Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձու
Mauve surprise and Rosebud (Fabergé eggs).jpg
Ստեղծման թնական1897
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Ֆաբերժեի ձվեր

«Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձու» (ռուս.՝ Розово-лиловое яйцо с тремя миниатюрами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1897 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային։ Ձուն ցայսօր համարվում է կորսված։ Սակայն Վիկտոր Վեկսելբերգի հավաքածուի կազմում պահպանվել է ձվի անակնկալը՝ սրտի տեսքով շրջանակ՝ երեք մանրակերտով[1]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի իրական դիզայնի մասին որևէ փաստ չի պահպանվել։ Ֆաբերժեի հաշիվներում միայն պահպանվել է այն, որ այս ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է «երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձու»[2]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանակ-անակնկալը պատրաստված է այդ տարիներին մեծ ճանաչում ունեցող նեոդասական ոճով։ Այն ունի սրտի տեսք։ Ադամանդակուռ է։ Պատված է մորեգույն-կարմիր էմալով։ Ադամանդներով նշված է ստեղծման տարեթիվը՝ «1897»: Շրջանակը տեղադրված է վեցանկյուն ոտքի վրա, որը պատրաստված է Լյուդովիկոս XVI ոճով։ Այն պատված է սպիտակ էմալով, որի վրա նկարազարդված է պարուրաձև բարձրացող խաղողի վազ։ Ոտքն էլ իր հերթին տեղադրված է գմբեթարդ սանդղավոր հիմքի վրա՝ պատված մորեգույն-կարմիր էմալով։ Այն զարդարված է ոսկյա դրասանգներով՝ դափնու տերևների տեսքով, ադամանդներով, փորագրված ոսկյա տերևաքանդակներով, ինչպես նաև չորս խոշոր մարգարիտներով[2]։

Երբ սեղմում են ոտքին, սիրտը բացվում է՝ վերածվելով եռատերև երեքնուկի։ Այն պատված է զմրուխտ-կանաչ էմալով՝ արևի տարածվող ճառագայթների նախշերով։ Յուրաքանչյուր տերևի վրա տեղադրված է մանրանկար՝ ադամանդե երիզվածքով։ Մեկ տերևի վրա կայսր Նիկոլայ II-ն է, մյուսի վրա իր կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան, իսկ երրորդի՝ նորածին դուստրը՝ Օլգա Նիկոլաևնա Ռոմանովան։ Երեքնուկի թերթիկները փակվում են, երբ սեղմում են հիմքի վրա տեղադրված որևէ մարգարտին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի ապրիլի 18-ին ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը նվիրեց մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային։ Ըստ Ֆաբերժեի հաշիվների ձուն 3250 ռուբլի էր[2]։ Այս ձվի անակնկալի վրա նշված է ստեղծման տարեթիվը՝ 1897 թվական։

1978 թվականին Քրիստիս աճուրդի տանը ձվի անակնկալը վաճառվել է Forbes-ն, որը տեղակայված էր Նյու Յորքում։ 2004 թվականին Ֆորբսը վաճառվել է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2018-12-25 
  2. 2,0 2,1 2,2 «Рамка-сюрприз в форме яйца»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-11-ին։ Վերցված է 2018-12-25