբս ընտանիք, Մալքոլմ Ֆորբս, Lansdell K. Christie? և Մարիա Ֆյոդորովնա
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, ալմաստ, պլատին, խալցեդոն և Նռնաքարեր
Բարձրություն83 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Գարնանային ծաղիկներ» (ռուս.՝ Весенние цветы), ոսկերչական ձու, որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[1] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1899 թվականին։ Կա վարկած՝ ըստ որի նրա հարազատներից մեկն այս ոսկերչական ձուն նվիրել է այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային։

Այսօր «Գարնանային ծաղիկներ» ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Գարնանային ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստված է նեոռոկոկո ոճով[2]։ Դրսից ձուն պատված է թափանցիկ մորեգույն-կարմիր գիլիոշինային էմալով։ Զարդարված է ռոկոկո ոճով պատրաստված ոսկե զարդաքանդակներով։ Ձուն բացվում է ուղղահայաց ձևով։ Վերևում՝ բացման տեղում տեղադրված է ադամանդե սողնակ։ Ոսկերչական ձուն տեղադրված է երկու մակարդակից բաղկացած կլոր տակդիրի վրա, որը պատրաստված է բավենիտից։ Տակդիրը երիզավորված է ոսկե շերտերով, որից վերևինը ադամանդակուռ է, իսկ ներքևինը ոսկեձույլ՝ ռոկայլ ոճով։

«Գարնանային ծաղիկներ» ոսկերչական ձվի ներսում տեղադրված է անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է ծաղիկների հանովի զամբյուղ։ Ծաղիկների թերթիկները պատրաստված են խալցեդոնից, իսկ վարսանդները՝ դեմանտոիդից[3]։ Այս անակնկալը շատ նման է կայսերական «Ձմեռային» ձվի անակնկալին՝ պատրաստված 1913 թվականին[2]։

«Գարնանային ծաղիկներ» ոսկերչական ձվի ստեղծման ստույգ տարեթիվը ցայսօր մնում է չճշտված։ Հանելուկ է մնում նաև այն, թե ինչպես է ձուն հայտնվել Մարիա Ֆեոդորովնայի հավաքածուում՝ Անիչկովների պալատում։ Ձվի վրա կա Միխայիլ Պերխինի դրոշմակնիքը, որը հեղինակը կիրառել է 1899 թվականին, սակայն ձվի տուփից հասկանալի է դառնում, որ այն ստեղծվել է 1903 թվականից հետո, քանի որ տուփի վրա կա Ֆաբերժեի կնիքը և Սանկտ Պետերբուրգի ու Լոնդոնի ֆիրմաների հասցեները, իսկ Լոնդոնում այն բացվել է 1903 թվականից հետո։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1933 թվականին «Антиквариат» ընկերությունը ձուն վաճառել է 2000 ռուբլիով ($1000) անհայտ գնորդի[3]։ Հետագայում այն ձեռք է բերում A La Vieille Russie ֆիրման։ 1966 թվականին ձուն գնում է Ֆորբս ընկերությունը[1]։

«Գարնանային ծաղիկներ» ոսկերչական ձուն մինչև 1993 թվականին համարվում էր որպես կայսերական։ Սակայն հետո այն հերքվեց։ Այսօր ձուն գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Ֆաբերժեի թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Яйцо Весенние цветы Фаберже 1899 - 1903». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Весенние цветы - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]